Սխտոր
Սխտոր,Խստոր | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Allium sativum
| ||
|
Սխտոր (Allium sativum), միամյա, վեգետատիվ ճանապարհով բազմացող բանջարային մշակաբույս, որի մշակովի տեսակները լայն տարածում ունեն սննդի, երշիկի ու պահածոների արդյունաբերության և ժողովրդական բժշկության մեջ։ Օգտագործվում է թարմ վիճակում ծանրամարս կերակուրների հետ որպես համեմունք, թթուների ու պահածոների մեջ՝ որպես յուրահատուկ համ ու բույր տվող համեմունք, և երշիկի արդյունաբերության մեջ՝ որպես հականեխիչ ազդեցություն ունեցող նյութ։
Սխտորի հյութի ֆիտոցիդներն ունեն առավել ուժեղ բակտերիասպան հատկություն, քան սոխինը։ Ժողովրդական բժշկության մեջ սխտորը վաղուց հայտնի է եղել որպես տարափոխիկ հիվանդությունների հարուցիչների ոչնչացնող և համաճարակային հիվանդություններից պաշտպանվելու միջոց։
Սխտորի քիմիական կազմը կախված է դրա տեսակից, մշակման վայրից ու ագրոտեխնիկայից։ Սխտորի քիմիական կազմի մեջ մընում են 64,66 % ջուր, 35,34 % չոր նյութ (ընդ որւոմ՝ ածխաջրեր-26,31 %, սպիտակուցներ-6,67 %, ճարպ-0,06 %, թաղանթանյութ-0,77 %) և 1,44 % մոխիր։ Սխտորն հարուստ է նաև C վիտամինով։ Հանքային տարրերից սխտորը պարունակում է կալցիում, մագնեզիում, մոլիբդեն, պղինձ, կոբալտ, վանադիում, ֆոսֆոր, ծծումբ, քլոր և անագ։ Ունի բարձր կալորիականություն. մեկ կիլոգրամը տալիս է 1300 կալորիա էներգիա։
Սխտորի հետ կապված հավատալիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժողովրդական հավատալիքներում սխտորը բավականին շատ է ներկայացված, երբեմն նրան վերագրվում են գերբնական հատկություններ, երբեմն կապում են չար ուժերի հետ։ Կենտրոնական Եվրոպայի ժողովուրդները հավատում են, որ սխտորն ունի վամպիրներին ու չարքերին վանելու հատկություն և այդ նպատակով պատուհաններից կախում են սխտոր։ Չեխերի մոտ ընդունված կարծիք կա, որ տանիքին դրված սխտորը տունը պաշտպանում է կայծակից։
Որպես սնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագույն ժամանակներից սխտորը համարվում է կերակրի անբաժան մասը։ Հրեաներն այն համարում են սուրբ ուտելիք։ Ճապոնացիներն ու կորեացիները բարձր ջերմաստիճանում թթու դնելով ստանում են, այսպես կոչված «սև սխտոր», որը հիմա լայնորեն տարածված է Արևմուտքում։ Հայերիս մոտ սխտորն անբաժան մաս է կազմում խաշ ուտելու արարողության ժամանակ։ Թփով տոլմայի հետ մատուցվում է «սխտորմածուն»։ Ճաշի հետ սխտոր օգտագործելուց մի փոքր իջնում է մարդու զարկերակային ճնշումը և առաջացնում է քնելու ցանկություն։
Բուժիչ նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին Հռոմում սխտորը հոգնածությունը վերացնելու, ուժերը վերականգնելու միջոց է եղել։ Օգտագործվել է ծեծած սխտորի, աղի, պանրի և գնձի տերևների խառնուրդը։
Միջին դարերում Գերմանիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում և Եվրոպայի մյուս երկրներում այն համարվել է խոլերայի, որովայնային տիֆի համաճարակների ժամանակ օգտագործվող ամենաարդյունավետ միջոցը։
Եվրոպայում սխտորով բուժել են աղիքային և թոքային պալարախտը, դիֆթերիան, տիֆը, արնալուծը։
Ռուսաստանում օղու մեջ թրմած սխտորն օգտագործել են երիկամների և միզապարկի քարերի բուժման նպատակով։
Սխտորի յուղը Եվրոպայում և Կուբայում կիրառել են դեղնախտը բուժելիս։
Շատ այլ ժողովուրդների մոտ սխտորի քերուկով պաշտպանվել են օձերի խայթոցի թունավոր ազդեցությունից։ Իսկ հնդիկ բժիշկները դիֆթերիայով, տենդով, բծավոր տիֆով, որովայնային տիֆով հիվանդներին խորհուրդ են տվել բուժման ընթացքում անընդմեջ օգտագործել սխտոր։ Նույն խորհուրդը տվել են նաև հին բուսաբույժները՝ անքնության, գլխացավի և կլիմակտերիկ նևրոզների բուժման համար։
Որպես հարբուխից պաշտպանվելու միջոց օգտակար է եղել շնչել մանրացված սխտորի բույրը։
Հին ժամանակներից Կովկասում, որպեսզի կանխարգելեն մրսածությունն ու վարակիչ հիվանդությունները, պարանոցից կախել են կարմիր կտորից կարած սխտորի պճեղներով լի քսակ, իսկ գիշերը քնել են ուրցի տերևներով լցված ներքնակի վրա։
Երգիչներին, ձայնի հնչեղութան համար, խորհուրդ են տվել ամեն օր սոված ուտել հում կամ եփած սոխ ու սխտոր։
Ձայնի կորուստի կանխման նպատակով սոված կերել են խորոված սխտոր։
Դեռ Հիպոկրատը իր ժամանակին որպես հակամանրէային վարակի դեմ պայքարելու միջոց խորհուրդ է տվել սխտորի ածուխը խառնել բուական յուղի հետ և օգտագործել թարախային վերքերը բուժելիս։
Օղու մեջ թրմած սխտորը օգնում է հոդատապի, հոդացավի, երիկամներում և միզապարկում առաջացած քարերի տարրալուծմանը։ Այն լավացնում է ընդհանուր նյութափոխանակությունը և բոլոր անոթները դարձնում առաձգական։ Կանխարգելում է հիպերտոնիայի, սրտամկանի ինֆարկտի, ստենոկարդիայի, սկլերոզի և զանազան ուռուցքների առաջացումը, անցկացնում է գլխացավը, ականջների աղմուկը և վերականգնում է տեսողությունը[1]
Մշակումը և արտադրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սխտորը մշակվում է բոլոր աշխարհամասերում։
2010 թ. սխտոր արտադրող երկրների վերին տասնյակը | ||||
---|---|---|---|---|
Երկիրը | Արտադրության ծավալը՝ | |||
Չինաստան | 13 664 069 | ՊԳԿ[2] | ||
Հնդկաստան | 833 970 | |||
Հարավային Կորեա | 271 560 | |||
Եգիպտոս | 244 626 | |||
Ռուսաստան | 213 480 | |||
Մյանմա | 185 900 | ՊԳԿ[2] | ||
Եթովպիա | 180 300 | ՊԳԿ[2] | ||
ԱՄՆ | 169 510 | |||
Բանգլադեշ | 164 392 | |||
Ուկրաինա | 157 400 | |||
Ամբողջ աշխարհում | 17 674 893 | A | ||
Աղբյուրը՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն[3] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բուսաբուժության փոքր հանրագիտարան, Բնությունը՝ հարուստ դեղատուն, «Չինար» հրատարակչություն, 2007
- ↑ 2,0 2,1 2,2 ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գնահատված տվյալներով
- ↑ «Major Food And Agricultural Commodities And Producers - Countries By Commodity». Fao.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սխտորի պճեղներ
-
Սխտորի աճեցում տնային պայմաններում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Allium sativum Արխիվացված 2018-10-03 Wayback Machine
- Սխտորի մասին
Ընթերցե՛ք «սխտոր» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սխտոր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սխտոր» հոդվածին։ |
|