Արդյունաբերությունը Խորհրդային Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Usine abandonnee.jpg
Էջմիածնի գործարանի երկաթյա ցուցանակը

Արդյունաբերությունը Խորհրդային Հայաստանում, խորհրդային կարգերի հաստատումից հետո Հայաստանի տնտեսական-մշակութային դեմքը սկսեց արագորեն փոխվել։ Մեր հանրապետության աշխատողներն անցել էին մի ճանապարհ, որն սկսվում է Ձորագէսից ու Շիր-կանալից, Գյումրու տեքստիլ կոմբինատի առաջին արտադրամասերից և հասնում մինչև Մեծամորի ատոմակայանն ու Արփա-Սևան թունելը, այսօրվա արդյունաբերական առաջնակարգ ձեռնարկությունները։

Հանրապետության տնտեսության առաջատար ճյուղը դարձել էր արդյունաբերությունը, որի հետ էր կապված բնակչության մեծամասնության գործունեությունը։ Արդյունաբերական վայրերում էր համակենտրոնացած բնակչության կեսից ավելին։

1977 թվականին արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը 1913 թվականի համեմատությամբ ավելացել էր 311 անգամ։ Ներկայումս հասարակական ամբողջական արդյունքի մեջ արդյունաբերության բաժինը կազմում է 67 տոկոս։ Այժմ արդյունաբերությունը երկու տարում ավելի շատ արտադրանք է տալիս, քան ստացվել էր ամբողջ 1913 թվականի ընթացքում։

Հիմնական գործոնները[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերությունը ժողովրդական տնտեսության առաջատար ճյուղ դառնալու հիմնական գործոններից է աշխատանքային ռեսուրսների առկայությունը։ Արդյունաբերության հին օջախների նշանակալի աճման կողքին, խորհրդային իշխանության տարիներին զարգացան խոշոր արդյունաբերության նոր կենտրոններ հանրապետության բոլոր շրջաններում։ Երևանը վերածվեց բազմաճյուղ արդյունաբերության խոշորագույն կենտրոնի, որը ամբողջ Հայաստանի արդյունաբերության համար մեծ դեր է խաղում։

Արդյունաբերության համար բնորոշ է տեխնիկական բարձր մակարդակը, արդյունաբերության հիմնական պրոցեսները մեքենայացված և էլեկտրիֆիկացված էին։ Նկատի ունենալով, որ Հայաստանի հանքային ռեսուրսների կոմպլեքսում բացակայում էին արդյունաբերական նշանակություն ունեցող վառելիքային ռեսուրսները, հանրապետության ամբողջ էներգատնտեսությունը ի սկզբանե կառուցվեց ջրային էներգիայի օգտագործման վրա։

Հայաստանում էներգետիկայի հիմնական աղբյուրը մինչև 1960-ական թվականների սկզբները հիդրոէներգիան էր. վճռական դերը պատկանում էր Աևան-Հրազդան կասկադի 6 կայաններին (Լճային, Աթարբեկյանի, Գյումուշի, Արզնու, Քանաքեռի և Երևանի), որոնք օգտագործում էին Սևանա լճի ջրերի դարավոր պաշարները։ Սևան-Հրազդան կասկադը երկար ժամանակ հանդիսացել է հանրապետության տնտեսության էներգետիկական առանցքը։ Մինչև 1963 թվականը, երբ դեռ շահագործման չէր հանձնվել Երևանի ջերմաէլեկտրակենտրոնը, արտադրվող էլեկտրաէներգիայի 89 տոկոսը տալիս էին հիդրոէլեկտրակայանները։

Բնական գազի Հայկական ԽՍՀ մուտք գործելու շնորհիվ (սկզբում Ադրբեջանական ԽՍՀ-ից, ապա նաև Հյուսիսային Կովկասից և Իրանից) հանրապետության էլեկտրաէներգիայի բուռն կերպով աճող պահանջարկը բավարարելու համար կառուցվեցին ու շարք մտան Երևանի և Կիրովականի ջերմաէլեկտրակենտրոնները, Հրազդանի ՊՇէԿ-ը (Պետական շրջանային էլեկտրակայանը), այժմ արդեն էլեկտրաէներգիայի արտադրության մեջ հիդրոէլեկտրակայանների բաժինը կազմում է ընդամենը շուրջ 15 տոկոս։ Տասներորդ հնգամյակի տարիներին Հոկտեմբերյանի շրջանում կառուցված Մեծամորի ատոմային էլեկտրակայանը մեծ տեղ է գրավում հանրապետության էլեկտրաէներգիայի հաշվեկշռում։

Լոռվա հողմաղաց

Քիմիական արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրաէներգետիկան այժմ ընկած է Հայաստանի ամբողջ տնտեսության հիմքում։ Հենց նրա բազայի վրա առաջացավ, չափազանց արագ զարգացավ և Հայաստանի արդյունաբերության կառուցվածքում խիստ նշանակալի տեղ գրավեց քիմիական արդյունաբերությունը, որն անցյալում բոլորովին չկար։ Այս արդյունաբերության զարգացմանը նպաստեցին նաև Հայաստանի մաքուր կրաքարերը և պղնձի ձուլման ժամանակ արտազատվող ծծմբային գազերը։

Նախապատերազմյան տարիներին և ապա 1949 թվականից հետո ստեղծվեցին պայմաններ Երևանի, Վանաձորի և Ալավերդու քիմիական հանգույցների զարգացման համար։ 1940-1955 թվականներին քիմիական արդյունաբերության արտադրանքն իր աճի տեմպերով մետաղամշակման ճյուղերից հետո գրավում էր երկրորդ տեղը։ 1956-1960 թվականներին 1955 թվականի համեմատությամբ քիմիական արդյունաբերության ծավալն աճեց 80%-ով, իսկ ոչ էլեկտրատար քիմիայի արտադրանքը 118%-ով։ Քիմիական արդյունաբերության զարգացումը ՀԽՍՀ-ում իրականանում էր առաջանցիկ տեմպերով, լայնորեն օգտագործվում էր հումքի ու միջանկյալ արտադրանքի վերամշակման համալիր մեթոդը։ Հատկապես այն բարձր տեմպերով սկսեց զարգանալ 1940-1970 թվականներին։

Հնգամյակների տարիներին Հայաստանում կառուցվեցին քիմիական խոշոր գործարաններ՝ շատ բարդ տեխնոլոգիական պրոցեսներով։ Հայաստանի քիմիական արդյունաբերության աարծանքն է Ս. Մ. Կիրովի անվան քիմիական կոմբինատը Երևանում, որն արտադրում է կալցիումի կարբիդ, ացետիլեն, քլորոպրենային կաուչուկ, լատեքսներ, կաուստիկ սոդա և այլն։ Կիրովականի Ալ. Մյասնիկյանի անվան քիմիական կոմբինատն արտադրոււմ է քացախաթթու և նրա ածանցյալներ, կալցիումի ցիանամիդ, ազոտական պարարտանյութեր, ազոտաթթու, ցիանպլավ, մելամին, կարբամիդ և այլն։ Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատը արտադրում է ծծմբաթթու, պղնձարջասպ և սուպերֆոսֆատ։ Երևանի «Պոլիվինիլացետատ» գործարանը թողարկում է վինիլացետատ և պոլիմերացման պլաստիկներ, պոլիվինիլային սպիրտ և այլն։ Սինթետիկ կաուչուկի բազայի վրա էին աշխատում Երևանի ավտդողերի և ռետինատեխնիկական իրերի գործարանները։ էջմիածնում ստեղծվել է պլաստմասսայի գործարան։

Բնական գազի մուտքը Հայկական ԽՍՀ հնարավորություն տվեց վերանայել քիմիական արդյունաբերության որոշ արտադրությունների տեխնոլոգիան։ Այժմ, օրինակ, Կիրովի անվան քիմիական կոմբինատում արտադրությունների ացետիլենային խումբը կալցիումի կարբիդից, որի համար հումք էին ծառայում Արարատի բարձրորակ կրաքարերը՝ տրավերտինները, անցել է բնանան գազի օգտագործմանը, որով կրճատվել է նաև էլեկտրաէներգիայի ծախսը։

Հանրապետության քիմիական արդյունաբերության կառուցվածքում իրենց պատվավոր տեղն ունեն նաև քիմիական ռեակտիվների, քիմիական մանրաթելերի (ացետատային մետաքսի), արհեստական կորունդի, ապակեթելի, դեղորայքի, վիտամինների, լիզինի և մի շարք այլ արտադրություններ։ Արագ տեմպով զարգանում է կենցաղային քիմիան։ Քիմիական նյութերի տեսականին ընդլայնելու լայն հեռանկարներ էին բացում Երևանի ընդերքում եղած կերակրի աղի հարուստ պաշարները, Իջևանի շրջանում հայտնաբերված բենթոնիտային կավերը, հանրապետությունում լայնորեն տարածված պեռլիտները և այլն։ Հայաստանի արդյունաբերության հնագույն ճյուղը՝ գունավոր մետալուրգիան, որի ձեռնարկություններն ստեղծվել էին դեռևս Խորհրդային իշխանության հաստատումից շատ առաջ, ունի շատ հուսալի հումքայիւն բազա։ Հայաստանի ընդերքից արդյունահանվում և հարստացվում էին պղնձի, մոլիբդենի, բազմամետաղային հանքանյութեր։

Հանրապետության հանքավայրային մարգարիտը Քաջարանի Գանձասարն է, իր հարուստ պաշարներով։ Ողջիի հովտում, Կապուտջուղ լեռան փեշերի տակ, ստեղծվել է պղնձամոլիբդենային կոմբինատը։ Հայաստանի երկրաբանները հետախուզել և հաստատել էին, որ Գանձասարը մոլիբդենի, պղնձի և այլ մետաղների վիթխարի շտեմարան է։ Այստեղ հանքանյութի արդյունահանումը կատարվում է բաց եղանակով։ Սարի կատարին հզոր մեքենաներով հորատանցքեր էին փորվում, ապա պայթեցվում ելուստ առ ելուստ։ Այստեղ լինում էին այնպիսի պայթեցումներ, որոնց ժամանակ մանրատվում էին հազարավոր տոննաներով հանքաքար ու ապար։ Սարի վրա գործում էին հայրենական առաջնակարգ էքսկավատորներ, հարյուրավոր ավտոմեքենաներ։ Մանրատված հանքանյութը օդային ճոպանուղիներով փոխադրվում է Գանձասարի դիմացի լեռնալանջին կառուցված հարստացուցիչ ֆաբրիկան, որտեղ մշակվում է, վերածվում թանկարժեք մետաղափոշու։ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը Խորհրդային Միության հանքային արդյունաբերության ամենահզոր ձեռնարկություններից է։ Տիեզերական տարածություններն ակոսող Խորհրդային տիեզերանավերի զրահների մեջ բաժին ունի նաև մոլիբդենը։

Մեքենաշինություն և մետաղմշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական մեքենաշինության մասին թերթի շապիկի վրա
Մետաղամշակման վառ օրինակ (հասարակ կամուրջ)
Մետաղամշակման զարգացումը և կատարելագործումը նպաստել է կամրջի երկաթյա սյուների էլ ավելի պինդ լինելուն (ավելացվել են պտուտակներ և մետաղյա գլխիկներ)
Հայկական մեքենաշինության հետխորհրդային համագործակցությունները

ՀԽՍՀ մեքենաշինությունը՝ ծանր արդյունաբերության ճյուղերի (հաստոցաշինություն, սարքաշինություն, գործիքաշինություն, էլեկտրատեխ․, ավտոմոբիլային արդյունաբերություն և այլն) համալիրը, ժողտնտեսության համար թողարկում էր հիմնական արտադրական ֆոնդերի ակտիվ մասը՝ աշխատանքի գործիքներ, սպառման առարկաներ ու պաշտպանական նշանակության արտադրանք։ Մեքենաշինության զարգացման մակարդակից կախված էր հասարակական աշխատանքի արտադրողականությունը, գիտատեխնիկական առաջընթացի արագացումը, ժողովրդի նյութական ապահովվածությունը։ Սոցիալիստ, տնտեսավարման պայմաններում ՀԽՍՀ մեքենաշինության առանձին ճյուղերի և էինթաճյուղերի աճի տեմպերը սահմանվում էին պլանայնորեն՝ ժողտնտեսության առջև դրված խնդիրներին համապատասխան և ապահովում գիտատեխնիկական առաջադիմության տեմպերի արագացումը։ Նախախորհրդային Հայաստանում, թույլ զարգացած արդյունաբերության և գյուղատնտեսության պայմաններում, մեքենաշինությունը և մետաղամշակումը խիստ ետ էին մնում տնտեսության մյուս ճյուղերից, արտադրության ծավալը փոքր էր, տեսականին՝ սահմանափակ։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Երևանում գործում էին Տեր-Ավետիքովների և Գ․ Հախվերդյանների մեխանիկական գործարանները, Վ․ Միխայլովի էլեկտրամեխանիկական, ինչպես նաև օպտիկայի և մի քանի տասնյակ այլ արհեստանոցներ, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)՝ Վ․ Հեքիմյանի մեխանիկա-փականագործական արհեստանոցը, որը հետագայում վերակառուցվեց թուջաձուլական–մեխանիկական գործարանի, պղնձաձուլական-մեխանիկական, թիթեղագործական և այլ արհեստանոցներ, Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր), Դիլիջանի, Ելենովկայի (այժմ՝ Սևան), Նոր Բայագետի (այժմ՝ Գավառ) մետաղամշակման, Ալեքսանդրապոլի, Երևանի շոգեքարշային դեպոների, Ալավերդու և Ղափանի պղնձաձուլական գործարանների մեխանիկական արհեստանոցները։ 1913 թվականին Հայաստանի մեքենաշինության և մետաղամշակման արդյունաբերության արտադրանքը կազմում էր ամբողջ արդյունաբերության արտադրանքի մոտ 1%-ը։ Մեքենաշինությունը և մետաղամշակումը Հայաստանում արագ տեմպերով սկսեցին զարգանալ խորհրդային կարգերի հաստատումից հետո, որը պայմանավորված էր սոցիալիստ, ինդուստրացման քաղաքականությամբ և մեքենաների ու սարքավորումների նկատմամբ ժողտնտեսության անընդհատ աճող պահանջներով։ Գործող ձեռնարկություններն ազգայնացվեցին, մասնավոր մանր արհեստանոցներն ընդգրկվեցին արդյունաբերական կոոպերացիայի մեջ, վերականգնվեցին Երևանի և Գյումրու մեխանիկական գործարանները, սկսվեց Ֆ․ է․ Զերժինսկու անվան հաստոցաշինարարական, ավտոնորոգման, Վ․ Ի․ Լենինի անվան էլեկտրամեքենաշինարարական, Քանաքեռի էլեկտրանորոգման գործարանների շինարարությունը, կառուցվեցին մետաղամշակման բազմաթիվ ձեռնարկություններ։ Արդեն 1928 թվականին հանրապետության մեքենաշինության և մետաղամշակման արդյունաբերության արտադրանքը հասավ նախախորհրդային շրջանի ամենաբարձր՝ 1913 թվականի մակարդակին, իսկ 1929-1940 թվականներին աճի տեմպերը խիստ բարձրացան, եթե 1940 թվականին ընդհանուր արդյունաբերական արտադրանքի ծավալը 1913 թվականի համեմատությամբ աճեց 8,7 անգամ, ապա այդ նույն ժամանակաշրջանում մեքենաշինության և մետաղամշակման արտադրանքն աճեց 15 անգամ։ Արմատապես փոխվեցին մետաղամշակման արդյունաբերության տեխնիկական բազան, արտադրության ծավալը և կառուցվածքը։ 1940 թվականին մետաղահատ հաստոցների թիվն աճեց մոտ 80 անգամ, իսկ մետաղամշակման արդյունաբերությունը 1928 թվականի համեմատությամբ աճեց 38,8 անգամ։ 1940 թվականին մետաղամշակման արդյունաբերության արտադրանքի մոտ 2/3-ը տալիս էին հիմնականում նորոգման գործարաններն ու արհեստանոցները։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ՀԽՍՀ մեքենաշինությունը և մետաղամշակումը սկսեց հիմնականում արտադրել ռազմական արտադրանք, ստեղծվեցին Երևանի մոտորանորոգման, մետաղյա լայն սպառման ապրանքների գործարանները, հիմնադրվեց Երևանի կաբելի գործարանը, ստեղծվեցին մեքենաշինության նոր ճյուղեր՝ հաստոցաշինություն, սարքաշինություն, էլեկտրտմեքենաշինություն, ընդհանուր մեքենաշինություն։ 1941-1945 թվականներին մեքենաշինության և մետաղամշակման արտադրանքն աճեց 1,7 անգամ։ Հետպատերազմյան շրջանում մեքենաշինության համակողմանի զարգացումն ուղեկցվեց որակական խոր տեղաշարժերով, ներճյուղային կառուցվածքի և տա– րածքային տեղաբաշխման առաջադիմական փոփոխություններով, մասնագիտացման խորացմամբ։ Կառուցվեցին և շահագործման հանձնվեցին նոր ձեռնարկություններ (Երևանի Վ․ Ի․ Լենինի անվան «Հայէլեկտրո», էլեկտրաճշգրիտ սարքերի, Կիրովականի «Ավտոգենմաշ», Գյումրու հղկող հաստոցների, Չարենցավանի գործիքաշինարարական գոծարանները և այլն), ստեղծվեցին և բուռն զարգացան մեքենաշինության նոր ճյուղեր՝ էլեկտրոնային, ռադիոէլեկտրոնային, ճշգրիտ և գերճշգրիտ հաստոցաշինական արդյունաբերությունները։ Մեքենաշինության առաջանցիկ զարգացման շնորհիվ կարճ ժամանակամիջոցում զգալիորեն աճեց նաև մեքենաշինության արտադրանքի տեսակարար կշիռը։ 1970-1985 թվականներին ՀԽՍՀ մեքենաշինության զարգացմանը բնորոշ էին մի շարք առանձնահատկություններ․ առաջանցիկ տեմպերով զարգանում էին մեքենաշինության ավելի աշխատատար, միաժամանակ քիչ նյութատար և էներգատար ճյուղերն ու էինթաճյուղերը, բարձրանում էր արտադրողական ուժերի տեղաբաշխման համաչափությունը (արդյունաբերական համալիրներ ու հանգույցներ էին ստեղծվել Աբովյանում, Հրազդանում, Չարենցավանում, Սևանում, Գավառում և այլուր), անընդմեջ աճում է մեքենաշինության գիտական ապահովվածությունը (ստեղծվել էին Մաթեմատիկական մեքենաների, Միկրոէլեկտրոնիկայի, էլեկտրական մեքենաների ԳՀԻ-ները, Կոմպլեքսային էլեկտրասարքավորումների համամիութենական գիտահետազոտական և նախագծային կոնստրուկտորական համալսարանըը, Մետաղահատ հաստոցների փորձարարական ԴՀԻ-ի անդրկովկասյան մասնաճյուղը և այլն)։ Զարգացման այս առանձնահատկությունների շնորհիվ ՀԽՍՀ մեքենաշինության մեջ տեղի էին ունեցել արմատական և որակական փոփոխություններ։ ՀԽՍՀ մեքենաշինության և մետաղամշակման համար կադրեր էին պատրաստում Երևանի Կ․ Մարքսի անվան պոլիտեխնիկական համալսարանը, էլեկտրամեխանիկական, մեքենաշինարարական, էլեկտրոնային հաշվողական մաթեմատիկակաան մեքենաների, ռադիոէլեկտրոնիկայի, Դիլիջանի ռադիոտեխնիկական, Վանաձորի սարքաշինարարական և այլ տեխնիկումներ։

Սարքաշինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքենաշինության այս ճյուղը թողարկում էր չափման, ինֆորմացիայի վերլուծման, մշակման ու հաղորդման միջոցներ, կարգավորող հարմարանքներ, կառավարման ավտոմատ և ավտոմատացված համակարգեր։ Արտադրանքի քանակով ու բազմազանությամբ ԽՍՀՄ սարքաշինության մեջ առաջատար տեղ էր գրավում չափման տեխնիկայի միջոցների թողարկումը, որն ընդգրկում էր էլեկտրական (հոսանքի լարվածության, հաճախականության, հզորության), ջերմաէներգետիկական (ջերմաստիճանի, ճնշման, ծախսի), մեխանիկական (ուժի, զանգվածի, կարծրության, ամրության) չափման միջոցների արտադրությունը։ Ուրույն տեղ ունի նաև ժամացույցի արդյունաբերությունը։ ԽՍՀՄ-ում խոշոր և արագ զարգացող ենթաճյուղ էր վերլուծական սարքաշինությունը, որը ստեղծում էր տարբեր միջավայրերում և պայմաններում նյութերի կազմի, բաղադրության, հագեցվածության որոշման սարքեր։ ԽՍՀՄ սարքաշինության մեջ զգալի տեղ էր գրավում նաև ինֆորմացիայի, ազդանշանների և կառավարման իմպուլսների հաղորդման միջոցների, ինչպես նաև ժողտնտեսության մեջ օգտագործվող բազմատեսակ սարքերի և առարկաների արտադրությունը։ ԽՍՀՄ սարքաշինությունը թողարկվող արտադրանքի ծավալով ԽՍՀՄ-ում գրավում է 5-րդ տեղը։ ԽՍՀՄ սարքաշինության արդյունաբերության առաջնեկը Երևանի ժամացույցի գործարանն էր, որը սկսել էր արտադրանք թողարկել 1943 թվականին։ ժամացույցների արտադրության զարգացմանը (1957 թվականին շարք մտավ գեղարվեստական ժամացույցների գործարանը, 1968 թվականին՝ Թալինի շրջանում Մաստարա և 1971 թվականին՝ Անիի շրջանում Սառնաղբյուր (1979 թվականից Վարդենիսում) գյուղերի մասնաճյուղերը, որոնք 1976 թվականից ընդգրկված էին «Սևանի», այժմ՝ «Սապֆիր», արտադրական միավորման մեջ) զուգահեռ ԽՍՀՄ-ում արագ տեմպերով ստեղծվեցին ու ընդլայնվեցին սարքաշինության այլ ձեռնարկություններ՝ Երևանի ճշգրիտ էլեկտրասարքերի, Լենինականի անալիտիկ սարքերի փորձարարական, Կիրովականի «Ավտոմատիկա», Արզնու ճշգրիտ տեխնիկական քարերի, Սևանի էլեկտրագործադիր մեխանիզմների, Կամոյի սարքաշինական, Երևանի ձեռքի գեղ․ ժամացույցների և այլ գործարաններ։ 1950-ական թվականներից սկսած ԽՍՀՄ սարքաշինության զարգացմանը մեծապես նպաստեցին քիմիական, գունավոր մետալուրգիայի և էլեկտրատեխնիկական արդյունաբերության բուռն աճը։

Հայաստանի հանքարդյունաբերության «հսկաները»[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի հանքարդյունաբերության հսկաներից էին Ղափանի պղնձահանքային, Ալավերդու լեռնամետալուրգիական, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները։ Վերջին տարիներին շարք մտավ Զոդի ոսկու կոմբինատը և Արարատի ոսկու կորզման գործարանը։

Գունավոր մետաղների արտադրությամբ մեր հանրապետությունը զգալի տեսակարար կշիռ ունի Խորհրդային Միության մասշտաբով։ Պղնձի արտադրությամբ Հայաստանը Խորհրդային Միության մեջ գրավում է երրորղ տեղը՝ ՌԽՖՍՀ-ից և Ղազախստանից հետո։ Հանքային արդյունաբերության ընդլայնումը հնարավորություն է տալիս Հայաստանում զարգացնել մեքենաշինության և արդյունաբերության այլ ճյուղեր։

Պղնձի ձուլումը ներկայումս կենտրոնացված է Ալավերդիում, որը պղնձի կոնցենտրատի հիմնական մասը ստանում է Զանգեզուրից՝ Ղափանից, Քաջարանից ու Ագարակից։ Կոնցենտրատի մի մասն էլ ստացվում է Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկայից, որը վերամշակում է ինչպես տեղի, այնպես էլ Շամլուղի հանքերից արդյունահանվող հանքանյութը։ Եթե նախկինում Հայաստանում հիմնականում սև պղինձ էր ստացվում, ապա ներկայումս պղնձաձուլության վերակառուցման շնորհիվ արդեն գերակշռում է վերջնական արտադրանքի՝ մաքուր էլեկտրոլիզային և վայերբարսային պղնձի թողարկումը։ Զանգեզուրի հանքերի օգտագործման հետևանքով հարց է ծագում Ղափանում կառուցել մեծ հզորության երկրորդ պղնձաձուլական գործարանը։

Հայաստանը այժմ դարձել է Խորհրդային Միության մոիբդեն արդյունահանող կարևոր շրջաններից մեկը։ Մոլիբդենի կոնցենտրատը հետագա վերամշակման համար ուղարկվում է Խորհրդային Միության այլ շրջաններում գտնվող գործարանները։

Ետպատերազմյան տարիներին հիմնադրվեց նաև մետաղական ալյումինի արտադրությունը, որով նշանակալիորեն ընդարձակվեց Հայաստանի գունավոր մետալուրգիայի կառուցվածքը։ Ալյումինի առկայությունը հնարավորություն տվեց ստեղծել շինարարական դետալների, ալյումինի լարերի, ամանեղենի, փայլաթիթեղի և այլ կիսաֆաբրիկատների արտադրություն։ Մետաղական ալյումինի արտադրության համար անհրաժեշտ արզնահողը ներմուծվում է Ուրալից։

Հայաստանի գունավոր մետալուրգի կարևոր արտադրանքներից էին նաև ցինկի ու կապարի կոնցենտրատները, կորզվող ազնիվ (ոսկի, արծաթ) և հազվագյուտ ու ցրված (սելեն, թելուր, ռենիում և այլն) մետաղները։

Հանրապետաթյան արդյունաբերության առաջատար ճյուղերից է մեքենաշինությունը, որի գլխավոր էինթաճյուղերն էին՝ էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը, սարքաշինությունը, հաստոցաշինությունը և ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունը։ Հայաստանն այժմ էլեկտրատեխնիկական արդյունաբերության արտադրանքի արտադրության ծավալով Խորհրդային Միության մեջ գրավում է երրորդ տեղը, սարքաշինությամբ՝ չորրորդ, և հաստոցաշինությամբ՝ հինգերորդ տեղը։

Հայաստանի էլեկտրատեխնիկական արդյունաբերության արտադրանքի գլխավոր տեսակներից էին շարժական էլեկտրակայանները, ուժային տրանսֆորմատորները, գեներատորները, էլեկտրաշարժիչները, էլեկտրազոդման սարքավորումը, պղնձի ու ալյումինի կաբելային իրերը, լուսատեխնիկական իրերը, տարբեր տեսակի էլեկտրալամպերը։

Հաստոցաշինությունը արտադրում է ինչպես մետաղահատ հաստոցներ (խառատային, շաղափող, ֆրեզերային, ներտաշ և հղկող), այնպես էլ քարհատ և քարհղկող հաստոցներ։ Հաստոցաշինության առավել արագ զարգացող էինթաճյուղերից է փոքր ծավալի բարձր ճշգրտության հաստոցների արտադրությունը, որոնց պահանջարկը հատկապես մեծ է սարքաշինության մեջ։

Ինչ վերաբերում է սարքաշինությանն ու ռադիոէլեկտրոնային արդյունաբերությանը, ապա այդ ճյուղերը արտադրում էին էլեկտրաչափիչ բազմապիսի սարքեր, տեխնոլոգիական պրոցեսները վերահսկելու և կարգավորելու տարբեր բնույթի մեքենաներ ու հարդարանքներ, արտադրական օգտագործման ռադիոիրեր, արտադրական և կենցաղային ժամացույցներ, մաթեմատիկական էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ և արտադրանքի բազմաթիվ այլ տեսակներ։

Վերոհիշյալ չորս ճյուղերից բացի, Հայաստանում ներկայացված էին նաև մեքենաշինության մի շարք այլ էինթաճյուղեր, որոնք արտադրում էին կոմպրեսորներ, հիդրոպոմպեր, դարբնոցամամլիչ մեքենաներ, ավտոբեռնիչներ ու ավտոֆուրգոններ, հեծանիվներ, ավտոպահեստամասեր, քիմիական ու սննդի արդյունաբերության համար սարքավորում, կոնդիցիոներներ ու արդյունաբերական օդափոխիչներ և այլն։ Հայաստանի մեքենաշինության արտադրանքի 95 տոկոսից ավելին ուղարկվում է Խորհրդային Միության մյուս հանրապետությունները և ավելի քան քառասուն արտսահմանյան երկրներ։

Էլեկտրոնային արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԽՍՀ մեքենաշինության համեմատաբար նոր և արագ զարգացող ճյուղ է․ արտադրում է էլեկտրոնային (էլեկտրա վակուումային, կիսահաղորդչային և պիեզոքվարցային), քվանտային, կրիոգենային և օպտոէլեկտրոնային սարքեր, ռեզիստորներ, կոնդենսատորներ, ինչպես նաև տեխնոլոգ, սարքավորումներ, ապարատներ և այլն։ Որպես մեքենաշինության ինքնուրույն ճյուղ կազմավորվել է 1961 թվականից՝ առանձնանալով ռադիոարդյունաբերությունից։ ճյուղն ունի բարձր մասնագիտացում (նրա ձեռնարկություններում կենտրոնացված էր էլեկտրոնային տեխնիկայի արտադրության գրեթե 100%-ը)։ էլեկտրոնային արդյունաբերությանը բնորոշ էին արտադրության սերիական, զանգվածային և հատային տիպերի առկայությունը՝ պայմանավորված ըստ նշանակության, պատրաստման եղանակի, չափերի, հզորության և պարամետրերի։ Օրինակ, կիսահաղորդչային սարքերում դետալների և հանգույցների թիվը հասնում է 15-25, ընդունող ուժեղացնող լամպերում՝ մոտավորապես 50–60, հզոր գեներատորային լամպերում՝ 200-400 միավորի, իսկ հատուկ կայանքներում և սարքավորումներում՝ մինչև մի քանի հազարի։ ճյուղում առանձնահատուկ նշանակություն ունի տեխնոլոգիական պրոցեսների մաքրությունը և էլեկտրոնային տեխնիկայի արտադրատեսակների պարամետրերի ճշգրտությունը։ Ձեռնարկությունների բարձր մասնագիտացման, ներճյուղային ու միջճյուղային լայն կոոպերացման շնորհիվ ՀխՍՀ-ում ստեղծվել են բոլոր պայմանները մեքենաշինության այս առաջատար ճյուղի հետագա զարգացման և ընդլայնման համար։ էլեկտրոնիկայում Ժամանակակից ուղղությունների ու ճյուղերի զարգացումն արմատապես փոխել է էլեկտրասարքերի թողարկման տեէսնոլոգիաները։ ճյուղը բնորոշվում է արտադրության ծավալի աճի բարձր տեմպերով, կիսահաղորդիչների, թողարկվող սարքավորումների տեսականու ընդլայնմամբ։ Վերջին տարիներին արտադրության ծավալն աճել է մի քանի անգամ, ճյուղի գրեթե բոլոր ձեռնարկություններում բարձրացել է աշխատանքի արտադրողականությունը։ ՀԽՍՀ էլեկտրոնային արդյունաբերության ձեռնարկություններում առաջանցիկ տեմպերով իրականացվում է աշխատանքային պրոցեսների մեքենայացում ու ավտոմատացում, դրանցում ներդրվում էին առաջադեմ տեխնոլոգիաներ, բարձր արտադրողականություն ունեցող ժամանակակից մեքենայական համակարգեր, կիրառվում՝ գիտության և տեխնիկայի հայրենական և համաշխարհային նվաճումները։ Հանրապետությունում գործում է միկրոէլեկտրոնիկայի ԳՀի։

Ռադիոարդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիոարդյունաբերության սպիտակ լոգոն
Ռադիոարդյունաբերության կապույտ լոգոն
Ռադիոարդյունաբերության հիմնական լոգոն
Ռադիոարդյունաբերության բաց կապույտ լոգոն
Ռադիոարդյունաբերության կապույտ շտրիխավորված լոգոն

ՀԽՍՀ արդյունաբերության կարևորագույն ճյուղերից է։ Դրա զարգացմանը նպաստել են հանրապետությունում բարձրորակ ինժեներատեխնիկական աշխատողների առկայությունը, ճյուղի ցածր նյութատարությունը, աշխատատարությունը ևն։ ՀԽՍՀ-ում ռադիոա րդյ ունաբ երությունը արագ տեմպերով սկսեց զարգանալ 1950-ական թվականների վերջերից, երբ Երևանում, Հրազդանում, Դիլի ջանում, Ապարանում և այլուր կառուցվեցին ու շահագործման հանձնվեցին ճյուղի մի շարք ձեռնարկություններ (Երևանի «էլեկտրոն», Հրազդանի «Մեքենաշինարար», Ապարանի ռադիոտեխնիկական իրերի և այլ գործարաններ)։ Այս ձեռնարկությունում արտադրված ռադիոապարատներն ու սարքերը լայնորեն կիրառվում են ժողտնտեսության տարբեր բնագավառներում։ ճյուղի ձեռնարկություններում առանձնահատուկ նշանակություն է տրվում գիտափորձարարական, լաբորատոր հետազոտություններին։ ՀԽՍՀ ռադիոարդյունաբերության մեջ կարևոր տեղ ունի էլեկտրոնային հաշվողական մեքենաների արտադրությունը, որով ՀԽՍՀԽՍՀՄ-ում գրավումմ էր առաջատար տեղ։ Արտադրության այս ճյուղը հանրապետությունում զարգացել է 1956 թվականին հիմնադրված Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ի բազայի վրա։ Այստեղ մշակված և 1959 թվականին Երևանում ստեղծված մաթեմատիկական հաշվողական մեքենաների «էլեկտրոն» գործարանում 1961 թվականից սկսեցին թողարկվել «Հրազդան» մակնիշի ԷՀՄ-ները։ 1964 թվականին ստեղծվեցին և նույն գործարանում թողարկվեցին «Նաիրի-1», 1967 թվականին՝ «Նաիրի-2» կիսահաղորդչային տարրերի, 1970-ին՝ «Նաիրի–3» հիբրիդային միկրոսխեմաների, 1977 թվականին ինտեգրալ սխեմաների վրա հիմնված ԷՀՄ-ները։ Երևանի մաթեմատիկական մեքենաների ԴՀԻ-ում ստեղծված «ԵՄ-1030» և «ԵՍ-1045» ԷՀՄ-ները ԽՍՀՄ-ի երկրներում ընդունված միասնական սերիայի մեքենաներից են։ 1974 թվականին «էլեկտրոն» գործարանի բազայի վրա կազմավորվեց «էլեկտրոն» հայկական արտադրական միավորումը, որը մասնաճյուղեր ունի էջմիածնում, Երևանում և Ղափանում։ ճյուղի ձեռնարկությունների արագ զարգացման շնորհիվ ՀԽՍՀ մեքենաշինարարական արտադրանքի ընդհանուր ծավալում շարունակում է աճել ռադիոարդյունաբերության տեսակարար կշիռը։

Ավտոմոբիլային արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵրԱզ ավտոմեքենայի հավաքածուի խաղալիք մոդել

Ճյուղը թողարկում է ավտոմեքենաներ, ավտոբեռնիչներ, պահեստամասեր և այլն։ Սկզբնավորվել է 1939 թվականին, երբ Երևանում կազմակերպվեց ավտոնորոգման գործարան, որը 1944 թվականին վերակառուցվեց ավտոպահեստամասերի, 1977 թվականին՝ ավտոագրեգատների գործարանի։ 1961 թվականին շարք մտավ Երևանի ավտոբեռնիչների գործարանը, որտեղ 1966 թվականից սկսվեց 4022 տիպի համապիտանի ավտոբեռնիչների արտադրությունը։ 1965 թվականին Երևանում կազմակերպվեց փոքրալիտրաժ ավտոմեքենաների գործարան (ԵրԱԶ), որն արդեն 1966 թվականին թողարկեց «ԵրԱԶ-762» տիպի ֆուրգոն-ավտոմոբիլի առաջին փորձնական նմուշները։ ԽՍՀՄ մի շարք ձեռնարկությունների համագործակցությամբ գործարանում ստեղծվեցին նոր՝ «ԵրԱԶ-763», «ԵրԱԶ-37304» և այլ կատարելագործված կոնստրուկցիաներ։ ճյուղի արտադրական պրոցեսների զգալի մասը մեքենայացված էր։ Հաշվի առնելով ՀԽՍՀ մեքենաշինության փորձն ու հնարավորությունները 1980-ական թվականների սկզբից Չարենցավանում, ծավալվել է ավտոբեռնիչների հզոր, մասնագիտացված գործարանների շինարարությունը։ 1983 թվականին կազմակերպվեց «Հայավտո» արտադրողական միավորումը, որը ներառում էր Չարենցավանի ավտոբեռնիչների (գլխամասային ձեռնարկություն), Երևանի հիդրոապարատուրայի, ավտոագրեգատների, ավտոբեռնիչների գործարանները։ 1986 թվականին միավորումը թողարկել է մոտ 1000 հանգույց։

Հայկական արդյունաբերությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրառատի էլեկտրակայանը

Հայաստանը հարուստ է բազմազան բնական շինանյութերով։ Քարաշատ Հայաստանը տալիս է զարմանահրաշ շինաքարեր։ Պատկերավոր ասած, այդ քարերից անգամ մետաքս էին հյուսում։ Ոչ միայն Խորհրդային Միությունում, այլև ամբողջ աշխարհում հռչակ էին վայելում հայկական տուֆը, բազալտը, գրանիտը, մարմարը և այլ շինաքարեր, որոնց պաշարներն անսպառ էին։ Հայկական շինաքարերով կարելի է Նյու-Յորքի, Լոնդոնի, Փարիզի կամ Տոկիոյի մեծության տասնյակ հազարավոր քաղաքներ կառուցել։ Հայաստանը հարուստ է նաև թեթև լցանյութերի՝ պեմզայի, հրաբխային խարամի, պեռլիտի հսկայական պաշարներով։ Բազմազան հանքերի առկայությունը նպաստել է շինանյութերի խոշոր արդյունաբերության զարգացմանը։ Հայաստանում ստեղծվել է նաև ցեմենտե, երկաթբետոնյա կոնստրուկցիաների ու դետալների, ապակու արտադրություն։ Տուֆի արդյունահանման ժամանակ գոյացող թափոններն օգտագործվում էին արհեստական որմնաբլոկների արտադրության համար։ Նշանակալից զարգացում էին ստացել նաև թեթև և սննդի արդյունաբերությունները։ Տեքստիլ արդյունաբերությունը ներկայացված է իր երեք ճյուղերով՝ բամբակեղենի, բրդեղենի և մետաքսեղենի:

Բամբակեղենի արդյունաբերության սկիզբը դրվեց Իվանո-Վոզնեսենսկի տեքստիլագործների նախաձեռնությամբ, որոնք Խորհրդային կարգեր հաստատվելուց անմիջապես հետո Հայաստանին նվիրեցին տասը հազար հյուսվածքային իլիկ։ Դրա բազայի վրա էլ Լենինականամ կառուցվեց ոչ մեծ ուսումնա-արտադրական արհեստանոց, որն այնուհետև աստիճանաբար աճեց խոշոր տեքստիլ կոմբինատի, որն արտադրում է բամբակյա գործվածքներ։ Զգալի զարգացում ստացավ նաև մետաքսեղենի արդյունաբերությունը։ Բոժոժի և որակով շերամի սերմի բերքատվությամբ Հայաստանը հաշվվում է Խորհրդային Միության առաջավոր մետաքսագործական շրջաններից մեկը։ Խոշորագույն ձեռնարկություն է Երևանի Վ. Ի. Լենինի անվան մետաքսի կոմբինատը։

Վերջին շրջանում ստեղծվել էին տրիկոտաժի մի շարք խոշոր ձեռնարկություններ Երևանում, Վանաձորում, Գորիսում, Սովետաշենում և այլուր։ Հայաստանի բոլոր շրջաններում զարգանում է ավանդական գորգագործությունը։ Գորգագործության խոշոր ֆաբրիկա է կառուցվել Իջևանում։ Հանրապետության թեթև արդյունաբերությունը թողարկում է նաև գուլպաներ, պատրաստի հագուստեղեն, արդուզարդի առարկաներ, կոշիկներ և այլն։ Հայաստանում լայն զարգացում է ստացել սննդի արդյունաբերությունը, նրա տեսակները անցնում էին հարյուրից։ Հայաստանի պահածոները՝ մուրաբաները, ջեմերը, կոմպոտները, հյութերը և այլն, գինիներն ու կոնյակները հայտնի էին հանրապետության սահմաններից շատ հեռու։ Հայաստանում արտադրվող մրգերի ու բանջարեղենը պահածոների իննսուն տոկոսը և գինիների ու կոնյակների յոթանասուն տոկոսը արտահանվում է հանրապետության սահմաններից դուրս։ Բացի պահածոների և գինու-կոնյակի արտադրությունից, որոնք հանդիսանում էին սննդի արդյունաբերության գլխավոր ճյուղերը, Հայաստանում ստեղծվել էին բազմաթիվ նոր արտադրություններ՝ ծխախոտի ֆերմենտացիոն, ալրաղացային, մակարոնի, հրուշակեղենի, ձիթագործական, օճառագործական, յուղի, պանրի, մսեղենի, շաքարի և այլն։ Համամիութենական համբավ էին վայելում Հայաստանում արտադրվող շվեյցարական և ռոկֆոր պանիրները, ինչպես նաև հանքային ջրերը։

Արաբկիրի հիդրոէլեկտրակայանը

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կ.Մ. Ավետիսյան, Ա.Ա. Ավետիսյան, Հայրենագիտական էտյուդներ։ «Խորհրդային գրող» հրատարակչություն, Երևան, 1979

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png