Բորշչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox mets.png
Բորշչ
Russian borscht with beef and sour cream.jpg
Russian cuisine
Տեսակ սննդամթերք
Ենթատեսակ ապուր
Borscht Վիքիպահեստում

Բորշչ (ուկր.՝ борщ), արևելյան սլավոնների խոհանոցին պատկանող ավանդական ապուրի տեսակ։ Այն ռուսների, ուկրաինացիների, բելառուսների, լեհերի և այլ հարևան ազգերի առաջին ճաշատեսակն է։

Բորշչն ի սկզբանե տարածված է եղել Կիևյան Ռուսիայի տարածքում, սակայն ներկայումս գտել է առավել մեծ տարածում և պատրաստման բազմազանություն։ Ռուսաստանում բորշչը հիշատակվում է 16-17-րդ դարերից։ Այն սիրված կերակուր էր նույնիսկ Եկատերինա II-ի և Ալեքսանդր II-ի կողմից։

Բորշչի պատրաստման միայն իրենց յուրահատուկ նրբություններ և հատուկ բաղադրատոմսեր ունեն և լեհերը, և ռուսները, և ուկրաինացիները, ինչպես նաև լիտվացիները, ռումինացիներն ու բելառուսները։ Բորշչի հստակեցված բաղադրատոմս, որպես այդպիսին, գոյություն չունի։

Բորշչի համար որպես հումք, օգտագործում են կարտոֆիլ, կաղամբ, լոլիկ, գազար, սոխ, մաղադանոս, սամիթ և անպայման ճակնդեղ (բազուկ, տակ), որի շնորհիվ բորշչն ստանում է մուգ կարմիր գույն։ Այն եփում են մսի կամ ոսկրամսի արգանակով, չնայած այն հանգամանքին, որ պատմականորեն բորշչը գյուղացիական հասարակ կերակուր էր և նրա մեջ միս ավելացվում էր միայն տոնական օրերին։ Ծոմ պահելիս բորշչը եփում էին առանց մսի, միայն արևածաղկի ձեթով, սնկով, հաճախ նաև ձկնեղենով: Մատուցելիս ավելացվում է նաև թթվասեր, բացառությամբ մի քանի տարատեսակների։ Ամռանը պատրաստում են նաև սառը բորշչ, որի հիմքը մարինացված կամ խաշած ճակնդեղն է։ Դրան ավելացնում են կաթնաթթվային այլ սննդամթերքներ, թարմ սամիթ, կանաչ սոխ, մաղադանոս և սխտոր: Պատրաստելուց հետո ավելացնում են նաև թթվասեր և եփված ձու: Բացի հիմնական հումքից (ճակնդեղ, կարտոֆիլ, կաղամբ, լոլիկ), տարբեր վայրերում օգտագործում են նաև լոբի, դդմիկ, շաղգամ, խնձոր, որպես համեմունք՝ պղպեղ, նեխուր, դափնետերև, ծոթրին, բոխնի, ռեհան, խնկածաղիկ, թարխուն և այլն։

Բորշչը թանձր ապուր է։ Այն եփելուց հետո ցանկալի է թողնել մի քանի ժամ և հետո մատուցել։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]