Խոսքի ազատություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեոնոր Ռուզվելտը և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը

Խոսքի ազատություն․ իրավունք արտահայտելու սեփական գաղափարն ու կարծիքը՝ առանց կառավարության արձագանքից, գրաքննությունից կամ սանկցիաներից վախենալու[1][2][3]։ Որպես հոմանիշ երբեմն օգտագործվում է նաև «արտահայտման ազատություն» արտահայտությունը, բայց վերջինս ներառում է նաև տեղեկատվություն ու գաղափարներ որոնելը, ստանալը, հրապարակելը։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19֊րդ հոդվածով ճանաչվում է խոսքի ազատության իրավունքը։ Խոսքի ազատության իրավունքը ճանաչված է նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 19֊րդ հոդվածում։ Վերջինս ամրագրում է, որ «յուրաքանչյուր ոք ունի հնարավորություն առանց միջամտության արտահայտելու սեփական կարծիքը» և «յուրաքանչյուր ոք ունի արտահայտման ազատություն․ այս իրավունքը ներառում է տեղեկատվություն փնտրելու, ստանալու և տարածելու իրավունքը՝ ձեռագիր կամ տպագիր ձևով, արվեստի ստեղծագործության ձևով կամ ցանկացած այլ ձևով»։ Նույն հոդվածն ամրագրում է նաև, որ խոսքի ազատությունը ենթադրում է նաև որոշակի հատուկ պարտականություններ ու բարոյական պատասխանատվություն և կարող է որոշ դեպքերում սահմանափակվել, երբ դա անհրաժեշտ է այլոց իրավունքների ու ազատությունների պաշտպանության, պետական անվտանգության կամ հասարակական կարգի պաշտպանության համար[4][5]։

Խոսքի և արտահայտման ազատությունը բացարձակ չէ, սովորաբար սահմանափակումները վերաբերում են զրպարտությանը, պոռնոգրաֆիային, անբարոյականությանը, բռնություն և պատերազմ քարոզող տեքստերին, հեղինակային իրավունքը խախտող տեքստերին, առևտրային գաղտնիքներին, անձնական տվյալներին, հասարակական անվտանգությանը, կեղծ ցուցմունք տալու արգելքին։ Ջոն Ստյուարտ Միլլը մշակել է սրա հիմնական սկզբունքը, որն ամրագրում է, որ հասարակությունը անձանց կամքի վրա կարող է ազդել միայն այլոց պատճառվելիք վնասը կանխելու նպատակով[6]։ Թվային դարաշրջանի զարգացման հետ մեկտեղ անհրաժեշտություն է առաջանում խոսքի ազատության ավելի լայն սահմանափակումների, որոնցից է Չինաստանի Հասարակական անվտանգության նախարարության կողմից անցկացվող «Ոսկե վահանի» նախագիծը, որը կոչված է օտարերկրյա աղբյուրներից եկող անբարենպաստ տեղեկատվության սահմանափակմանը։ Արտահայտման ազատությունը թույլ է տալիս նաև օտարականներին լուսանկարահանել հանրային վայրերում առանց վերջիններիս իմացության կամ գիտության[7][8]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսքի ազատությունն ունի երկար պատմություն, որը նախորդում է մարդու իրավունքների ժամանակակից պատմությանը[9]։ Կա կարծիք, որ Աթենքի ժողովրդավարական պետությունում խոսքի ազատությունը ճանաչված և գործող է եղել դեռևս մ․թ․ա․ 6֊րդ դարի վերջին և 5֊րդ դարի սկզբին[10]։ Հռոմեական Հանրապետության արժեքներն ազդել են խոսքի ու դավանանքի ազատության վրա[11]։

Խոսքի ազատության վերաբերյալ դրույթների հանդիպում ենք մարդու իրավունքների վաղ հուշարձաններում[9] 1689 թվականին անգլիական Իրավունքների մասին բիլլը սահմանադրորեն հռչակեց խորհրդարանում խոսքի ազատության իրավունքը, որը դեռ գործում է[12]։ 1789 թվականին Ֆրանսիական մեծ հեղափոխության ընթացքում ընդունված Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը հատուկ բնորոշում էր խոսքի ազատությունը որպես անօտարելի իրավունք[9]։ Խոսքի ազատությանն է նվիրված հռչակագրի 11֊րդ հոդվածը, որն ամրագրում է․

Գաղափարների ազատ արտահայտման իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է խոսել, գրել ու տպագրել ազատորեն, բայց պետք է նաև պատասխանատու լինի նշված իրավունքի՝ օրենքով սահմանված խախտումների համար[13]։

1948 թվականին ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19֊րդ հոդվածն ամրագրում է․

Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ու արտահայտման ազատության իրավունք։ Այս իրավունքը ներառում է առանց միջամտության տեղեկատություն փնտրելու, ստանալու ու տարածելու հնարավորությունը՝ անկախ սահմաններից.[14]։

Այսօր խոսքի ազատությունն արտահայտման ազատության հետ մեկտեղ ճանաչվում է միջազգային ու ներպետական օրենսդրություններում։ Վերջինս ամրագրված է Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին դաշնագրի 19֊րդ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10֊րդ, Մարդու իրավունքների ամերիկյան կոնվենցիայի 13֊րդ և Մարդկանց ու ժողովուրդների իրավունքների աֆրիկյան կանոնադրության 9֊րդ հոդվածներում[15]։ Մեծ տարածում է գտել Ջոն Միլթոնի այն տեսակետը, ըստ որի՝ խոսքի ազատությունը ներառում է ոչ միայն արտահայտվելու իրավունքը, այլև․

  1. տեղեկատվություն ու գաղափարներ փնտրելու իրավունքը,
  2. տեղեկատվություն ու գաղափարներ ստանալու իրավունքը,
  3. տեղեկատվություն ու գաղափարներ տարածելու իրավունքը։

Միջազգային, տարածաշրջանային ու ազգային ստանդարտները ամրագրում են նաև, որ խոսքի ազատությունը ներառում է ցանկացած տեղեկատվություն՝ գրավոր կամ բանավոր, տպագրված, ինտերնետով կամ այլ միջոցով տարածված։ Սա նշանակում է, որ խոսքի ազատությունը ներառում է ոչ միայն բովանդակության, այլև արտահայտման ձևերի ազատությունը[15]։

Կապն այլ իրավունքների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսքի և արտահայտման ազատության իրավունքը սերտորեն կապված է այլ իրավունքների հետ, որը կարող է սահմանափակվել, երբ հակադրվում է այլ իրավունքներին[15]։ Խոսքի ազատությունը սերտորեն կապված է նաև արդար դատաքննության իրավունքի հետ, որը կարող է սահմանափակել տեղեկատվություն փնտրելու հնարավորությունը կամ դատաքննության ընթացքում հաղորդակցության միջոցների օգտագործման իրավունքը[16]։ Խոսքի ազատության իրավունքը չի կարող խախտել գաղտնիության իրավունքը, այլոց իրավունքներն ու ազատությունները[16]։

Խոսքի ազատության իրավունքը կարևոր է նաև լրատվական դաշտի համար[15]։ Ինչևէ, մամուլի ազատությունը անհրաժեշտորեն չի ենթադրում խոսքի ազատություն։ Յուդիֆ Լիխտենբերգը նկարագրում է այն դեպքերը, երբ մամուլի ազատությունը կարող է հակադրվել մամուլի ազատությանը[17]։

Ժողովրդավարություն և հասարակական արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդավարության համար խոսքի ազատությունը հիմնարար է։ Խոսքի ազատության սահմանափակումները նշանակում են, որ հասարակական կարծիքն ու դրա արտահայտման հնարավորությունը որոշ իրավիճակներում ստորադասվում են[16]։ Ժողովրդավարության ու խոսքի ազատության կապի մասին գրել է Ալեքսանդր Մեյքլջոնը։ Նա նշում է, որ ժողովրդավարության էությունը մարդկանց ինքնակառավարումն է։ Այս համակարգի արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է, որ ընտրազանգվածը տեղեկացված լինի։ Իսկ տեղեկացվածության համար անհրաժեշտ է, որ բնակչության համար տեղեկատվության ողջ հոսքը մատչելի լինի։ Մեյքլջոնի կարծիքով, ժողովրդավարության մասին չի կարող խոսք լինել, եթե իշխանության մարմիններն ընտրազանգվածին ապակողմնորոշում են գրաքննադատությամբ ու տեղեկատվության սահմանափակմամբ։ Վերջինիս կարծիքով այդպիսի երևույթները բացառում են ժողովրդավարությունը[18]։

Էրիկ Բարենդը խոսքի ազատությունը պաշտպանում է ժողովրդավարության հիմքով[19]։ Թոմաս Էմերսոնը հակադրվում է այն տեսակետին, ըստ որի խոսքի ազատությունը օգնում է հավասարակշռություն հաստատել հասարակական փոփոխությունների ու կայունության միջև։ Խոսքի ազատությունը հաճախ փրկության օղակ է հեղափոխությունից։ Նա նշում է, որ ազատ քննարկման իրավունքը հնարավորություն է ունենալու ավելի կայուն հասարակություն[20]։

Համաշխարհային բանկի՝ համաշխարհային կառավարության ցուցանիշների վերաբերյալ նախագծի շրջանակներում արված հետազոտությունը ցույց տվեց, որ խոսքի ազատությունը մեծ ազդեցություն է ունենում երկրի կառավարման վրա։ Խոսքի ազատությունը երկրի կառավարմանը մասնակցելու, մամուլի ազատության, հաղորդակցման ազատության, արտահայտման ազատության հետ մեկտեղ այն 6 հիմնական չափանիշներից է, որոնք հետազոտության ընթացքում նկատվել են 200 երկրների շրջանում[21]։ Միևնույն ժամանակ շատ կարևոր է, որ կառավարությունները զարգացող երկրներում աջակցեն մամուլի ազատ զարգացմանը[22]։

Ազատ խոսքի մշտական պատը Վիրջինիայում, ԱՄՆ

Ռիչարդ Մունը գրում է, որ անձը հաղորդակցման ազատությունն իրականացնում է այլոց հետ հաղորդակցվելով և այդ ընթացքում էլ հասնում է գիտելիքի հարստացմանը[23]։

Խոսքի ազատության միջազգային չափանիշները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու իրավունքների հազարավոր անմարդկային խախտումները Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ստիպեցին և պարտավորեցրին տարբեր ազգերի միավորվել և ստեղծել ընդհանուր ստանդարտներ մարդու իրավունքները պաշտպանելու համար։ Առաջին կարևոր քայլը եղավ այն, որ 1948թ․ ՄԱԿ-ը ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ Այս հռչակագրի 19-րդ հոդվածում խոսվեց մարդու խոսքի ազատության մասին`մասնավորապես նշելով, որ յուրաքանչյուր ոք ունի իրավունք ազատ արտահայտելու իր գաղափարները։ Այս իրավունքը ներառում է նաև առանց որևէ միջամտության կարծիքներ ունենալը և ցանկացած միջոցով տեղեկատվություն և գաղափարներ փնտրելը, ստանալը, տարածելը՝ անկախ սահմաններից[24]։

Հաջորդ կարևոր իրադարձությունը ՄԱԿ-ի` արդեն 1966թ․ << Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին >> միջազգային դաշնագիրն էր, որի 19-րդ հոդվածում մարդու խոսքի ազատության իրավունքը չէր համարվում բացարձակ իրավունք, և այս իրավունքից օգտվողները պետք է նաև հետևեին օրենքով սահմանված սահմանափակումների, որոնք էին այլոց իրավունքները և հեղինակությունը հարգելը, ազգային անվտանգության կամ հասարակական կարգի պահպանությունը, հասարակական առողջության կամ բարքերի պաշտպանությունը։ 1950թ․ Հռոմում Եվրոպայի խորհուրդը ընդունեց Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան, որի 10-րդ հոդվածը ևս մեկ անգամ կարևորում է մարդու ազատ խոսքի իրավունքը և չի խանգարում պետություններին պահանջել լիցենզավորում հեռարձակման, հեռուստատեսության կամ կինոյի ձեռնարկություններից։ Մարդու իրավունքներին վերաբերող կոնվենցիաներ նաև ստորագրվել են Ամերիկայում ( Մարդու իրավունքների ամերիկյան կոնվենցիա, Հոդված 13 ), Աֆրիկայում ( Մարդու և ժողովուրդների իրավունքների աֆրիկյան խարտիա, Հոդված 9)[25]։

Խոսքի ազատությունը երկար տարիներ է, ինչ դարձել է ոչ միայն պետության ներսում օրենսդրության կարգավորման առարկա, այլև ամբողջ աշխարհում։ Մարդու ազատ արտահայտվելու իրավունքից են բխում շատ այլ իրավունքներ, այդ իսկ պատճառով դա հիմնարար իրավունքներից մեկն է և այսօր աշխարհումկան երկրներ, որտեղ այս իրավունքը կարևորվում է և պետական մակարդակով պաշտպանվում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում խոսքի ազատության իրավունքը ավելի լայնորեն է ընդունվում, քան շատ այլ երկրներում։ Ամերիկացիների մեծ մասը աջակցում է ազատ խոսքի, ազատ մեդիայի և համացանցի գաղափարին։ Չնայած շատ երկրներ ընդունում են խոսքի ազատությունը որպես հիմնական իրավունք և թույլ են տալիս իրենց ժողովրդին ազատորեն բարձրաձայնել իրենց կարծիքներն ու գաղափարները, բայց որոշ երկրներում այդպես չէ։ Աշխարհի ամենաքննարկվող երկրներից մի քանիսը Հյուսիսային Կորեան, Բիրման, Թուրքմենստանը, Հասարակածային Գվինեան, Լիբիան, Էրիտրեան, Կուբան, Ուզբեկստանը, Սիրիան և Բելառուսն են, որտեղ մարդու խոսքի իրավունքը հարցականի տակ է դրված։ Այս երկրների ղեկավարներից շատերը խոսքի ազատությունը տեսնում են որպես սպառնալիք իրենց իշխանության պահպանման դեմ։ Լրատվամիջոցները լռեցվում և խստորեն գրաքննվում են։ Օրենքների սահմանափակումը, վախը և ահաբեկումը օգտագործվում են տեղեկատվության տարածումը կանխելու համար[26][27]։

Խոսքի ազատությունը ԶԼՄ-ներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամուլի ազատությունը պաշտպանում է մարդու տեղեկատվություն կամ կարծիքներ ստանալու և հրապարակելու իրավունքը՝ առանց պետական գրաքննության և պատժի վախի։ Գրաքննությունը պետական հսկողության ձև է տեղեկատվության տարածման, հրատարակչակական գործունեության, երաժշտական ու գրական ստեղծագործությունների, ռադիոյի և հեռուստահաղորդումների, որոշ դեպքերում նաև անձնական հաղորդակցության նկատմամբ՝ նպատակ ունենալով կանխել այն գաղափարների տարածումը, որոնք իշխանության համար անցանկալի են[28]։ Մամուլի ազատությունը տարածվում է տպագիր և հեռարձակվող նյութերի բոլոր տեսակների վրա՝ ներառյալ գրքեր, թերթեր, ամսագրեր, բրոշյուրներ, կինոնկարներ, ռադիո և հեռուստատեսային ծրագրեր։ Լրատվամիջոցներին վստահված է շատ կարևոր դեր`տեղեկացնել հասարակությանը իր համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի մասին և ստեղծել հարթակ հասարակական քննարկումների, մտորումների և ուսումնասիրության համար։ Այս դերի պատճառով անկախ և որակական լրատվամիջոցները համարվում են յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակության «պահապանը»։ Մամուլի ազատությունը նույնպես անսահմանափակ չէ, այնուամենայնիվ, ցանկացած սահմանափակում պետք է գնահատվի շատ խիստ[29]։

Այսօրվա աշխարհում մարդկանց մեծ մասը իր կարծիքը արտահայտում է համացանցում, և կարևոր է դառնում ազատ արտահայտման իրավունքի պահպանումը նաև համացանցային տիրույթում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունում է, որ համացանցը զարգացման հսկայական ներուժ ունի։ Այն ապահովում է տեղեկատվության և գիտելիքների, ռեսուրսների աննախադեպ ծավալ, որը բացում է արտահայտման և մասնակցության նոր հնարավորություններ և մարտահրավերներ։ Խոսքի ազատության և մարդու իրավունքների սկզբունքը պետք է տարածվի ոչ միայն ավանդական լրատվամիջոցների, այլև համացանցի և զարգացող լրատվամիջոցների բոլոր տեսակների վրա, որոնք կնպաստեն զարգացմանը, ժողովրդավարությանը և երկխոսությանը։ Կազմակերպությունը ուսումնասիրում է համացանցի փոփոխվող իրավական և կարգավորող շրջանակը և անդամ պետություններին տրամադրում է քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ՝ նպատակ ունենալով աջակցել համացանցում խոսքի ազատության և գաղտնիության համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը[30]։ Օրինակ, Նիդերլանդներում խոսքի ազատություն ասելով՝ հասկանում են նաև ազատությունը համացանցային տիրությում այնքան, որքան հեռուստատեսությամբ, ռադիոյով[31][32]։   

Ըստ Freedom House-ի՝ ներկայումս ազատությունը հետընթաց է գրանցում ամբողջ աշխարհում։ 7 մարդուց միայն 1-ն է ապրում այնպիսի պետությունում, որն ունի ազատ մեդիադաշտ։ Հայաստանի Հանրապետության հարևան երկրներից Ադրբեջանը 2019թ․ Աշխարհում մեդիայի ազատության ինդեքսում 166-րդ հորիզոնականում էր, 2020թ․ ևս երկու հորիզոնական նահանջել է։ Թուրքիան գտնվում է 154-րդ հորիզոնականում, Իրանը 173-րդ հորիզոնականում, իսկ Վրաստանում մեդիան համեմատաբար ավելի ազատ է, այն գտնվում է 60-րդ հորիզոնականում[33]։  

2019թ․ ընթացքում Եվրոպան շարունակում է մնալ լրատվամիջոցների ազատության համար առավել բարենպաստ մայրցամաքը՝ չնայած Եվրամիության և Բալկանների որոշ երկրներում ճնշող քաղաքականությանը։ Դրան հաջորդում են Ամերիկաները՝ Հյուսիսային, Կենտրոնական և Հարավային, նույնիսկ եթե տարածաշրջանային ծանրակշիռ ուժերը՝ Միացյալ Նահանգները և Բրազիլիան, դառնում են ԶԼՄ-ների նկատմամբ թշնամության մոդելներ։ Երրորդ տեղում գտնվող Աֆրիկան նույնպես մեծ հակադարձումներ ունեցավ առաջին հերթին առցանց հարձակումների պատճառով։ 2019թ․ ընթացքում մամուլի ազատության խախտումների ամենամեծ աճը գրանցվեց Ասիայի խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (աճել է 1,7%)։ Ավստրալիան նախկինում (իջել է 26-րդ հորիզոնական ) տարածաշրջանային մոդելն էր, բայց այժմ առանձնանում է իր աղբյուրների գաղտնիության և հետաքննող լրագրության սպառնալիքներով։ Եվս երկու երկիր նույնպես զգալի ներդրում ունեցան տարածաշրջանի մամուլի ազատության խախտման գնահատականի բարձրացման գործում։ Առաջինը Սինգապուրն էր (158-րդ), որը հետըթաց գրանցեց մեծ մասամբ Օրվելելի «կեղծ նորությունների մասին» օրենքի պատճառով և միացավ այն երկրներին, որոնք գունավորվում էին մամուլի ազատության քարտեզում։ Մյուսը Հոնկոնգն էր, որը նույնպես մի քանի հորիզոնական ընկավ ժողովրդավարության ցույցերի ժամանակ լրագրողների նկատմամբ վերաբերմունքի պատճառով։ Արևելյան Եվրոպան, Կենտրոնական Ասիան տարածաշրջանային վարկանիշում վերջնամասում են, իսկ Մերձավոր Արևելքն ու Հյուսիսային Աֆրիկան շարունակում են մնալ աշխարհի ամենավտանգավոր տարածաշրջանը լրագրողների համար։ Վերջերս Ալժիրում RSF-ի թղթակիցի կալանավորումը ցույց տվեց, որ որոշ երկրների իշխանությունները օգտվել են Covid-19- ի համաճարակից անկախ լրագրողների հետ հաշվեհարդար տեսնելու համար[34]։

Խոսքի ազատությունը համալսարանական հարթակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանական հարթակները եղել են խոսքի ազատության ծագման վայր։ Բերկլին խոսքի ազատության շարժման ծննդավայրն է։ Վերջերս,սակայն, համալսարանները խստացրել են խոսքի ազատությունն ու սահմանափակել։ Որոշ կազմակերպություններ, որոնցից է «Երիտասարդ ամերիկացիները ազատության համար»֊ը, պայքարում են այն վերականգնելու համար[35]։

Խոսքի ազատությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսքի ազատությունը և դրան հարակից իրավունքները կարգավորող իրավական ակտերը Հայաստանի օրենսդրության կարևոր բաղկացուցիչներից են։ Հայաստանի Սահմանադրության 42-րդ հոդվածը վերաբերում է կարծիքի արտահայտման ազատությանը, որը մարդու հիմնարար իրավունքներից է։ Հոդվածում մասնավորապես նշվում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից`տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը։ Որպեսզի լրատվության միջոցները ճիշտ ծառայեն իրենց նպատակին, դրանք պետք է լինեն անկախ, ազատ և չենթարկվեն գրաքննության[26][36]։

Անկախ է համարվում այն մամուլը, որը զերծ է քաղաքական, պետական և անհատների ազդեցությունից, ղեկավարվում է միայն օրենսդրությամբ, էթիկայի պրոֆեսիոնալ նորմերով և վարում է ինքնուրույն գործունեություն։

Տեղեկատության ազատությունը խոսքի ազատության կարևոր բաղադրիչներից է։ Տեղեկատվության ազատության (ՏԱ) մասին ՀՀ օրենքն ընդունվել է 2003 թ. սեպտեմբերին և դարձել է պետական մարմինների թափանցիկության և հասարակության առջև հաշվետվության կարևոր գործոն։ Սակայն օրենքն ընդունումից ի վեր չի բարեփոխվել։ 2009 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տեղեկատվություն ստանալու իրավունքը ճանաչեց որպես խոսքի ազատության իրավունքի մաս։ Հայաստանը ՏԱ օրենսդրություն ունեցող 123 երկրների շարքում զբաղեցնում է 41-րդ տեղը։ Այսինքն՝ ՀՀ-ն գտնվում է առավել բարձր վարկանիշ ունեցող երկրների ցանկի ստորին հատվածում[37]։

Թեև Հայաստանում մեդիայի ազատությունը օրենքով երաշխավորված է, և լրագրողը՝ որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է ՀՀ օրենսդրությամբ, արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ խախտվել են ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների իրավունքները։ Վերջին 5 տարիներին այդպիսի խախտումներ տեղի ունեցան, երբ «Սասնա ծռեր» խմբավորման՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա զինված հարձակմանը հաջորդած ցույցերն ու ուժային գործողությունները զուգորդվեցին 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Սարիթաղում ոստիկանության և նրա կողմից հովանավորվող անձանց կողմից լրագրողների և օպերատորների դեմ լայնամասշտաբ բռնություններով ու նրանց մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտներով։ Նույնանման խոչընդոտներ և խախտումներ տեղի ունեցան 2015թ․ Էլեկտրիկ Երևան շարժման և 2018թ․ Թավշյա հեղափոխության օրերին[38]։

Հետհեղափոխական շրջանում՝ 2019 թվականի առաջին կիսամյակին հրապարակված միջազգային կազմակերպությունների զեկույցներում Հայաստանում խոսքի ազատության վիճակին վերաբերող գնահատականները էապես տարբերվեցին։ Այսպես, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իր «Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչ 2019» զեկույցում աննախադեպ առաջընթաց արձանագրեց Հայաստանում. երկիրը 19 կետով բարելավեց իր դիրքը միջազգային վարկանիշում՝ 80-րդից հայտնվելով 61-րդ տեղում։ Ի դեպ, իր այս դիրքը Հայաստանը պահպանեց նաև 2020-ին[39]։

Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։ Դա սահմանված է ինչպես Հայաստանի Սահմանադրությամբ, այնպես էլ՝ Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով[40]։

Սահմանափակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավունքի համակարգում հաճախ ճանաչվում են խոսքի ազատության իրավունքի սահմանափակումներ, հատկապես երբ այն հակադրվում է այլ իրավունքների ու ազատությունների։ Այդպիսի իրավիճակներ են զրպարտությունը, բռնություն քարոզող տեքստերը, պոռնոգրաֆիան և այլն։ ԱՄՆ֊ում խոսքի ազատության սահմանափակումների խախտման դեպքում կարող են կիրառվել իրավական սանկցիաներ կամ հասարակական անհանդուրժողականության տեսքով բարոյական սանկցիաներ[41]։ Հասարակական որոշ ինստիտուտներ ազդում են խոսքի ազատության սահմանափակումների վրա, դրանցից են պետական դպրոցներում խոսքի օրենսգրքերը։

Ուեսթբորոյի բապտիստական եկեղեցու անդամներին արգելել են մուտք գործել Կանադա՝ ատելությոուն քարոզելու պատճառով[42]

Իր «On Liberty» աշխատությունում Ջոն Ստյուարտ Միլը նշում էր, որ պետք է քննարկումների բացարձակ ազատություն գոյություն ունենա[41]։ 1985 թվականին Ջոն ֆինբերգը ներմուծեց իրավախախտման սկզբունքը՝ հակադրվելով Ջոն Միլլի վնասի սկզբունքին, որը, ըստ Ֆինբերգի, այլոց իրավախախտ գործողություններից անձին չի պաշտպանում[43]։ Նա առաջարկում է արտահայտման որոշ ձևերի արգելում օրենքով, քանի որ վերջիններս հանցավոր են։ Բարձր տուգանքներ պետք է սահմանվեն վնաս պատճառելու համար[43]։ Ի հակադրություն սրան, Միլլը չի աջակցում տուգանքների գաղափարին, եթե դրանք վնասի համար չեն նշանակված[41]։ Ֆինբերգի կարծիքով սանկցիաներ նշանակելիս պետք է հաշվի առնել խոսքի ունեցած սոցիալական նշանակությունը, ընթացքը և այլն[41]։

Միլլի նման Ջասփեր Դումենը այն կարծիքին է, որ վնասը պետք է բնորոշվի առանձին անհատի առանձնահատկություններից ելնելով՝ հաշվի առնելով ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական վնասը։

Երկու սահմանափակումները իրականում փոխկապակցված են։ Օրինակ, Ռուսաստանում վնասի և իրավախախտման սկզբունքներն օգտագործվել են օրենսդրության մեջ որոշ հարցերում։ Մի շարք եվրոպական երկրներ ընդունել են Հոլոքոստի ժխտումը քրեականացնող օրենքներ, որոնք ևս խոսքի ազատության սահմանափակման դրսևորումներ են։ Այդպիսի երկրներ են Ավստրիան, Բելգիան, Չեխիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունգարիան, Իսրայելը, Լիխտենշտեյնը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հոլանդիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սլովակիան, Շվեյցարիան[44]։

Դանիացի ծաղրանկարիչ Կուրտ Վեսթգարդը ստեղծել էր Իսլամի հոգևոր առաջնորդ Մուհամմեդի ծաղրանկարը՝ ռումբ կրելիս, որը ողջ աշխարհում արժանացավ բացասական արձագանքի[45]։ Նմանապես, Նոում Չոմսկին քննադատում էր Իսրայելի ու ԱՄՆ֊ի քաղաքականությունը, որի դիմաց մահվան բազմաթիվ սպառնալիքներ ստացավ[46]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mill, John Stuart (1859). «Introductory». On Liberty (4th ed.). London: Longman, Roberts & Green (published 1869). para. 5. «Society can and does execute its own mandates ... it practises a social tyranny more formidable than many kinds of political oppression, since, though not usually upheld by such extreme penalties, it leaves fewer means of escape, penetrating much more deeply into the details of life, and enslaving the soul itself. Protection, therefore, against the tyranny of the magistrate is not enough...»
  2. Ten Cate, Irene M. (2010). «Speech, Truth, and Freedom: An Examination of John Stuart Mill's and Justice Oliver Wendell Holmes's Free Speech Defenses». Yale Journal of Law & the Humanities. 22 (1). Article 2. «[A] central argument for freedom of speech in On Liberty is that in order to maximize the benefits a society can gain ... it must permanently commit to restraining dominant groups from their natural inclination to demand conformity.»
  3. Wragg, Paul (2015). «Free Speech Rights at Work: Resolving the Differences between Practice and Liberal Principle» (PDF). Industrial Law Journal. Oxford University Press. 44 (1): 11. «Comparison may be made between Mill's 'tyrannical majority' and the employer who dismisses an employee for expression that it dislikes on moral grounds. The protection of employer action in these circumstances evokes Mill's concern about state tolerance of coercive means to ensure conformity with orthodox moral viewpoints and so nullify unorthodox ones.» {{cite journal}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  4. «Article 19». International Covenant on Civil and Political Rights. Office of the United Nations High Commissioner for Human Rights; adopted and opened for signature, ratification and accession by UN General Assembly resolution 2200A (XXI) of 16 December 1966, entry into force 23 March 1976. 1976 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 13-ին.
  5. Ambika Kumar (2006). «Using Courts to Enforce the Free Speech Provisions of the International Covenant on Civil and Political Rights». Chicago Journal of International Law. 7 (1). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին. (subscription required)
  6. van Mill, David (2016 թ․ հունվարի 1). Zalta, Edward N. (ed.). The Stanford Encyclopedia of Philosophy (Fall 2016 ed.).
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  8. [1]
  9. 9,0 9,1 9,2 Smith, David (2006 թ․ փետրվարի 5). «Timeline: a history of free speech». The Guardian. London. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  10. Raaflaub, Kurt; Ober, Josiah; Wallace, Robert (2007). Origins of democracy in ancient Greece. University of California Press. էջ 65. ISBN 0-520-24562-8.
  11. M. P. Charlesworth (March 1943). «Freedom of Speech in Republican Rome». The Classical Review. The Classical Association. 57 (1): 49. doi:10.1017/s0009840x00311283.
  12. Williams, E. N. (1960). The Eighteenth-Century Constitution. 1688–1815. Cambridge University Press. էջեր 26–29. OCLC 1146699.
  13. Arthur W. Diamond Law Library at Columbia Law School (2008 թ․ մարտի 26). «Declaration of the Rights of Man and of the Citizen». Hrcr.org. www.hrcr.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  14. United Nations (1948 թ․ սեպտեմբերի 10). «The Universal Declaration of Human Rights». UN.org. www.un.org. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 Andrew Puddephatt, Freedom of Expression, The essentials of Human Rights, Hodder Arnold, 2005, p. 128
  16. 16,0 16,1 16,2 Brett, Sebastian (1999). Limits to tolerance: freedom of expression and the public debate in Chile. Human Rights Watch. էջ xxv. ISBN 978-1-56432-192-3.
  17. Sanders, Karen (2003). Ethics & Journalism. Sage. էջ 68. ISBN 978-0-7619-6967-9.
  18. Marlin, Randal (2002). Propaganda and the Ethics of Persuasion. Broadview Press. էջեր 226–27. ISBN 978-1551113760.
  19. Marlin, Randal (2002). Propaganda and the Ethics of Persuasion. Broadview Press. էջ 226. ISBN 978-1551113760.
  20. Marlin, Randal (2002). Propaganda and the Ethics of Persuasion. Broadview Press. էջեր 228–29. ISBN 978-1551113760.
  21. «A Decade of Measuring the Quality of Governance» (PDF). World Bank. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ ապրիլի 8-ին.
  22. "Freedom of expression promotes democracy" http://www.dandc.eu/en/article/alexander-matschke-promoting-free-media-task-development-policy, by Alexander Matschke in E+C/E+Z January 2015
  23. Marlin, Randal (2002). Propaganda and the Ethics of Persuasion. Broadview Press. էջ 229. ISBN 978-1551113760.
  24. [2] Արխիվացված 2020-07-22 Wayback Machine Խոսքի ազատության իրավունքը որպես ժողովրդավարական հասարակության հիմնաքար
  25. [3] International Standards on freedom of expression
  26. 26,0 26,1 Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույց
  27. [4] Countries With Freedom Of Speech 2020
  28. [5] Censorship and Secrecy: Legal Perspectives
  29. [6] Freedom of the press
  30. [7] Freedom of Expression on the Internet
  31. [8] Safeguarding Press Freedom
  32. [9] Freedom of Expression on the Internet
  33. [10] 2020 World Press freedom Index
  34. [11] The World Press Freedom Index:Region by Region
  35. http://time.com/4530197/college-free-speech-zone/
  36. «Խոսքի ազատությունը որպես սահմանադրական իրավունք». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  37. [12] Արխիվացված 2020-07-22 Wayback Machine Տեղեկատվության ազատության իրավունքը կարգավորող օրենսդրական շրջանակի վերլուծություն
  38. [13]
  39. [14]
  40. [15] Հայաստանի Սահմանադրություն
  41. 41,0 41,1 41,2 41,3 «Freedom of Speech». Stanford Encyclopedia of Philosophy. 2008 թ․ ապրիլի 17. Վերցված է 2011 թ․ մայիսի 29-ին.
  42. Church members enter Canada, aiming to picket bus victim's funeral, CBC News, 8 August 2008.
  43. 43,0 43,1 Harcourt. «Conclusion». The Collapse of the Harm Principle. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 7-ին.
  44. Lechtholz-Zey, Jacqueline: Laws Banning Holocaust Denial. Genocide Prevention Now.. Retrieved September 29, 2010.
  45. "Tenemos Que Librar Con Ferocidad La Lucha Por La Libertad De Expresión", "Libertad Digital Internacional", 2010
  46. "Noam Chomsky interview", "The Telegraph", July 6, 2010