Սուրբ Սոֆիայի տաճար (Ստամբուլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Սոֆիայի տաճար
Ayasofya (թուրքերեն)
Αγία Σοφία (հունարեն)
Sancta Sophia (լատիներեն)

Քարտեզ
Քարտեզ
Տեսակտեսարժան վայր, մզկիթ և թանգարան
ՃարտարապետԻսիդոր Միլետացի և Անթեմիուսը Թրալեսից[1][2]
Ստեղծումփետրվարի 23, 532[3]
Բացում1054
Երկիր Թուրքիա[4]
ՔաղաքՍուլթանահմեդ
ԲնակավայրՖաթիհ և Ստամբուլ
Շինության ձև
  • Բյուզանդական քրիստոնեական տաճար (537-1204)
  • Հռոմեական կաթոլիկ տաճար (1204-1261)
  • Հունական ուղղափառ տաճար (1261-1453)
  • Օսմանյան մզկիթ (1453-1931)
  • Թանգարան (1935-2020)
  • Մզկիթ (2020-)
ՈճԲյուզանդական ճարտարապետություն[5] և Բազիլիկ[5]
ՊատվիրատուՀուստինիանոս Ա
Մասն էՍտամբուլի պատմական շրջաններ
Ներկա վիճակՎերականգնվել է 2007—2009 թ.թ.
կայք
 Hagia Sophia Վիքիպահեստում

Սուրբ Սոֆիայի տաճար (հունարեն՝ Αγία Σοφία, արտասանություն: [aˈʝia soˈfia], «Սուրբ իմաստություն»; լատին․՝ Sancta Sophia կամ Sancta Sapientia; թուրքերեն՝ Ayasofya Camii), նախկինում հունական ուղղափառ քրիստոնեական տաճար, ավելի ուշ օսմանյան մզկիթ, մինչև 2020 թվականը՝ թանգարան (Այասոֆիա թանգարան), իսկ 2020 թվականի հուլիսի 10-ից մզկիթ Ստամբուլում, Թուրքիա։ Տաճարը կառուցվել է մ.թ 537 թվականին և հայտնի է հատկապես իր յուրօրինակ գմբեթով։ Այս տաճարը աշխարհի ամենամեծ կառույցներից է եղել և համարվում է ճարտարապետության գլուխգործոց։ Այն միևնույն ժամանակ համարվում է բյուզանդական ճարտարապետության մարմնավորում[6]. կարծիք կա, թե այն «փոխել է ճարտարապետության պատմությունը»[7]։

Սուրբ Սոֆիայի ճարտարապետական յուրահատկությունը այն է, որ պատրաստված է փոքրիկ կերամիկական կտորների և ավազի համակցությամբ, մի եղանակ, որը համարժեք է ժամանակակից բետոնին[8]։

Իր ստեղծման օրվանից՝ 537 թվական, մինչև 1453 թվականը այն եղել է Արևելյան ուղղափառ տաճար և հանդիսացել է Կ. Պոլսի տիեզերական պատրիարքի նստավայրը[9]։ Միայն 1204-1261 թվականների ընթացքում տաճարը խաչակիրների կողմից (Խաչակրաց 4-րդ արշավանքի ժամանակ) վերածվել է կաթոլիկ տաճարի, որը գտնվում էր Լատինական կայսրության տիրապետության տակ։ 1453 թվականի մայիսի 29-ին Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվել է օսմանյան մզկիթի. այս կարգավիճակում այն մնացել է մինչև 1931 թվականը։ Այնուհետև այն աշխարհիկացվել է և 1935 թվականի փետրվարի 1-ին դարձել բաց թանգարան[10]։ Շուրջ հազար տարի Սուրբ Սոֆիայի տաճարը համարվել է աշխարհի ամենամեծ տաճարը մինչև 1520 թվականին կառուցվել է Սևիլյայի տաճարը։

Ներկայիս շինությունը կառուցվել է 532-537 թվականներին որպես եկեղեցի բյուզանդական կայսր Հուստինիանոս I-ի հրամանով և եղել է Սուրբ իմաստության երրորդ եկեղեցին։ Տաճարը գտնվել է այն վայրում, որտեղ գտնվող նախորդ եկեղեցին ոչնչացվել էր Նիկայի ապստամբության ժամանակ։ Տաճարը կառուցվել է հույն ճարտարապետներ Իսիդոր Միլեթացու և Անթեմիուս Թրալացու կողմից[11]։ Եկեղեցին նվիրված է եղել Աստծո իմաստությանը, աստվածային խոսքին (Լոգոս, Հիսուս Քրիստոսի անուններից, հունարենից թարգմանաբար՝ բառ, խոսք)՝ Սուրբ երրորդության մեջ երկրորդ անձին[12]։ Վերջինիս հովանավոր տոնը տեղի է ունենում դեկտեմբերի 25-ին՝ ի նշան Քրիստոսի մեջ աստվածային խոսքի մարմնավորման ծնունդի հիշատակության[12]։ Չնայած տաճարը երբեմն կոչում են Sancta Sophia (իբրև թե այն կոչվել է ի պատիվ նահատակ Սոֆյայի), սակայն իրականում sophia բառը հունարեն իմաստություն բառի լատիներեն հնչյունական տառադարձումն է։ Հունարեն ամբողջական անվանումն է Ναός της Αγίας του Θεού Σοφίας, Naos tēs Hagias tou Theou Sophias, որը նշանակում է «Աստծո սուրբ իմաստության տաճար»[13][14]։ Եկեղեցում եղել են մեծաքանակ մասունքներ, այդ թվում 15 մ բարձրությամբ արծաթե իկոնոստաս։

1453 թվականին Մեհմեդ Նվաճողը գրավել է Կ. Պոլիսը և այն միացրել Օսմանյան կայսրությանը։ Նա հրամայել է Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել մզկիթի։ Չնայած քաղաքի շատ մասեր կարճ ժամանակում վնասվել և ավերվել են, տաճարը պահպանելու համար անընդհատ գումար է հատկացվել։ Տաճարն իր յուրօրինակ տեսքով շատ ուժեղ տպավորություն է թողել օսմանյան ղեկավարների վրա, ուստի նրանք որոշել են այն մզկիթի վերածել[15][16]: Զանգերը, զոհասեղանը, իկոնոստասը և շատ այլ մասունքներ ոչնչացվել են, Հիսուսին, Մարիամին, քրիստոնյա սրբերին և հրեշտակներին պատկերող խճանկարները նույն ճակատագրին են արժանացել, ապա սվաղով ծածկվել են։ Իսլամական կրոնին հատուկ տարրեր են ավելացվել տաճարին՝ միհրաբ (որմնախորշ, որը ցույց է տալիս Մեքքայի ուղղությունը), մինբար (ամբիոն, որի վրայից իմամը քարոզ է կարդում) և 4 մինարեթ։ Մինչև 1931 թվականը Սուրբ Սոֆիայի տաճարը եղել է մզկիթ, դրանից հետո այն փակ է մնացել 4 տարի։ Տաճարը վերաբացվել է 1935 թվականին որպես թանգարան արդեն ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունում։ 2019 թվականի տվյալներով Սուրբ Սոֆիայի տաճարը Թուրքիայում ամենաշատ այցելված թանգարանն է՝ տարեկան 3,7 միլիոն այցելու[17]։ Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության 2015[18] և 2019[19] թվականներին ներկայացրած տվյալների համաձայն Սուրբ Սոֆիայի տաճարը Թուրքիայի ամենաշատ այցելված զբոսաշրջության վայրն է։

Մինչև Սուլթան Ահմեդ մզկիթի կառուցումը 1616 թվականին Սուրբ Սոֆիայի տաճարը, որն այդ ժամանակ մզկիթ էր, եղել է Ստամբուլի գլխավոր և հիմնական մզկիթը։ Սուրբ Սոֆիայի տաճարի բյուզանդական ճարտարապետությունն օսմանյան մի շարք մզկիթների համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել՝ Շեհզադե մզկիթ, Սուլեյմանիե մզկիթ, Ռյուսթեմ փաշա մզկիթ և Քըլըչ Ալի փաշա մզկիթային համալիր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստանդիոս II-ի եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս Սուրբ Սոֆիայի տարածքում կառուցված առաջին եկեղեցին հայտնի է Μεγάλη Ἐκκλησία (Megálē Ekklēsíā, «Մեծ եկեղեցի») անունով կամ լատիներեն Magna Ecclesia[20][21]. եկեղեցին այսպես է կոչվել իր չափերի պատճառով, քանի որ շատ ավելի մեծ է եղել այդ ժամանակ քաղաքում եղած մյուս եկեղեցիներից[12]։ Եկեղեցու բացման արարողությունը կատարել է արիոսական եպիսկոպոս Եվդոկսիոս Անտիոքցին 360 թվականի փետրվարի 15-ին[22]. եկեղեցին կառուցվել էր այն վայրի մոտակայքում, որտեղ կայսերական պալատն էր կառուցվում։ Մոտակայքում գտնվող Սուրբ խաղաղություն եկեղեցու կառուցման աշխատանքներն ավելի շուտ են ավարտվել, և այն սկսել է գործել մինչև Մեծ եկեղեցու շինարարության ավարտը։ Այս երկու եկեղեցիները հանդիսացել են Բյուզանդական կայսրության գլխավոր եկեղեցիները։

Սոկրատես Սքոլաստիկոսը 440 թվականին գրել է, որ եկեղեցու կառուցման աշխատանքները սկսել են շուրջ 346 թվականին, և այն կառուցվել է Կոստանդիոս II-ի հրամանով[22]։ 7-8-րդ դարի ավանդության համաձայն շինությունը կառուցվել է Կոստանդիանոս Ա Մեծ-ի կողմից[22]։ Յոհաննես Զոնարասը համատեղում է երկու տեսակետները՝ գրելով, որ Կոստանդիոս II-ը իրականում վերակառուցել է փլուզված շինությունը, որը օծված էր Եվսեբիուս Նիկոմեդիացու կողմից[22]։ Եվսեբիուսը Կ. Պոլսի եպիսկոպոս է եղել 339-341 թվականներին, իսկ Կոստանդիանոսը մահացել է 337 թվականին, ուստի առավել հավանական է, որ հենց վերջինիս կողմից էլ կառուցվել է առաջին եկեղեցին[22]։ Շինությունը կառուցվել է իբրև ավանդական լատինական սյունաշարերով բազիլիկ՝ սրահներով և փայտե տանիքով։ Այս եկեղեցին համարվել է ժամանակի ամենաակնառու հուշարձաններից մեկը։

Կ. Պոլսի պատրիարք Հովհան Ոսկեբերանը խնդիրներ է ունեցել կայսր Արկադիոսի կնոջ՝ Էլիա Եվդոկացու հետ և 404 թվականի հունիսի 20-ին աքսորվել է։ Դրան հաջորդած ապստամբությունների ալիքի ընթացքում առաջին եկեղեցին հիմնականում այրվել է[22]։ Այսօր այդ եկեղեցուց ոչինչ չի մնացել։

Թեոդոսիոս II-ի եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ եկեղեցին կառուցվել է Թեոդոսիոս II-ի հրամանով, որի բացումը տեղի է ունեցել 415 թվականի հոկտեմբերի 10-ին։ Ճարտարապետ Ռուֆինուսն է կառուցել փայտե տանիքով բազիլիկը։ Նիկայի ապստամբության իրարանցման ժամանակ հրդեհ է բռնկվել, որի արդյունքում 532 թվականի հունվարի 13-14-ին երկրորդ եկեղեցին հիմնահատակ այրվել է։

Այս եկեղեցուց մինչ օրս պահպանվել են մի քանի մարմարյա հատվածներ՝ այդ թվում բարձրաքանդակներ, որոնց վրա պատկերված են 12 գառներ՝ խորհրդանշելով 12 առաքյալներին։ Նախապես դրանք եղել են գլխավոր մուտքի մաս, սակայն այժմ դրանք գտնվում են թանգարանի մուտքի մոտակայքում՝ պեղումների փոսում, այն բանից հետո, երբ 1935 թվականին Ա.Մ. Շնայդերը դրանք հայտնաբերել է արևմտյան գավիթի տակ։ Փորման հետագա աշխատանքները դադարեցվել են, քանի որ շինության ամբողջականությունը վնասելու վտանգ է եղել։

Սուրբ Սոֆիայի բազիլիկ տաճար[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Սոֆիայի տաճար
Մանասեսի ժամանակագրություն ձեռագրում եկեղեցու կառուցման պատկերը (14-րդ դար)

532 թվականի փետրվարի 23-ին՝ երկրորդ բազիլիկի կործանումից մի քանի շաբաթ անց, կայսր Հուստինիանոս I-ը որոշում է կառուցել նոր տաճար, որը իր շքեղությամբ և չափերով կգերազանցի նախորդներին։

Հուստինիանոսը տաճարի կառուցման համար որպես ճարտարապետներ է ընտրում ինժեներ Իսիդոր Միլեթացուն և մաթեմատիկոս Անթեմիուս Թրալլացուն, սակայն վերջինս կառուցման աշխատանքների առաջին տարում մահացել է։ Կառուցման աշխատանքները նկարագրված են բյուզանդացի պատմաբան Պրոկոպիուսի «Կառուցումների մասին» աշխատությունում (Peri ktismatōn, Latin: De aedificiis): Սյուները և մարմարե տարբեր առարկաներ բերվել են կայսրության տարբեր մասերից։ Այն տեսակետը, թե այս սյուները իրականում ավար են՝ բերված տարբեր քաղաքներից, օրինակ՝ Հռոմ, Եփեսոս, ավելի ուշ է ձևավորվել[23]։ Չնայած որ սյուները հատուկ տաճարի համար էին ստեղծվել, իրենց չափերով տարբերվում էին[24]։ Շուրջ հազար մարդ մասնակցել է կառուցման աշխատանքներին։ Այս նոր եկեղեցին միևնույն ժամանակ համարվել է ճարտարապետության խոշոր աշխատանք։ Կայսրը պատրիարք Մինասի հետ միասին 537 թվականի դեկտեմբերի 27-ին՝ կառուցման սկզբից 5 տարի և 10 ամիս հետո, իրականացնում է տաճարի բացման վեհաշուք արարողությունը[25][26][27]։ Սակայն տաճարի ներսում գտնվող խճանկարները ավարտին են հասցվել Հուստինոս II-ի (565–578 թվականներ) կառավարման շրջանում։

Այա Սոֆիան Կ. Պոլսի ուղղափառ պատրիարքի նստավայրն էր, ինչպես նաև բյուզանդական կայսերական արարողությունների, ինչպես օրինակ թագադրությունները, գլխավոր կենտրոնը։ Ինչպես քրիստոնեական աշխարհի այլ եկեղեցիները, այնպես էլ այս տաճարը հետապնդման մեջ գտնվող օրենքից դուրս հայտարարվածների համար ապաստարան էր հանդիսանում։

553 թվականի օգոստոսի և 557 թվականի դեկտեմբերի 14-ի երկրաշարժերի պատճառով գլխավոր և արևելյան գմբեթների վրա ճաքեր են առաջացել։ Արդեն 558 թվականի մայիսի 7-ին[28] տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ գլխավոր գմբեթը լրիվ փլուզվել է՝ ոչնչացնելով զոհասեղանը և տաճարի շատ այլ մասեր։ Փլուզման պատճառը խիստ ծանրաբեռնվածությունն ու գմբեթի ահռելի շեղման ուժն էր[25]։ Արդյունքում կամարակալները դեֆորմացիայի էին ենթարկվել՝ չկարողանալով պահել գմբեթի ծանրությունը[25]։ Կայսեր հրամանով տաճարը անմիջապես վերանորոգվել է։ Կայսրը այս կարևոր աշխատանքը վստահում է Իսիդոր Կրտսերին, ով Իսիդոր Միլեթացու եղբորորդին էր։ Իսիդոր Կրտսերը օգտագործում է ավելի թեթև նյութեր և բարձրացնում է գմբեթը 30 ֆիթով (9 մետր)[25]՝ շինությանը տալով ներկայիս բարձրությունը՝ 55.6 մետր[29]։ Ավելին՝ Իսիդորը փոխել է գմբեթի տեսակը՝ կառուցելով կամարակներով շերտավոր գմբեթ, որի տրամագիծը 32.7-33.5 մետրի էր հասնում[25]։ Հուստինիանոսի հրամանով շուրջ 560 թվականին նավով Կ. Պոլիս են տեղափոխվել կորինթիական 8 օրդերներ են Բաալբեկից, Լիբանանից[30]։ Այս վերակառուցումը, որն ավարտվել է 562 թվականին, եկեղեցուն տվել է 6-րդ դարի իր տեսքը։ Բյուզանդացի պոետ Պողոս Սուլենթարիան Էքֆրասիս վերնագրով ծավալուն էպիկական բանաստեղծություն է նվիրել բազիլիկ տաճարի վերափոխմանը։

726 թվականին կայսր Լեո Իսավրիացին մի շարք հրամանագրեր է արձակում պատկերների պաշտամունքի դեմ՝ հրամայելով իր բանակին ոչնչացնել բոլոր սրբապատկերները։ Այսպիսով սկսվում է բյուզանդական պատկերամարտության շրջանը։ Այս շրջանում կրոնական բոլոր պատկերներն ու արձանները Սուրբ Սոֆիայի տաճարից հանվել են։ Կայսրուհի Իռենի (797–802 թվականներ) կառավարման կարճ շրջանում սրբապատկերները նորից տարածում գտան։ Կայսր Թեֆիլիուսը եկեղեցու հարավային մուտքին դնում է երկդարպաս բրոնզե դռներ միացագրերով։

Միջանիվի կամարները

859 թվականի մեծ հրդեհի արդյունքում բազիլիկ տաճարը մեծ վնաս է կրել, այնուհետև 869 թվականի հունվարի 8-ին տեղի ունեցած երկրաշարժը հանգեցրել է կիսագմբեթներից մեկի փլուզմանը։ Կայսր Բարսեղ I-ի հրամանով եկեղեցին վերակառուցվել է։

989 թվականի հոկտեմբերի 25-ի մեծ երկրաշարժից հետո, որի արդյունքում փլուզվել է արևմտյան գմբեթի կամարը, կասյր Բարսեղ II-ը խնդրել է հայ ճարտարապետ Տրդատին, ով Անիի և Արգինայի տաճարների հիմնադիրն է, ղեկավարել վերանորոգման աշխատանքները[31]։ Նա կրկին կառուցել և ամրացրել է ընկած գմբեթը, նաև վերակառուցել է արևմտյան գմբեթը[32]։ Հասցված վնասն այնքան մեծ էր, որ պահանջվեց 6 տարի վերանորոգման և վերակառուցման համար. եկեղեցին վերաբացվել է 994 թվականի մայիսի 13-ին։ Վերակառուցման ավարտից հետո եկեղեցու զարդարանքները թարմացվել էին, ավելացվել էին մի շարք նոր զարդարանքներ՝ հրեշտակների 4 հսկայական պատկերներ, գմբեթի վրա Քրիստոսի պատկերը, աբսիդի վրա կույս Մարիամի պատկերը Հիսուսը իր գրկում և առաքյալներ Պետրոսի և Պողոսի միջև[33]։

«Արարողությունների մասին» (De caerimoniis aulae Byzantinae) իր աշխատության մեջ կայսր Կոստանդին Ծիրանածինը (913–919 թվականներ) մանրամասն ներկայացրել է Սուրբ Սոֆիայի տաճարում կայսեր և պատրիարքի կողմից կատարվող արարողությունները։

Բյուզանդացի պատմաբան Նիկիտա Խոնիատիսը նկարագրել է, թե խաչակրաց 4-րդ արշավանքի ժամանակ, երբ խաչակիրները գրավել են Կ. Պոլիսը, թալանվել և պղծվել են եկեղեցին։ Լատինական կայսրության կողմից Կ. Պոլսի գրավումից հետո (1204–1261 թվականներ) եկեղեցին վերածվել է կաթոլիկ տաճարի։ 1204 թվականի մայիսի 16-ին Բալդվին I-ը Սուրբ Սոֆիայի տաճարում թագադրվել է՝ հետևելով բյուզանդական պրակտիկային։ Էնրիկո Դանդոլոն՝ Վենետիկի Հանրապետության դուքսը, ում հրամանով 1204 թվականին խաչակիրները պաշարել և նվաճել են քաղաքը, թաղված է եկեղեցու ներսում, հավանաբար արևելյան սրահի վերին հատվածում։ 19-րդ դարում իտալական վերականգնողական աշխատանքներ կատարող մի խումբ մահարձան է դրել նրա թաղման հավանական վայրի մոտակայքում, որը մինչ օրս պահպանվել է։ Շատ զբոսաշրջիկներ այն շփոթում են դքսի իրական գերեզմանի հետ։ Իրական գերեզմանը 1453 թվականին օսմանցիների կողմից Կ. Պոլսի նվաճումից հետո ոչնչնացվել է, իսկ դրան հաջորդել է տաճարի վերածումը մզկիթի[34]։

1261 թվականին բյուզանդացիների կողմից քաղաքի վերագրավումից հետո եկեղեցին խարխուլ վիճակում է եղել։ 1317 թվականին կայսր Անդրոնիկոս II-ը հրամայել է 4 նոր հենարաններ կառուցել եկեղեցու արևելյան և հյուսիսային հատվածներում։ Ֆինանսավորումը կատարվել է նրա հանգուցյալ կին Իռենի ժառանգությունից[35]։ 1344 թվականի հոկտեմբերի երկրաշարժի պատճառով գմբեթի վրա նոր ճաքեր են առաջացել, իսկ 1346 թվականի մայիսի 19-ին շինության որոշ մասեր փլուզվել են։ 1354 թվականին եկեղեցին փակվել է, որից հետո վերանորոգման աշխատանքներ են սկսվել Աստրաս և Փերալթա ճարտարապետների կողմից։

Տաճարը իբրև մզկիթ (1453–1935 թվականներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

1453 թվականի մայիսի 29-ին օսմանյան ուժերը գրավել են Կ. Պոլիսը։ Այդ ժամանակի սովորույթի համաձայն սուլթան Մեհմեդ II-ը իր զորքին և իր շրջապատին թույլ է տալիս 3 օր շարունակ առանց որևէ խոչընդոտի թալանել և կողոպուտի ենթարկել քաղաքը։ Երեք օր անց այն, ինչ մնում է քաղաքից, պատկանում է սուլթանին[36][37]։ Սուրբ Սոֆիայի տաճարը ևս զերծ չի մնում թալանից և կողոպուտից, քանի որ նվաճողները համարում էին, որ այն մեծ գանձերի և թանկարժեք առարկաների պահեստ է[38]։ Այն բանից հետո, երբ Կ. Պոլսի պաշտպանական ուժերը պարտություն են կրում և օսմանյան զորքերը հաղթանակած ներխուժում են քաղաք, կողոպտիչները շտապում են Սուրբ Սոֆիայի տաճար և նախքան ներս մտնելը տապալում են տաճարի դռները[39]։ Կ. Պոլսի պաշարման ողջ ընթացքում հավատացյալները տաճարում մասնակցել են պատարագի և աղոթքի՝ տաճարը վերածելով ապատաստարան և ապաստան նրանց համար, ովքեր ի վիճակի չէին որևէ կերպ օգնելու քաղաքի պաշտպաններին՝ այդ թվում կանայք, երեխաներ, տարեցներ և հիվանդ ու վիրավորված մարդիկ[40][41]։ Տաճարում ապաստանած մարդիկ և եկեղեցու սպասավորները պատերազմից հետո բաժանվեցին նվաճողների միջև իբրև ավար։ Շինությունը պղծվել է և թալանվել է, իսկ անօգնական մարդիկ, ովքեր ապաստան էին գտել ճամբարում, կա՛մ ստրկացվել են, կա՛մ ֆիզիկական չարչարանքների են ենթարկվել, կա՛մ էլ պարզապես մորթվել են[38]։ Մեծահասակները, երեխաները և հիվանդ կամ վիրավորված մարդիկ սպանվել են, իսկ կանայք և աղջիկները բռնաբարվել են, մյուսները (հիմնականում դեռահաս տղաները) ստրկության են վաճառվել[39]։ Եկեղեցու սպասավորները շարունակել են իրականացնել քրիստոնեական ծեսերը, աղոթքներն ու արարողությունները մինչև նվաճողները ստիպել են նրանց դադարեցնել ամեն ինչ[39]։ Երբ Մեհմեդ II-ը և իր շրջապատը մտել են տաճար, նա անմիջապես հրամայել է այն վերածել մզկիթի։ Ուլեմաներից (իսլամական գիտնականներ) մեկը բարձրացել է եկեղեցու ամբիոն և արտասանել է շահադան («Ալլահից բացի այլ աստված չկա, և Մուհամմադը նրա մարգարեն է»)՝ այսպիսով սկսելով եկեղեցու՝ մզկիթի վերածման գործընթացը[35][42]։

Ինչպես նկարագրում են Արևմուտքից եկած այցելուները (օրինակ՝ Պերո Թաֆուրը Կորդովայից[43] և Քրիստոֆորո Բոունդելմոնտին Ֆլորենցիայից) եկեղեցին կիսաավեր վիճակում է գտնվել՝ դռները ծխնիներից դուրս ընկած. Մեհմեդ II-ը հրամայել է մզկիթի վերածելու գործընթացին զուգահեռ անմիջապես սկսել եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ 1453 թվականի հունիսի 1-ին Մեհմեդը իրականացրել է առաջին ուրբաթօրյա աղոթքը (հութբա) վերանորոգված մզկիթում[44]։ Սուրբ Սոֆիայի տաճարը դարձել է Կ. Պոլսի կայսերական առաջին մզկիթը[45]։ Քաղաքում եղած տների մեծ մասը և ապագա Թոփքափը պալատի տարածքը դառնում են վաքֆի մաս[35]։ 1478 թվականից սկսած 2360 խանութներ, 1300 տներ, 4 քարվանսարաներ, բուզայի 30 խանութներ և ոչխարի գլուխ և տոտիկ վաճառող 23 խանութներ իրենց եկամուտը տալիս էին վաքֆին[46]։ 1520 թվականի և 1547 թվականի կայսերական հրովարտակների համաձայն Փակ շուկայի որոշ հատվածներ և խանութներ ևս տրվում են վաքֆին[35]։

Մինչև 1481 թվականը շինության հարավարևմտյան անկյունում կառուցվում է փոքրիկ մինարեթ[35]։ Ավելի ուշ՝ հաջորդ սուլթանի՝ Բայազեդ II-ի (1481-1512 թվականներ) կառավարման շրջանում, հյուսիսարևելյան անկյունում կառուցվում է մեկ այլ մինարեթ[35]։ Դրանցից մեկը 1509 թվականի երկրաշարժի արդյունքում փլուզվել է[35], իսկ 16-րդ դարի կեսերին երկուսն էլ փոխարինվել են նոր մինարեթներով, որոնք կառուցվել են շինության արևելյան և արևմտյան անկյուններում[35]։

Ծիսական լվացման շատրվան

16-րդ դարում սուլթան Սուլեյման Փառահեղը (1520–1566 թվականներ) Հունգարիայի նվաճումներից հետո Կ. Պոլիս իր բերել է երկու վիթխարի մոմակալներ։ Դրանք տեղադրվել են միհրաբի երկու կողմերում։ Սելիմ II-ի (1566–1574 թվականներ) կառավարման շրջանում շինությունը սկսել էր կորցնել ամրությունը, ուստի օսմանյան ճարտարապետ Միմար Սինանը, ով նաև երկրաշարժադիմացկուն շինությունների ինժեներ էր, հավելյալ նեցուկներ է ավելացնում կառույցի ամրությունը ապահովելու համար[47]։ Բացի սրանից Միմար Սինանը երկու հավելյալ մինարեթներ է կառուցել շինության արևմտյան հատվածում, ինչպես նաև 1576-1577 թվականներին կառուցել է Սելիմ II-ի թյուրբեն (դամբարանը)։ Սրանք կառուցելու համար շինության հարավային մասում գտնվող պատրիարքարանի մասերը քանդվել են[35]։ Ավելին՝ գմբեթի վրա բարձրացվել է ոսկյա կիսալուսին, իսկ շինության շուրջ հարգանքի գոտի ստեղծելու համար 24 մետր հեռավորության վրա գտնվող բոլոր տները քանդվել են[35]։ Հետագայում օսմանյան 43 շեհզադեների գերեզմաններ տեղ են գտել թյուրբեում[35]։ 1594 թվականին ճարտարապետ Դավութ աղան կառուցել է Մուրադ III-ի (1574–1595 թվականներ) թյուրբեն, որտեղ թաղված են սուլթանը, նրա վալիդե կինը՝ Սաֆիե սուլթան[35]։ Արքունական ճարտարապետ Դալգըչ Մեհմեդ աղան 1608 թվականին կառուցել է Մեհմեդ III-ի (1595–1603 թվականներ) և նրա կնոջ վեցանկյուն դամբարանը[48]։ Նրա որդի Մուսթաֆա I-ը (1617–1618 թվականներ; 1622–1623 թվականներ) մկրտարանը վերածել է թյուրբեի[48]։

Մուրադ III-ը Պերգամոնից բերել է տալիս հելլենիստական երկու հսկայական ալեբաստր սկահակ և տեղադրում է դրանք եկեղեցու միջնամասի երկու կողմերում[35]։

Միհրաբը, որը ցույց է տալիս Մեքքայի ուղղությունը, աբսիդում, որտեղ նախկինում զոհասեղանն է եղել

1717 թվականին սուլթան Ահմեդ III-ի (1703–1730 թվականներ) հրամանով եկեղեցու ներսի սվաղը թարմացվել է, որի շնորհիվ բազմաթիվ խճանկարները պահպանվել են։ Եթե այդ քայլը չկատարվեր, ապա խճանկարները վերացվելու էին մզկիթի աշխատողների կողմից[48]։ Սովորական բան էր դարձել այցելուներին իբրև խճանկարի քարեր վաճառելու երևույթը[48]։ Սուլթան 1739 թվականին Մահմուդ I-ը հրամայում է վերանորոգել շինությունը և ավելացնել մեդրեսե (ղուրանական դպրոց, որն այժմ թանգարանի գրադարանն է), իմարեթ (աղքատներին ուտելիք բաժանելու խոհանոց) և գրադարան։ 1740 թվականին կրկին սուլթանի հրամանով կառուցվում է շատրվան (կրոնական լվացման համար)։ Այս ամենի արդյունքում տաճարը վերածվում է քուլիեի՝ մզկիթային համալիրի։ Միևնույն ժամանակ ներսում կառուցվում է նոր միհրաբ։

Տրդատ ճարտարապետի միջամտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան Սուրբ Սոֆիայի տաճարի ներսից:

Հայոց պատմիչներից Ստեփանոս Ասողիկը հայտնում է, որ հույն հմուտ ճարտարապետները շատ էին հոգում վերականգնման համար, բայց այդպես էլ հստակ լուծումներ չէին կարողանում առաջարկել, և հրավեր է ուղարկվում այդ ժամանակաշրջանում մեծ համբավ վայելող Տրդատ ճարտարապետին, խնդրելով վերակառուցել Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը։ Տրդատը մեկնում է Բյուզանդիայի մայրաքաղաք և ուսումնասիրում տաճարի վիճակը[49]։ Կառուցման աշխատանքները կարգավորելու համար նա նախապես պատրաստում է եկեղեցու մոդելը, որի վրա նախ լուծում է ճարտարապետական խնդիրները։ Այնուհետև Տրդատը բարձր փայտամածներ է կանգնեցրել մինչև գմբեթը՝ այդ լուծումներն արդեն տաճարի վրա կիրառելու համար[49]։ Տեղեկություններ են պահպանվել, որ այդ փայտամածների համար արքունի գանձարանը ծախսել է 1000 ոսկի լիվեր։ Հնարավոր է, որ գմբեթից բացի Տրդատը վերականգնման այլ աշխատանքներ էլ է կատարել, քանի որ, ինչպես հայտնի է, կառույցը վերից վար ճաք էր տվել։ Տրդատը գերազանցապես կատարեց տրված հանձնարարությունը՝ ցուցադրելով իր փայլուն վարպետությունը, որի մասին վկայում են հուշարձանի ոչ միայն ներկա վիճակը, այլև Ասողիկի վկայությունն այն մասին, որ տաճարը վերականգնումից հետո ավելի վայելչագեղ տեսք ստացավ, քան առաջ էր։ Կառուցումից ի վեր իր բազմաթիվ փլուզումներից հետո Տրդատ ճարտարապետի վերակառուցածն այդպես էլ ամուր պահպանվեց մինչև մեր օրերը՝ ավելի քան 1000 տարի։ Սիմեոն Լեհացին, իր ճանապարհորդության ընթացքում տեսնելով Սուրբ Սոֆիայի տաճարը, գրում է իր ուղեգրություններում. «Մարդ պիտի հազար աչք ունենա այդ արվեստը դիտելու և սքանչանալու համար»։

1847 թվականի վերանորոգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուլթան Աբդուլ Մեջիդը հրամայել է վերանորոգել Սուրբ Սոֆիայի տաճարը։ 800 աշխատողների շնորհիվ վերանորոգման աշխատանքները կատարվել են 1847-1849 թվականների ընթացքում ճարտարապետ եղբայրներ Գասպարե և Ջուզեպպե Ֆոսատիների կողմից։ Եղբայրները ամրացրել են գմբեթն ու կամարները, ուղղել են սյուները և փոփոխել շինության էքստերիերի և ինտերիերի զարդարանքները։ Վերիին սրահի խճանկարները բացվել և մաքրվել են՝ չնայած շատերը վերականգնվել էին «հետագա վնասից պահպանելու նպատակով»։ Հին ջահերը փոխարինվել են նորերով։ Նոր հսկայական մեդալիոններ են կախվել սյուներից, որոնց վրա գեղագիր կազասկեր Մուսթաֆա Իզզեդ էֆենդին (1801–1877 թվականներ) գրել է Ալլահի, Մուհամմադի, առաջին 4 խալիֆների՝ Աբու Բաքըր, Օմար, Օսման և Ալի, և Մուհամմադի երկու թոռների՝ Հասանի և Հուսեյնի անունները։ 1850 թվականին Ֆոսատի ճարտարապետ եղբայրները կառուցել են սուլթանի նոր տունը կամ օթյակը նեոբյուզանդական ոճով։ Նրանք նաև վերանորոգել են մինբարն ու միհրաբը։ Հիմնական շինությունից դուրս մինարեթները վերանորոգվել են և փոփոխվել այնպես, որ բոլորն այժմ չափերով հավասար են[50][51]։ Կառուցվել է ժամապահի շենք և նոր մեդրեսե (իսլամական դպրոց)։ Երբ վերանորոգման աշխատանքները ավարտվել են, մզկիթը վերաբացվել է 1849 թվականի հուլիսի 13-ին։

Թանգարան (1935-2020)[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի ներսում Վերանորոգման գործընթացը

1935 թվականին Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը շինությունը վերածում է թանգարանի։ Գորգերը հանվել են տաճարից, պատմության մեջ առաջին անգամ ի հայտ են եկել մարմարե զարդարանքները, ինչպես օրինակ՝ օմֆալիոնը, միևնույն ժամանակ խճանկարները, որոնք ժամանակին ծածկված էին սվաղով, բացվել են։ Այնուամենայնիվ, կառույցի ընդհանուր վիճակը խարխուլ էր, ուստի Հուշարձանների համաշխարհային ֆոնդը Սուրբ Սոֆիայի տաճարը հայտարարել է 1996 թվականի Հուշարձանների համաշխարհային դիտարկման տակ, նույնը նաև 1998 թվականին։ Շինության պղնձե տանիքը քանդվել է, որի պատճառով ջուրը հոսել և վնասել է նուրբ որմնանկարներն ու խճանկարները։ Ստորգետնյա ջրերի մակարդակի բարձրացման պատճառով տաճարի ներսում ընդհանուր խոնավության մակարդակը բարձրացել է՝ ստեղծելով քարի և ներկի համար անբարենպաստ միջավայր։ 1997-2002 թվականների ընթացքում Հուշարձանների համաշխարհային ֆոնդը մի շարք դրամաշնորհներ է հատկացրել գմբեթի վերանորոգման համար։ Վերանորոգման աշխատանքների առաջին փուլը ենթադրում էր կառույցի տանիքի վերանորոգում և ամրապնդում։ Այս փուլին մասնակցել է նաև Թուրքիայի մշակույթի նախարարությունը։ Երկրորդ փուլը ենթադրում էր գմբեթի ինտերիերի պահպանում, որը հնարավորություն էր տալիս նկարներ վերականգնող թուրք երիտասարդներին մասնակցել և մասնագիտանալ խճանկարների պահպանման գործում։ Մինչև 2006 թվականը Հուշարձանների համաշխարհային ֆոնդի նախագիծը ավարտին է հասնում, չնայած որ տաճարի որոշ մասեր ամրապնդման, վերանորոգման անհրաժեշտություն ունեին[52]։ Սուրբ Սոֆիայի տաճարը ներկայումս (2014 թվական) Թուրքիայի ամենաշատ այցելված վայրերից երկրորդն է համարվում՝ տարեկան 3.3 միլիոն այցելու[53]։

Չնայած այն փաստին, որ արգելված է համալիրը որպես երկրպագության վայր (մզկիթ կամ եկեղեցի) օգտագործելը[54], 2006 թվականին Թուրքիայի կառավարության որոշմամբ մի փոքրիկ սենյակ է տեղակայվել թանգարանում, որն օգտագործվում է թանգարանի քրիստոնյա և մուսուլման աշխատակիցների կողմից՝ որպես աղոթքի սենյակ[55]։ 2013 թվականից սկսած թանգարանի մինարեթներից մեկից օրական երկու անգամ մուեզզինը հավատացյալներին կանչում է աղոթքի[56]։

2007 թվականին հույն-հայ քաղաքական գործիչ Քրիս Սփիրուն հիմնադրել է միջազգային մի կազմակերպություն՝ «Ազատ Սուրբ Սոֆիայի խորհուրդ», որի նպատակն էր վերականգնել տաճարի հին տեսքը՝ իբրև քրիստոնեական եկեղեցի[57][58][59]։ 2010-ական թվականների սկզբին որոշ պաշտոնյաներ, մասնավորապես Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը 2013 թվականի նոյեմբերին, պահաջել են Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից կրկին վերածել մզկիթի[60][61][62]։ 2015 թվականին Հայոց ցեղասպանության՝ Ֆրանցիսկոս պապի կողմից ճանաչումից հետո Անկարայի մուֆթի Մեֆայիլ Հըզլըն հայտարարել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարի մզկիթի վերածման գործընթացը պետք է արագացվի[63][64]։

2016 թվականի հուլիսի 1-ին 85 տարի դադարից հետո Սուրբ Սոֆիայի տաճարում առաջին անգամ մուսուլմանները աղոթել են[65]։

2017 թվականի մայիսի 13-ին Անատոլիայի երիտասարդական ասոցիացիայի գլխավորությամբ մի խումբ մարդիկ Սուրբ Սոֆիայի տաճարի առջև մասնակցել են առավոտյան աղոթքի, որով աջակցություն էին ցույց տալիս մզկիթի վերածմանը[66]։ 2017 թվականի հունիսի 21-ին Կրոնական հարցերով նախարարությունը կազմակերպել է հատուկ ծրագիր, որը իր մեջ ներառում է Ղուրանի բարձրաձայն ընթերցանություն և աղոթք Սուրբ Սոֆիայի տաճարում՝ նշելով Կադրի գիշերը (խորհրդանշական օր, որի ժամանակ Ղուրանի առաջին տողերը հայտնվել են Մուհամմադին)։ Այս ամբողջ արարողությունը հեռարձակվել է TRT-ի կողմից[67]։

Վերածումը մզկիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտի 31-ին Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարում արտասանել է Ղուրանի առաջին տողը՝ իր աղոթքը նվիրելով «նրանց, ովքեր այս աշխատանքը մեզ են թողել որպես ժառանգություն, հատկապես Ստամբուլի նվաճողին»։ Սրա նպատակն էր ամրապնդել քաղաքական այն շարժումը, որը ցանկանում էր տաճարը կրկին վերածել մզկիթի. սա, փաստորեն, Աթաթուրքի՝ մզկիթը աշխարհիկ թանգարանի վերածելու քայլի հակառակ երևույթն էր[68]։

2019 թվականի մարտ ամսին Էրդողանը հայտարարել է, որ փոխելու է Սուրբ Սոֆիայի կարգավիճակը՝ թանգարանից վերածելով մզկիթի և նշել է, որ «մեծագույն սխալ է եղել» այն թանգարան դարձնելը[69]։ Իբրև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված Համաշխարհային ժառանգության օբյեկտ՝ այս փոփոխությունը պետք է հաստատվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի կողմից[70]։

2020 թվականին մայիսի 29-ին Ստամբուլի գրավման 567-րդ տարեդարձի կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարում հատվածներ է կարդացել Ղուրանից։ Այս արարքը Հունաստանի կողմից քննադատության է արժանացել[71]։ Հունիս ամսին Թուրքիայի Կրոնական հարցերի վարչությունը հայտարարել է, որ «մենք ուրախ կլինենք բացել Սուրբ Սոֆիան երկրպագության համար» և եթե դա տեղի ունենա, ապա «մենք մեր կրոնական ծառայությունները կմատուցենք, ինչպես մյուս մզկիթներին»։

2020 թվականի հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը[72]։

Սուրբ Սոֆիայի տաճարի ժամանակացույց[խմբագրել | խմբագրել կոդը]

537 թվական՝ Կոստանդիոս II-ի ղեկավարության շրջանում տեղի է ունեցել Սուրբ Սոֆիայի տաճարի բացման արարողությունը։

404 թվական՝ տանիքը այրվել է հրդեհի ժամանակ։

  • 532 թվական՝ տաճարը ևս մեկ անգամ այրվել է։ Կառույցն ամբողջությամբ ոչնչացել է մի շարք այլ եկեղեցիների հետ միասին։ 93 օր անց տաճարի վերակառուցման աշխատանքները սկսվել են։
  • 537 թվական՝ շքեզ զարդաքանդակներով տաճարի կառուցման աշխատանքներն ավարտվել են։
  • 553 թվական՝ երկրաշարժի արդյունքում տաճարի արևելյան կամարը թուլացել է։
  • 558 թվական՝ մեկ այլ երկրաշարժ է տեղ ունեցել, որը երկու մասի է բաժանել տաճարը։ Մի քանի ամիս անց հիմնական գմբեթը փլուզվել է արևելյան կիսագմբթեի հետ միասին։
  • 562 թվական՝ վերակառուցումն ավարտվել է։
  • 726 թվական՝ Սուրբ Սոֆիայի տաճարը զրկվել է կրոնական նկարազարդումներից և քանդակագործություններից։
  • 842 թվական՝ տաճարը ի վերջո վերակազմավորվել է։ Սկսվել է Սուրբ Սոֆիայի տաճարի վերանորոգումը։
  • 859 թվական՝ մեկ այլ հրդեհ վնասել է տաճարը։
  • 869 թվական՝ երկրաշարժի պատճառով քանդվել է կիսագմբեթը։
  • 989 թվական՝ մեկ այլ հզոր երկրաշարժ դարձել է արևմտյան գմբեթի փլուզման պատճառ։
  • 994 թվական՝ վերակառուցումից հետո տաճարը վերաբացվել է։
  • 1204 թվական՝ տաճարը դարձել է կաթոլիկ տաճար։
  • 1261 թվական՝ տաճարը կրկին դարձել է ուղղափառ եկեղեցի։
  • 1344 թվական՝ երկրաշարժի պատճառով տաճարի տարածքի ամբողջ հողաշերտին վնաս է հասցվել։
  • 1346 թվական՝ շինության տարբեր հատվածներ փլուզվել են և եկեղեցին փակվել է։
  • 1354 թվական՝ վերակառուցումից հետո տաճարը վերաբացվել է։
  • 1453 թվական՝ Կ. Պոլսի գրավումից հետո Մեհմեդ Նվաճողը հրամայել է տաճարը վերածել մզկիթի։
  • 1573 թվական՝ տաճարի արտաքին մասը ամրացվել է և տեսքը մոտեցվել է ավանդական մզկիթների տեսքին։
  • 1717 թվական՝ տաճարի ներսում վերափոխման աշխատանքներ են կատարվել։
  • 1734 թվական՝ ի հավելումն վերափոխումների կառուցվել են նաև այլ շինություններ, ինչպես օրինակ՝ ղուրանական դպրոցը։
  • 1847 թվական՝ կառույցը ևս մեկ անգամ վերակառուցման է ենթարկվել։
  • 1849 թվական՝ մզկիթը վերաբացվել է։
  • 1919 թվական՝ 1453 թվականին քաղաքի գրավման ժամանակ դադարեցված եկեղեցական ծառայությունը շարունակվել և ավարտին է հասցվել մի հույն զինվորական քահանայի կողմից[73]։
  • 1935 թվական՝ տաճարը վերածվել է թանգարանի[74]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերականգնված դիզայնի հատված
ա) Սրահի նախագիծ (վերին հատված)
b) Առաջին հարկի նախագիծ (ստորին հատված)

Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության կարևորագույն օրինակներից է, որը պահպանվել է մինչ օրս[6]։ Տաճարի ինտերիերը զարդարված է խճանկարներով և մարմարե սյուներով, որոնք գեղարվեստական մեծ արժեք են ներկայացնում։ Տաճարը այնքան գեղարվեստական և հարուստ ձևերով էր զարդարված, որ Հուստինիանոսը ասել է. «Սողոմոն, ես գերազանցեցի քեզ»։ Հուստինիանոսը անձամբ է վերահսկել տաճարի կառուցումը. այս տաճարը շուրջ 1000 տարի մնացել է ամենամեծը մինչև Իսպանիայում Սևիլիայի տաճարի կառուցումը[75]։

Հուստինիանոսի բազիլիկան անմիջապես դառնում է ուշ անտիկ ժամանակաշրջանի ճարտարապետական նվաճումների գագաթնակետը և բյուզանդական ճարտարապետության առաջին գլուխգործոցը։ Դրա ազդեցությունը ինչպես ճարտարապետական, այնպես էլ եկեղեցական տեսանկյունից շատ մեծ է եղել ուղղափառ, կաթոլիկ և մուսուլմանական աշխարհներում։

Տաճարի ընդարձակ ինտերիերը ունի բարդ կառուցվածք։ Տաճարի ատյանը ծածկված է կենտրոնական գմբեթով, որը ունի հատակից առավելագույնը 55.6 մ բարձրություն և հենված է 40 կամարաձև պատուհանների վրա։ Կառույցի վերանորոգումից հետո գմբեթը էլիպսաձև տեսք ունի, իսկ նրա տրամագիծը տատանվում է 31.24-30.86 մ սահմաններում։

Արևմտյան մուտքի և արևելյան կողմում կամարներով բացվող հատվածներ կան, որոնք հավասարաչափ կիսագմբեթի ձևով միանում են կենտրոնական գմբեթին։

Տաճարի ներքին հատվածում պատերը ծածկված են բազմագույն մարմարներով, կանաչ, սպիտակ, մանուշակագույն պորֆիրով և ոսկեգույն խճանկարներով։ Ֆոսատի եղբայրների ուղղորդմամբ 19-րդ դարի վերանորոգման աշխատանքների ժամանակ արտաքինից տաճարը ծածկվել է դեղին և կարմիր ստուկկոյով։

Նարտեքս և շքամուտքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսերական դարպասը ներքին և արտաքին մուտքերի միջև գտնվող հիմնական մուտքն է։ Այն նախատեսված է եղել բացառապես կայսեր համար։ Շքամուտքի վերևում բյուզանդական խճանկարը պատկերում էր Քրիստոսին և անանուն մի կայսեր։ Արտաքին նարտեքսի հյուսիսային հատվածը երկար բազրիքով միանում է վերին սրահին։

Վերին սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմության ընթացքում Սուրբ Սոֆիայի տաճարը ենթարկվել է բնական աղետների, օրինակ՝ երկրաշարժեր, ինչպես նաև վայրագության զոհ է դարձել։ Շինության արտաքին հատվածում ակնհայտ է կառուցվածքային վնասը։ Սուրբ Սոֆիայի տաճարի ներքին տարածքը անվնաս պահելու համար հետազոտություններ են կատարվել՝ օգտագործելով հենակետային ռադիոտեղորոշիչ։ Վերջինիս օգտագործման շնորհիվ թիմը կարողացել է հայտնաբերել, որ Սուրբ Սոֆիայի տաճարի սրահը ունեցել է որոշակի թույլ գոտիներ, բացի այդ պարզ է դարձել, որ գմբեթի կամարը որոշ չափով դուրս է եկել իր հիմնական դիրքից[76]։

Տաճարի վերին սրահը ունի նալի տեսք, որը իր մեջ ներառում է խորանը և եկեղեցու միջնահատվածը։ Վերին սրահում, որը ավանդաբար նախատեսված է եղել կայսրուհու և նրա արքունիքի համար, պահպանվել են մի քանի խճանկարներ։ Ամենալավը պահպանվել են սրահի հարավային շրջանի խճանկարները։

Վերին սրահում կան նաև ռուներ, որոնք հավանաբար մնացել է վարագյան գնդից։

Վերին սրահի արևմտյան հատվածը

Գմբեթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գմբեթ, կիսագմբեթ և աբսիդ

Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը բազմաթիվ պատմաբանների, ճարտարապետների և ինժեներների մոտ առանձնահատուկ հետաքրքրություններ է առաջացրել այն պատճառով, որ գլխավոր ճարտարապետները յուրօրինակ նորարարական մոտեցում են ցուցաբերել գմբեթի կառուցմանը։ Գմբեթը հենված է 4 գնդաձև եռանկյուն կամարակների վրա։ Այս կամարակները գմբեթի քառակուսի հիմքի անկյուններում են տեղադրված. դրանք թեքված են դեպի վեր, որպեսզի ավելի ամուր պահեն գմբեթը՝ չեզոքացնելով կողմնակի ուժերը և թույլ տալով, որ գմբեթի ամբողջ ծանրությունը կախվի դեպի վար[77][78]։ Սա աշխարհում ամենամեծ կամարակապ գմբեթն է եղել մինչև Սուրբ Պետրոսի տաճարի ավարտը, այն միևնույն ժամանակ ունի շատ ավելի ցածր բարձրություն, քան նման մեծ տրամագծի ցանկացած այլ գմբեթ:

Ներսից գմբեթների տեսքը

Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը ունի 170 ոտնաչափ տրամագիծ և 2 ոտնաչափ հաստություն։ Տաճարը հիմնականում պատրաստված է աղյուսից և շաղախից։ Աղյուսի խառնուրդը օգտագործվել է տանիքը ավելի հեշտ կառուցելու նպատակով։ Այս խառնուրդը յուրաքանչյուր քառակուսի մետրի համար կշռել է 150 ֆունտ։ Այն նյութի պլաստիկության շնորհիվ այն նախընտրել են այլ նյութերի փոխարեն[79]։

Գմբեթի ծանրությունը շարունակել է շինության համար ամենամեծ խնդիրը մնալ։ 558 թվականի երկրաշարժի արդյունքում հիմնական գմբեթը փլուզվել է, իսկ 563 թվականին Իսոդոր Կրտսերը՝ Իսոդոր Միլեթացու եղբորորդին, կառուցել է նոր գմբեթը։ Ի տարբերություն սկզբնական գմբեթի սա ուներ 40 ելուստներ և բարձրացվել էր 20 ոտնաչափով, որպեսզի եկեղեցու պատերի վրա կողմնակի ուժերի ազդեցությունը նվազեցվեր։ Երկրորդ գմբեթի մեծ մասը նույնպես փլուզվել է այնպես, որ ժամանակակից գմբեթից այսօր պահպանվել են միայն երկու հատվածներ՝ հյուսիսային և հարավային հատվածներում (դրանք պահպանվել են 562 թվականի վերանորոգումից հետո)։ Գմբեթի բոլոր 40 ելուստներից հյուսիսային հատվածում պահպանվել են ութը, իսկ հարավային հատվածում՝ վեցը[80]։

Չնայած այս նոր դիզայնը որոշ չափով կայունացրել է գմբեթը, պատերը և կամարները, միևնույն ժամանակ այն ընդհանուր առմամբ թուլացրել է Սուրբ Սոֆիայի տաճարի պատերը։ Պատշարները օգտագործել են ավելի շատ շաղախ, քան աղյուս, որը ավելի արդյունավետ է։ Եթե շաղախը հնարավորություն է ստանում որոշ ժամանակ հանգստանալ, ապա շինությունը շատ ճկուն է դառնում։ Սակայն շինարարները շտապել են ավարտել կառույցի աշխատանքները՝ թույլ չտալով շաղախին հանգստանալ, և անմիջապես սկսել են հաջորդ շերտի կառուցումը։ Երբ գմբեթը կառուցվել է, թաց շաղախի և գմբեթի ծանրության պատճառով պատերը թեքվել են դեպի դուրս։ Երբ Իսիդոր Կրտսերը վեակառուցել է փլուզված գմբեթը, նա ստիպված է եղել նախ և առաջ ներքին պատերը հորիզոնական տեքսի բերել։ Ավելին՝ ճարտարապետը գմբեթի բարձրությունը ավելացրել է 6 մետրով, այնպես որ կողմակի ուժերի ազդեցությունը շատ ուժեղ չլինի։ Նա նոր գմբեթին տվել է խեցու տեսք՝ ավելացներով ելուստներ, որոնք ձգվում են գմբեթի վերից վար։ Այս ելուստները հնարավորություն են տալիս գմբեթի ծանրությունը թեթևացնել՝ այն տեղափոխելով պատուհանների, կամարակների և ի վերջո հիմքի վրա[81]։

Սուրբ Սոֆիայի տաճարը հայտնի է նաև նրանով, որ լույսն արտացոլվում է եկեղեցու միջնահատվածում՝ ստեղծելով տպավորություն, որ գմբեթը վեր է ճախրում։ Այս տպավորությունը ստեղծելու համար ավելացվել են 40 պատուհաններ։ Ավելին՝ պատուհանների թվաքանակի ավելացման արդյունքում գմբեթի ծանրությունը որոշ չափով թեթևացել է[81]։

Մինարեթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինարեթները օսմանյան ժամանակաշրջանում են ավելացվել և բյուզանդական նախնական կառույցի մասը չեն կազմել։ Դրանք կառուցվել են հավատացյալների համար հայտարարություններ տարածելու համար։ Սուլթան Մեհմեդը տաճարը մզկիթի վերածելուց հետո տաճարի կիսագմբեթներից մեկի վրա կառուցել է փայտյա մինարեթ։ Այս մինարեթը չի պահպանվել։ Մինարեթներից մեկը (հարավարևմտյան) կարմիր աղյուսից է կառուցված և գալիս է սուլթան Մեհմեդ Ֆաթիհի կամ էլ Բայազեդ II-ի ժամանակներից։ Մյուս երեք մինարեթները կառուցվել են սպիտակ կրաքարից և ավազաքարից, որոնցից հյուսիսարևելյան սյուները կառուցվել են սուլթան Բայազեդ II-ի կողմից Սելիմ II-ի շրջանում, մինչդեռ մյուս երկու նույնական արևմտյան մինարեթները կառուցվել են սուլթան Սելիմ II-ի հրամանով օսմանյան ճարտարապետ Միմար Սինանի կողմից։ Բոլորն էլ ունեն 60 մետր բարձրություն, իրենց ընդհանուր տեսքով լրացնում են Սուրբ Սոֆիայի տաճարի հիմնական կառույցը։ 15-րդ, 16-րդ և 19-րդ դարերում վերանորոգման աշխատանքների ժամանակ շատ զարդարանքներ և դետալներ են ավելացվել մինարեթներին, որոնք էլ արտացոլում են յուրաքաչյուր ժամանակաշրջանին բնորոշ երևույթներն ու իդեալները[82][83]։

Հենարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարերի ընթացքում տաճարին ավելացվել են բազմաթիվ հենարաններ։ Չնայած որ շատերը կարծում են, թե շինության արևմտյան մասում գտնվող արկբուտանները կառուցվել են խաչակիրների կողմից Կ. Պոլիս այցելելու ժամանակ, իրականում դրանք կառուցվել են բյուզադնական շրջանում։ Սա ցույց է տալիս, որ բյուզանդական շրջանում շատ լավ տիրապետել են արկբուտանների արվեստին, որը կարելի է տեսնել նաև Կենտրոնական Հունաստանի Հոսիոս Լուկաս վանական համալիրի, Սալոնիկի Գալերիուի և Ռոտունդայի կամարի և Ռավեննայի Սան Վիտալեի կառուցվածքում[81]։ Մնացած հենարանները կառուցվել են օսմանյան շրջանում ճարտարապետ Սինանի վերահսկողությամբ։ Ընդհանուր առմամբ ավելացվել են 24 հենարաններ

Նշանավոր տարրեր և զարդարանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուստինիանոսի կառավարման շրջանում ինտերիերի զարդարանքները իրենցից ներկայացնում էին պատերին և հատակին աբստրակտ դիզայնով մարմարե սալիկներ, ինչպես նաև թեք կամարներին խճանկարներ։ Այս խճանկարներին նայելիս կամարի երկու կողմի եռանկյուններին կարելի է տեսնել Գաբրիել և Միքայել հրեշտակների պատկերներ։ Կային մի քանի պատկերազարդ զարդարանքներ, ինչպես վկայված է Պողոս Սուլենթարիոսի ներբողում։ Սրահի անկյունները նայում են ներդրված սալիկներին, որոնց վրա պատկերված են ծաղիկներ, թռչուններ ճիշտ այնպես, որ սպիտակ մարմարե սալիկները դրված են սև մարմարի ֆոնի վրա։ Ավելի ուշ շրջանում պատկերազարդ խճանկարներ են ավելացվել, որոնք ոչնչացվել են պատկերամարտության ժամանակ (726–843 թվականներ)։ Ներկայիս խճանկարները հետպատեկարամարտական շրջանից են։

Բացի խճանկարներից 9-րդ դարի երկրորդ կեսին ավելացվել են նաև պատկերազարդ զարդարանքներ՝ կենտրոնական գմբեթի վրա Քրիստոսի պատկերը, ճակատամիջի ստորին հատվածում ուղղափառ սրբերի, մարգարեների և եկեղեցու հայրերի պատկերներ, եկեղեցու հետ կապված պատամական անձանց, ինչպես օրինակ Իգնատիոս պատրիարքի պատկերը, նույնիսկ սրահներում կարելի է հանդիպել պատկերներ՝ վերցված Ավետարանից։ Բարսեղ II-ը թույլ է տվել նկարիչներին 4 կամարների վրա պատկերել հսկայական վեցթևանի Քերովբեներ[33]։ Օսմանցիները նրանց դեմքերը ծածկել են ոսկե լուսապսակներով[33], սակայն 2009 թվականին մասնագետները վերականգնել են դրանցից մեկի սկզբնական տեսքը[84]։

Կայսրուհու օթյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսրուհու օթյակը գտնվում է Սուրբ Սոֆիայի տաճարի կենտրոնական սրահում։ Այստեղից կայսրուհին և նրա արքունիքի անդմաները կարողացել են հետևել ներքևում կատարվող դեպքերին։ Շրջանաձև կանաչ քարը ցույց է տալիս այն վայրը, որտեղ եղել է կայսրուհու գահը[85][86]։

Մաքրման սափորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուլթան Մուրադ III-ի կառավարման շրջանում Պերգամոնից բերվել են երկու մարմարե մաքրման (ծիսական մաքրում, լվացում) սափորներ։ Հելլենիստական շրջանից սկսած սափորները փորված են եղել մեկ կտոր մարմարից[35]։

Մարմարե դուռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմարե դուռը գտնվում է Սուրբ Սոֆիայի տաճարի վերին սրահի հարավային հատվածում։ Այն օգտագործվել է սինոդի անդամների կողմից, ովքեր մուտ ու ել են արել հենց այս դռնով։ Ասում են, թե դռան յուրաքանչյուր կողմը որոշակի խորհրդանշական նշանակություն ունի՝ մի կողմը ներկայացնում է դրախտը, մյուսը՝ դժոխքը։ Դռան մակերեսը ծածկված է մրգերի և ձկների պատկերներով։ Դուռը բացվում է դեպի մի սենյակ, որը նախատեսված է եղել պատրիարքության ներկայացուցիչների հանդիսավոր արարողությունների և որոշումների կայացման համար[87]։

Գեղեցիկ դուռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղեցիկ դուռը Սուրբ Սոֆիայի տաճարի ճարտարապետական ամենահին տարրերից է, որը թվագրվում է մ․թ․ա 2-րդ դարով։ Զարդարանքները երկրաչափական պատկերների տեսք ունեին, միևնույն ժամանակ բարձրաքանդակների վրա պատկերված էին բույսեր, որոնք ենթադրաբար բերված էին Տարսոնի (ժամանակակից Թուրքիայի Մերսին նահանգ) հեթանոսական տաճարից։ Այս զարդարանքները ընդգրկվել են շինության մեջ 838 թվականին կայսր Թեոֆիլիոսի կողմից, և դրանք գտնվում են ներքին նարտեքսի հարավային մասում[88]։

Կայսերական դուռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսերական դուռը նախատեսված է եղել միմիայն կայսեր, նրա շքախմբի և պահակախմբի մուտ ու ելի համար։ Սա համարվում է Սուրբ Սոֆիայի տաճարի ամենամեծ դուռը և թվագրվում է 6-րդ դարով։ Այն շուրջ 7 մետր երկարություն ունի և, ինչպես հաղորդում են արևելահռոմեական աղբյուրները, այն կառուցվել է Նոյյան տապանի փայտից[89]։

Երազանքի սյուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինության հյուսիսարևմտյան մասում կա մի սյուն, որի մեջտեղի հատվածում անցք կա՝ ծածկված բրոնզե թիթեղներով։ Այս սյունը հայտնի է տարբեր անուններով՝ քրտնող սյուն, երազանքի սյուն կամ լացող սյուն։ Ասում են, թե ձեռք տալիս սյունը խոնավանում է և օժտված է գերբնական ուժերով[90]։ Լեգենդում նշվում է, թե 1200 թվականից սկսած, երբ սուրբ Գրիգոր Հրաշագործը հայտնվել է սյան կողքին, այն թաց է եղել։ Շատերը հավատում են նաև, որ սյան թաց հատվածներին ձեռք տալիս տարբեր հիվանդություններ են բուժվում[91][92]։

Խճանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի առաստաղի զարդարանքները, որում պարզ երևում է քրիստոնեական խաչը նույնիսկ հետագայում արված զարդարանքների տակից

Առաջին խճանկարները, որոնք զարդարել են եկեղեցին, ստեղծվել են Հուստինիանոս II-ի օրոք[93]։ Եկեղեցում ոչ պատկերազարդ խճանկարների մեծ մասը հենց այս ժամանակներից են պահպանվել։ Սակայն խճանկարների մեծ մասը ստեղծվել են բյուզանդական պատկերամարտության ժամանակաշրջանի ավարտին՝ 843 թվականին։

1204 թվականի Կ․ Պոլսի թալանի ժամանակ խաչակիրները բարբարոսական վերաբերմունք են ցուցաբերել քաղաքում եղած բոլոր բյուզանդական կարևոր կառույցների նկատմամբ, այդ թվում նաև Սուրբ Սոֆիայի տաճարի ոսկյա խճանկարների։ Թալանված առարկաներից շատերը նավով տեղափոխվել են Վենետիկ, որի դուքս Էնրիկո Դանդոլոն կազմակերպել է Կ․ Պոլսի նվաճումն ու թալանը Ալեքսիոս Անգելոս արքայազնի՝ բյուզանդական կայսեր որդու հետ համաձայնագրից հետո։

19-րդ դարի վերանորոգում[խմբագրել | խմբագրել կոդը]

1453 թվականին շինության մզկիթի վերածումից հետո խճանկարներից շատերը ծածկվել են սվաղով իսլամական արգելքի պատճառով։ Այս գործընթացը անմիջապես չի կատարվել, և 17-րդ դարում շատ ճանապարհորդներ նշում են, որ եկեղեցում տեսել են քրիստոնեական պատկերներ։ 1847-1849 թվականներին շինությունը վերանորոգվել է շվեյցարա-իտալական ծագումով Ֆոսատի եղբայրների՝ Գասպարեի և Ջուզեպպեի կողմից։ Աբդուլ Մեջիդը նաև թույլ է տվել, որ եղբայրները գրանցեն բոլոր այն խճանկարները, որոնք վերանորոգման աշխատանքների ժամանակ հայտնաբերել են․ դրանք ավելի ուշ շվեյցարական գրադարանների արխիվներում են հայտնվել[94]։ Այս աշխատանքը, իհարկե, իր մեջ չէր ներառում խճանկարների վերականգնում, եղբայրները դրանք գրանցելուց հետո ներկով ծածկել են։ Ֆոսատի եղբայրները վերականգնել են նաև արևելյան կամարակների վրա գտնվող երկու վեցաթև հրեշտակների խճանկարներ, որոնք, սակայն, վերանորոգման ավարտին կրկին ծածկվել են[95]։ Արևմտյան կամարակների վրա եղած երկու նույնանման խճանկարները ընդհանրապես չէին պահպանվել, ուստի եղբայրները պարզապես մյուս երկուսի նմանությամբ նկարել են[95]։ Ֆոսատի եղբայրների արձանագրությունները հիմնական աղբյուրն են տաճարի քիչ թե շատ պահպանված կամ վերականգնված խճանկարների մասին մինչև 1894 թվականի Ստամբուլի երկրաշարժը։ Սրանց մեջ է մտել նաև մի խճանկար, որի մանրամասները հայտնի չեն․ այն կոչվել է Աղքատների դուռ։ Այս խճանկարը իրենից ներկայացրել է ոսկեգործ խաչ հրեշտակների, սրբերի, պատրիարքների և եկեղեցու հայրերի պատկերներով։ Անհետացած պատկերների մեծ մասը գտնվել է շինության ճակատամիջում։

Խճանկարներից մեկում շրջանակի մեջ Քրիսոտոսն է, կարելի է ենթադրել, որ այն պատկերված է եղել առաստաղին և նույնիսկ գլխավոր գմբեթի առաստաղին, որը ծածկվել է իսլամական գեղագրական նմուշներով։ Սուրբ Սոֆիայի տաճարի խճանկարների պատկերները այսօր պահպանվում են Տիչինոյի արխիվում[96]։

20-րդ դարի վերանորոգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի բյուզանդական ինստիտուտի կողմից 1930 թվականին մեծ քանակի խճանկարներ են հայտնաբերվել։ Թիմը մի քանի խաչեր թողել է սվաղով ծածկված, բայց մյուս բոլոր խճանկարները մաքրել և վերականգնել է։

2000 թվականին Աթենքի ազգային տեխնիկական համալսարանը ինֆրակարմիր տեխնոլոգիայի հետ միասին սկսել է օգտագործել տարբեր մեթոդներ, որոնք նախատեսված էին Սուրբ Սոֆիայի տաճարի պատերը հետազոտելու և նախկինում սվաղով ծածկված խճանկարները հայտնաբերելու համար։ Աթենքի ազգային տեխնիկական համալսարանը օգտագործում է ինֆրակարմիր տեխնոլոգիաները խճանկարներին հասցված վնասները գնահատելու համար։ Աթենքի ազգային տեխնիկական համալսարանը օգտագործում է կատեգորիաներ, ինչպես օրինակ ջրի ներխուժումը, որի միջոցով որոշում է խճանկարների ներկայիս վիճակը[97]։

Պատմական երկար ճանապարհ անցնելով՝ թե՛ որպես եկեղեցի, թե՛ որպես մզկիթ, այս շինությունը վերանորոգման ընթացքում բախվել է բազմաթիվ խնդիրների։ Քրիստոնեական սրբապատկերներով խճանկարները վերականգնելու համար հաճախ պետք էր գալիս ոչնչացնել իսլամական մշակույթի կարևոր տարրեր։ Վերականգնողները փորձ են կատարել համամասնությունը պահպանել քրիստոնեական և իսլամական մշակույթների միջև։ Մասնավորապես շատ բանավեճեր են տեղի ունեցել արդյոք գլխավոր գմբեթին արված իսլամական գեղագրության նմուշները պետք է վերացվեն, որպեսզի բացահայտվի Հիսուսին պատկերող խճանկարը, թե ոչ (ենթադրվում է, որ խճանկարը պահպանվել է)[98]։

Սուրբ Սոֆիայի տաճարը բազմիցս ենթարկվել է բնական աղետների, և նրա պատերն ու ընդհանուր կառուցվածքը վնասվել են։ Տաճարի պատերի քայքայման գործընթացը մեծապես առնչվում է աղի բյուրեղացման հետ։ Աղի բյուրեղացումը տեղի է ունենում անձրևաջրի ներթափանցման պատճառով։ Անձրևաջրերի հեռացումը տաճարի պատերի քայքայման գործընթացը կանխելու միակ լուծումն է[99]։

Սուրբ Սոֆիայի տաճարի ստորերկրյա կառուցվածք, որը կառուցվել է 532-537 թվականների ընթացքում, ուսումնասիրվել է՝ օգտագործելով ծանրաչափեր։ Նպատակը տաճարի ստորին հատվածում թաքնված խորշերի հայտնաբերումն էր։ Իրականում այս խորշերը երկրաշարժերի ժամանակ ծառայել են որպես պաշտպանիչ համակարգ։ Այս ծանրաչափերը հնարավորություն են տվել նաև պարզել, որ Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցված է բնական ապարի թեքության վրա[100]։

Կայսերական դարպասի խճանկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսերական դարպասի խճանկար

Կայսերական դարպասի խճանկարը գտնվում է դարպասի, որը նախատեսված է միայն կայսրերի համար, ճակատամիջում։ Ոճային վերլուծաբանների կարծիքով այն կարող է թվագրվել 9-10-րդ դարերով։ Լուսապսակով կայսրը հավանաբար Լևոն VI Իմաստասեր կայսրն է իր որդի Կոստանդին Ծիրանածինի հետ միասին։ Խճանկարում նրանք խոնարհվում են Քրիստոսին, ով նստած է զարդարված գահին՝ ձախ ձեռքում մի բաց գիրք, և իր օրհնանք է տալիս կայսերն ու նրա որդուն[101]։ Գրքում գրված է՝

«Խաղաղությունը ձեր հետ է։ Ես եմ լույսն այս աշխարհի»

Քրիստոսի երկու կողմերում շրջանաձև մեդալիոններ են՝ ձախում՝ Գաբրիել հրեշտակը գավազանը ձեռքում, աջում՝ նրա մայրը՝ Մարիամը

Հարավարևմտյան մուտքի խճանկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավարևմտյան մուտքի խճանկար

Հարավարևմտյան մուտքի խճանկարը, որը գտնվում է հարավարևմտյան մուտքի ճակատամիջում, ստեղծվել է Բարսեղ II-ի կառավարման շրջանում[102]։ Այս խճանկարը հայտնաբերվել է 1849 թվականի վերանորոգման աշխատանքների ժամանակ Ֆոսատի եղբայրների կողմից։ Խճանկարում կույսը նստած է առանց հենակի գահի վրա, ոտքերը դրված են պատվանդանի վրա, որն էլ զարդարված է թանկարժեք քարերով։ Մանուկ Քրիստոսը նստած է նրա գրկում, նա տալիս է իր օրհնությունը, իսկ ձախ ձեռքում էլ գալարված մագաղաթ է։ Մարիամի ձախ կողմում կայսր Կոնստանդինն է իր ծիսական հագուստներով և Մարիամին է ներկայացնում քաղաքի մոդելը։ Նրա կողքի մակարգրությունում ասված է․ «Մեծ կայսր Սուրբ Կոստանդին»։ Մարիամի աջ կողմում կանգնած է Հուստինիանոս I կայսրը, ով առաջարկում է Սուրբ Սոֆիայի տաճարի նախագիծը։ Մարիամի գլխավերևում գտնվող մեդալիոնների վրա գրված են ΜΡ և ΘΥ միացագրերը, որոնք Mētēr և Theou բառերի հապավումներն են և նշանակում են «Աստծո մայր»[103]։

Աբսիդի խճանկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբսիդի խճանկարը, որը պատկերում է Կույս Մարիամին և նրա որդուն

Հետպատկերամարտական խճանկարների մեջ Կույս Մարիամի և նրա որդու խճանկարը առաջինն էր։ Խճանկարի բացման արարողությունը կատարվել է 867 թվականի մարտի 29-ին Փոտ պատրիարքի և կայսրեր Միքայել III-ի և Բարսեղ I-ի կողմից։ Այս խճանկարը գտնվում է աբսիդի կիսագմբեթի վերին հատվածում։ Մարիամը նստած է առանց հենակի գահի վրա՝ գրկում երեխա Հիսուսը։ Նրա ոտքերը հենված են պատվանդանի վրա։ Թե՛ պատվանդանը, թե՛ գահը զարդարված են թանկարժեք քարերով։ Հրեշտակներ Գաբրիելի և Միքայելի (հիմնականում ոչնչացվել է) դիմանկարները կամարի բեմի հատվածում ևս թվագրվում են 9-րդ դարով։ Խճանկարները հենված են 6-րդ դարի նախնական ոսկյա ֆոնի վրա։ Տեսակետ կա, թե այս խճանկարները 6-րդ դարի իսկական խճանկարների վերականգնված տարբերակներն են, քանի որ օրիգինալ խճանկարները ոչնչացվել էին բյուզանդական պատկերամարտության ժամանակաշրջանում։ Այնուամենայնիվ 6-րդ դարից ավելի վաղ որևէ հիշատակություն չկա տաճարի պատկերազարդ զարդարանքների մասին[104]։

Կայսր Ալեքսանդրի խճանկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Սոֆիայի տաճար առաջին անգամ այցելող մարդկանց համար հեշտ չէ գտնել կայսր Ալեքսանդրի խճանկարը, քանի որ այն գտնվում է երկրորդ հարկի առաստաղի մութ մի անկյունում։ Կայսր Ալեքսանդրը պատկերված է իր ողջ շքեղությամբ՝ աջ ձեռքում մագաղաթ, իսկ ձախում՝ խաչ կրող գունդ։ Ֆոսատի եղբայրների կողմից արված պատկերը ցույց է տալիս, որ խճանկարը պահպանվել է մինչև 1849 թվականը և որ Թոմաս Վիտեմոր՝ Ամերիկայի բյուզանդական ինստիտուտի հիմնադիրը, ում իրավունք էր վերապահվել պահպանել խճանկարները, ենթադրել է, որ խճանկարը ոչնչացել է 1894 թվականի երկրաշարժի ժամանակ։ Նրա մահից 8 տարի անց՝ 1958 թվականին, խճանկարը հայտնաբերվել է Ռոբերտ վան Նիսի հետազոտությունների արդյունքում։ Ի տարբերություն Սուրբ Սոֆիայի տաճարի այլ խճանկարներին Ալեքսանդրի խճանկարը պարզապես ներկվել է այն ծածկելու համար։ Այն պատճառով, որ շրջակա խճանկարների գույները արտացոլվել են Ալեքսանդրի խճանկարի վրա, այն շատ լավ թաքցվել է։ Խճանկարը մաքրվել է Վիտեմորին հաջորդած Պոլ Անդերվուդի կողմից[105][106]։

Զոյա կայսրուհու խճանկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոյա կայսրուհու խճանկար

Հարավային սրահի արևելյան պատին է գտնվում 11-րդ դարով թվագրվող Զոյա կայսրուհու խճանկարը։ Քրիստոսը, ում հագին մուգ կապույտ հագուստ է (ինչպես ընդունված է բյուզանդական արվեստում), նստած է խճանկարի մեջտեղում, հետին պլանը ոսկեգույն է։ Քրիստոսը աջ ձեռքով իր օրհնությունն է տալիս, իսկ ձախ ձեռքում պահել է Աստվածաշունչը։ Նրա գլխի երկու կողմում IC և XC միացագրերն են, որոնք նշանակում են Iēsous Christos (Հիսուս Քրիստոս)։ Նրա կողքին Կոստանդին IX Մոնոմախոս կայսրն ու Զոյա կայսրուհին են, երկուսն էլ ծիսական հագուստներով։ Կայսրն առաջարկում է իր քսակը՝ եկեղեցուն նվիրատվություն կատարելու նպատակով, մինչդեռ կայսրուհին իր ձեռքում ունի գալարված մագաղաթ, որն էլ խորհրդանշում է իր կատարած նվիրատվությունները։ Կայսեր գլխավերևում մակագրության մեջ ասված է․ «Կոստանդին, բարեպաշտ կայսր, հռոմեացիների թագավոր, Մոնոմախոս»։ Կայսրուհու գլխավերևում մակագրության մեջ ասված է․ «Զոյա՝ շատ բարեպաշտ Ավգուստա»։ Շատ հավանական է, որ նախնական խճանկարի անձանց գլուխները քերվել են և փոխարինվել նոր երեք գլուխներով։ Հավանաբար սկզբնական խճանկարում պատկերված է եղել նրա առաջին ամուսինը՝ Ռոմանոս III Արգիրոսը և նրա երկրորդը ամուսինը՝ Միքայել IV-ը։ Մեկ այլ տեսակետի համաձայն այս խճանկարը պատրաստված է եղել ավելի վաղ շրջանի կայսեր և կայսրուհու համար, սակայն հետագայում խճանկարը փոփոխության է ենթարկվել[107]։

Կոմնենոսի խճանկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմնենոսի խճանկար

Կոմնենոսի խճանկարը ևս գտնվում է հարավային սրահի արևելյան պատին և թվագրվում է 1122 թվականով։ Կույս Մարիամը գտնվում է մեջտեղում և, ինչպես ընդունված է բյուզանդական արվեստում, հագին մուգ կապույտ հագուստ է։ Նրա գրկում մանուկ Քրիստոսն է։ Նա իր աջ ձեռքով օրհնություն է տալիս, իսկ ձախ ձեռքում մագաղաթ է պահել։ Մարիամի աջ կողմում կանգնած է Հովհաննես II Կոմնենոս կայսրը, ում հագին թանկարժեք քարերով զարդարված հագուստ է։ Նա քսակ է պահել իր ձեռքում, որը եկեղեցուն կայսերական նվիրատվության խորհրդանիշ է։ Կայսրուհի Իռենը կանգնած է Մարիամի ձախ կողմում՝ ևս տոնական զգեստով և ձեռքին փաստաթուղթ։ Մոտակա որմնասյան վրա կարելի է տեսնել ավագ որդուն՝ Ալեքսիսոս Կոմնենոսին։ Նա անմորուս երիտասարդ է և հավանաբար այս պատկերը արված է 17 տարեկանում թագադրության ժամանակ։ Այս պատկերը դիտելիս կարելի է անմիջապես նկատել այս խճանկարի և կայսրուհի Զոյայի խճանկարների տարբերությունը։ Այս խճանկարում դիմանկարները առավել իրատեսական են։ Կայսրուհի սուրբ Իռենը՝ Լասլո I Հունգարացու դուստրը, ներկայացված է հյուսքերով, վարդագույն այտերով և մոխրագույն աչքերով․ այս ամենը ցույց է տալիս նրա հունգարական արմատները։ Կայսրը պատկերված է արժանապատիվ ձևով[108]։

Դեիսուսի խճանկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեիսուսի խճանկար

Դեիսուսի խճանկարը (Δέησις, «Խնդրանք») հավանաբար ստեղծվել է 1261 թվականին։ Այս խճանկարի նպատակն է եղել նշել տաճարի՝ 57 տարի կաթոլիկ եկեղեցի լինելու ավարտը և դրա փոխակերպումը ուղղափառ եկեղեցու։ Այն գտնվում է վերին սրահների կայսերական մուտքի մոտ։ Այն Սուրբ Սոֆիայի տաճարի մեջ համարվում է լավագույն խճանկարներից մեկը իր առանձնահատկություններով և գունային երանգով։ Ոճը բավականին նման է 13-14-րդ դարի իտալացի նկարիչներից մեկի ոճին, օրինակ՝ Դուչչոյի։ Այս խճանկարում Մարիամ Աստվածածինն ու Հովհաննես Մկրտիչը՝ երկուսն էլ երևում են երեք չորրորդով, խնրում են Քրիստոսին միջնորդել մարդկության համար Վերջին դատաստանի օրը։ Խճանկարի ներքին հատվածը մեծապես վնասված է[109]։ Այս խճանկարը բյուզանդական նկարչական արվեստում կանխորոշեց Վերածննդի սկիզբը[110]։

Հյուսիսային ճակատամիջի խճանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային ճակատամիջի խճանկարներում պատկերված են տարբեր սրբեր։ Այս խճանկարները պահպանվել են, քանի որ դրանք անհասանելի վայրում են եղել։ Այս խճանկարներում պատկերված է Հովհան Ոսկեբերանը և Իգնատիոս Կրտսերը՝ հագին սպիտակ հագուստ, իսկ ձեռքին՝ շքեզ զարդարված Աստվածաշունչը։ Յուրաքանչյուր անձի անունը գրված է նրա գլխավերևում հունարենով, որը հնարավորություն է տվել այցելուներին իմանալ անձանց ինքնությունը։ Ճակատամիջի խճանկարներից մի քանիսը չեն պահպանվել հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերի պատճառով[111]։

Հրեշտակի խճանկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս խճանկարում պատկերված են 4 նույնանման հրեշտակներ։ Տեսակետ կա, որ այս վեցաթև հրեշտակները, որոնք նաև հայտնի են սերովբե անունով, պաշտպանում են տերերի գահը երկնքում։ Արևմտյան հատվածի հրեշտակները չեն պահպանվել ի տարբերություն արևելյան հատվածի, ուստի արևմտյան հատվածի խճանկարները վերականգնվել են իբրև ֆրեսկո։ Օսմանյան կայսրության շրջանում հրեշտակների դեմքերը ծածկված են եղել մետաղյա կափարիչներով, որոնք ունեին աստղի տեսք։ Սրանք վերացվել են 2009 թվականի վերանորոգման աշխատանքների ժամանակ, երբ խճանկարները մաքրվել և բացահայտվել են[112]։

Գերեզմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գմբեթի քառասուն ճառագայթաձև կամարներն ու լուսամուտները:
1-մուտք, 2-Կայսերական դարպասը, 3-լացող սյուն, 4-զոհասեղան (այժմ՝ իսլամական միհրաբ), 5-մինբար (ամբիոն), 6-սուլթանին հատկացված վայրը, 7-Օմֆալոս («աշխարհի կենտրոնը»), 8-Պերգամոնից բերված սափորը, a-մկրտության ավազանը՝ բյուզանդական շրջանում և սուլթան Մուստաֆա I-ի դամբարանը՝ թուրքերի տիրապետության հաստատումից հետո, b-Սելիմ II-ի մինարեթը:

Տաճարի հատակագիծն իրենից ներկայացնում է ձգված ուղղանկյուն (75,6×68,4 մ), որն իր մեջ ընդգրկում է երեք թաղածածկ՝ կենտրոնինը՝ բարձր, կողայինները՝ համեմատաբար ցածր։ Այն բազիլիկ տիպի խաչակենտրոն եկեղեցի է՝ պսակված գմբեթով։ Տաճարի հսկայածավալ գմբեթի համակարգը դարձավ իր ժամանակի ճարտարապետական մտքի գլուխգործոցը։ Թուրք հետազոտողների տեսակետով, պատերի ամրությունը պայմանավորված է շաղախի հետ հացենու տերևների հյութի օգտագործմամբ[113]։ Կենտրոնի ամենաբարձր կամարի քառակուսի հիմքը առնված է չորս խոշոր սյուների մեջ, որոնք ձևավորում են վիթխարի կամարներ, և ծածկված է 31 մ տրամագծով բավականին հարթ գմբեթով, որի գագաթը հատակից բարձր է 51 մետր[114]։ Գմբեթը կազմված է քառասուն ճառագայթաձև կամարներից, որոնց մեջտեղում, ստորին հատվածում բացված են լուսամուտներ (դրանց թիվը ևս քառասուն է)։ Դրանց շնորհիվ գմբեթի ստորին հատվածում ստեղծվում է լույսի խիտ շերտավոր գոտու տպավորություն[115]։ Գմբեթի ներքև տարածությունում արևելյան ու արևմտյան կողմերից դեպի կենտրոն են անցնում՝ վերևում կիսագնդաձև երկու հսկայական խորշ։ Արևելյան խորշի մեջ իրենց կամարներով բացվում է ևս երեք խորշ, որոնցից մեջտեղինը մյուսներից ավելի խորն է և տաճարի ընդհանուր հատակագծից առանձնանում է իր աղեղնաձև տեսքով։ Արևմտյան մեծ խորշի մեջ ևս բացվում է երեք փոքր խորշ, որոնցից մեջտեղինը վերևում չունի կիսագնդի ձև, այլ սովորական կամար է և իր մեջ ամփոփում է երեք դուռ, որոնք տանում են դեպի տաճարին կից արտաքին ու ներքին գավիթնե, որոնց առջև նախկինում գոյություն ուներ սյուներով շրջապատված բակ։

Գմբեթի ներքև տարածությունը հյուսիսային ու հարավային կողմերից կապվում է կողային գմբեթների հետ կամարների միջոցով՝ հենված Փոքր Ասիայի ու Եգիպտոսի տաճաներից բերված պորֆիրե և մալաքիտե սյուների վրա[114]։ Տաճարի ներքին զարդարանքները պահպանվեցին մի քանի դար, որոնք առանձնանում էին յուրահատուկ շքեղությամբ (խճանկարներ ոսկե հատակի վրա, 8 կանաչ հասպիսե սյուներ՝ բերված Եփեսոսի Արտեմիսի տաճարից)։ Տաճարի պատերը ևս ամբողջովին ծածկված էին խճանկարներով (ինչպես թեմատիկ կոմպոզիցիաներով, այնպես էլ զարդանախշերով)։ Շնորհիվ իր շքեղ ճարտարապետության ու զարդարանքի, ամբողջ պետության գլխավոր սրբավայրը տեսնողի վրա թողնում էր Բյուզանդական կայսրության ու եկեղեցու հզորության տպավորություն։ Դրան նպաստում էին նաև տաճարի հսկայական չափերը՝ նախատեսված իր մեջ առնելու բազմահազար ժողովրդի, ներքին ճոխ հարդարանքը, գունավոր մարմարի ու դեկորատիվ խճանկարների տեսքը, ինչպես նաև ներսում հանդիսավոր կերպով անցկացվող արարողությունները։ Սուրբ Սոֆիայի՝ գմբեթով պսակված բազիլիկ տաճարում առավել ցայտուն արտահայտված են 6-րդ դարի բյուզանդական մշակույթի առանձնահատկությունները՝ հսկայական ծավալ, շքեղություն և հանդիսավորություն։

Սուրբ Սոֆիայի տաճարը որպես նմուշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բավականին շատ կրոնական կառույցներ ստեղծվել են Սուրբ Սոֆիայի տաճարի նմանությամբ՝ իբրև կենտրոնագմբեթ տաճար, որը հենված է կամարակների վրա և ունի երկու կիսագմբեթների՝ իբրև հենարան։ Առանձնահատուկ օրինակ է Վենետիկի Սանտա Մարիա դելլա Սալյուտե տաճարը։

Օսմանյան դինաստիայի կողմից կառուցված մի շարք մզկիթներ գրեթե նույնությամբ կրկնում են Սուրբ Սոֆիայի տաճարի երկրաչափական տարրերը, օրինակ՝ Սուլեյմանիե մզկիթը և Բայազեդ II մզկիթը։ Որոշ դեպքերում օսմանյան ճարտարապետները նախընտրում էին կենտրոնական գմբեթը շրջապատել 4 կիսագմբեթներով երկուսի փոխարեն։ Սա ակնհայտ է ՍուլթանԱհմեդ մզկիթի, Նոր մզկիթի և Ֆաթիհ մզկիթի ճարտարապետության մեջ։ Ինչպես Սուրբ Սոֆիայի նախնական տաճարը, այնպես էլ այս տաճարները ունեն սյունաշարերով նախագավիթ։ Սակայն Սուրբ Սոֆիայի տաճարի նախագավիթը այլևս գոյություն չունի։

Բավականին շատ նեոբյուզանդական եկեղեցիներ են ստեղծվել Սուրբ Սոֆիայի տաճարի նմանությամբ։ Քրոնշդատի տաճարը և Փոթիի մայր տաճարը կրկնում են Սուրբ Սոֆիայի տաճարի ներքին տեսքը։ Ինչպես օսմանյան մզկիթները, շատ եկեղեցիներ, որոնք ստեղծվել են Սուրբ Սոֆիայի տաճարի նմանությամբ, ունեն ոչ թե երկու, այլ չորս կիսագմբեթ, օրինակ՝ Բելգրադի Սուրբ Սավվայի տաճարը։

Շատ եկեղեցիներ էլ միավորում են Սուրբ Սոֆիայի տաճարի տարրերը լատինական խաչաձև նախագծի հետ։ Օրինակ՝ Սուրբ Լուիսի բազիլիկ տաճարը, որտեղ տրանսեպտը ստեղծված է գլխավոր գմբեթը շրջապատող երկու կիսագմբեթներով։ Այլ նմանատիպ եկեղեցիների օրինակներ են՝ Ալեքսանդր Նևսկու տաճարը (Սոֆիա), Սուրբ Կլեմենտի կաթոլիկ տաճարը (Չիկագո) և Անբասիր հայեցակարգի ազգային բազիլիկ տաճարը։

Սան Պաուլոյի Ուղղափառ մայր տաճարի և Փարիզի Սուրբ Էսպրիի եկեղեցու ինտերիերը նույնպես նման են Սուրբ Սոֆիայի տաճարին։ Երկուսն էլ ունեն 4 կիսագմբեթներ, սակայն երկու կողային կիսագմբեթները առավել փոքր են։ Չափերի առումով Փարիզի Սուրբ Էսպրիի եկեղեցին կազմում է Սուրբ Սոֆիայի տաճարի երկու երրորդը։

Սուրբ Սոֆիայի տաճարի նմանությամբ են կառուցվել նաև մի շարք սինագոգներ՝ Ֆլորենցիայի մեծ սինագոգ և Հուրվա սինագոգ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Анѳимій (ռուս.) // Энциклопедический лексиконСПб.: 1835. — Т. 2. — С. 396—397.
  2. Анфимий (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. Iа. — С. 881.
  3. Kaldellis A. The Making of Hagia Sophia and the Last Pagans of New Rome — P. 347—366. — ISSN 1942-1273doi:10.1353/JLA.2013.0019
  4. archINFORM (գերմ.) — 1994.
  5. 5,0 5,1 Δετοράκης Θ. Ε. Αγια Σοφια: ο ναος της Αγιας του Θεου Σοφιας — P. 20.
  6. 6,0 6,1 Fazio, Michael; Moffett, Marian; Wodehouse, Lawrence (2009). Buildings Across Time (3rd ed.). McGraw-Hill Higher Education. ISBN 978-0-07-305304-2.
  7. Simons, Marlise (1993 թ․ օգոստոսի 22). «Center of Ottoman Power». New York Times. Վերցված է 2009 թ․ հունիսի 4-ին.
  8. Syrmakezis, K.; Mavrouli, O.; Papaevaggeliou, P.; Aggelakopolulou, E.; Bakolas, A.; Moropoulou, A. (2013 թ․ նոյեմբեր). «Finite element analysis and fragility curves for the evaluation of restoration mortars behavior regarding the earthquake protection of historic structures». Soil Dynamics and Earthquake Engineering. 54: 61–65. doi:10.1016/j.soildyn.2013.07.002. ISSN 0267-7261.
  9. Müller-Wiener (1977), p. 112.
  10. Magdalino, Paul, et al. "Istanbul: Buildings, Hagia Sophia" in Grove Art Online. Oxford Art Online. http://www.oxfordartonline.com. accessed 28 February 2010.
  11. Kleiner, Fred S.; Christin J. Mamiya (2008). Gardner's Art Through the Ages (12th ed.). Mason, OH: Wadsworth. էջ 329. ISBN 978-0-495-46740-3.
  12. 12,0 12,1 12,2 Janin (1953), p. 471.
  13. McKenzie, Steven L.; Graham, Matt Patrick (1998). The Hebrew Bible Today: An Introduction to Critical Issues. Westminster John Knox Press. էջ 149. ISBN 978-0-664-25652-4.
  14. Binns, John (2002). An Introduction to the Christian Orthodox Churches. Cambridge University Press. էջ 57. ISBN 978-0-521-66738-8.
  15. [1]." LiveScience.
  16. "Hagia Sophia Արխիվացված 5 Հունվար 2009 Wayback Machine." ArchNet.
  17. Şafak, Yeni. «Top 10: Turkey's most-visited museums in 2019». Yeni Şafak (թուրքերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
  18. «Hagia Sophia still Istanbul's top tourist attraction». hurriyet.
  19. «Hagia Sophia still top tourist attraction». hurriyet.
  20. Müller-Wiener (1977), p. 84.
  21. Alessandro E. FONI; George PAPAGIANNAKIS; Nadia MAGNENAT-THALMANN. «Virtual Hagia Sophia: Restitution, Visualization and Virtual Life Simulation» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 3-ին.
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 22,5 Janin (1953), p. 472.
  23. Krautheimer, Richard (1986). Early Christian and Byzantine Architecture (4th ed.). New Haven and London: Yale University Press/Pelican History of Art. էջ 205. ISBN 978-0-300-05296-1.
  24. Mango, Cyril (1985). Byzantine Architecture (1st ed.). New York: Electa/Rizzoli. էջ 65. ISBN 978-0-8478-0615-7.
  25. 25,0 25,1 25,2 25,3 25,4 Müller-Wiener (1977), p. 86.
  26. "The Chronicle of John Malalas," Bk 18.86 Translated by E. Jeffreys, M. Jeffreys, and R. Scott. Australian Association of Byzantine Studies, 1986 vol 4.
  27. "The Chronicle of Theophones Confessor: Byzantine and Near Eastern History AD 284–813." Translated with commentary by Cyril Mango and Roger Scott. AM 6030 pg 316, with this note: Theophanes' precise date should be accepted.
  28. Janin, Raymond (1950). Constantinople Byzantine (French) (1 ed.). Paris: Institut Français d'Etudes Byzantines. էջ 41.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  29. «Haghia Sophia». Istanbul /: Emporis. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.
  30. «Baalbek keeps its secrets». stoneworld.
  31. Maranci, Christina (2003 թ․ սեպտեմբեր). «The Architect Trdat: Building Practices and Cross-Cultural Exchange in Byzantium and Armenia». Journal of the Society of Architectural Historians. 62 (3): 294–305. {{cite journal}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  32. Müller-Wiener (1977), p. 87.
  33. 33,0 33,1 33,2 Mamboury (1953) p. 287
  34. Gallo, Rudolfo (1927). «La tomba di Enrico Dandolo in Santa Sofia a Constantinople». Rivista Mensile della Citta di Venezia. 6: 270–83.
  35. 35,00 35,01 35,02 35,03 35,04 35,05 35,06 35,07 35,08 35,09 35,10 35,11 35,12 35,13 Müller-Wiener (1977), p. 91.
  36. Runciman, Steven (1965). The Fall of Constantinople, 1453. Cambridge: Cambridge University Press. էջ 145. ISBN 978-0-521-39832-9. {{cite book}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  37. Nicol, Donald M. The End of the Byzantine Empire. London: Edward Arnold Publishers, 1979, p. 88.
  38. 38,0 38,1 Nicol. The End of the Byzantine Empire, p. 90.
  39. 39,0 39,1 39,2 Runciman. The Fall of Constantinople, p. 147.
  40. Runciman. The Fall of Constantinople, pp. 133–134.
  41. Nicol, Donald M. The Last Centuries of Byzantium 1261–1453. Cambridge: Cambridge University Press, 1972, p. 389.
  42. Runciman. The Fall of Constantinople, p. 149.
  43. Tafur, Pero (1926). Travels and Adventures, 1435–1439. Trans. M. Letts. London: G. Routledge. էջեր 138–148. {{cite book}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  44. Mamboury (1953), p. 288.
  45. Necipoĝlu (2005), pg. 13
  46. Boyar & Fleet (2010), p. 145
  47. Mungan, I. (2004). Hagia Sophia and Mimar Sinan. Mungan & Wittek (eds); Taylor & Francis Group, London. էջեր 383–384. ISBN 978-90-5809-642-5.
  48. 48,0 48,1 48,2 48,3 Müller-Wiener (1977), p. 93.
  49. 49,0 49,1 «Հայկական Հանրագիտարան». www.encyclopedia.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  50. Turkish Cultural Foundation. The Fossati brothers, Accessed 23 Sept 2014.
  51. Grove Encyclopedia of Islamic Art & Architecture: Istanbul, Oxford University Press, p.324.
  52. «World Monuments Fund – Hagia Sophia». Wmf.org. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.
  53. «Top 10: Turkey's most visited museums». Hürriyet Daily News. 2014 թ․ նոյեմբերի 10.
  54. . Istanbul.gov.tr. {{cite web}}: |archive-url= requires |url= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն); Unknown parameter |http://www.istanbul.gov.tr/Default.aspx?pid= ignored (օգնություն)
  55. İbadete açık Ayasofya Արխիվացված 2012-04-13 Wayback Machine (թուրքերեն)
  56. «Ayasofya'da ezan okunuyor, duydunuz mu?». Timeturk. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 16-ին.
  57. «Group unveils initiative on Hagia Sophia». HomeboyMediaNews. 2007 թ․ հունիսի 16.
  58. Международная группа активистов продолжает возвращения Церкви константинопольского собора Святой Софии Православие.Ru 26 июля 2007.
  59. Константинопольская София — мать всех церквей) Православие.Ru, 29 October 2007.
  60. «Call to reinstate Hagia Sophia as mosque». Financial Times. 2013 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
  61. «Greece angered over Turkish Deputy PM's Hagia Sophia remarks». Հուրիեթ. 2013 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
  62. «Turkey: Pressure mounts for Hagia Sophia to be converted into mosque». Christian Today. 2013 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
  63. «Pope's remarks 'to accelerate Hagia Sophia's conversion into mosque'». Hurriyet. 2015 թ․ ապրիլի 16.
  64. Moftah, Lora (2015 թ․ ապրիլի 16). «Hagia Sophia Mosque Conversion? Turkey Pope Backlash Could Open Historic Church To Muslim Worship». International Business Times.
  65. «First call to prayer inside Istanbul's Hagia Sophia in 85 years». hurriyet.
  66. «Muslim group prays in front of Hagia Sophia to demand re-conversion into mosque». hurriyet.
  67. «Turkey rejects Greek criticism of Hagia Sophia prayers». hurriyet.
  68. Turkish President Erdoğan recites Islamic prayer at the Hagia Sophia
  69. «Hagia Sophia: Controversy as Erdogan says museum and former cathedral will become a mosque». Euronews.
  70. «UNESCO "halts" Erdogan's plans to turn the Hagia Sophia into Mosque». Daily Hellas. 2019 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  71. Turkey refutes Greece on Quran session in Hagia Sophia
  72. «Cumhurbaşkanı Kararı».
  73. Ο κρητικός παπα-Λευτέρης Νουφράκης και η ξεχασμένη Λειτουργία στην Αγιά Σοφιά (in Greek)
  74. Kinross, Lord (1972). Hagia Sophia. S. Arthur Dembner. էջեր 30, 35, 45, 80. ISBN 9780882250144.
  75. Melton, J. Gordon; Baumann, Martin (2010 թ․ սեպտեմբերի 21). Religions of the World: A Comprehensive Encyclopedia of Beliefs and Practices. ABC-CLIO. էջ 513.
  76. Yalçıner, Cahit Çağlar; Kurban, Yunus Can; Altunel, Erhan (2017 թ․ մայիս). «Research using GPR into the cause of cracks and depressions in the floor of the gallery of Hagia Sophia Museum». Construction and Building Materials. 139: 458–466. doi:10.1016/j.conbuildmat.2017.02.036. ISSN 0950-0618.
  77. Kleiner and Mamiya. Gardner's Art Through the Ages, p. 331.
  78. «pendentive (architecture) – Britannica Online Encyclopedia». Britannica.com. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.
  79. MacDonald, William (1957). «Design and Technology in Hagia Sophia». Perspecta. 4: 20–27. doi:10.2307/1566853. ISSN 0079-0958.
  80. Mainstone, Rowland J. (2001). Hagia Sophia. London: Thames & Hudson. էջեր 90–93. ISBN 978-0-500-27945-8.
  81. 81,0 81,1 81,2 1923-, Mainstone, R. J. (Rowland J.) (1988). Hagia Sophia : architecture, structure, and liturgy of Justinian's great church. New York, N.Y.: Thames and Hudson. ISBN 978-0500340981. {{cite book}}: |last= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  82. Hagia Sophia. «Mosque». Hagia Sophia. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
  83. «Minarets | Hagia Sophia Museum». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
  84. Ronchey (2010), p. 157
  85. «Hagia Sophia: Facts, History & Architecture». Live Science. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  86. Istanbul City Guide (English) (անգլերեն). ASBOOK.
  87. "The Marble Door." The Marble Door | Hagia Sophia Museum, Hagia Sophia Museum, ayasofyamuzesi.gov.tr/en/door-marble-door.
  88. "The Nice Door." The nice door, Hagia Sophia Museum| http://ayasofyamuzesi.gov.tr/en/door-nice-door Արխիվացված 2018-12-29 Wayback Machine
  89. ["The Emperor Door." The Emperor Door, Hagia Sophia Museum| ayasofyamuzesi.gov.tr/en/door-emperor-door]
  90. «Ayasofya Müzesi». Ayasofyamuzesi.gov.tr. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 3-ին.
  91. «Aya Sofya or Hagia Sophia Mosque-Church and Museum». Very Turkey. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
  92. [2] "The Architectural Review, Vol. 17" pg. 153
  93. N., Patricios, Nicholas (2014 թ․ մարտի 27). The sacred architecture of Byzantium : art, liturgy and symbolism in early Christian churches. London. ISBN 9781780762913.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  94. Hagia Sophia. Nova PBS program; originally aired 2/25/2015
  95. 95,0 95,1 Hoffman (1999), p. 207
  96. «Monuments éternels». Programmes ARTE. 2014 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 5-ին.
  97. Menegaki, Maria; Benardos, Andreas; Damigos, Dimitris; Kaliampakos, Dimitris; Tsakalakis, Kostas (2017 թ․ սեպտեմբերի 18). «EMPHASIZING THE ROLE OF E-WASTE IN THE FINANCIAL PROFITABILITY OF LANDFILL MINING PROJECTS». MATTER: International Journal of Science and Technology. 3 (2): 122–144. doi:10.20319/mijst.2017.32.122144. ISSN 2454-5880.
  98. The Hagia Sophia Արխիվացված 4 Հոկտեմբեր 2018 Wayback Machine – by Mount Holyoke College
  99. Mizutani, Etsuko; Ogura, Daisuke; Ishizaki, Takeshi; Abuku, Masaru; Sasaki, Juni (2015 թ․ նոյեմբերի 1). «Influence of the Infiltrated Rainwater on the Degradation of the Inner Wall in Hagia Sophia, Istanbul». Energy Procedia (անգլերեն). 78: 1353–1358. doi:10.1016/j.egypro.2015.11.153. ISSN 1876-6102.
  100. Friedrich, Jürgen; Gerstenecker, Carl; Gürkan, Onur (1996 թ․ հոկտեմբեր). «Gravimetric examination of Hagia Sophia's subsurface structure». Journal of Geodesy (անգլերեն). 70 (10): 645–651. doi:10.1007/bf00868226. ISSN 0949-7714.
  101. «The Hagia Sophia Church». Guideistanbul.net. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.
  102. Lorenzo Riccardi, Observations on Basil II as Patron of the Arts, in Actual Problems of Theory and History of Art, I, Collection of articles. Materials of the Conference of Young Specialists (St. Petersburg State University, 1–5 December 2010), St. Petersburg 2011 (978-5-288-05174-6), pp. 39–45; Lorenzo Riccardi, Alcune riflessioni sul mosaico del vestibolo sud-ovest della Santa Sofia di Costantinopoli, in Vie per Bisanzio. VIII Congresso Nazionale dell'Associazione Italiana di Studi Bizantini (Venezia 25–28 novembre 2009), a cura di Antonio Rigo, Andrea Babuin e Michele Trizio, Bari, Edizioni di Pagina 2012 (978-88-7470-229-9), pp. 357–371.
  103. Hagia Sophia. «Southwestern Vestibule – Hagia Sophia». hagiasophia.com.
  104. Hagia Sophia. «Apse Mosaic – Hagia Sophia». hagiasophia.com.
  105. Lord Kinross. "Hagia Sophia: A History of Constantinople." Newsweek, 1972, pp. 132–133.
  106. Hagia Sophia. «Emperor Alexander – Hagia Sophia». hagiasophia.com.
  107. Hagia Sophia. «Empress Zoe – Hagia Sophia». hagiasophia.com.
  108. Hagia Sophia. «Comnenus – Hagia Sophia». hagiasophia.com.
  109. Parry, K., The Blackwell Companion to Eastern Christianity, John Wiley & Sons, 2010. p. 379.
  110. Hagia Sophia. «Deesis – Hagia Sophia». hagiasophia.com.
  111. Hagia Sophia. «North Tympanum – Hagia Sophia». hagiasophia.com.
  112. «Dome Angel Figures». Hagia Sophia Museum. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  113. «Раскрыта еще одна тайна Святой Софии». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին.
  114. 114,0 114,1 Бартенев И. А., Батажкова В. Н. Очерки истории архитектурных стилей. — М.: Изобразительное искусство, 1983. — С. 55. — 264 с.
  115. Захарова А. В. Логика чуда. Переосмысление классической тектоники в Св. Софии Константинопольской и ее византийских описаниях // Актуальные проблемы теории и истории искусства: сб. науч. статей. Вып. 7. / Под ред. С. В. Мальцевой, Е. Ю. Станюкович-Денисовой, А. В. Захаровой. СПб.: Изд-во СПбГУ, 2017. С. 205—221.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խճանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]