Ոստիկանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոստիկանները Երևանում

Ոստիկանություն։ Պետական ծառայությունների, հասարակական կարգի պահպանման մարմինների և հանցավորության դեմ պայքարի հատուկ համակարգ, որն իրավասու է իրականացնելու գործողությունների մի ողջ համախումբ, որոնք սակայն իրենց բնույթով տարբեր երկրներում տարբերվում են միմյանցից: Ոստիկանության առավել բնորոշ հատկանիշներից են նախազգուշացումը, հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխումն ու նախականխումը, հայտնաբերումն ու բացահայտումը: Ոստիկանության առջև կարող է նաև խնդիր դրվել տարբեր օբյեկտների պահպանությունն իրականացնելու, հասարակական վայրերում անմիջական կարգն ապահովելու, ճանապարհային երթևեկությունը կարգավորելու, վթարային իրավիճակների մասին նախազգուշացնելու և տարբեր բնագավառներում ու ոլորտներում հսկողություն կամ վերահսկողություն իրականացնելու գործառույթներ:

Որոշ երկրներում ոստիկանության կազմի մեջ մտնում են նաև հրշեջ պահախումբը և փրկարարական գործողություններ իրականացնող մարմինները: Այդ խնդիրների լուծման նպատակով ոստիկանությունը և նրա պաշտոնատար անձինք օժտված են այնպիսի լիազորություններով, ինչպիսին է օրինակ` հարկադրանքի և ուժային մեթոդների կիրառումը, որը չի բացառում նաև համոզելու մեթոդներով աշխատանքներ տանելու և իրավական նորմերի ազդեցության ապահովման այլ եղանակներ կիրառելու հանգամանքը:

Կառուցվածքային ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոստիկանական համակարգերը տարբեր երկրներում կարող են լինել կենտրոնացված (Ավստրիա, Ֆրանսիա, Ֆինլանդիա, Ռուսաստան և այլն) կամ ապակենտրոնացված (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա և այլն): Ոստիկանական ծառայությունները կարող են միավորված լինել մեկ գերատեսչության մեջ (Ֆինլանդիա) կամ բաժանված լինել տարբեր գերատեսչությունների կազմի մեջ (Իտալիա` «հինգ ոստիկանությունների երկիր», որտեղ ոստիկանական գործառույթներ են իրականացնում նաև կարաբիներները, Ֆրանսիա` ազգային ոստիկանություն և ժանդարմերիա): Որոշ սոցիալիստական երկրներում, այդ թվում նաև Խորհրդային Միությունում, հիմնական ոստիկանական գործառույթները իրականացնում էր միլիցիան:

Ըստ գործունեության ոլորտների, տարբեր երկրներում գոյություն ունեն կառավարման, անվտանգության, քրեական, վարչական, գրասենյակային, քաղաքացիական, գաղտնի, կրոնական, հարկային, զինվորական կամ ռազմական և այլ ոստիկանություններ: ԱՄՆ-ում դաշնային ոստիկանության մեջ մտնում են Հետաքննությունների դաշնային բյուրոն և մի շարք այլ ոստիկանական գերատեսչություններ` տարբեր նախարարությունների կազմում: Մի շարք երկրներում ոստիկանությունը մտնում է Ներքին գործերի նախարարության կազմի մեջ: Ֆրանսիայում ոստիկանական հիմնարկները ենթարկվում են ազգային ոստիկանության գլխավոր տնօրինությանը, որն իր հերթին մտնում է Ներքին գործերի նախարարության կազմի մեջ:

Գոյություն ունեն նաև մասնավոր ոստիկանություններ, որոնք պաշտպանում են արդյունաբերական, տրանսպորտային, բանկային և այլ խոշոր օբյեկտներ և զբաղվում մասնավոր հետախուզությամբ: Գոյություն ունեն այնպիսի երկրներ, որտեղ ոստիկանությունը գտնվում է արդարադատության կամ անվտանգության նախարարությունների ենթակայության տակ: Շատ երկրներում ոստիկանությունը քաղաքացիական համակարգ է, սակայն որոշ երկրներում (Ֆրանսիա, Թուրքիա, Չիլի և այլն), բացի սեփական ոստիկանությունից, գոյություն ունի նաև ժանդարմերիա, որն ի սկզբանե կազմում է զինված ուժերի մաս (ինչպես կարաբիներները Իտալիայում): Բազմաթիվ երկրներում ոստիկանությունն ունի վառ արտահայտված ռազմական բնույթ և ոստիկանները կրում են զինվորական կոչումներ: Որոշ երկրներում, ցամաքային զորքերում գործող ոստիկանությունները հսկում են երթևեկությունը խճուղային ճանապարհներին, հետապնդում զինվորական դասալիքներին, կանխում և քննում հանցագործությունները, տարհանում ռազմագերիներին և այլն: Կան երկրներ, որտեղ հատուկ ծառայությունները բոլորովին առանձնացված են ոստիկանությունից և կան երկրներ (Մալայզիա, Իռլանդիա և այլն), որտեղ պետական անվտանգության մարմինները մտնում են ոստիկանության կազմի մեջ:

Գոյություն ունի նաև Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը (Ինտերպոլ), որի խնդիրն է միավորել ազգային իրավապահ մարմիններին` մասնակից երկրներում հանցավորության դեմ պայքարի գործում:

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոստիկանության` աշխարհում ընդունված Police անվանումն առաջացել է հին հունարեն πόλις (պոլիս` քաղաք) բառից, այնուհետև լատինացված հունարենի` πολιτεία (քաղաքացիություն իմաստով) ձևով անցել լատիներեն politia ձևին, իսկ հետո միջին ֆրանսերենի police ձևին` կրելով «հասարակական կարգ» իմաստը: Առաջին անգամ այդ տերմինը օրենքի պահապանների նկատմամբ գործածել է գերմանացի իրավաբան և գրող Մելխիոր ֆոն Օսսան (1506-1557թթ.):[1] Մինչև 18-րդ դարի վերջը, այն գործածվում էր առավել լայն իմաստով` հիմնականում ներառելով միապետների և պետության պարտականությունները հասարակական կարգի պահպանման, արդարադատության, օրինականության, անվտանգության և ենթակաների բարեկեցիկ կյանքն ապահովելու գործում:

Ոստիկանությունը առավել կատարելագործվել է միջնադարում, հատկապես բացարձակ միապետության շրջանում, հանդես գալով որպես պետության հսկողության և հարկադրանքի հատուկ մարմինների համակարգ, ինչպես նաև ներքին նշանակության պատժիչ զորք, որն ուղղակի և բացահայտ ճնշման ճանապարհով պաշտպանում էր գոյություն ունեցող հասարակական կարգը: 19-րդ դարի սկզբին «ոստիկանություն» հասկացությունը սկսեց կրել առավել նեղ իմաստ և վերաբերում էր պետության պարտականություններին` հասարակական կարգը ապահովելուն և օրենքների պահպանմանը (հատկապես քրեական օրենսդրության):

Ժամանակակից ոստիկանության դասական նմուշ է համարվում Լոնդոնի մայրաքաղաքային ոստիկանությունը, որը հիմնադրվել է 1829 թվականին` պետական գործիչ Ռոբերտ Պիլի կողմից: Նրա սկզբունքներից մեկն այն էր, որ պետք է մշտապես պահպանել կապը բնակչության հետ` կյանքի կոչելով պատմական ավանդույթները, որոնց համաձայն ոստիկանությունը դա հասարակությունն է, իսկ հասարակությունը` ոստիկանությունը: Ոստիկանությունը կազմված է բնակչության ներկայացուցիչներից, ովքեր վարձատրվում են, որպեսզի իրենց ուշադրությունը ամբողջովին նվիրաբերեն պարտականություններին, որոնք դրված են յուրաքանչյուր քաղաքացու վրա` հասարակության բարեկեցության և կենսունակության հետաքրքրություններից ելնելով: Այդ օրինակին հետևել են շատ երկրներ: Գաղութներում ոստիկանությունը կազմավորվում էր գաղութարար իշխանությունների կողմից և հաճախ ծառայում էր նրանց շահերին` ի վնաս տեղի բնակիչների:[2] Մինչ Պիլի կողմից ոստիկանության բարեփոխումները, տարածված էր մասնավոր ոստիկանությունը (այսպես կոչված «գողեր որսացողները»), որի հիմնական նպատակը ձեռնարկատիրական շահույթ ստանալն էր:[3]

Ոստիկանությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն ոստիկան բառն ունի պահլավական ծագում, որն ուներ «հավատարիմ» իմաստը և որպես պաշտոն, միջնադարում շնորհվել է միապետին հավատարիմ մարդկանց, գավառներում վերակացուի կամ կուսակալի գործառույթներ իրականացնելու համար:

Հայաստանում ոստիկանությունը որպես պետական կառույց, իր գործունեությունն սկսել է Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից ի վեր, որտեղ Ներքին գործերի առաջին նախարարը Արամ Մանուկյանն էր (1918-1919թթ.):

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, 1920 թվականի դեկտեմբերի 12-ին, հանրապետության հեղկոմի որոշմամբ ստեղծված Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կազմում սկսել է իր գործունեությունը ծավալել միլիցիան: Այդ որոշման հիման վրա, հանրապետության Ներքին գործերի ժողկոմի հրամանով տեղական կառավարման նախկին համակարգը վերացվել է և ստեղծվել է բանվորագյուղացիական միլիցիա: 1920 թվականի դեկտեմբերի 15-ին (Հայկական ԽՍՀ-ի միլիցիայի հիմնադրման օրն է) ստեղծվել են միլիցիայի առաջին ջոկատները: Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը 1930 թվականին վերացվել է, իսկ 1934 թվականին վերականգնվել: 1946 թվականից վերակազմվել է ՀԽՍՀ Ներքին գործերի նախարարությունը, որը 1962-1968 թվականներին կոչվել է Հասարակական կարգի պահպանության նախարարություն: Հայկական ԽՍՀ-ի Ներքին գործերի առաջին նախարարը Իսահակ Դովլաթյանն էր (1920-1921թթ.):

Անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունիսի 21-ի հրամանագրով ձևավորվել են Ներքին գործերի նախարարության զորքերը: 2001 թվականի ապրիլի 16-ին ընդունվել է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը, իսկ ապրիլի 16-ը հայտարարվել է ոստիկանության օր: 2002 թվականի հունիսի 30-ին ընդունվել է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն Ներքին գործերի նախարարությունը 2003 թվականի հունվարի 1-ից վերակազմավորվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության: Առաջին անգամ ՀՀ ոստիկանապետի պաշտոնն ստանձնել է Հայկ Հարությունյանը (2003-2008թթ.), ով 1999 թվականից ՀՀ Ներքին գործերի նախարարն էր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кревельд, М. ван. Расцвет и упадок государства / Мартин ван Кревельд; пер. с англ. под ред. Ю. Кузнецова и А. Макеева. — М.: ИРИСЭН, 2006. — С. 206.
  2. Принципы деятельности полиции. Методическое пособие по правам человека
  3. Стивен Дэвис։ «Частная полиция в XVIII–XIX столетиях»։ InLiberty.ru 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 640 CC-BY-SA-icon-80x15.png