Դափնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Դափնի (այլ կիրառումներ)
Դափնի

Սարդենի,սարսենիկ, կապա,Դափնի (Laurus), դափնազգիների ընտանիքի մշտադալար ծառերի կամ թփերի ցեղ։ Տերևները հերթադիր են, կաշեկերպ, ամբողջաեզր։ Ծաղիկները հավաքված են հովանոցաձև ծաղկաբույլում։ Պտուղը միասերմ է, ձվաձև, միջին մեծության, կապույտ կամ սև։ Հայտնի է 2 տեսակ (Միջերկրական ծովի շրջաններում)։ Ազնիվ դափնին (Լ․ nobilis) ոչ բարձր ծառ է (բարձրությունը՝ 2- 20 մ), ճյուղերը հարթ են, տերևները նշտարաձև, փայլուն։ ԽՍՀՄ-ում աճում է Արևմտյան Անդրկովկասի լեռնանտառային գոտում, հատկապես Վրաստանում։ Տերևներն օգտագործվում են հրուշակեղենի և պահածոների արդյունաբերության և խոհարարության մեջ։ Պտուղներից ստանում են եթերային յուղ, որը որոշ երկրներում օգտագործվում է բժշկության, անասնաբուժության մեջ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղեցիկ տեսքի ու հաճելի հոտի համար դեռևս նախնադարյան ժամանակներում ժողովուրդը դափնին համարել է սրբազան։ Կարլ Լինեյը դափնուն տվել է «ազնիվ դափնի» անունը։ Հույներն ու հռոմեացիները այդ ծառն ընտրել են որպես իրենց հաղթանակի ու փառքի խորհրդանշան։

Դափնու ճյուղերը պատկերվում են շատ երկրների պետական փաստաթղթերի, պատվոգրերի վրա։

Դափնին մերձարևադարձային ցրտադիմացկուն բույս է։ Այն դիմանում է 8-10°C ցրտերին, 13-14°C-ում ցրտահարվում են տերևները։ Դափնին աճում է որպես ծառ և որպես թուփ։ Թփի բարձրությունը հասնում է 2-5 մետրի, իսկ ծառինը՝ 8-10 մետրի։

Պտուղները ուտելու համար պիտանի չեն, բայց պարունակում են եթերայուղ և ճարպ։ Տերևների բերքահավաքը կատարվում է նոյեմբերի կեսերից մինչև փետրվար ամիսը։ Չորացած տերևները դառնում են բաց կանաչավուն և կազմում են թարմ կանաչ տերևների քաշի 25-30%-ը։ Այն փաթեթավորում են քաթանե հակերի մեջ և թեթև մամլում երկար դիմանալու համար։ Հակերն ունենում են 15 կամ 50 կգ քաշ։ Որպեսզի ծառի կանաչ զանգվածն ավելի լավ աճի և ունենա փարթամ տերևներ, բերքահավաքը կատարում են երկու տարին մեկ անգամ։ Դրա համար դափնու տնկարկները բաժանում են 2 մասի, առաջին տարին բերքահավաքը կատարում են մեկ այգուց, հաջորդ տարին՝ մյուս այգուց, այն հաշվով, որ ամեն տարի բերքահավաք կատարվի։

Տերևների առաջին բերքահավաքը կատարվում է բույսի տնկելուց 3-4 տարի անց։ Դափնու ծառը երկարակյաց է, ապրում և պտղաբերում է 250-300 տարի, իսկ տերևների բերքահավաքը կատարվում է 50-60 տարի։

Դափնու տերևները պարունակում են մեծ քանակությամբ եթերայուղ, որից դրանք ունեն յուրահատուկ համ և հաճելի հոտ։ Չորացած տերևը պարունակում է 0,72-3,5% եթերայուղ։

Դափնի կարելի է աճեցնել նաև բնակարանային պայմաններում։ Այն հեշտությամբ բազմանում է սերմերով, բայց հնարավոր է բազմացնել նաև կտրոններով։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դափնու եթերայուղը օգտագործվում է հրուշակեղենի , կոնֆետների, օղու ու լիկյորների արտադրության մեջ։ Դափնու պտղի ճարպայուղից ստանում են յուրահատուկ հոտով օճառ։ Դափնու յուղի հոտը վանում է միջատներին և հատկապես ճանճերին։ Տնտեսության մեջ լայն կիրառում ունի դափնու բնափայտը։ Դափնու փայտանյութը շատ բարձր է գնահատվում ճախարակագործության, ինչպես նաև գեղարվեստական մանր իրերի պատրաստման գործում։ Այն օգտագործում են նաև տակառագործության մեջ։ Բերքահավաքի ժամանակ կտրված ճյուղերի վրայից տերևները հավաքելուց հետո մնացած ճյուղերից պատրաստում են շարահարկ դարակներ, գեղեցիկ ու դիմացկուն զամբյուղներ։

Մշտադալար, փարթամ սաղարթի, առատ ու հոտավետ ծաղիկների համար դափնու ծառը համարվում է բացառիկ դեկորատիվ բույս, որը օգտագործվում է քաղաքների, նավահանգիստների, կայարանների կանաչապատման համար։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դափնին հայտնի է հնագույն ժամանակներից, նրա հայրնենիքն են Միջերկրական ծովի ավազանի երկրները՝ Սիրիան, Փոքր Ասիան, Լիբիան, Իտալիան։

Մեր ժամանակներում դափնու արդյունաբերական մշակմամբ զբաղվում են Հարավային Եվրոպայի երկրներում, Սիրիայում, Թուրքիայում, Ալժիրում, ինչպես նաև ԱՄՆ-ում։

Աշխարհում տարեկան արտադրվում է շուրջ 60 հազար տոննա դափնու չորացրած տերև։ Համաշխարհային շուկայում դափնու տերևի հիմնական մատակարարողներ են Հունաստանը, Իտալիան, Թուրքիան, Լիբիան, Սիրիան և Հարավսլավիան[1]։

Դափնեպսակը փառքի, հաղթանակի և մեծության խորհրդանիշ են։ Ազորյան (Լ․ azorica) կամ Կանարյան դափնին աճում է Մադեյրա, Կանարյան, Ազորյան կղզիներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կ․ Մ․ Հարությունյան, Բուսական աշխարհի արժեքավոր տեսակները, 1984
Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «դափնի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 320 CC-BY-SA-icon-80x15.png