Երեխայի իրավունքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երեխայի իրավունքներ, մարդու հիմնարար իրավունքներից մեկը:

Երեխաների իրավունքների մասին առաջին և հիմնական փաստաթուղթը ՄԱԿ-ի երեխաների մասին կոնվենցիան է, որը հիմք ընդունելով են աշխարհի շատ երկրներ կազմել իրենց օրենսդրությունը: Փաստաթուղթը կազմված է 54 հոդվածից, որոնք մանրամասնում են մինչև 18 տարեկան (եթե տեղական օրենքով նա ավելի վաղ չի ճանաչվում չափահաս) անձանց սեփական հնարավորությունների ամբողջական զարգացման անհատական իրավունքները՝ զերծ քաղցից և կարիքից, դաժանությունից, շահագործումից և չարաշահման այլ ձևերից։ Երեխաների իրավունքները ներառում են ծնողների և այլ անձանց հետ կապված հարաբերությունները, ֆիզիկական պաշտպանվածության, անվճար կրթության, առողջապահության, քաղաքացիական իրավունքները[1]:

Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան 1993 թվականին` պարտավորություն ստանձնելով համապատասխանեցնել իր ներպետական օրենքները և պրակտիկան միջազգային այդ փաստաթղթի պահանջներին։ Հետագայում Կոնվենցիան լրացվեց երկու կից արձանագրություններով՝

  1. Մանկավաճառության, երեխաների մարմավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին կամընտիր արձանագրությունը,
  2. Զինված հակամարտություններին երեխաների մասնակցությանը վերաբերող կամընտիր արձանագրությունը[2]։

Դրանք Կոնվենցիայի բաղկացուցիչ մասեր են և դրանց կատարումը նույնպես մտնում է Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման շրջանակների մեջ։ Կոնվենցիայի և կից երկու արձանագրությունների՝ անդամ պետությունների կողմից կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն մշտադիտարկման միջոցով։ Բոլոր անդամ պետությունները պարտավոր են պարբերաբար ներկայացնել զեկույցներ Կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման մասին[3]։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը 1996 թվականի մայիսի 29-ին, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարի ընդունում է երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագիր[4]:

Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանությունն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ։ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքում ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով առաջին անգամ` առանձին հոդվածով (Հոդված 37) ամրագրվեց երեխայի իրավունքների պաշտպանությունը[4]:

Սահմանադրության 37 հոդվածով սահմանվում է՝

  • Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:
  • Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:
  • Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:
  • Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն: Այս կարևոր առաքելության արդյունավետ իրականացման համար Պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին[5]։

Ամեն տարի հունիսի 1-ին նշվում է երեխաների պաշտպանության օրը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Երեխայի իրավունքների կոնվենցիա» (հայերեն)։ 2019-07-22 
  2. «ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային կից զեկույց»։ http://mlsa.am։ Վերցված է 16.09.2019 
  3. http://www.mlsa.am/?p=9920 http://www.mlsa.am/?p=9920 
  4. 4,0 4,1 «ՀՀ օրենքը երեխայի իրավունքների մասին — Վիքիդարան»։ hy.wikisource.org։ Վերցված է 2019-09-16 
  5. https://www.ombuds.am/ https://www.ombuds.am/