Կավճի ժամանակաշրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կավճի ժամանակաշրջան (Սիստեմ), մեզոզոյան դարաշրջանի երրորդ (վերջին) ժամանակաշրջանը։ Անունն ստացել է Եվրոպայում այդ հասակի նստվածքներում տարածված սպիտակ, սովորական գրելու կավճից։ Տևողությունը մոտ 70 միլիոն տարի է (սկիզբը՝ 135—137 մլն, վերջը՝ 65—67 միլիոն տարի առաջ)։ Որպես ինքնուրույն երկրաբանական ժամանակաշրջան առանձնացվել է 1822-ին, Փարիզի ավազանում, որտեղ և մշակվել է նրա շերտագրական ստորաբաժանման սխեման (տես աղյուսակը)։

Բաժիններ Հարկեր
Վերին (ուշ) կավիճ K2

Դանիական
Մաաստրիխտի
Կամպանի
Սանտոնի
Կոնյակի
Տուրոնի
Սենոմանի

Ստորին (վաղ) կավիճ K1

Ալբի
Ապտի
Բարեմի
Հոտերիվի
Վալանժինի
Բերիասի

Կավճի հասակի ապարները տարածված են բոլոր մայրցամաքներում, հորատանցքերով հայտնաբերված են նաև օվկիանոսների հատակում։ Յուրայի վերջում ուժգին արտահայտված տեկտոնական շարժումների պատճառով կատարվել է ծովերի նահանջ (ռեգրեսիա)։ Դրա հետևանքով էլ վաղ կավճում մայրցամաքների զգալի մասը ցամաք է եղել (ծովային ռեժիմ գոյություն է ունեցել Ալպ-Հիմալայան և Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալային գոտիներում)։ Ուշ կավճում կատարվել է Երկրի պատմության մեջ ամենախոշոր տրանսգրեսիաներից մեկը։ Ցամաքները կրկին ծածկվել են ծովերով, ուր կուտակվել են մեծ հզորության կարբոնատային և կավա-ալերոլիտային նստվածքներ։ Կավճի ժամանակաշրջանի վերջում (Դանիական հարկ) կրկին կատարվել են ծալքավոր ու վերընթաց տեկտոնական շարժումներ, ծովերի գլոբալ մասշտաբի նահանջ, լեռնակազմություն՝ հատկապես Խաղաղօվկիանոսյան և Ալպ-Հիմալայան գեոսինկլինալներում։ Տեկտոնական շարժումներն ուղեկցվել են ուժգին հրաբխականությամբ (Արևելա-ասիական հրաբխային գոտի, Հնդկաստան, Աֆրիկա)։ Ցամաքներում, բուսական աշխարհում տիրապետող են եղել ձարխոտերն ու մերկասերմերի որոշ խմբեր։ Ուշ կավճում գերակշռել են ծաղկավոր բույսերը։ Կավճի ժամանակաշրջանի ծածկասերմ բույսերից շատերը (մագնոլիա, դափնի, սոսի, կաղնի) աչքի ընկնող տեղ են գրավում նաև ժամանակակից բուսական ծածկոցում։ Ցամաքային ողնաշարավոր ֆաունայի կազմում հանդես են գալիս խոտակեր և գիշատիչ սողուններն ու թռչող մողեսները։ Ծովերում լայնորեն տարածվել են ամոնիտներն ու բելեմնիտները։ Ծովային ողնաշարավորներից բնորոշ են եղել ոսկրային ձկները, խոշոր երկկենցաղները, մողեսները։ Կավճի ժամանակաշրջանի վերջում օրգանական աշխարհում արմատական փոփոխություններ են կատարվել։ Մահացել են մեզոզոյան դարաշրջանին բնորոշ ամոնիտները, բելեմնիտները, ինոցերամները։ Կենդանական աշխարհի կազմում նման փոփոխությունները կարևոր փաստարկ են մեզոզոյան և կայնոզոյան դարաշրջանների սահմանները որոշելիս։ Կավճի հասակի նստվածքները պարունակում են ածխի (Սիբիրական պլատֆորմ, Անդրբայկալ, Հյուսիսային Ամերիկա), նավթի ու գազի (Արևմտյան Սիբիր, Նախակովկաս, Միջին Ասիա, ԱՄՆ, Մեքսիկա) խոշոր հանքավայրեր, աղեր, բոքսիտներ։ Արևելյան Ասիայում, Կորդիլիերներում կավճի հասակի ինտրուզիաների հետ կապված են ոսկու, արծաթի, անագի, կապարի և այլ մետաղների օգտակար հանածոներ։ Հայաստանում վաղ կավճի նստվածքներ քիչ են տարածված (Իջևանի շրջան, Զանգեզուր), իսկ ուշ կավճի գոյացումները ծածկում են հանրապետության տարածքի զգալի մասը։ Վերին կավճի տրանսգրեսիան Հայաստանում և ընդհանրապես ամբողջ Կովկասում եղել է ամենախոշորը բոլոր տրանսգրեսիաներից։ Համեմատաբար հանգիստ տեկտոնական ռեժիմը նպաստել է ցամաքներում (կղզիներ, թերակղզիներ) հարթ ռելիեֆի ստեղծմանը, որն իր հերթին պայմանավորել է ծովերում կարբոնատային նստվածքների գերակշռմանը։ Հյուսիսային Հայաստանում ուշ կավճի հրաբխանստվածքային գոյացումների հետ գենետիկորեն կապված են ագատի և բենթոնիտային կավերի հանքավայրեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 281