Աղվեսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աղվես (այլ կիրառումներ)
Աղվեսներ
Աղվեսներ
Աղվեսի ենթատեսակներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Աղվեսներ
Լատիներեն անվանում
Vulpes
Տեսակներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180603
NCBI 9625

Աղվեսներ (լատ.՝ Vulpes), շնազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասունների ցեղ։ ՀՀ բոլոր մարզերում տարածված է աղվես սովորականը (V. vulpes), որն ունի 2 ենթատեսակ՝ աղվես անդրկովկասյան և աղվես հայկական։ Բնակվում են գետնափոր բներում (յուրաքանչյուր բույն ունենում է մի քանի բնանցք), որը կառուցում են բլրալանջերին, զբաղեցնում գորշուկի հին բույնը կամ թաքնվում են ժայռաճեղքերում և այլ բնական թաքստոցներում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղվեսները ավելի փոքր են, քան միջին չափի ընտանի շունը, բնութագրվում են երկար նեղ մռութով, և խիտ պոչով։ Աղվեսի մարմինը ձգված է (երկարությունը՝ մինչև 90 սմ), պոչը թավ է (երկարությունը՝ 40–60 սմ), կենդանի զանգվածը՝ 5–8 կգ։ Մազածածկը խիտ է, փափուկ՝ գորշադարչնավուն, հարդակարմրադեղնավուն և այլ երանգներով։ Բուծվում են արծաթափայլ բարձրարժեք մորթի ունեցող աղվես։ Ականջների արտաքին մասը սև է, ոտնաթաթերի տակը՝ մորթապատ։

Մայր աղվեսը ձագի հետ

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղվեսները խելացի, խորամանկ ու ճարպիկ կենդանիներ են։ Եթե պետք է փրկել սեփական կյանքը կամ սնունդ հայթայթել, աղվեսն իր հնարամտությամբ գերազանցում է շատ կենդանիների, բայց երբեմն, հետաքրքրասիրությունից դրդված, նա «արհամարհում» է զգուշությունը։ Փորձանքից աղվեսին հեռու են պահում նրա քողարկվելու հմտությունը, սուր լսողությունը, տեսողությունը և հատկապես հոտառությունը. թշնամու հոտը նա զգում է դեռ հեռվից և հասցնում է ժամանակին փախչել կամ թաքնվել։ Իսկ լսողությունն օգնում է կեր հայթայթելիս։ Ձմռանն աղվեսն ականջ է դնում ձյան տակ վազվզող մկներին և, նույնիսկ ամենաթույլ ծվծվոց լսելով, կարողանում է գտնել նրանց։

Տարածվածությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղվեսն ապրում է գետնափոր բներում (կառուցում է բլրալանջերին), զբաղեցնում գորշուկի և այլ կենդանիների բները կամ թաքնվում է ժայռաճեղքերում և այլ բնական թաքստոցներում։ Հաճախ ապրում է բնակավայրերից ոչ հեռու։ Աղվեսը Տարածված է բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից, իսկ Ավստրալիա տարել են Եվրոպայից։ Հայտնի է 9 տեսակ, ՀՀ-ում հանդիպում է մեկը՝ սովորական աղվեսը՝ 2 ենթատեսակով՝ անդրկովկասյան և հայկական։ Գազանաբուծական տնտեսություններում բուծում են արհեստական ճանապարհով ստացված սև արծաթափայլ բարձրարժեք մորթի ունեցող աղվեսներ։ ՀՀ-ում նման տնտեսություն կա Լոռու մարզում։

Սնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղվեսը սնվում է նապաստակներով, գորտերով ու մողեսներով, խոշոր միջատներով (առավելապես՝ մորեխներով), երբեմն կարող է ավերել գետնին ապրող թռչնի բույնը։ Սակայն նրա հիմնական կերը մկներն ու մանր կրծողներն են (դաշտամկներ, ավազամկներ, ճագարամուկ, առնետ և այլն)։ Տարվա ընթացքում աղվեսը ոչնչացնում է մի քանի հազար մկնանման վնասատու կրծողներ, իսկ ձագերի հետ՝ երկու-երեք անգամ ավելի։ Դրանով նա մեծ օգուտ է բերում, որովհետև այդ կրծողները մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Ամռանն աղվեսը սնվում է բույսերի որոշ տեսակներով։ Ակտիվ գործում են օրվա բոլոր ժամերին, առավելապես՝ լուսաբացին և մայրամուտին։ Ապրում են 15 տարի։

Բազմացումը և ձագերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտղուցի շրջանում (հունվար-փետրվարին) արուների միջև տեղի է ունենում պայքար էգին տիրելու համար։ Հղիությունը տևում է 52-56 օր։ Այդ ընթացքում արուն չի հեռանում էգից, մաքրում է նրա վրայի մակաբույծները, թարմացնում բույնը, կեր հայթայթում և այլն։ Ունենում են 4-6 (երբեմն՝ 12) ձագ։ 17-19 օրական ձագերը կարող են դուրս սողոսկել բնից, երկար ժամանակ խաղալ բնի շրջակայքում, իսկ վտանգի դեպքում՝ անմիջապես թաքնվել։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական Հանրագիտարան , Աղվես

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «աղվես» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png