Խոտաբույսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Grass summer.jpg

Խոտաբույսեր, բարձրակարգ բույսերի կենսական ձև: Խոտաբույսերը ունեն ցողուն և տերևներ, որոնք հողի մակերևույթին վեգետացիոն շրջանի վերջում ոչնչանում են: Նրանք հողի մակերևույթին չեն առաջացնում փայտացած ցողուն[1]: Խոտաբույսերը բաժանվում են միամյաների, երկամյաների և բազմամյաների[2]: Որոշ համեմատաբար արագ աճող խոտաբույսեր (հատկապես միամյաներ) հանդիսանում են պիոներ-բույսեր, որոնք այդ տարածքի առաջին ապրողներն են, և նրանք են որոշում բուսատեսակների անագենեզը: Մյուս բուսատեսակները ձևավորում են կայուն կենսամիջավայրերի հիմնական բուսականությունը` զարգանալով, օրինակ՝ անտառի հողամերձ հարկում կամ բնական բաց կենսամիջավայրում` մարգագետին, աղակալած հողեր, անապատ:

Հիմնական բնութագրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Трава (2015).JPG

Այս կենսաձևի գլխավոր բնութագրիչը վերգետնյա ձմեռող բազմամյա մասերի բացակայությունն է: Այս առանձնահատկությունը, անշուշտ, ավելի վերաբերում է հյուսիսային եղանակային կլիմային հարմարված բույսերին: Հարավային անապատներում կամ արևադարձներում այս հատկությունը մեծ վերապահումներով է կիրառվում: Այսպես, արևադարձներում, ուր չկա ձմեռ, չկան չոր սեզոններ, խոտաբույսերը կարող են ունենալ բազմամյա վերգետնյա մասեր և մեծ չափերի հասնել: Խոտաբույսերի ճիշտ տարբերակման համար կենսաբանները կիրառում են այլ հատկանիշներ՝ վերգետնյա փայտացած մասերի բացակայություն, դրանց հյութալիություն, փափկություն (շատ պարենքիմա), թույլ արտահայտված կամբիումի շերտ և երկրորդային հաստացման հնարավորության բացակայություն, խիստ պարենքիմացված փոխադրող համակարգ և այլն: Այնուամենայնիվ, բոլոր այս հատկանիշները ոչ միշտ են աշխատում: Այսպես, ցողունի փայտացումը այս կամ այն չափով հատկանշական է շատ խոտաբույսերի համար, ծառերի և թփուտների մոտ հանդիպում են փափուկ ցողունով, գրեթե խոտային ձևեր: Գործը բարդացնում է և այն, որ խոտային և փայտացողուն բույսերի միջև գոյություն ունեն անցումային ձևեր: Խոտաբույսերը առաջացնում են արմատային համակարգ , ընձյուղ (ցողուն, տերևներ), ծաղիկ:

Բազմամյա խոտաբույսերի մոտ գետնի վրա սողացող ընձյուղները կամ ստորգետնյա ընձյուղները ապրում են մի քանի տարի, իսկ վերգետնյա ընձյուղները՝ մեկ տարի: Վերգետնյա ընձյուղները չեն փայտանում և ոչնչանում են ամբողջովին, նոր ընձյուղներն առաջանում են վեգետատիվ բողբոջներից:Միամյա խոտաբույսերը ամբողջովին ոչնչանում են վեգետատիվ շրջանի վերջում կամ ծաղկումից և պտղակալումից հետո, հետո նորից ծլում են սերմերից[3]: Միամյաները մեկ վեգետատիվ շրջանում անցնում են իրենց կենսական ցիկլը՝ ծլում են սերմերից, ծաղկում են, պտղակալում են և ոչնչանում: Վաղ գարնանայինների մոտ սերմերը ծլում են գարնանը, ամռանը պտղակալումից հետո բույսերը ոչնչանում են: Ձմեռող միամյաների սերմերը ծլում են աշնանը, բույսերը ձմեռում են նոր ծլած մերձարմատային տերևներով կարճացած ընձյուղով, հաջորդ տարի ծաղկում են, պտղակալում են, ապա ոչնչանում:

Երկամյա խոտաբույսերը ապրում են երկու տարի: Առաջին տարում զարգանում են վեգետատիվ օրգանները, երկրորդ տարում ձևավորվում է ծաղկային ընձյուղը: Ծաղկումից և պտղակալումից հետո երկամյաները ոչնչանում են: Երկամյաները ցողունի հիմքում առաջին տարվա տերևների առկայությամբ տարբերվում են միամյաներից, իսկ կոճղարմատների, պալարների, սոխուկների բացակայությամբ տարբերվում են բազմամյաներից:

Երկամյա և բազմամյա խոտաբույսերի ցողունները վեգետացիոն շրջանի վերջում ոչնչանում են, ստորգետնյա կամ գետնամերձ մասերը ձմեռում են: Նոր ցողունները, կաուդեքսը( ցողունի գետնամերձ հաստացած մասը), ընձյուղի ստորգետնյա ձևափոխությունները՝ սոխուկները, պալարները արմատապալարները, ստոլոնները, ձևավորվում են ստորգետնյա կամ գետնամերձ մասերի կենդանի հյուսվածքներից: Երկամյա խոտաբույսեր են ցանովի գազարը, վայրի գազարը, սովորական խաչխոտը: Բազմամյա խոտաբույսեր են քաջվարդը, անանուխը, առվույտը, պտերների մեծ մասը և խոտաբույսերի մեծ մասը: Ի տարբերություն բազմամյա խոտաբույսերի, բազմամյա բույսերը կամ փայտացողուն բույսերը ունեն վերգետնյա փայտացած ցողուն, որը ձմեռում է, հաջորդ գարնանը ընձյուղները աճում են վերգետնյա մասերից: Դրանք են ծառերը, թփերը, թփուտները, լիանները:

Խոտաբույսերի դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոտաբույսերն իրենց հերթին բաժանվում են.

Սիխոտե-Ալինում խոտածածկը բարձրանում է մինչև 3,5մետր

Խոտաբույսերի չափեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոտաբույսերի չափերը սկսվում են մի քանի միլիմետրից և հասնում են մինչև մի քանի մետրի: Սիխոտե-Ալին լեռներում խոտածածկը բարձրանում է մինչև 3-3,5 մետր: Կան և յուրահատուկ հսկա խոտաբույսեր:

Բանանը /Musa/ ամենաբարձրահասակ և հզոր խոտաբույսերից է, նրա բարձրությունը կարող է հասնել մինչև 15 մետրի և շատերս նրան դիտարկում ենք որպես ծառ: Բայց նրա հզոր ցողունը բուն չի հանդիսանում: Ամենաբարձրահասակ խոտաբույսեր են համարվում որոշ բամբուկներ, որոնց բարձրությունը հասնում է մինչև 35 մետրի: Դրանց ցողունը ծղոտ է:

Նշանակություն և օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համեմունքներ՝ չաման, խնկածաղիկ, հազրեվարդ

Մարդը հնագույն ժամանակներից և′ կենցաղում, և′ տնտեսական նպատակներով օգտագործում է խոտաբույսեր: Լայն մասշտաբներով օգտագործվում է որպես սնունդ (կաղամբ, գազար, ճակնդեղ, բողկ, ձմերուկ, սեխ, ավելուկ, հազար և այլն), կերակուրները համեմելու համար (չաման, սամիթ, մաղադանոս, անանուխ, ռեհան, սխտոր), բուժական նպատակներով (երիցուկ դեղատնային, անանուխ, եղեսպակ, եզան լեզու, նարդոս, օշինդր և այլն), ամենատարբեր կրոնական ծիսակատարություններում, ինչպես նաև որպես անասնակեր (առվույտ, կորնգան,գարի, եգիպտացորեն):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gray’s Manual of Botany, American Book Co. 1889
  2. Herbaceous Plant ID Lab
  3. Levine, Carol. 1995. A guide to wildflowers in winter: herbaceous plants of northeastern North America. New Haven: Yale University Press. page 1.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Трава // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.