Արոտավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արոտավայր Հայաստանում

Արոտավայր, արոտատեղ, արոտ, խոտակերպ բույսերով ծածկված հողային տարածք, որն օգտագործվում է գյուղատնտեսական կենդանիներ արածեցնելու համար։ Լինում են բնական և արհեստական՝ ցանովի։ Բնական արոտավայրերի բուսածացքը հիմնականում վայրի բազմամյա խոտաբույսեր են, ինչպես նաև քարաքոսերը (տունդրայում), կիսաթփերը (տունդրային, կիսաանապատային, անապատային գոտիներում)։ Բնական արոտավայրերը նախկին ԽՍՀՄ-ում զբաղեցրել են շուրջ 600 միլիոն հեկտար և տարածված էին տունդրային, անտառային, տափաստանային, կիսաանապատային, անապատային և լեռնային գոտիներում։

Արհեստական արոտավայրեր ստեղծում են ցածր բերքատու հողատարածություններում՝ ցանելով թիթեռնածաղկավոր և հացազգի խոտաբույսեր։ Գյուղատնտեսական կենդանիներին արոտավայրեր են տեղափոխում, երբ բույսերը վեգետացիոն վաղ փուլում են։ Արոտային պահվածքի ժամանակ գյուղատնտեսական կենդանիները սնվում են սպիտակուցներով, ածխաջրերով, վիտամիններով, հանքային աղերով հարուստ, դյուրամարս և տնտեսության համար էժան կանաչ կերով։ Կենդանիների օրգանիզմը ավելի դիմացկուն է դառնում զանազան հիվանդությունների նկատմամբ, բարձրանում է մթերատվությունը, ստեղծվում են բարենպաստ պայմաններ առողջ սերնդի ստացման և մատղաշի աճի ու զարգացման համար։ Արոտային պահվածքի տևողությունը կախված է բնակլիմայական պայմաններից և կենդանու տեսակից։

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «արոտավայր» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png