Բեռլինի վեհաժողով (1878)
Բեռլինի վեհաժողով, 1878 թ. հունիսի 1-ից (հունիսի 13) առ հուլիսի 1-ը (13) կայացած միջազգային կոնգրես, որը Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի ջանքերի արդյունքում հրավիրվել էր Սան-Ստեֆանոյի պայմանագրի վերանայման նպատակով Բեռլինում։ Մասնակից պետություններն էին՝ Ռուսաստանը, Օսմանյան կայսրությունը, Անգլիան, Ավստրո-Հունգարիան, Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան։ Կոնգրեսն ավարտվել է փաստաթղթի ընդունմամբ, որը պատմության մեջ մտել է Բեռլինի դաշնադրություն (տրակտատ) անունով։ Կոնգրեսի արդյունքներից մեկն այն էր, որ Արևմտյան Հայաստանի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ որպես «Հայկական հարց»։
Բեռլինի վեհաժողովն ու հայերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մկրտիչ Խրիմյանը մասնակցում է Բեռլինի վեհաժողովին որպես Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ներկայացուցիչ։ Խրիմյանը կոնգրես է ներկայացնում Գրիգոր Օտյանի կազմած Հայաստանի «Ինքնավարության ծրագիրը», որի հաստատվելու դեպքում ճանաչվելու էր Հայաստանի անկախությունը Օսմանյան կայսրությունից։ Ավստրո-Հունգարիայի պատվիրակության ղեկավար Անդրաշին առաջարկում է օրակարգում ընդգրկել Հայաստանի ինքնավարության ծրագիրը։ Բեռլինում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար՝ Ալեքսանդր Գորչակովը վետո է դնում Հայաստանի ինքնավարության ծրագիրը կոնգրեսի օրակարգ ընդգրկելու վրա՝ պատճառաբանելով, թե հայերն անկախություն չեն ուզում։ Կոնգրեսի աշխատանքների ընթացքում Գորչակովին փոխարինում է Պյոտր Շուվալովը։ Եվ Խրիմյանի խնդրանքով, Անգլիայի ներկայացուցիչ Սոլսբերին կրկին առաջարկում է օրակարգ մտցնել Հայաստանի Ինքնավարության ծրագիրը, սակայն Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Շուվալովը կրկին վետո է դնում։ Այդ պատճառով Հայաստանի անկախության հարցը չի մտնում Բեռլինի վեհաժողովի օրակարգ, սակայն Սոլսբերիի առաջարկով օրակարգ է մտնում բարենորոգումներ իրականացնելու հարցը, որը ներառվում է դաշնադրության մեջ։
Բեռլինի դաշնադրությունը և հայերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեռլինի դաշնադրությունում Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի փոխարեն մտցվել է նոր հոդված՝ 61-րդը, որտեղ ասված էր հետևյալը. «Բարձր Դուռը հանձն է առնում հայաբնակ վայրերում անհապաղ իրագործել տեղական պահանջներից բխող բարեփոխումներ և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։ Այդ նպատակով ձեռնարկված միջոցառումների մասին նա պարտավոր է պարբերաբար հաղորդել պետություններին, որոնք պետք է հսկեն դրանց գործադրությունը»։ Սակայն այդ հոդվածի իրագործման հսկողությունը դրվում էր վեհաժողովի մասնակից բոլոր պետությունների վրա, ինչը վերջիններիս հնարավորություն էր տալիս միջամտելու Թուրքիայի ներքին գործերին։ Վեհաժողովը պարտավորեցնում էր Ռուսաստանին իր զորքերն անհապաղ դուրս բերել գրավված տարածքներից և ոչ մի երաշխիք չէր տալիս 61-րդ հոդվածի կենսագործման համար։ Բացի այդ, «Հայաստան» բառը փոխարինվում էր «Հայկական մարզեր» և «Հայաբնակ վայրեր» բառակապակցություններով։ Այսինքն՝ օսմանյան կողմն ազատվում էր այդ երկրամասը հայերի հայրենիք ընդունելու Սան-Ստեֆանոյի պայմանագրի ձևակերպումից[1]։
Ռուսաստանին էր անցնում Կարսի մարզը, իսկ Ալաշկերտն ու Բայազետը հանձնվում էին Թուրքիային։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 401)։ |
- Միջազգային պայմանագրեր
- Հայկական հարց
- Ռուս-թուրքական հարաբերություններ
- 1878 կոնֆերանսներ
- Բեռլինի պատմություն
- 1878 Գերմանիայում
- Թուրքիայի պատմություն
- Օսմանյան կայսրության պատմություն
- Իտալիայի թագավորություն (1861–1946)
- Ժամանակակից Եվրոպա
- Բալկանյան թերակղզու պատմություն
- 19-րդ դարի դիվանագիտական կոնֆերանսներ
- 1878 միջազգային հարաբերություններում