Ինֆարկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարդն ինֆարկտի ժամանակ (գեղանկար)

Ինֆարկտ (լատ.՝ infarcire-դաջել, նախշել), օրգանում կամ հյուսվածքում մեռուկի օջախ, որը ծագում է արյան շրջանառության դադարի, այսինքն՝ իշեմիայի հետևանքով։ Ուստի ինֆարկտն անվանում են նաև անոթային կամ իշեմիկ մեռուկ։ Ըստ էության ինֆարկտը իշեմիայի հետևանք է և նրա ծայրագույն արտահայտությունը։

Ինֆարկտի տեսքը և նրա կազմությունը կարող են տարբեր լինել։

Հաճախ ինֆարկտները լինում են սեպաձև։ Սեպի հիմն ուղղված է պատիճի կողմը, սուր մասը՝ օրգանի դրունքի կողմը։ Այս ձևի ինֆարկտները առաջանում են փայծաղում, երիկամներում, թոքերում, որոշվում է այդ օրգանների անոթակերտվածքով՝ դրանց զարկերակների ճյուղավորումով՝ գլխավոր տիպով։ Հազվադեպ ինֆարկտներն ունենում են անկանոն ձև։ Այդպիսի ինֆարկտները հանդիպում են սրտում, ուղեղում, աղիներում, այսինքն՝ որտեղ գերակշռում է զարկերակների ոչ թե գլխավոր, այլ ճյուղավորման խառը կամ ցրիվ տիպը։ Ինֆարկտը կարող է ընդգրկել օրգանի մեծ մասը կամ օրգանն ամբողջությամբ կամ հայտնաբերվում է մանրադիտակի տակ։