Զինվորական կոչումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Զինվորական կոչումներ, անհատապես շնորհվում են զինված ուժերի ծառայողներին և զինապարտներին՝ համաձայն նրանց ծառայողական դրության, ռազմական և մասնագիտական պատրաստականության, զորատեսակի կամ ծառայության ձևի պատկանելության, ինչպես նաև վաստակի և արժանիքների։

Զինվորական կոչումների հիմք են ծառայում զինծառայողների միջև կրտսեր-ավագ (պետ) փոխհարաբերություններ ստեղծելու։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեպետ Եվրոպայում և Ռուսաստանում Զինվորական կամ Ռազմական կոչումների երևան գալը կապվում է XV-XVI դարերի մշտական բանակների առաջացման հետ, սակայն ռազմական կոչումները ի հայտ են եկել շատ ավելի վաղուց։ Հին Հռոմի բանակում օգտագործվում էին «լեգեոներ», «ցենտուրիոն», «տրիբուն» և այլ ռազմական կոչումները, Հին Հունաստանի բանակներում ՝ «լոխարգոս», «ստրատեգոս», «նավարխոս» և այլ ռազմական կոչումները, Հին Հայաստանի Բանակում՝ «հիսնապետ», «հարյուրապետ», «վաշտապետ», «գումապետ», «հազարապետ», «գնդապետ», «սպարապետ» և այլ ռազմական կոչումները։

Ռազմական կոչումներ Հին և Միջնադարյան Հայաստանի բանակներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում վաղնջական ժամանակներից գոյություն են ունեցել ռազմական կոչումներ։ Միջնադարյան հայկական աղբյուրներում հանդիպում է զինված ուժերի բարձր հրամանատարական կազմի կոչումների հետևյալ դասակարգումը։

  1. Սպարապետ
  2. Գնդապետ
  3. Հազարապետ

Ըստ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» հիմնարար բառարանի՝ գնդապետը բացատրվում է որպես՝ «պետ գնդի զօրուն, զօրապետ միոյ գնդի։»[1]: Ընդ որում, մեջբերելով ԺԴ դարի հայ քերական Հովհաննես Երզնկացի Ծործորեցու համապատասխան նախադասությունը, ցույց է տրվում, որ ՙԳնդապետ՚ ռազմական կոչումը գտնվել է ՙՍպարապետ՚ ռազմական կոչումից ներքև, և ՙհազարապետ՞ ռազմական կոչումից վերև․ «սպարապետ, գնդապետ, հազարապետ»[1]:

Գնդապետի՝ հազարապետից բարձր կանգնած լինելը ենթադրում է, որ Գնդապետին ենթակա զօրամասը՝ Գունդը կամ՝ առաւել ճշգրիտ անունով՝ Զորագունդը իր մեջ պարունակում էր առնվազն մեկից ավելի հազարյակներ՝, այսինքն՝ երկու հազարից մինչև մի քանի հազար անձնակազմ ունեցող զորամաս, իսկ երբեմն էլ զորամիավորում էր։

Զինված Ուժերի բարձր և ավագ հրամանատարական կազմի ռազմական կոչումներից ներքև կային հետևյալ ռազմական կոչումները, որոնք կարելի է համարել, այսպես ասած՝ կրտսեր սպայական և ենթասպայական։

  1. Հարյուրապետ՝ Դասական ուղղագրութեամբ՝ Հարիւրապետ
  2. Հիսնապետ՝ Դասական ուղղագրութեամբ՝ Յիսնապետ
  3. Տասնապետ

Դրանցից առաջինը կամ երկրորդը ևս՝ հավանաբար, սպայական կոչումներ էին։ Երրորդը՝ ենթասպայական։

Դա է ցույց տալիս այդ ռազմական կոչումների ստուգաբանությունը, որի համաձայն՝ հարյուրապետը ՙհարյուրի՚՝ հարյուր զինվորի պետ էր, հարյուրակի պետ (սպայական աստիճան)։ Դա համապատասպխանում է հռոմեական ցենտուրիոնին՝ ուղղակի թարգմանությամբ՝ ՙցենոտւրիայի՚ այսիքն՝ հարյուրյակի պետ։

ՙՀարյուրապետ՚ ռազմական կոչման հոմանիշ է համարվում ՙվաշտապետ՚ ռազմական կոչումը, քանզի վաշտապետը նոյնպես մոտավորապես հարյուր, մի փոքր պակաս կամ ավել կամ երբեմն էլ բավական շատ ավելի քանակությամբ ռազմական ստորաբաժանման՝ վաշտի հրամանատար է։

Ընդհանրապես, Հայոց հին և միջնադարյան ռազմական կոչումները կարելի է ներկայացնել հետևյալ աղյուսակով։

  1. Սպարապետ
  2. Գնդապետ
  3. Հազարապետ
  4. Հարյուրապետ
  5. Հիսնապետ
  6. Տասնապետ
  7. Զինվոր

Հայկական պետականուփյան բազմադարյան կորստի և դրա հետևանքով՝ հայկական ազգային բանակների բացակայության հետևանքով, հայկական ռազմական տերմինաբանությունը խիստ հետընթաց է ապրել։ Դրա արդյունքը պետք է համարել ռազմական տերմինաբանության մեջ օտարերկրյա բացատրությունների ի հայտ գալը և ստուգաբանության հայկական արմատների չընկալումը։ Մասնավորապես, Արևմտահայ բառարանագիրներից մեկը տալիս է ՙհարյուրապետ՚ ռազմական կոչուման հետևյալ ստուգաբանությունը․ ՙհարիւրապետ գոյական Հռոմայեցի սպայ * հարիւր զինուորի հրամայող:՚ Հայ բառարանագրի համար Հարյուրապետը պարզապես հռոմեացի սպա է, այսինքն՝ ցենտուրիոն։[2]

Ռազմական կոչումներ Հին և Միջնադարյան Եվրոպայի ու Ռուսաստանի բանակներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի բանակներում միջնադարում ի հայտ եկավ ռազմական կոչումների համակարգ։ Հիմնական սպայական ռազմական կոչումներն էին, որոնք ստորև թվարկված են նեքևից վերև, այսինքն՝ ցածր կոչումներից մինչև բարձր կոչումները․

  1. լեյտենանտ
  2. կապիտան կամ ռոտմիստր հեծելազորում,
  3. մայոր,
  4. լեյտենանտ–կօլօնել կամ լէյտենանտ–կորոնել, այսինքն՝ փոխգնդապետ,
  5. կօլօնել կամ կօրոնել, այսինքն՝ Գնդապետ,
  6. բրիգադիր կամ բրիգադի գեներալ,
  7. գեներալ-մայոր
  8. գեներալ-լեյտենանտ
  9. գեներալ-ֆելդմարշալ

Ռուսաստանում Ռազմական կոչումներ մտցվեցին XVI դարի կեսերին ստրելեցյան (Մոսկովյան բանակի արտոնյալ զինծառայողներ) զորքերում՝ ստրելեց, տասնապետ, հիսնապետ, հարյուրապետ, կիսագլուխ (հինգ հարյուրի գլուխ, նույնը՝ կիսագնդապետ, փոխգնդապետ), պրիկազի գլուխ (նույնը՝ գնդի հրամանատար, գնդապետ), վոյեվոդա (ստրելեցյան ջոկատի հրամանատար) և այլն։ Ռուսական բանակի մնացած զորքերում զինվորական կոչումներ տրվում էին քաղաքացիական պաշտոնյաների կարգին համապատասխան, իսկ ռուսական բանակի օտարերկրյա զինծառայողները պահպանում էին իրենց կոչումները (օրինակ՝ պրապորշչիկ, պորուչիկ, կապիտան կամ ռոտմիստր հեծելազորում, մայոր, փոխգնդապետ, գնդապետ, բրիգադի գեներալ, գեներալ-մայոր և այլն)։ XVII դարի վերջին և XVIII դարի սկզբներին Պետրոս I իր ստեղծած կանոնավոր բանակում մտցրեց արևմտա-եվրոպական ձևի միասնական զինվորական կոչումներ, որոնք վերջնականապես ձևավորվեցին 1722 թվականի հունվարի 24-ի «Աստիճանների ցուցակ»-ով։ Այդ կոչումների հիմնական մասը պահպանվեց մինչև 1917 թվականը։ Ռուսական բանակում ծառայող հայերը նույնպես ստանում էին զինվորական կոչումներ։ Առաջիններից էին Աղազար դի Խաչիկը (Լազար Խրիստաֆորով)՝ 1725 թվականին՝ ռոտմիստր, 1734 թվականին՝ գեներալ-մայոր, Կուգանենցը (Կուգանով)՝ 1725 թվականին պորուչիկ, 1742 թվականին՝ գնդապետ, իսկ Իսրայել Օրուն դեռ 1703 թվականին Պետրոս I, որպես օտարերկրյա զինվորական մասնագետի, շնորհեց գնդապետի աստիճան։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո խորհրդային կառավարության 1917 թվականի դեկտեմբերի 16-ի դեկրետով վերացվեցին բոլոր հին աստիճանները և տիտղոսները։ Մինչև 1935 թվականը Ռուսաստանի կարմիր բանակում և նավատորմում հրամանատարները որոշվում էին միայն գրաված պաշտոններով, դասակի, վաշտի, գումարտակի, գնդի, դիվիզիայի, կորպուսի, բանակի հրամանատարներ և այլն։ Առաջին անգամ 1935 թվականին զինվորական կոչումներ մտցվեցին նաև խորհրդային բանակում, որոնք որոշ փոփոխություններ կրելով՝ ստացել են որոշակի դասակարգում։

Հայաստանի Հանրապետության ռազմական կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների զինվորական կոչումների ցանկը հետևյալն է՝[3] Հայաստանի Հանրապետության Զինծառայողների և զինապարտների կազմի ռազմական կոչումները.

Հայաստանի Հանրապետության ներկայիս բանակի՝ 1991-2020թթ․ Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի՝ 1918-1921թթ․
Զինվորներ Զինվորներ
Շարքային Շարքային
Եֆրեյտոր Եֆրեյտոր
Սերժանտներ ․․․․․․
Կրտսեր սերժանտ ․․․․․․
Սերժանտ ․․․․․․
Ավագ սերժանտ ․․․․․․
Ավագ ․․․․․․
Ենթասպաներ Ենթասպաներ
Ենթասպա Վառատար
Ավագ ենթասպա Ավագ վառատար
Կրտսեր սպաներ Կրտսեր սպաներ
Կրտսեր լեյտենանտ Փոխտեղակալ
Լեյտենանտ Տեղակալ
Ավագ լեյտենանտ Փոխգլխապետ
Կապիտան Գլխապետ
Ավագ սպաներ Ավագ սպաներ
Մայոր ․․․․․․․
Փոխգնդապետ Փոխգնդապետ
Գնդապետ Գնդապետ
Գեներալներ Զօրավարներ
Գեներալ-մայոր Դեր-Զօրավար
Գեներալ-լեյտենանտ Փոխ–Զօրավար
Գեներալ-գնդապետ Զօրավար
Բանակի գեներալ Ավագ Զօրավար

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս՝

1. Քիմիական, երկաթուղային, ավտոմոբիլային և ճանապարհային, տեղագրական ծառայության, նյութական և նյութատեխնիկական ապահովման ու ֆինանսական ծառայությունների սպայական կազմի համար բարձրագույն զինվորական կոչումը գնդապետն է:

2. Ռազմանասնաբուժական ծառայության սպայական կազմին շնորհվում են բժշկական ծառայության զինվորական կոչումներ:

3. Ավիացիայի ինժեներական կազմին, որն ունի ինժեներաավիացիոն պատրաստություն, շնորհվում են ավիացիայի սպայական կազմի համար սահմանված զինվորական կոչումներ:

4. Պահեստազորի սպայական կազմի անձանց զինվորական կոչմանն ավելացվում է «պահեստազորի» բառը (պահեստազորի կապիտան, բժշկական ծառայության պահեստազորի կապիտան և այլն), իսկ սպայական կազմի պաշտոնաթող անձանց զինվորական կոչումներին ավելացվում է «պաշտոնաթող» բառը (պաշտոնաթող մայոր, բուժծառայության պաշտոնաթող մայոր և այլն):[4]

ԽՍՀՄ զինված ուժերի զինծառայողների ռազմական կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ զինված ուժերի զինծառայողներին և զինապարտների կազմին շնորհվում էին հետևյալ ռազմական կոչումները։[5]

ԽՍՀՄ զինված ուժերի զինծառայողների զինվորական կոչումները

Խորհրդային բանակի Ռազմածովային նավատորմի
Զինվորներ Նավաստիներ և զինվորներ
Շարքային Նավաստի, շարքային
Եֆրեյտոր Ավագ նավաստի, եֆրեյտոր
Սերժանտներ Ավագներ և սերժանտներ
Կրտսեր սերժանտ 2-րդ կարգի ավագ, կրտսեր սերժանտ
Սերժանտ 1-ին կարգի ավագ, սերժանտ
Ավագ սերժանտ Գլխավոր ավագ, ավագ սերժանտ
Ավագ Նավի գլխավոր ավագ, ավագ
Ենթասպաներ և միչմաններ
Ենթասպա Միչման
Կրտսեր սպաներ
Կրտսեր լեյտենանտ Կրտսեր լեյտենանտ
Լեյտենանտ Լեյտենանտ
Ավագ լեյտենանտ Ավագ լեյտենանտ
Կապիտան Նավապետ-լեյտենանտ, կապիտան
Ավագ սպաներ
Մայոր 3-րդ կարգի նավապետ, մայոր
Փոխգնդապետ 2-րդ կարգի նավապետ, փոխգնդապետ
Գնդապետ 1-ին կարգի նավապետ, գնդապետ
Գեներալներ, ծովակալներ և մարշալներ
Գեներալ-մայոր, ավիացիայի գեներալ-մայոր Դեր-ծովակալ, գեներալ-մայոր
Գեներալ-լեյտենանտ, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Փոխծովակալ, գեներալ-լեյտենանտ
Գեներալ-գնդապետ, ավիացիայի գեներալ-գնդապետ Ծովակալ, գեներալ-գնդապետ
Զորատեսակի մարշալ, ավիացիայի մարշալ, բանակի գեներալ Նավատորմի ծովակալ
Զորատեսակի գլխավոր մարշալ, ավիացիայի գլխավոր մարշալ
Խորհրդային Միության մարշալ Խորհրդային Միության նավատորմի ծովակալ
Խորհրդային Միության գեներալիսիմուս

Տարբեր զորատեսակների և գեներալների կոչումներին ավելացվում է համապատասխան անվանում (օրինակ՝ տանկային զորքերի գեներալ-մայոր, հրետանու գեներալ-գնդապետ և այլն)։ Տեխնիկական կրթություն ունեցող սպաներին և գեներալներին տրվում են հետևյալ զինվորական կոչումներ՝ տեխնիկական ծառայության լեյտենանտ, տեխնիկ-ավագ-լեյտենանտ, ինժեներ-կապիտան, ինժեներ-գեներալ-մայոր և այլն։ Վարշավյան պայմանագրի մասնակից սոցիալիստական երկրների բանակների զինվորական կոչումները հիմնականում նման են ԽՍՀՄ-ի զինված ուժերի զինվորական կոչումներին, բայց ունեն որոշ յուրօրինակություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Նոր բառգիրք հայկազեան լեզուի, Հայր Գաբրիէլ Աւետիքեան, Հայր Խաչատուր Սիւրմէլեան, Հայր Մկրտիչ Աւգերեան - %D5%A3%D5%B6%D5%A4%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF|Հայր»։ www.nayiri.com։ Վերցված է 2015-12-02 
  2. Բառգիրք հայերէն լեզուի։ Անդրանիկ Վրդ. Կռանեան, Պէյրութ, 1998։ Էջ 244։
  3. ՀՀ Օրենքը՝ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ։ ԻՐՏԵԿ։ [1]
  4. ՀՀ ԶՈՒ Ներքին ծառայության կանոնագրքի 4-րդ հավելված։ Փոփ. 01.06.2006թ․ ՀՕ-127-Ն օրենք
  5. Հայկական Սովետական Հանրագիտարան։ Հատոր 5։ Էջ 595։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
  2. Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
  3. Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
  4. Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
  5. Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։