Փոքրամասնությունների իրավունքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (ապրիլի 18, 2024) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)

Փոքրամասնությունների իրավունքներ, անհատական և խմբային իրավունքներ, որոնք տարածվում են ռասսայական, ազգային, դասակարգային, կրոնական, լեզվական կամ ԼԳԲՏ, ինչպես նաև հավաքական իրավունքներ ունեցող որևէ փոքրամասնության ներկայացուցիչների նկատմամբ։

Քաղաքացիական իրավունքների պաշտպանությամբ զբաղվող շարժումները հաճախ նպատակ ունեն պաշտպանել անհատի իրավունքները՝ կանխելով փոքրամասնությունների խմբին պատկանելու պատճառով խտրականությունը։ Քաղաքացիական իրավունքների պաշտպանության այդպիսի շարժումների թվում են կանանց և ԼԳԲՏ իրավունքների գլոբալ շարժումները, ինչպես նաև ողջ աշխարհում ռասսայական փոքրամասնությունների իրավունքների տարբեր շարժումները (օրինակ՝ քաղացիական իրավունքների պաշտպանության շարժումը ԱՄՆ-ում)։

Փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ բանավեճերը հաճախ համընկնում են պատմական փոխհատուցման (պատմական անարդարությունները շտկելու)[1] կամ կառուցողական գործողության մասին քննարկումների հետ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան Փարիզի խաղաղության վեհաժողովը (1919–1920 թվականներ) «փոքրամասնություն» տերմինը պետությունների ազգային օրենսդրության մեջ հիմնականում վերաբերում էր քաղաքական կուսակցություններին, այլ ոչ թե էթնիկ, ազգային, կրոնական կամ լեզվական խմբերին[3]։ Փարիզի խաղաղության վեհաժողովին է վերագրվում փոքրամասնությունների իրավունքների հայեցակարգի մշակումը և դրան հատուկ նշանակություն տալը[3]։

Փոքրամասնությունների իրավունքների հարցն առաջին անգամ բարձրացվել է 1814 թվականին Վիեննայի վեհաժողովի ժամանակ, որտեղ քննարկվում էր գերմանական ծագում ունեցող հրեաների և հատկապես լեհերի ճակատագիրը` Եվրոպայում աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին։ Վեհաժողովը հույս էր հայտնել, որ Պրուսիայի թագավորությունը, Ռուսական կայսրությունը և Ավստրիական կայսրությունը հանդուրժող կլինեն և կպաշտպանեն իրենց փոքրամասնություններին։ Ավելի ուշ, վերջիններս անտեսեցին դրանք՝ շարունակելով խտրական վերաբերմունքը։

1856 թվականի Փարիզի վեհաժողովը հատուկ ուշադրություն է դարձրել Օսմանյան կայսրությունում հրեաների և քրիստոնյաների կարգավիճակին։ Բրիտանացի քաղաքական գործիչ Ուիլյամ Գլադստոնն Օսմանյան կայսրության կողմից բուլղարների զանգվածային ջարդերը դարձրեց իր նախընտրական քարոզարշավի գլխավոր թեման և հրավիրեց միջազգային հանրության ուշադրությունը։ 1878 թվականին Բեռլինի վեհաժողովը քննարկում էր հրեաների կարգավիճակի հարցը՝ հատկապես Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանությունում, ինչպես նաև Սերբիայում և Բուլղարիայում։ Ընդհանուր առմամբ, 19-րդ դարի վեհաժողովները չկարողացան այս հարցում էական բարեփոխումների հասնել։

Փոքրամասնությունների առաջին իրավունքները հռչակվել և ուժի մեջ են մտել 1849 թվականի հուլիսին Հունգարիայի հեղափոխական խորհրդարանի կողմից[4]։ Փոքրամասնությունների իրավունքներն ավստրիական օրենսդրության մեջ պաշտոնապես ամրագրվել են 1867 թվականին[5]։ Ցարական Ռուսաստանը հատկապես ակտիվ էր Օսմանյան կայսրության վերահսկողության տակ գտնվող ուղղափառ քրիստոնյաների և սլավոնական ժողովուրդների պաշտպանության գործում[6]։ Այնուամենայնիվ, ցարական կառավարությունը հանդուրժող էր և գրեթե չէր միջամտում իր տիրապետության տակ գտնվող գյուղերում հրեաների նկատմամբ դաժան ջարդերին։ Այս քաղաքականության համար Ցարական Ռուսաստանը խիստ քննադատության էր ենթարկվում[7]։ Ի հակադրություն, Միացյալ Նահանգերի հարավում սևամորթների կամ նման այլ փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքի շուրջ միջազգային վրդովմունքն աննշան էր կամ ընդհանրապես բացակայում էր մինչև 1950-ական թվականները, երբ անկախացան աֆրիկյան գաղութները[8]։

Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը եվրոպական միայն երեք երկիր էր օրենսդրորեն ամրագրել ազգային փոքրամասնությունների իրավունքները և ընդունել նրանց պաշտպանության մասին օրենքներ։ Առաջինը Հունգարիան էր (1849 և 1868 թվականներին), երկրորդը՝ Ավստրիան (1867 թվականին), իսկ երրորդը՝ Բելգիան (1898 թվականին)։ Առաջին համաշխարհային պատերազմին նախորդող դարաշրջանում եվրոպական այլ երկրների իրավական համակարգերը թույլ չէին տալիս օգտագործել եվրոպական փոքրամասնությունների լեզուները տարրական դպրոցներում, մշակութային հաստատություններում, պետական կառավարման մարմիններում և դատարաններում[9]։

Փարիզի խաղաղության վեհաժողովում փոքրամասնությունների իրավունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականի Փարիզի խաղաղության վեհաժողովի ժամանակ Գերագույն խորհուրդն ստեղծեց «Նոր պետությունների և փոքրամասնությունների պաշտպանության կոմիտե»։ Դրանից հետո ստեղծված պետությունները ստիպված էին ստորագրել փորքամասնությունների իրավունքների պաշտպանության վերաբերյալ պայմանագրեր՝ որպես դիվանագիտական ճանաչման նախապայման։ Որոշվեց, որ թեև ճանաչվել էր նոր պետությունների անկախությունը, սակայն դրանք չէին համարվի լիարժեք ստեղծված, մինչև վերջնական խաղաղության պայմանագրերի ստորագրումը։ Գերմանացիների և լեհերի իրավունքների հարցը վեճի առարկա էր, քանի որ Գերմանիայում լեհերի իրավունքները մնացին անպաշտպան՝ ի տարբերություն Լեհաստանում գերմանական փոքրամասնության։ Ազգերի լիգայի կողմից ընդունված մյուս սկզբունքների նման, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վերաբերյալ պայմանագրերն արտացոլում էին միջազգային հարաբերությունների վիլսոնյան իդեալիստական ​​մոտեցումը։ Այնուամենայնիվ, Լիգայի ճակատագրի նման, փոքրամասնությունների պաշտպանության մասին պայմանագրերը գնալով անտեսվում էին պետությունների կառավարությունների կողմից, ինչը 1930-ական թվականների վերջին հանգեցրեց ամբողջ համակարգի փլուզմանը։ Չնայած քաղաքական ձախողմանը՝ դրանք մնացին միջազգային իրավունքի հիմքը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո փոքրամասնությունների պաշտպանության մասին իրավական սկզբունքներն ընդգրկվեցին ՄԱԿ-ի կանոնադրության և մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային բազմաթիվ պայմանագրերի մեջ[10]։

Միջազգային իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրամասնությունների իրավունքները, որոնք տարածվում են էթնիկ, կրոնական կամ լեզվական փոքրամասնությունների ու բնիկ ժողովուրդների վրա, մարդու իրավունքների միջազգային իրավունքի անբաժանելի մասն են։ Երեխաների, կանանց և փախստականների իրավունքների նման, փոքրամասնությունների իրավունքները իրավական շրջանակ են, որոնք նախատեսված են ապահովել հասարակության մեջ խոցելի, անապահով կամ մարգինալացված վիճակում գտնվող որոշակի խմբի՝ հավասարության և ոտնձգություններից պաշտպանված լինելու հնարավորությունը։ Փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին հետպատերազմական առաջին միջազգային պայմանագիրը, որը կոչված էր նրանց պաշտպանելու իրենց գոյության ամենամեծ սպառնալիքից, Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան էր։

Մարդու իրավունքների նորմերն ամրագրող (ներառյալ փոքրամասնությունների իրավունքները) փաստաթղթերի թվում են Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը (հոդված 27), Միավորված ազգերի կազմակերպության ազգային կամ էթնիկ, կրոնական և լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների հռչակագիրը, Եվրոպայի խորհրդի երկու պայմանագրերը (Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիան և Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան), ինչպես նաև Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Կոպենհագենի հռչակագիրը (1990 թվական)։

Փոքրամասնությունների իրավունքներն ընդգրկում են գոյության պաշտպանությունը, խտրականությունից և հետապնդումներից պաշտպանությունը, ինքնության պաշտպանությունն ու խթանումը, ինչպես նաև քաղաքական կյանքին մասնակցությունը։ Ինչ վերաբերում է ԼԳԲՏ իրավունքներին, Ջոկյակարտայի սկզբունքներն ընդունվել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների համար էլ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան։

Փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու համար շատ երկրներում գործում են հատուկ օրենքներ և/կամ հանձնաժողովներ կամ էլ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը (օրինակ՝ Հունգարիայի ազգային և էթնիկ փոքրամասնությունների իրավունքների խորհրդարանական հանձնակատար)[11]։

Չնայած Միավորված ազգերի կազմակերպությունն ի սկզբանե բնիկ ժողովուրդներին դիտարկում էր որպես փոքրամասնությունների ենթակատեգորիա, միջազգային իրավունքում այս մոտեցումը փոփոխության է ենթարկվել և այժմ կան միջազգային մի շարք փաստաթղթեր, որոնք անդրադառնում են բնիկների իրավունքներին։ Դրանց թվում են Աշխատանքի միջազգային կազմակերպության 169-րդ կոնվենցիան և ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագիրը, որն ընդունվել է 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։

2008 թվականին ԼԳԲՏ իրավունքների մասին հռչակագիրը ներկայացվել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեային, իսկ 2011 թվականին ԼԳԲՏ իրավունքների մասին բանաձևն ընդունվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից։

Կան քաղաքական շատ մարմիններ, որոնք միջոցներ են ձեռնարկում փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու համար։ Այդ միջոցառումները կարող են դրսևորվել կառուցողական գործողությունների քվոտաների տեսքով կամ կոնսոցիատիվ պետություններում փոքրամասնությունների երաշխավորված ներկայացվածությամբ։

Եվրոպական համայնքի և Եվրոպական միության օրենսդրության մեջ ազգային փոքրամասնությունների իրավունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական միության անմիջական դերը (ինչպես նաև ԵՀ/ԵՄ օրենդրության) ազգային փոքրամասնությունների պաշտպանության ոլորտում դեռևս շատ սահմանափակ է (ինչպես մարդու իրավունքների ընդհանուր պաշտպանությունը)։ ԵՄ-ն ընդհանուր առմամբ հիմնվել է ընդհանուր միջազգային իրավունքի և միջազգային իրավունքի եվրոպական տարածաշրջանային համակարգի վրա (հիմնված Եվրոպայի խորհրդի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության վրա և այլն) և անհրաժեշտության դեպքում ընդունել է դրանց նորմերը։ Բայց 1990-ական թվականներին սկսված «եվրոպական ինտեգրման ապատնտեսականացումը» փոխում է այս իրավիճակը։ Ազգային փոքրամասնությունների պաշտպանության քաղաքական նշանակությունը խիստ բարձր է։

2009 թվականին, թեև ազգային փոքրամասնությունների պաշտպանությունը չդարձավ Եվրամիության կողմից իրավաբանորեն սահմանված ընդհանուր և պարտադիր սկզբունք, իրավական մի քանի ակտերում նշվում են ազգային փոքրամասնությունների խնդիրները։ Արտաքին հարաբերություններում ազգային փոքրամասնությունների պաշտպանությունը դարձել է Եվրամիության հետ համագործակցության կամ անդամակցության հիմնական չափանիշներից մեկը[12]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. For example: Yoneyama, Lisa (2016 թ․ սեպտեմբերի 15). Cold War Ruins: Transpacific Critique of American Justice and Japanese War Crimes. Durham, North Carolina: Duke University Press (published 2016). ISBN 9780822374114. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. «The link between memories, historical redress and efforts to extend and secure minority rights is best expressed in the 1988 proposal for the Law Pertaining to Postwar Reparations and the Guarantee of Human Rights for Resident Aliens from Former Colonies [...].»
  2. Barten, Ulrike (2014 թ․ սեպտեմբերի 23). «Minority Rights». Minorities, Minority Rights and Internal Self-Determination. Cham, Zug: Springer (published 2014). էջ 153. ISBN 9783319088761. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. «While discrimination is generally frowned upon[,] special treatment, also called affirmative action or positive discrimination, for certain groups is not unknown.»
  3. 3,0 3,1 Robson, Laura (2021). «Capitulations Redux: The Imperial Genealogy of the Post–World War I "Minority" Regimes». The American Historical Review. 126 (3): 978–1000. doi:10.1093/ahr/rhab358. ISSN 0002-8762.
  4. Laszlo Peter, Martyn C. Rady, Peter A. Sherwood: Lajos Kossuth sas word...: papers delivered on the occasion of the bicentenary of Kossuth's birth (page 101)
  5. Staatsgrundgesetz vom 21. Dezember 1867 (R.G.Bl. 142/1867), über die allgemeinen Rechte der Staatsbürger für die im Reichsrate vertretenen Königreiche und Länder Արխիվացված 7 Օգոստոս 2011 Wayback Machine – see Article 19 (de)
  6. Denis Vovchenko, Containing Balkan Nationalism: Imperial Russia and Ottoman Christians, 1856-1914 (Oxford University Press, 2016).
  7. Irena Grosfeld, Seyhun Orcan Sakalli, and Ekaterina Zhuravskaya, "Middleman minorities and ethnic violence: anti-Jewish pogroms in the Russian empire." Review of Economic Studies 87.1 (2020): 289-342 online.
  8. Azza Salama Layton, International politics and civil rights policies in the United States, 1941-1960 (Cambridge University Press, 2000).
  9. Józsa Hévizi (2004): Autonomies in Hungary and Europe, A COMPARATIVE STUDY, The Regional and Ecclesiastic Autonomy of the Minorities and Nationality Groups [1]
  10. P. de Azcarate, League of Nations and National Minorities (1945) online
  11. Homepage of the Parliamentary Commissioner Արխիվացված 23 Փետրվար 2007 Wayback Machine
  12. Daniel Šmihula (2008). National Minorities in the Law of the EC/EU in Romanian Journal of European Affairs, Vol. 8 no. 3, Sep. 2008, pp.51-81. «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Azcarate, P. de. League of Nations and National Minorities (1945) online
  • Barzilai, G. 2003. Communities and Law: Politics and Cultures of Legal Identities. Ann Arbor: University of Michigan Press.
  • Fink, Carole. 2006. Defending the Rights of Others: The Great Powers, the Jews, and International Minority Protection, 1878-1938 excerpt and text search
  • Henrard, K. 2000. Devising an Adequate System of Minority Protection: Individual Human Rights, Minority Rights, and the Right to Self-Determination Leiden: Martinus Nijhoff Publishers
  • Jackson Preece, J. 2005. Minority Rights: Between Diversity and Community Cambridge: Polity Press
  • Malloy, T.H. 2005. National Minority Rights in Europe Oxford and New York: Oxford University Press.
  • Pentassuglia, G. 2002. Minorities in international law: an introductory study Strasbourg: Council of Europe Publications
  • Šmihula, D. 2008. "National Minorities in the Law of the EC/EU", Romanian Journal of European Affairs, Vol. 8 no. 3, pp. 2008, pp. 51–81. online
  • Thornberry, P. 1991. International Law and the Rights of Minorities. Oxford: Clarendon Press
  • Weller, M. (ed.) 2006. The Rights of Minorities in Europe: A Commentary on the European Framework Convention for the Protection of National Minorities. Oxford and New York: Oxford University Press.
  • Weller, M., Denika Blacklock and Katherine Nobbs (eds.) 2008. The Protection of Minorities in the Wider Europe Basingstoke and New York: Palgrave Macmillan.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքրամասնությունների իրավունքներ» հոդվածին։