Jump to content

Սամիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամիթ
Սամիթ
Սամիթ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ցեղ Anethum
Տեսակ Սամիթ (A. graveolens)
Միջազգային անվանում
Anethum graveolens

Սամիթ, բաղբակ, տերաղոթիկ, տերաղոթի, սամիթ բուրավետ (լատին․՝ Anethum graveolens), նեխուրազգիների ընտանիքին (Apiaceae) պատկանող միամյա տերևաբանջար։ Օգտագործվում է որպես թարմ կանաչի, որպես համեմունք՝ վարունգի և այլ թթուների մեջ, իսկ ձմռան ժամանակ կերակուրների մեջ օգտագործվում է չորացված սամիթը։

Սերմերն հարուստ են եթերային յուղով, որն ակտիվորեն օգտագործվում է հրուշակեղենի, պահածոների և բուրումնավետ օճառների արտադրության մեջ[1]։ Նույն եթերայի յուղն ավելի քիչ չափաբաժնով առկա է նաև սամիթի տերևների և ցողունի մեջ, որով էլ պայմանավորված է բույսի առաձնահատուկ հոտը։

Սամիթաջուրը բժշկության մեջ լայնորեն օգտագործվում է երեխաների ստամոքսային ցավերը մեղմացնելու, ինչպես նաև առաջացած գազերը հեռացնելու համար։ Սամիթի տերևները հարուստ են A և C վիտամիններով։

Բուսաբանական նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սամիթի սերմերի տեսքը

Նեխուրազգիների (Apiaceae) ընտանիքին պատկանող միամյա բույս է, որն ունի առանցքային և բավականին լավ ճյուղավորված արմատներ։ Ցողունը կանգուն է, ճյուղավորված, կլոր, հարթ և առանց թավի հասնում է մինչև 120-150 սմ բարձրության։

Սամիթի տերևները հերթադիր են, եռակի-փետրաձև, նեխ ասեղնաձև բլթակներով կտրտված։ Տերևների գույնը տատանվում է դեղնականաչից մինչև մուգ կապտականաչ։ Ստորին տերևները կոթունավոր են, իսկ վերինները՝ նստադիր։ Ծաղկափթթությունը բարդ հովանոց է, բաղկացած փոքր հովանոցներից։ Բազմաճառագայթ հովանոցներում դասավորված ծաղիկները դեղին են, մանր ձվաձև կամ էլիպսաձև պտուղները՝ կողավոր երկսերմիկներ[2]։ Ծաղիկները երկսեռ են, բաղկացած 5 բաժակաթերթերից, 5 դեղնագույն պասկաթերթերից, 5 առէջներից և 2 միաձույլ վարսանդից։ Սերմերը կլոր-ձվաձև են, տափակ, թեփուկանման եզրով, բազ մոխրագույն կամ բաց դարչնագույն։ 1000 սերմը կշռում է 1,7-1,8 գ։ Ծլունակությունը պահպանվում է 2-3 տարի։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայրի պայմաններում աճող մշակովի բույս է, որը որպես մոլախոտ հանդիպում է նաև ցանքսերում և ճանապարհների եզրերին։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակով օգտագործվում են սամիթի՝ յուրահատուկ հաճելի հոտ և քաղցրավուն թունդ համ ունեցող տերևներն ու սերմերը։ Սամիթի պատրաստուկները նպաստում են նյութափոխանակության բարելավմանը։ Սամիթն ու սերմերից ստացվող եթերայուղերը օգտագործվում են սննդարդյունաբերության մեջ[2]։

Սամիթի թարմ, նոր չորացված տերևները լայնորեն օգտագործվում է որպես կանաչի։

Սամիթը և քեմոնը աչքի են ընկնում յուրահատուկ բուրմունքով, ուստի լայն համեմունքային օգտագործում ունեն տարբեր ճաշատեսակների մեջ (բորշչ, պահածոյացված սաղմոն և այլն), ինչպես նաև մարինադ վարունգի պատրաստման մեջ[3]։

Սամիթը առավելապես թարմ վիճակում է օգտագործվում, քանի որ չորացման հետ զուգընթաց արագորեն կորցնում է իր առանձնահատուկ բույրը, որը, սակայն, կարող է պահպանվել լիոֆիլիզացիայի (սառցաչորացում) դեպքում։

Ձկնամթերքները մեծ մասամբ մատուցվում են սամիթի հետ միասին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մ. Գ. Քեյնս (1912). «Խոհանոցային կանաչիներ։ Մշակումը, հավաքը և օգտագործումը» (անգլերեն). «Օրինջ ջադ քամփընի».
  2. 2,0 2,1 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
  3. «Սննդամթերքների էջերը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Անդրեաս Մելիքյան, «Բանջարաբուծություն» Երևան, 2005 - ISBN 99941-47-04-8

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամիթ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամիթ» հոդվածին։
Ընթերցե՛ք «սամիթ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։