Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական, ֆուտբոլի ազգային հավաքական, որը ներկայացնում է Հայաստանըֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Խորհրդային Միության անկումից հետո հավաքականը իր առաջին միջազգային խաղն անցկացրել է Մոլդովայի դեմ՝ 1992 թվականի հոկտեմբերի 12-ին։
Հայաստանի անկախացումից հետո՝ 1992 թվականի հունվարի 18-ին, հիմնադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը նույն թվականին կապ է հաստատել ՖԻՖԱ-ի, իսկ 1993 թվականին՝ ՈՒԵՖԱ-ի հետ[3]: Հայաստանի ազգային հավաքականի պատմությունն սկսվում է 1992 թվականի հոկտեմբերի 14-ին, երբ Հայաստանը խաղում է Մոլդովայի հավաքականի դեմ։ Հանդիպման ընթացքում ոչ մի գոլ չի արձնագրվում, և խաղն ավարտվում է ոչ-ոքի։ 1996 թվականին Հայաստանի հավաքականը դառնում է Եվրոպայի և աշխարհի առաջնությունների որակավորման փուլերի մասնակից[4]: 1994 թվականից սկսած Հայաստանը մասնակցել է ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի ու ՖԻՖԱ Աշխարհի առաջնության բոլոր որակավորման փուլերին[5]:
Հայաստանի ազգային հավաքականի առաջին գլխավոր մարզիչն է եղել Խորհրդային Հայաստանի ֆուտբոլի աստղ Էդուարդ Մարգարովը: ՈՒԵՖԱ-ի հոբելյանական մրցանակի դափնեկիր և նախկին ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը նույնպես եղել է Հայաստանի հավաքականի մարզիչ։ Սկզբնական շրջանում հավաքականի մարզիչներից շատերն այդ պաշտոնում մնում էին երկու տարուց ոչ ավելի։ 2006 թվականին Հայաստանի հավաքականի մարզիչ է դառնում շոտլանդացի Իան Պորտերֆիլդը, ում շնորհիվ թիմը հասնում է իր առաջին հաջողություններին։ Հայաստանի հավաքականն անցկացնում է հաղթական խաղեր Ղազախստանի (2:1) և Լեհաստանի (1:0) հավաքականների դեմ, իսկ Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղը, որին մասնակցում էր նաև Կրիշտիանու Ռոնալդուն, ավարտվոմ է 1:1 հաշվով։
Սակայն 62-ամյա Պորտերֆիլդը մահանում է քաղցկեղից՝ կիսատ թողնելով գործը։ Պորտերֆիլդից հետո հավաքականի մարզչի պաշտոնակատար է դառնում նրա օգնականը՝ Վարդան Մինասյանը, ով շատ բան էր սովորել Պորտերֆիլդից ու Սամվել Դարբինյանից[6]: 2009 թվականի փետրվարի 10-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով Վարդան Մինասյանը նշանակվում է հավաքականի մարզիչ[7][8][9]: ՈՒԵՖԱ Եվրո 2012 (ընտրական փուլ) ընտրական փուլի ընթացքում Մինասյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը B խմբում հանդիպում է Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի ու Անդորրայի հավաքականների դեմ։ Հայաստանի հավաքականը երկու հանդիպումներում էլ հաղթում է Սլովակիայի (4:0 և 3:1) ու Անդորրայի (4:0 և 3:0) հավաքականներին։ Մակեդոնիայի հավաքականի հետ խաղերն ավարտվում են 2:2 և 4:1, իսկ Ռուսաստանի հետ հանդիպումը՝ 0:0 հաշվով։ B խմբում ամենաշատ գոլերը խփել էր Հայաստանի հավաքականը (22 գոլ), իսկ Հենրիխ Մխիթարյանը փխել էր 6 գոլ՝ դառնալով B խմբի՝ ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը[10][11]:
«Հրազդան» մարզադաշտը կառուցվել է Գալուստ Գյուլբենկյանի ֆինանսական աջակցությամբ 1970-1971 թվականներին՝ 11 ամսվա ընթացքում: Գտնվում է Հրազդան գետի ափին, որի անունով էլ կոչվել է: Բազման արարողությունը տեղի է ունեցել 1971 թվականի մայիսի 19-ին[12]: Խորհրդային տարիներին եղել է ԽՍՀՄ ամենամեծ մարզադաշտերից մեկը և քիչ թվով երկհարկանի մարզադաշտերից մեկը: 1978 թվականին ԽՍՀՄ հավաքականն այս մարզադաշտում անցկացրել է երկու խաղ. դրանցից մեկն ապրիլին անցկացված ընկերական խաղն է Ֆինլանդիայի հավաքականի դեմ (10:2 հօգուտ ԽՍՀՄ), իսկ կես տարի անց Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում ԽՍՀՄ հավաքականը խաղացել է Հունաստանի դեմ (2:0 հօգուտ ԽՍՀՄ հավաքականի): Ֆինլանդիայի հավաքականի դեմ խաղին ներկա է եղել 12 000, իսկ Հունաստանի հավաքականի դեմ խաղին՝ 40 հազար հանդիսական: