Քաղաքացիություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի քաղաքացու կենսաչափական անձնագիր

Քաղաքացիություն, պետության և անձի միջև կայուն իրավական կապը, որի ուժով պետությունը և անհատը ձեռք են բերում փոխադարձ իրավունքներ և պարտականություններ։ Քաղաքացիությունը սահմանադրական իրավունքի կարևորագույն ինստիտուտներից է և հիմնականում իր ամրագրումն է գտնում պետության սահմանադրության մեջ, սահմանադրական ակտերում կամ այլ նորմատիվ իրավական ակտերում։ Քաղաքացիությունը հանդես է գալիս որպես պետության և նրան հպատակ անձանց միջև փոխհարաբերություն։ Պետությունը ճանաչում և երաշխավորում է անձանց իրավունքներն ու ազատությունները, իր սահմաններում պաշտպանում է իր քաղաքացիներին։ Քաղաքացիներն էլ, իրենց հերթին, ենթարկվում են օրենքներին ու պետության կարգադրագրերին, կատարում են իրենց պարտականությունները։ Այս իրավունքների ու պարտականությունների ամբողջությունը կաղմում է քաղաքացու քաղաքաքական-իրավական կարգավիճակը, պետության տարածքում նրա կարգավիճակի տարբերությունը քաղաքացիություն չունեցող անձանց ու օտարերկյա քաղաքացիների կարգավիճակից։

Երկար ժամանակ միապետական կառավարման ձև ունեցող պետություններում անձի և պետության միջև փոխհարաբերությունները բնորոշվում էին հպատակությամբ, այսինքն՝ անձի և միապետի, այլ ոչ թե ողջ պետության միջև կապով։ Ներկայումս միապետական կառավարման ձև ունեցող երկրների մեծամասնությունը հրաժարվել է այս կոնցեպցիայից, և այժմ հպատակության ինստիտուտը փոխարինվել է քաղաքացիության ինստիտուտով։ Քաղաքացիությունը կամ հպատակությունը հաստատելու համար պետությունը տարբեր ձևեր կարող է սահմանել։ Այս պրակտիկան տարբեր երկրներում տարբերվում է․ որոշ երկրներում այն փաստաթղթային ամրագրում է ունենում անձնագրերի կամ ID՝ նույնականացման քարտերի միջոցով, այլ երկրներում, ինչպես օրինակ Մեծ Բրիտանիայում, քաղաքացիները քաղաքացիությունը հավաստող փաստաթղթեր չունեն։

Քաղաքացիություն ստանալը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիություն կարելի է ստանալ տարբեր եղանակներով․

  • Ֆիլիացիա, քաղաքացիություն ստանալը ըստ ծննդի, ծննդյան փաստով։ Տարբերում են ֆիլիացիայի երեք ձև․
  1. Արյան իրավունք կամ քաղաքացիություն ստանալը ծնողների ամուսնությամբ․ երեխան համարվում է տվյալ պետության քաղաքացի, եթե նրա ծնողներն այդ պետության քաղաքացի են՝ անկախ նրանից, թե որտեղ է ծնվել,
  2. Հողի իրավունք․ երեխան ստանում է պետության քաղաքացիություն, եթե ծնվում է այդ երկրի տարածքում։ Ծննդյան փաստը հավաստող փաստաթղթերը հավաստում են նաև քաղաքացիությունը։ Քաղաքացիության սահմանափակումն ու քաղաքացիությունից հրաժարվելն անթույլատրելի են։
  3. Ժառանգությամբ․ սա հազվադեպ հանդիպող տեսակ է, ամրագրվել է եվրոպական մի քանի երկրների օրենսդրության մեջ։ Այսպես, մինչև 1940 թվականի հուլիսի 17-ը Լատվիայի քաղաքացի եղած անձինք քաղաքացիության իրենց իրավունքը տվեցին ժառանգներին։ Եթե երեխայի՝ Լատվիայի հանրապետութան քաղաքացի հանդիսացող ծնողները իրավաբանորեն մահացել են մինչև նրա ծնվելը։ Նորածնի քաղաքացիությունն այդ դեօքում կախված է 1940 թվականի հուլիսի 17-ին նրա նախնիների կարգավիճակից։ Այսպիսի պրակտիկա կա նաև Ռումինիայում։
  • Նատուրալիզացիա, հազվադեպ հանդիպող եղանակ, երբ անձը քաղաքացիություն է ձեռք բերում իր ցանկությամբ։ Քաղաքացիություն ստանալու համար այսպիսի դեպքերում անձ պետք է բավարարի որոշակի պահանջների, օրինակ՝ լեզվի իմացություն։ Նատուրալիզացիայի շրջանակներում երբեմն առանցնացնում են․
  1. գրանցում․ անձին քաղաքացիություն տալը զուտ դիմումի հիման վրա՝ առանց լրացուցիչ պահանջների,
  2. քաղաքացիության նվիրում․ երբ անձին պետության ղեկավարը քաղաքացիություն է շնորհում նրա մատուցած ինչ-որ ծառայությունների դիմաց,
  3. ընտրություն․ պետությունների սահմանների փոփոխության ժամանակ անձին հնարավորություն է տրվում ընտրելու իր քաղաքացիությունը։ Այս հարցը կարգավորվում է միջազգային պայմանագրերով,
  4. փոփոխում․ երբ մի պետության բնակչությանը տեղափոխում են այլ պետության տարածք։ Անձը ստանում է այն պետության քաղաքացիությունը, որի տարածքում ապրում է։

Քաղաքացիությունը վերականգնելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեինտեգրացիան միջազգային տերմին է, որը նշանակում է նախկինում քաղաքացիություն ունեցած, բայց այն կորցրած անձի քաղաքացիության վերականգնումը։ Ռեինտեգրացիայի իմաստն ավելի շատ դրսևորվում է դրա ընթացակարգում։ Այն երբեմն ամրագրվում է հատուկ օրենքներում, երբեմն էլ պետության ընդհանուր օրենսդրության մեջ։ Ռեպատրիացիան հայրենիք վերադառնալն է։ Տերմինը հաճախ վերաբերում է ռազմագերիներին, արտագաղթյալներին, փախստականներին, որ հայրենիք են վերադարձել վտանգավոր կամ սպառնալից իրավիճակում ապրելուց հետո։

Քաղաքացիության դադարեցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրների մեծամասնության օրենսդրությունը ընձեռում է քաղաքացիությունը դադարեցնելու հնարավորություն։

  • քաղաքացիությունից հրաժարվելը անձի կողմից ինքնակամ հրաժարումն է քաղաքացիությունից։
  • քաղաքացիությունից զրկելը պետության ցանկությամբ անձին զրկելն է քաղաքացիությունից,
  • քաղաքացիությունը փոխելը անցումն է մի պետության քաղաքացիությունից մեկ այլ պետության քաղաքացիությանը։ Օրինակ՝ ռուսական ժամանակակից օրենսդրությամբ նման հնարավորություն ունեն միայն երկքաղաքացիները, ինչպես նաև այն անձինք, որոնց բնակվելու տարածքը մի պետությունից անցնում է մյուսին։

Ապատրիդներ և բիպատրիդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանադրական իրավունքում առանձնացվում են այնպիսի իրավիճակներ, երբ անձը կարող է ունենալ մի քանի երկրի քաղաքացիություն կամ չունենա ոչ մի երկրի քաղաքացիություն։

  • Ապատրիդ․ այն անձն է, որ օրենքով սահմանված կարգով չունի ոչ մի երկրի քաղաքացիություն։
  • Բիպատրիդ․ այն անձն է, որն օրենքով սահմանված կարգով ունի երկու երկրի քաղաքացիություն, այլ կերպ ասած՝ երկքաղաքացին։ Բիպատրիդ են կոչվում նաև մեկից ավելի երկրի քաղաքացիություն ունեցող ունեցող անձը։

Քաղաքացիությունը Հայաստանի Հանրապետությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով պետության իրավունքի համակարգի կարևորագույն ինստիտուտներից մեկը՝ քաղաքացիությունն իր ամրագրումն է ստացել նախևառաջ ՀՀ Սահմանադրությամբ։ 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածը վերնագրված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունքը» և սահմանում է, որ

  1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։
  2. Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք։
  3. Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք։
  4. Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգովԼ
  5. ՀՀ քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից։ ՀՀ քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունը փոխելու իրավունքից։
  6. Սույն հոդվածով սահմանված իրավունքների իրականացման կարգը, ՀՀ քաղաքացիության ձեռքբերման այլ հիմքերը, ինչպես նաև դադարեցման հիմքերը սահմանվում են օրենքով։
  7. Սույն հոդվածի 2-4-րդ մասերով, ինչպես նաև 5-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, ինչպես նաև հանրային շահերի պաշտպանության նպատակով։
  8. ՀՀ քաղաքացիների Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, միջազգային իրավունքի հիման վրա, ՀՀ պաշտպանության ներքո են։

Քաղաքացիությունն իր առավել մանրամասն կարգավորումն է ստացել 2007 թվականին ընդունված «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով։ Այս օրենքի համաձայն՝ այնձի քաղաքացիությունը ճանաչվսւմ կամ հաստատվում է հատուկ փաստաթղթերով, որոնք են․

  1. անձնագիրը, որը տրվում է 16 տարին լրացած անձանց, 10 տարի ժամկետով, համարվում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը և որտեղ ամրագրվում են քաղաքացու անձի մասին այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են անունը, ազգանունը, սեռը, ծննդյան տարեթիվը և այլն,
  2. ծննդյան վկայականը կամ ՀՀ քաղաքացիությունը հաստատող վկայականը, որ տրվում են մինչև 16 տարեկան անձանց։

Պետական մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիության մասին օրենքը հստակ սահմանում է այն պետական մարմինների ցանկը, որոնք զբաղվում են քաղաքացիության վերաբերյալ գործերով, ամրագրում վերջիններիս լիազորությունները։ Այս մարմինների շարքում ամենաշատ լիազորություններն ունի ՀՀ Նախագահը։ ՀՀ 2005 թվականի Սահմանադրության 55-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն՝ Նախագահն օրենքով սահմանված կարգով լուծում է ՀՀ քաղաքացիության հետ կապված հարցերը։ Մնացած մարմինները, այդ թվում՝ ՀՀ նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովը, Կառավարությունը, ՀՀ ոստիկանությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, կատարում են միայն նախապատրաստական գործողություններ։ Քաղաքացիությանը վերաբերող դիմումներն ու միջնորդությունները ներկայացվում են գրավոր՝ անձի բնակության վայրի ոստիկանական ծառայության պետին։ Դրանք քննարկվում են վեցամսյա ժամկետում։ Քաղաքացիությունը համարվում է ձեռքբերված Նախագահի կողմից համապատասխան հրամանագրի հրապարակման պահից։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]