Առողջության իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առողջության իրավունք, համընդհանուր առողջության մինիմալ չափանիշների մակարդակին համապատասխան տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունք է, որը պատկանում է յուրաքանչյուր անձին։ Առողջության իրավունքի հայեցակարգն իր արտահայտությունն է գտել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին եվրոպական դաշնագրում և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայում։ Ներկայումս ընթանում են մի շարք քննարկումներ առողջության իրավունքի մեկնաբանման և կիրառման վերաբերյալ, քանի որ չկան հստակ սահմանազատումներ, թե առողջության իրավունքի մեջ նվազագույն ինչ իրավունքներ են ներառվում, և որ հաստատություններ են պատասխանատու վերջինիս իմպլեմենտացման համար։

Առողջության իրավունքը բաղկացած է երկու տարրերից՝

  • մի խումբը վերաբերում է առողջական խնդիրներ ունեցող անձանց բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքին,
  • մյուս խումբը՝ առողջության համար անհրաժեշտ նախապայմանների ապահովման իրավունքին (անվտանգ խմելու ջուր, սանիտարական պայմաններ, բավարար սնունդ, շրջակա միջավայրի մաքրություն, աշխատանքի հիգիենան և անվտանգության կանոնների ապահովումը, ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումը, առողջ ապրելակերպը)։

Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Սահմանադրություն (1946)[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահության համաշխարհային կազմակերպության 1946թ. Սահմանադրության նախաբանում սահմանվում է, որ առողջությունը ոչ միայն մարդու սոսկ գոյությունն է առանց հիվանդությունների կամ ֆիզիկական արատների, այլև կենսական էներգիայով լեցուն հասարակական և սոցիալական կյանքին ակտիվորեն մասնակցելու, մարդու իրավունքներից անկաշկանդ ձևով օգտվելու և արժանապատիվ կյանքով ապրելու ընդունակությունը[1]։ ԱՀԿ Սահմանադրությունը առողջության իրավունքը սահմանում է որպես առողջության առավելագույնս հասանելի մակարդակից օգտվելու իրավունք և թվարկում է սույն իրավունքին վերաբերելի մի շարք սկզբունքներ ինչպիսիք են՝ երեխայի առողջ զարգացման իրավունքը, բժշկական գիտելիքների և դրանց առավելությունների արդարացի տարածում, կառավարության կողմից համապատասխան սոցիալական միջոցների իրականացումը պատճաշ առողջ միջավայրի և առողջության ապահովման համար։ Ֆրանկ Գրեդը կարծում է, որ ԱՀԿ Սահմանադրությունը հավակնում է իր մեջ ներառել ժամանակակից միջազգային հանրային առողջապահության ողջ ոլորտը՝ ճանաչելով առողջության իրավունքը՝ որպես մարդու հիմնարար, անօտարելի իրավունք, որը պետություններն իրավունք չունեն սահմանափակել, այլ, ընդհակառակը, պարտավոր են ճանաչել ու պաշտպանել[2]։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 25-րդ հոդվածը փաստում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր և իր ընտանիքի առողջության և բարեկեցության, այդ թվում` սնունդ, հագուստ, բնակարանային և բժշկական օգնության և անհրաժեշտ սոցիալական ծառայությունների համար բավարար կենսամակարդակի իրավունք։ Համընդհանուր հռչակագիրը ֆիզիկական վատթարացման կամ հաշմանդամության դեպքում լրացուցիչ պահանջներ է նախատեսում անվտանգության ապահովման համար և հատուկ նշում է մայրության և մանկության նկատմամբ ցուցաբերվող խնամքի մասին[3]։ Համընդհանուր հռչակագիրը համարվում է մարդու հիմնարար իրավունքների միջազգային առաջին փաստաթուղթը, որի մեջ ներառված են ինչպես մարդու հիմնական ազատությունները, այնպես էլ իրավունքները։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավանեթեմ Պիլլան գրում է, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը «ամրագրում է այն տեսլականը, որը պահանջում է մարդու բոլոր իրավունքները` քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական կամ մշակութային, դիտարկել որպես անբաժանելի, փոխկապակցված և օրգանական մի ամբողջություն»[4]։ Ինչպես Գրուսկին է պնդել, Համընդհանուր հռչակագրում արտահայտված իրավունքների փոխկապակցված բնույթը սահմանում է «պատասխանատվություն, որը տարածվում է ոչ միայն հիմնական բժշկական ծառայություններ մատուցելու վրա, այլ նաև սոցիալական այնպիսի որոշիչների վրա, ինպիսիք են համապատասխան կրթությունը, ապրուստը, սնունդը, աշխատանքի բարենպաստ պայմանները և այլն։ Հետագայում նա նշում է, որ նման նախապայմաններով ապահովված լինելը ոչ միայն մարդու իրավունք է, այլև նպաստում է առողջության պահպանմանը[5]։

Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահությունը հակիրճ ներկայացված է ՄԱԿ-ի «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայում, որն ընդունվել է 1965 թվականին և ուժի մեջ է մտել 1969 թ.: Կոնվենցիան պետություններին կոչ է անում «արգելել և վերացնել ռասայական խտրականությունն իր բոլոր ձևերով և երաշխավորել բոլորի իրավունքը ՝ առանց խտրականության ռասայի, գույնի կամ ազգային կամ էթնիկ ծագման, օրենքի առջև հավասարության մասին, որի մեջ ներառված է նաև հանրային առողջապահության, բժշկական օգնության, սոցիալական ապահովության և սոցիալական ծառայություններից օգտվելու իրավունքը[6]։

Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1979թ.-ի ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի 12-րդ հոդվածն ընդգծում է կանանց նկատմամբ խտրականության արգելքը բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս պայմանավորված իր սեռով։ Սույն կոնվենցիայի 12-րդ հոդվածի ամբողջական տարբերակը ստորև[7]. Հոդված 12. 1. Անդամ պետությունները պարտավորվում են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` առողջության պահպանման ոլորտում կանանց նկատմամբ խտրականությունը վերացնելու համար, որպեսզի տղամարդկանց և կանանց հավասարության հիման վրա ապահովեն առողջապահական ծառայություններ մատչելիությունը, ներառյալ ընտանիքի պլանավորման հարցերի հետ կապված։ 2. Չնայած սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին, անդամ պետությունները Կանանց համար ապահովում են հղիության, ծննդաբերության և հետծննդյան ժամանակահատվածի հետ կապված համապատասխան ծառայություններ, անհրաժեշտության դեպքում ծառայություններն անվճար տրամադրելով, ինչպես նաև բավարար սնունդ ապահովելով հղիության և կրծքով կերակրելու ընթացքում։

Երեխայի իրավունքների մասին կոնվենցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայում առողջության իրավունքը հիշատակվում է մի քանի մակարդակներում։ Կոնվենցիայի 3-րդ հոդվածը կողմերին կոչ է անում ապահովել, որ երեխաների համար նախատեսված բժշկական հաստատությունները պահպանեն առողջության և սանիտարական պայմանների նվազագույն չափանիշները։ Հոդված 17-ը ճանաչում է երեխայի` իր ֆիզիկական և մտավոր առողջության և բարեկեցության հետ կապված տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Կոնվենցիայի 23-րդ հոդվածը հատուկ հղում է կատարում հաշմանդամ երեխաների իրավունքներին, որոնք ներառում են բժշկական ծառայություններ, վերականգնողական և կանխարգելիչ բժշկությունը։ Կոնվենցիայի 24-րդ հոդվածն առավել մանրամասն սահմանում է երեխայի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքի իրացումը. մասնակից պետությունները ճանաչում են երեխայի՝ առողջապահության առավել կատարյալ ստանդարտներից և հիվանդությունների բուժման ու առողջության վերականգնման ծառայություններից օգտվելու իրավունքը։ Մասնակից պետությունները ձգտում են ապահովել, որպեսզի ոչ մի երեխա չզրկվի առողջապահական համակարգի նման ծառայություններից օգտվելու իր իրավունքից։ Մասնակից պետությունները ձգտում են տվյալ իրավունքի լիարժեք իրականացմանը և, մասնավորապես, անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում[8]. - նորածինների և մանկական մահացության մակարդակն իջեցնելու համար, - բոլոր երեխաներին անհրաժեշտ բժշկական օգնության և բժշկական սպասարկման տրամադրումն ապահովելու համար՝ առաջնահերթ ուշադրություն դարձնելով առաջնային առողջապահությանը, - հիվանդությունների և թերսնման դեմ պայքարելու համար, այդ թվում առաջնային առողջապահության շրջանակներում, ի թիվս այլ բաների՝ մատչելի տեխնոլոգիաների և բավականաչափ սննդարար մթերքների և խմելու մաքուր ջրի տրամադրման միջոցով՝ ուշադրության առնելով շրջակա միջավայրի աղտոտման վտանգավորությունն ու ռիսկը, - մայրերի համար նախածննդյան և հետծննդյան շրջանում պատշաճ բժշկական օգնություն ապահովելու համար, - երաշխավորելու համար, որ հասարակության բոլոր տարրերը, մասնավորապես, ծնողներն ու երեխաները տեղեկացված են երեխաների առողջության և սնման, կրծքով կերակրելու առավելությունների, հիգիենայի և շրջակա միջավայրի սանիտարիայի և դժբախտ պատահարները կանխելու մասին հիմնական գիտելիքներին, ինչպես նաև ապահովված է կրթության մատչելիությունը և այդ գիտելիքները կիրառելիս տրամադրվող աջակցությունը, - զարգացնելու կանխարգելիչ բժշկական սպասարկումը, ծնողների համար ուղեցույցները և ընտանիքի պլանավորման վերաբերյալ կրթությունն ու ծառայությունները։

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 25-րդ հոդվածը (2006 թ.) սահմանում է, որ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն առողջության առավելագույնս հասանելի մակարդակից օգտվելու իրավունք։ Կոնվենցիայի 25-րդ հոդվածի ենթակետերը նշում են, որ հաշմանդամություն ունեցող անձանց ապահովում են նույն կարգի, որակի ու չափանիշների անվճար կամ մատչելի առողջապահական ծառայություններով ու ծրագրերով, որոնք տրամադրվում են այլ անձանց, ներառյալ սեռական ու վերարտադրողական առողջության ոլորտը և բնակչությանն առաջարկվող հանրային առողջապահական ծրագրերը։ Հաշմանդամություն ունեցող անձանց մատուցում են հաշմանդամության հատուկ կարիքներին անհրաժեշտ առողջապահական ծառայություններ, ներառյալ վաղ հայտնաբերումն ու միջամտությունը, ինչպես նաև` հետագա հաշմանդամությունը նվազեցնելուն ու կանխելուն միտված ծառայություններ նաև երեխաների ու տարեցների շրջանում։ Այս առողջապահական ծառայությունները մատուցում են անձի բնակության վայրին հնարավորինս մոտ, ներառյալ` գյուղական վայրերում։ Բուժաշխատողներից պահանջում են հաշմանդամություն ունեցող անձանց մատուցել նույն որակի ծառայություններ, ինչ մյուսներին` նաև հիմք ընդունելով նրանց ազատ ու գիտակցված համաձայնությունը, մասնավորապես բարձրացնելով իրազեկվածությունը մարդու իրավունքների, արժանապատվության, ինքնուրույնության և հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների վերաբերյալ` հանրային ու մասնավոր առողջապահական բնագավառում ուսուցման և բարոյական չափորոշիչների տարածման միջոցով։ Արգելվում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության կիրառումը բժշկական ու կյանքի ապահովագրության ոլորտում, որը պետք է տրամադրվի արդարացիորեն ու ողջամիտ կերպով, եթե ապահովագրության այս տեսակն ընդունելի է ներպետական, ինչպես նաև հաշմանդամության պատճառով խտրականություն կիրառել` հրաժարվելով ցուցաբերել բժշկական աջակցություն, մատուցել առողջապահական ծառայություններ կամ տրամադրել սնունդ և հեղուկներ[9]։ Հենդրիքսը քննադատում է այն հանգամանքը, որ Կոնվենցիան ճիշտ է սահմանում հաշմանդամություն եզրույթը։ Նա նաև պնդում է, որ «հաշմանդամություն եզրույթի հստակ սահմանման բացակայությունը կարող է արգելք հանդիսանալ միասնական մեկնաբանությանը, ինչպես նաև խոչընդոտել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետևողական պաշտպանությունը, որը Կոնվենցիան ցանկանում է երաշխավորել»[10]։ Նա նաև խոստովանում է, որ նման տերմինի բացակայությունը կարող է բխել նաև հաշմանդամություն ունեցող անձանց շահերից՝ պետությունների թույլ չտալով սահմանափակել հաշմանդամություն ունեցող անձանց շրջանակը՝ որպես արդարացում բերելով Կոնվենցիան։

Գիտական գրականության մեջ առկա սահմանումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդունված է մարդու իրավունքները սահմանել որպես բացասական իրավունքներ, այսինքն՝ այդ իրավունքները չեն կարող սահմանափակվել քաղաքական գործունեության պատճառով, պետությունն էլ իր հերթին իր վրա է վերցնում մարդու իրավունքների պաշտպանությունն ու իրացման ապահովմանն ուղղված պարտականությունները, սակայն ինչպես նշում է Մերվին Սասերը, առողջության իրավունքը հանդիսանում է պոզիտիվ իրավունք, քանի որ իր էությամբ առանձնանում է այլ իրավունքներից։ Նրանում արտահայտվում է հասարակության պարտականությունը ապահովել որոշակի ռեսուրսներ և հնարավորություններ ողջ բնակչության համար։ Սասերը հետագայում առաջարկում է չորս դրույթներ, որոնք, իր կարծիքով, կարևոր են առողջության իրավունքի համար։ Դրանք են՝ բժշկական ծառայությունների հավասար մատչելիությունը, «բարեխիղճ» սոցիալական ջանքերը՝ տարբեր սոցիալական խմբերի միջև առողջության պահպանմանը հավասարապես խթանելու համար, առողջապահության ոլորտում հավասարության սկզբունքի չափման և գնահատման միջոցները, սոցիալ-քաղաքական համակարգերի հավասարությունը առողջության պահպանման և խթանման գործում յուրաքանչյուրի կարծիքը լսելի դարձնելու համար։ Նա զգուշորեն նշում է, որ, չնայած դա, հավանաբար, ենթադրում է առողջության ռեսուրսների մատչելիության որոշ նվազագույն ստանդարտներ, սակայն այն չի երաշխավորում և չի պահանջում յուրաքանչյուր անձի առողջության հավասար վիճակ՝ առողջական վիճակի բնածին կենսաբանական տարբերությունների պատճառով[11]։ Այս առանձնահատկությունը կարևոր է, քանի որ «առողջության իրավունքի» ընդհանուր քննադատությունն այն է, որ այն ձգտում է ամրագրել այնպիսի անհասանելի չափորոշիչի իրավունք և հաստատել առողջական այնպիսի վիճակ, որը չափից դուրս սուբյեկտիվորեն փոփոխական է թե անհատապես մարդկանց դեպքում, թե հասարակության մեջ[12]։ Մինչ Սուսերն իր ուշադրությունը սևեռում է առողջության պահպանման հարցի քննարկման վրա՝ որպես դրական իրավունքի, Փոլ Հանթը հերքում է այս տեսակետը և պնդում է, որ առողջության իրավունքը ներառում է նաև որոշակի բացասական իրավունքի տարրեր, ինչպիսիք են պաշտպանությունը խտրականությունից և բժշկական միջամտությունից հրաժարվելու իրավունքը։ Այնուամենայնիվ, Հանթը խոստովանում է, որ որոշ դրական իրավունքի տարրեր, ինչպիսիք են հասարակության պատասխանատվությունը անապահով և խոցելի անձանց առողջական կարիքներին հատուկ ուշադրություն դարձնելու հարցում, ներառված են առողջության իրավունքի մեջ[13]։ Փոլ Ֆերմերը անդրադառնում է առողջության անհավասար մատչելիության խնդրին իր՝ «Աշխարհում հիմնական վարակիչ հիվանդությունները. բուժել կամ չբուժել» հոդվածում։ Նա քննարկում է անընդհատ աճող «եկամուտների բացը» բժշկական ծառայություններից օգտվող և չօգտվող բնակչության խմբերի միջև։ Սոցիալապես անապահով անձինք չեն արժանանում այն վերաբերմունքին, որին արժանանում են ապահովված անձինք։ Բժշկության և բուժման բարձր գները խնդրահարույց են դարձնում աղքատ երկրներում բժշկական օգնության տրամադրման հավասար հնարավորությունները։ Նա հայտարարում է, որ գերազանցությունն առանց արդարության դարձել է 21-րդ դարի առողջապահական համակարգի հիմնական դիլեմման[14]։

Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջության իրավունքն իմաստավորելու ասպեկտներից մեկն էլ մարդու իրավունքներն են բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս։ Սույն իրավունքն իր մեջ ներառում է ոչ միայն պացիենտի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքը, այլև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների ու բուժաշխատողների իրավունքները, որոնք շատ հաճախ խախատվում են պետության կողմից[15]։ Բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս մարդու իրավունքները ներառում են՝ գաղտնիության իրավունքը, տեղեկատվություն ստանալու իրավունքը, կյանքի և որակյալ խնամքի իրավունքը, ինչպես նաև խտրականության արգելքը, դաժան, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը[15][16]։ Մարգինալացված կամ խոցելի խմբերը, այնպիսիք, ինչպիսիք են միգրանտները, հաշմանդամություն ունեցող անձինք, ռասայական և ազգային փոքրամասնությունները, սոցիալապես անապահով անձինք, կանայք, ՄԻԱՎ-ոց ապրող մարդիկ, երեխաները, սեռական փոքրամասնությունները և այլք, գտնվում են իրենց առողջության և բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքի խախտումների ռիսկային գոտում[17][18]։ Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների ու բուժաշխատողների իրավունքների մեջ ներառված են՝ աշխատանքային անվտանգ պայմանների, ազատ միավորվելու և միություններ ստեղծելու իրավունքները, ինչպես նաև էթիկական կանոններին հակասող գործողությունների կատարումից հրաժարվելու իրավունքը[19]։ Պացիենտների և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների ու բուժաշխատողների իրավունքների վերաբերյալ օրենսդրական բարեփոխումները նպատակ են հետապնդում կայուն երաշխիքներ ստեղծել իրավունքների պաշտպանության համար։ Այնուամենայնիվ, անցումային երկրներում՝ օրենքի թույլ գերակայությամբ, օրենսդրությամբ սահմանված չափանիշները կարող են սահմանափակ լինել[15]։ Իրավաբանների, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, բուժաշխատողների և պացիենտների համար ամրագրված են այն ռեսուրսներն ու գործիքակազմը, որը հնարավորություն են տալիս պաշտպանելու մարդու իրավունքները և դրանց հիման վրա կատարելագործելու առողջապահական իրավական օրենսդրությունը[15]։

Բժշկական օգնություն և սպասարկում ստանալու մարդու սահմանադրական իրավունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ պետությունների սահմանադրություններ ամրագրել են մարդու առողջության իրավունքը[20]։ Հաճախ այդ իրավունքները ենթակա են նաև դատական պաշտպանության, ինչն էլ նշանակում է, որ առողջության իրավունքի խախտումները կարող են բողոքարկվել դատական կարգով[21]։ Իրապես, ողջ աշխարհում սահմանադրական բարեփոխումենրի իրականացման նպատակներից է նաև առողջության իրավունքի ամրագրումը և այն արդարացի դարձնելը[22]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպ Բարլոուն գրում է, որ առողջապահությունը չպետք է դիտարկվի որպես մարդու իրավունք այն հիմնավորմամբ, որ բարդ է որոշել վերջինիս սահմաններն ու նվազագույն չափանիշներ ամրագրել առողջության իրավունքի իրացման համար։ Բացի այդ, առողջության իրավունքի ամրագրումը մի շարք պարտականություններ է սահմանում այլոց համար վերջիններիս երաշխավորման և պաշտպանության համար, և հարց է ծագում, թե ով պետք է կրի սոցիալական պատասխանատվությունը առողջության իրավունքի իրացման համար[23]։ Համաձայն լինելով Բարլուի կարծիքի հետ՝ Ջոն Բերքլեյը նշում է, որ առողջության իրավունքը չի սահմանում պատասխանատվություն անձի համար իր առողջության պահպանման ուղղությամբ[24]։ Ռիչարդ Լամը կտրականապես դեմ է արտահայտվում առողջապահությունը՝ որպես իրավունք ամրագրելու համար։ Նա սահմանում է իրավունքը՝ որպես իրավունք, որը պետք է ցանկացած դեպքում պաշտպանվի և առաջ է քաշում մի հայեցակարգ, համաձայն որի՝ յուրաքանաչյուր իրավունքի խախտում էլ պետք է ենթակա լինի դատական պաշտպանության։ Որպեսզի առողջապահական համակարգը լինի արդյունավետ, կառավարություններն իրենց ռեսուրսների մեծ մասը պետք է ծախսեն ապահովելու համար իրենց քաղաքացիների առողջությունը։ Նա կարծում է, որ առողջապահության մեծ կա թյուրընկալում, որի համաձայն՝ վերջինիս վրա ծախսվող բոլոր ռեսուրսները պետք է լինեն սահմանափակ[25]։ Սահմանափակ ռեսուրսները կառավարություններին կաշկանդում են արդյունավետ առողջապահական համակարգ ստեղծելու հարցում, այն էլ՝ երկարաժամկետ։ Սահմանափակ ռեսուրսներով առողջապահական համակարգի ստեղծումը և բոլոր քաղաքացիներին բժշկական օգնությամբ ապահովումը կարող է հանգեցնել անդառնալի բացասական հետևանքների։ Լամը պնդում է, որ առողջապահության մատչելիությունը համարվում է առողջ հասարակության ստեղծման մի փոքր մասը, իսկ առողջ հասարակություն ստեղծելու համար ռեսուրսները պետք է ծախսվեն նաև սոցիալական ծառայությունների վրա[26]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Constitution of the World Health Organization (PDF). Geneva: World Health Organization. 1948. Archived (PDF) from the original on 21 March 2014. Retrieved 14 October 2013.
  2. Grad, Frank P. (January 2002). "The Preamble of the Constitution of the World Health Organization" (PDF). Bulletin of the World Health Organization. 80 (12): 981–4. PMC 2567708. PMID 12571728. Archived (PDF) from the original on 17 October 2013. Retrieved 14 October 2013.
  3. Universal Declaration of Human Rights, United Nations, 1948, archived from the original on 3 July 2017, retrieved 29 June 2017
  4. Pillai, Navanethem (December 2008). "Right to Health and the Universal Declaration of Human Rights". The Lancet. 372 (9655): 2005–2006. doi:10.1016/S0140-6736(08)61783-3. PMID 19097276.
  5. Gruskin, Sofia; Edward J. Mills; Daniel Tarantola (August 2007). "History, Principles, and Practice of Health and Human Rights". The Lancet. 370 (9585): 449–455. doi:10.1016/S0140-6736(07)61200-8. PMID 17679022.
  6. International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination, United Nations, 1965, archived from the original on 29 October 2013, retrieved 7 November 2013
  7. Convention on the Elimination of All Forms of Discrimination against Women. New York: United Nations. 1979. Archived from the original on 1 April 2011. Retrieved 29 June 2017.
  8. Convention on the Rights of the Child. New York: United Nations. 1989. Archived from the original on 13 January 2015. Retrieved 7 November 2013.
  9. "Article 25 – Health | United Nations Enable". United Nations. Archived from the original on 21 October 2017. Retrieved 20 October 2017.
  10. Hendriks, Aart (November 2007). "UN Convention on the Rights of Persons with Disabilities". European Journal of Health Law. 14 (3): 273–298. doi:10.1163/092902707X240620. PMID 18229764.
  11. Susser, Mervyn (March 1993). "Health as a Human Right: An Epidemiologist's Perspective on the Public Health". American Journal of Public Health. 83 (3): 418–426. doi:10.2105/ajph.83.3.418. PMC 1694643. PMID 8438984.
  12. Toebes, Brigit (August 1999). "Towards an Improved Understanding of the International Human Right to Health". Human Rights Quarterly. 21 (3): 661–679. doi:10.1353/hrq.1999.0044. JSTOR 762669. PMID 12408114.
  13. Hunt, Paul (March 2006). "The Human Right to the Highest Attainable Standard of Health: New Opportunities and Challenges" (PDF). Transactions of the Royal Society of Tropical Medicine and Hygiene. 100 (7): 603–607. doi:10.1016/j.trstmh.2006.03.001. PMID 16650880. Retrieved 14 November 2013.
  14. Farmer, Paul (2001). "The Major Infectious Diseases in the World – to Treat or Not to Treat?". New England Journal of Medicine. 345 (3): 208–210. doi:10.1056/NEJM200107193450310. PMID 11463018.
  15. 15,0 15,1 15,2 15,3 Beletsky L, Ezer T, Overall J, Byrne I, Cohen J (2013). "Advancing human rights in patient care: the law in seven transitional countries". Open Society Foundations. Archived from the original on 22 June 2013. Retrieved 14 June 2013.
  16. "Health and human rights: a resource guide". Open Society Foundations. Open Society Institute. 2013. Archived from the original on 20 January 2012. Retrieved 14 June 2013.
  17. Ezer T. (May 2013). "making laws work for patients". Open Society Foundations. Archived from the original on 7 July 2013. Retrieved 14 June 2013.
  18. J Amon. (2010). "Abusing patients: health providers' complicity in torture and cruel, inhuman or degrading treatment". World Report 2010, Human Rights Watch. Archived from the original on 29 July 2015. Retrieved 4 December 2016.
  19. International Dual Loyalty Working Group. (1993). "Dual Loyalty & Human Rights in Health Professional Practice: Proposed Guidelines & Institutional Mechanisms" (PDF). Archived (PDF) from the original on 7 March 2013. Retrieved 14 June 2013.
  20. Katharine G. Young. "The Comparative Fortunes of the Right to Health: Two Tales of Justiciability in Colombia and South Africa." Harvard Human Rights Journal 26, no.1 (2013): 179–216.
  21. Rosevear, E., Hirschl, R., & Jung, C. (2019). Justiciable and Aspirational Economic and Social Rights in National Constitutions. In K. Young (Ed.), The Future of Economic and Social Rights (Globalization and Human Rights, pp. 37–65). Cambridge: Cambridge University Press. https://www.cambridge.org/core/books/future-of-economic-and-social-rights/2C2C20AE05EC2C48FB2807739843D610 doi:10.1017/9781108284653.003
  22. Yamin, Alicia Ely; Gloppen, Siri Gloppen (2011). Litigating Health Rights, Can Courts Bring More Justice to Health?. Harvard University Press. ISBN 9780979639555.
  23. Barlow, Philip (31 July 1999). "Health Care Is Not a Human Right". British Medical Journal. 319 (7205): 321. doi:10.1136/bmj.319.7205.321. PMC 1126951. PMID 10426762.
  24. Berkeley, John (4 August 1999). "Health Care Is Not a Human Right". British Medical Journal. 319 (7205): 321. doi:10.1136/bmj.319.7205.321. PMC 1126951. PMID 10426762. Archived from the original on 24 May 2014. Retrieved 14 November 2013.
  25. Lamm, R. (1998), "The case against making healthcare a "right."", American Bar Association: Defending Liberty Pursuing Justice, American Bar Association, 25 (4), pp. 8–11, JSTOR 27880117
  26. Loefler, Imre J.P. (26 June 1999). ""Health Care Is a Human Right" Is a Meaningless and Devastating Manifesto". British Medical Journal. 318 (7200): 1766. doi:10.1136/bmj.318.7200.1766a. PMC 1116108. PMID 10381735.