Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (Վանաձոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Վանաձոր, Հայաստան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԳուգարաց թեմ
Կազմված էԳերեզմանոց, Խաչքար` նվիրված 1988 թ. երկրաշարժի զոհերին, Խաչքար` նվիրված Արցախի հերոսամարտի զոհերին և Եկեղեցի Սբ. Աստվածածին
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1831
Քարտեզ
Քարտեզ

Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար Հայաստանի Վանաձոր քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին հիմնադրվել է 1831 թվականին, մեծահամբավ հարյուրապետ Փիրուման Յուզբաշ Թայիրովի կողմից։ Եկեղեցու պատերից մեկի արձանագրության մեջ Փիրուման Յուզբաշը գրել է.

Ես կառուցեցի այս եկեղեցին՝ սուրբ Մարիամ Աստվածածինը, որ քար քարի վրա էր մնացել…

Հստակ տարեթիվ հայտնի չէ, թե երբ է կառուցվել հին եկեղեցին (մինչ այս եկեղեցու կառուցվելը եղել է այլ եկեղեցի), սակայն կան տեղեկություններ, որ այն եղել է եկեղեցու բակում զետեղված խաչքարերի տեղանքում։ 1826 թվականին Ղարաքիլիսայում մեծ երկրաշարժ է տեղի ունեցել, որի ժամանակ եկեղեցին ավերվել է։ Սակայն Փիրուման Թայիրովը հին եկեղեցու քարերը գործածել է նորի կառուցման համար։ Փիրուման Թայիրովը ծնունդով էրզրումցի էր, եղել է Ռուսական կայսրության զինվորական, որը մեծ հարգանք է վայելել Ղարաքիլիսայում։

Նախքան եկեղեցու կառուցումը՝ 1828 թվականին, մոտ 3000 հոգի Արևմտյան Հայաստանից՝ հատկապես Էրզրումից և Մուշից, ներգաղթել են Արևելյան Հայաստան։ Մինչև 1826 թվականի երկրաշարժը Ղարաքիլիսայում բնակվում էր 500-600 մարդ։ Եկեղեցու բակում թաղված են շատ երևելիներ, մեծահարուստներ, օրինակ՝ Աբովյանները, Ղարագյոզյանները, Ղամբարյանները, Ջաղացպանյանները և մի շարք այլ ընտանիքներ, որոնք ներգաղթել էին։ Եկեղեցում թաղված են նաև հոգևորականներ, դրանցից են տեր Խորեն ավագ քահանա Խանզադյանը, Վազգեն ավագ քահանա Ղարագյոզյանը և այլք։ Եկեղեցու կառուցման տարիները համընկնում են կաթողիկոս Հովհաննես Կարբեցու կառավարման տարեթվերի հետ և հավանաբար հենց նա էլ օծել է եկեղեցին։ Իսկ այդ տարիներին եկեղեցու վարդապետն է եղել թեմի առաջնորդ Հարություն վարդապետը։

Եկեղեցին ունեցել և ունի բարերարներ։ Արձանագրություններ կան, որտեղ գրված են բարերարների անունները։ Ժամանակին եկեղեցու երեսապատման աշխատանքներում մեծ ներդրում է ունեցել վանաձորցի Բորիկ Մխիթարյանը։ Իսկ վերջերս ամենամեծ ներդրումն է ունեցել Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքավոր, գործարար Արմեն Մխոյանը։

Արմեն Մխոյանի ներդրմամբ եկեղեցին ամբողջովին վերանորոգվել է. կառուցվել են գավիթի աջ և ձախ կողմերի մատուռները, տեղադրվել են սրբապատկերներ, որոնք նախկինում չկային։ Իսկ եկեղեցու բակում գտնվող «Սրբոց Նահատակաց» պուրակում նրա շնորհիվ տեղադրվեց նաև 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակի հուշակոթողը։ Եկեղեցուն կից կան նաև շատ արձաններ, որոնք նվիրել են եկեղեցուն բարերարները։ Մարմարից պատրաստված հրեշտակը և երկու արձանները Աբովյաններն էին նվիրել եկեղեցուն, հայտնի չէ թե, որ թվականին, բարց գիտենք, որ այդ մարմարը բերվել է Իտալիայից և հավաքվել է Վանաձորում։ Աստվածածին եկեղեցու ամենահիշարժան բաց խորանը իր շրջանակով եղել է Աստվածածնի պատկերով, որը չգիտենք, թե որ թվականից է, սակայն վերջին ժամանակներում, բաց խորանի շրջանակի բացման ժամանակ հայտնաբերվել է մի գրություն, որտեղ ասվում է.

Վերանորոգվել է Յուլյա Միխայելովնա Թայիրանցու կողմից, Փարիզում, 1900 թվականին։

Սալահատակը պատրաստված է Գյումրիում, տեղի վարպետների կողմից, 1912 թվականին շնորհվել է եկեղեցուն։ Եկեղեցու այժմյան սրբանկարների հեղինակն է Խաչիկ Ղարաբեկյանը։

1836 թվականին, երբ ցարական Ռուսաստան հռչակած «Պոլոժենիայի» հիման վրա դպրոցներն անցնում են եկեղեցու իրավասության ներքո, Լոռի-Փամբակի գավառի Մեծ Ղարաքիլիսա քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին ևս դառնում է այն կենտրոնը, որի շուրջ, որպես մի փոքր կրոնական համայնք, համախմբվում են ղարաքիլիսցիները։ Ղարաքիլիսա անվանումը, որ սկզբնապես ունեցել է «սև քարերով կառուցված եկեղեցի՚ իմաստը (հատկապես գմբեթի և զանգակատան սև լինելու պատճառով), 18-19-րդ դարերին տեղի ունեցած ասպատակությունների շրջանում արդեն մեկնաբանվել է որպես թուրքերի դեմ մղված պայքարում այս եկեղեցու՝ նրանց համար սև եկեղեցի դառնալով։ Այս մասին ժողովրդական ավանդությունը պատմում է, որ թուրք փաշան (ենթադրում ենք՝ Հասան խանն էր) իր բանակով մտնում է քաղաք, ավերում այն և զորքը տեղավորում եկեղեցում՝ գիշերելու։ Ինքը մի քանի զորականների հետ տեղավորվում է քաղաքի մեծահարուստների տներում։ Հայ երիտասարդները, որ մինչ այդ պատսպարվել էին սարերում, այդ գիշեր իջնում և կոտորում են թուրքական զորքը։ Առավոտյան փաշան, տեսնելով իր զորքի կոտորածը, սարսափահար բացականչում է. «Ղարա քիլիսա (այսինքն՝ սև եկեղեցի), որ սևացրիր իմ բանակը»։ Հիշատակված ավանդության մեկնաբանությունը, լինելով ընդհանուր ժողովրդական, կրկնվում է նույնանուն մի շարք բնակավայրերում ևս։

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին 1800-ական թվականների վերջ - 1900-ական թվականների սկզբին

Ցավոք, Ղարաքիլիսայի վաղ շրջանի պատմության մասին մատենագրական վկայություններ չկան։ Ամենահին հիշատակությունը վերաբերում է 19-րդ դարի առաջին քառորդին։ Ղարաքիլիսայի մասին հիմնականում գրել են դիվանագիտական առաքելությամբ Հայաստանով անցած ռուս և արևմտաեվրոպական ուղեգրողները, որոնք աներկբայորեն հավաստում են այստեղ եղած հին եկեղեցու մասին։ Այսպես, Ջեյմս Մորիերը 1812 թ. գրում է. «Մի բարձունքի վրա գտնվում է մի հին հայ եկեղեցի, ուր կան մի քանի վանականներ»։

Այսպես, երբ գեներալ Երմոլովի՝ Պարսկաստան մեկնող դեսպանության անդամները՝ գլխավորությամբ Մորից Ֆոն Կոցեպունի, Ռոբերտ Կեր Փորտերի, 1817 թվականի ապրիլի 22-ին լինում են Ղարաքիլիսայում, հետևյալն են գրում եկեղեցու մասին. «Փամբակ գետը և նրա կամուրջը շուտով տեսնվում են և հեռվից Ղարաքիլիսե փոքրիկ ավանի եկեղեցին` շրջապատված լեռներով և բարձր եղևնի ծառերով։ Սա առնում է իր անունը Կարա (սև) և քիլիսա (եկեղեցի) բառերից։ Եկեղեցին տակավին մնում է»։ Ակնհայտ է, որ Ղարաքիլիսայի հնադարյան եկեղեցին, որը կառուցված էր միայն սև քարերից, մինչև 1825 թ. երկրաշարժից ավերվելը դեռևս կանգուն էր։

Ղարաքիլիսայի մասին հիշատակում է նաև Խաչատուր Աբովյանը, որը 1826 թվականի հուլիսին՝ պարսկական արշավանքի նախօրեին, գալիս է Ղարաքիլիսա։ Աբովյանը գրում է. «Քաղաքը բերդ և շրջապարիսպ չուներ։ Բնակիչների թիվը հասնում էր մոտավորապես հինգ-վեց հարյուրի, մեծ մասամբ հայեր, դրանց հետ նաև մի քանի մշտաբնակ ռուսներ, զինվորական ու քաղաքացիական պաշտոնյաներ և մի քանի հարյուր զինվոր։ …Մի խարխուլ, կիսաքարաշեն, կիսափայտաշեն եկեղեցի ծառայում էր հայերին` եկեղեցական արարողությունների համար»։ Այս նկարագրություններից երևում է, որ եկեղեցին 1810-1820-ական թվականներին արդեն կիսաքանդ և խարխլված է եղել, իսկ 1825 թվականի ավերիչ երկրաշարժից հիմնահատակ ավերվել է։ Այս վկայությունից կարելի է հանգել այն եզրակացության, որ թեև եկեղեցին ավերվել էր երկրաշարժի ժամանակ, սակայն ժողովուրդն իր հնարավորությունների սահմանում վերանորոգել էր այն, որպեսզի կարողանա իրականցնել իր եկեղեցական և ծիսական արարողությունները։

Հնադարյան եկեղեցու կառուցման մասին կան տարբեր կարծիքներ. 5-7-րդ դարեը կամ 13-րդ դար։ «Եկեղեցու բակում եղած տապանաքարերի չափսերի ու զարդանախշերի, մի քանի խաչքարերի զարդաքանդակների հորինվածքը և դեկորատիվ հարդարանքի համեմատական ուսումնասիրությունը թույլ են տալիս եզրակացնելու, որ հին եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում Զաքարյանների իշխանության շրջանում, թեև կան նաև այլ կարծիքներ (5-13-րդ դդ.)»։ Նոր եկեղեցին կառուցվել է 1831 թ. հնի հարևանությամբ՝ նրանից մոտ 10-15 մ դեպի հյուսիս՝ հարազատ մնալով նրա ճարտարապետական ոճին։ Ի դեպ, նոր եկեղեցու կառուցման ժամանակ չեն բավականացրել հին եկեղեցու սև քարերը, և շինարարներն օգտագործել են դեղնագույն քարեր, որոնք բերվել են Անի-Պեմզայից, իսկ սև տուֆը՝ Ղշլաղ գյուղի քարհանքից կամ այն ժամանակ ավելի մոտ գտնվող Սպիտակի տարածքի քարհանքներից։ Սուրբ Աստվածածին եկեղեցական համալիրը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Փամբակ և Տանձուտ գետերի միախառնման վայրում՝ բլրի վրա։ Ժամանակին և շինվածքին հատուկ՝ եկեղեցին ունի չորս սյունով զանգակատան ռոտոնդա, որը գտնվում է հենց շենքի վրա՝ արևմտյան մասում։ 10X15 մ բազիլիկ գմբեթավոր տիպի եկեղեցի է՝ ուղղանկյուն հատակագծի վրա արևելյան կողմում դուրս ցցված աբսիդով։ Տարածքին և ժամանակին հատուկ պարզ, անպաճույճ, նախշերից զուրկ կառույց է, որով և ընդգծվում է տեղի մշակույթի ճարատարապետական կոլորիտը։ Այն իր տարածքում ունի գերեզմանոց, որտեղ կան 13-14-րդ և 19-20-րդ դարերի շիրմաքարեր։ Եկեղեցու շրջակայքը հարուստ է բազմաթիվ խաչքարերով։ Բակի մուտքից աջ գտնվում է մեծահարուստ բարերարներ Աբովյանների տոհմական դամբարանը։ Այս գերեզմանոցում են թաղված Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանաները։ Համալիրի կենտրոնական մասում Սուրբ Աստվածածին եկեղեցին է, որի հարավարևմտյան մասում գտնվում է մատաղատունը, իսկ հարավում մատաղատանը կից կա տնտեսական կառույց։ Սրանք կառուցվել են 19-րդ դարում, որոնք, մասամբ վերակառուցվելով, ներկայումս ծառայում են որպես հովվատուն։

«Արևելյան մամուլում» հանդիպում ենք. «Եկեղեցին 31 թվականին շինուած է գիւղի հիւսիսային կողմը Բամպակաջրին վրա, ժողովրդի բազմութեան և կրօնասիրութեան նայելով՝ շատ փոքր է, բայց պատճառը շինութեան ժամանակ ժողովրդի սակաւութիւնն եղել է, եկեղեցւոյ մաքրութիւնը, պատշաճաւոր ժամասացութիւնը՝ քահանայից պաշտօնի և պարտաւորութեան սրբութեամբ կատարելուն գրավականն են»։

Վանաձորի համայնապատկերը և Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին 1900-1907 թվականներին

1828 թվականի Թուրքմենչայի և 1929 թվականի Ադրիանապոլսի պայմանագրերից անմիջապես հետո՝ 1830 թվականին, ի թիվս հազարավոր հայերի՝ Արևմտյան Հայաստանի Էրզրում քաղաքից իր մեծ գերդաստանով Արևելյան Հայաստան են ներգաղթել նաև Փիլուման Թայիրյանը և բնակություն հաստատել Ղարաքիլիսայում։ Նա և տեսնելով եկեղեցու կիսաքանդ և խարխուլ վիճակը՝ իր նախաձեռնությամբ ու մեծ նվիրաբերումով և այլոց մասնակի օժանդակություններով կառուցել է Վանաձորի այժմյան Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Այդ մասին հիշատակում է նաև Տեր Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը (այս հիշատակման ժամանակագրության մեջ, սակայն, անհամապատասխանություն կա). «Ի ներքին կողմն սոյն գեղջ ի գագաթ փոքրիկ բլրոյ կառուցեալ գոյր հոյակապ վանք յանուն սուրբ Աստուածածնի շքեղ կաթողիկե, մերձ որոյ և այլ որմունք այլոց հոյակապ եկեղեցւոյ շինեալ սրբատաշ քարամբք, միայն ի 1828 ամի Տեառն ի սաստիկ յերկրաշարժութենէ։ Միասին անկեալ հիմնովին կործանեցան, իսկ ի 1830 ամի աշխատասիրութեամբ պարոն Փիլումայ Թայիրեանց և արդեամբք հայ ազգի բնակչաց վերստին շինեցաւ կոփածոյ քարամբք նոր եկեղեցի ի վերայ չորից միաստանի քարեայ սեանց»։

Եկեղեցու շինարարության ավարտից հետո շինարար վարպետները, ի նշան երախտագիտության, Փիլումանի տան բակում՝ նրա գետնահարկ տան կողքին, որպես նվեր՝ կառուցում են երկհարկանի տուն։ Եկեղեցու կառուցման մասին արձանագրությունը մինչ օրս պահպանվում է գավիթը եկեղեցուն միացնող արևմտյան վեմին. «Ի թագաւորութեան Ռուսաց Նիկոլայ Պավլովիչին եւ ի Հայրապետութեան Ամենայն Հայոց Տ. Ն. Յօհանն Բ Կաթողիկոսին 1831 թ. Շինեցաւ Կաթողիկէ Սուրբ եկեղեցիս Յանուն Սուրբ Աստուածածնայ եւ յառաջնորդին մերոյ Յարութիւն վարդապետին, եւ յառաջ ի շարժմանէ փլուցաւ որ քար քարի վերայ [որ] ոչ մնաց, այժմ ողորմութեամբն Աստուծոյ ես Փիլումեան Իւզբաշս օգնականութեամբն ամենայն ժողովրդոց վերստին նորոգեցաք»։

Ղարաքիլիսայի բնակչության հոգևոր կյանքն ամբողջացել է ոչ միայն Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվող հոգևոր արարողություններով, ժողովրդական տոնախմբությամբ, այլև ուխտագնացություններով դեպի քաղաքին մոտ գտնվող սրբավայրերը՝ Վարդանլու գյուղի (այժմ՝ Խնձորուտ) Սուրբ Կիրակի մատուռը, Յաղուբլի գյուղի (այժմ՝ Գուգարք) մոտ գտնվող Սուրբ Սարգիս մատուռը, Բզովդալ գյուղից (այժմ՝ Բազում) 1.5 կմ հարավ գտնվող Կամակատար մատուռը և այլ սրբավայրեր։ Քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու գլխավոր ուխտագնացությունը լինում էր Տիրամոր Վերափոխման տոնին, քանի որ եկեղեցին կրում էր Ամենասրբուհի կույսի անունը։ Այս մասին «Արևելյան մամուլում» կարդում ենք. «Ղարաքիլիսայի եկեղեցին էլ, որ յանուն Ս. Աստուածածնի մեծ ուխտատեղի է, ուր շատ բազմութիւն կը հաւաքուի Վերափոխման տօնին»։

1911 թվականից պահպանված ցուցակը վկայում է, որ Մեծ Ղարաքիլիսայի Սուրբ Աստվածածին եկեղեցում ծառայել են Տեր Խորեն քահանա Խանզադյանց, Տեր Հովհաննես քահանա Մխիթարյանց, Տեր Սահակ քահանա Ազատիանց քահանաները։ 1853 թվականին Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հիմնվում է ծխական դպրոց։

Սուրբ Աստվածածին եկեղեցին Խորհրդային տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական կայսրության կործանումից և Հայաստանի առաջին Հանրապետության կարճատև գոյությունից հետո (1918-1920)` խորհրդային առաջին տարիներին, սկիզբ դրվեց ազգային և հոգևոր արժեքների ոչնչացմանը։ Հայոց Եկեղեցին ծանր հարվածներ կրեց, նրանից խլվեցին բոլոր վանքերն ու եկեղեցիները, կալվածքները։ Խորհրդային շրջանում (մինչև 1990 թ.) միայն Լոռու տարածքում էին գործում եկեղեցիներ` Վանաձորի Սուրբ Աստվածածին և Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցիները՝ երեք հոգևորականներով։ Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու բնականոն գործունեությունը վերականգնվում է 1950-ական թվականների կեսերին։

1964 թ. Վազգեն Ա կաթողիկոսի հայրապետության օրոք Շիրակի և Լոռու թեմի առաջնորդ Մաշտոց եպիսկոպոս Թաջիրյանի և Կիրովականի հոգևոր հովիվների՝ Տեր Վազգեն քահանա Ղարագյոզյանի ու Տեր Զավեն քահանա Մոսկովյանի նախաձեռնությամբ ժողովրդի ծախսերով նորոգվում է Սուրբ Աստվածածին եկեղեցու Սուրբ Խորանը՝ ֆիլզիտ քարով։ Նույն թվականի հոկտեմբերի 18-ին՝ շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո, Տեր Մաշտոց եպիսկոպոս Թաջիրյանը կատարում է Սուրբ Սեղանի օծման արարողություն։ 1966 թվականին սև քարով կառուցվում է եկեղեցու գավիթը, կատարվում են եկեղեցի տանող ճանապարհի վերանորոգման աշխատանքներ։ 1973 թ. պատկերազարդվում է Սուրբ Սեղանը (նկարիչ` Հենրիկ Մամյան

1985 թվականին սկսվում և 1986 թվականին ավարտվում է եկեղեցու մուտքի քարաշեն կամարի կառուցումը։ 1988-1990 թթ. անց է կացվում եկեղեցու ջեռուցման նոր համակարգ։ 1989 թ. եկեղեցու արևմտյան մասում տեղադրվում է խաչքար` «Ի հիշատակ էրգրից գաղթածների ի կարոտ պապենական հողի»։

Սուրբ Աստվածածին եկեղեցին Հայաստանի անկախացումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հաստատվեց Գուգարաց թեմը՝ իր մեջ ընդգրկելով այսօրվա Տավուշի մարզն ամբողջությամբ և նախկին Թումանյանի շրջանը (առաջնորդական նստավայրը՝ Դիլիջան քաղաքը)։ 1996 թ. հունիսին Վեհափառ հայրապետի բարձր տնօրինությամբ Գուգարաց թեմի առաջնորդ է նշանակվում հոգեշնորհ Սեպուհ վարդապետ Չուլջյանը, ով ուղիղ մեկ տարի անց՝ 1997 թվականի հունիսին, Ամենայն Հայոց հայրապետի ձեռամբ օծվում է եպիսկոպոս։ 1997 թ. թեմակալ առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային մասում գտնվող տնտեսական շինությունը վերակառուցում և մինչև 2000 թվականը ծառայեցնում է որպես առաջնորդի նստավայր։ Գուգարաց թեմի նորանշանակ առաջնորդ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի նպատակասլաց գործունեության արդյունքում եկեղեցական և հոգևոր-մշակութային կյանքը բուռն վերելք է ապրում։ Թեմական գործող բոլոր եկեղեցիներում, այդ թվում նաև Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ստեղծվում և սկսում են գործել դպրաց դասեր, անխափան մատուցվում են Սուրբ և անմահ Պատարագներ, կատարվում են հոգևոր-բարեպաշտական արարողություններ։ 1997 թ. ապրիլին Սեպուհ սրբազանի նախաձեռնությամբ Սուրբ Աստվածածին եկեղեցու բակը և տարածքն ամբողջովին բարեկարգվում է, կանաչապատվում, ծառապատվում, ստեղծվում է ծաղկանոց։ 1997 թ. Սեպուհ սրբազանի օրհնությամբ և սպիտակաբնակ շինարար Մկրտիչ Լամբարյանի բարերարությամբ մոմավաճառության համար կառուցվում է քարաշեն տնակ։ Նույն թվականին վերակազմավորվում է Սուրբ Աստվածածին եկեղեցու քառաձայն դպրաց դասը և ձևավորվում 30 հոգուց բաղկացած ներկայանալի երգչախումբ (խմբավար՝ Ռ. Մխիթարյան), որը դառնում է քաղաքի պարծանքը։ 1999 թ. վանաձորցի, ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանի նյութական օժանդակությամբ բարեկարգվում է եկեղեցու բարերար Փիլուման Յուզբաշու գերեզմանը հետևյալ արձանագրությամբ. «ԱՅՍ Է ՏԱՊԱՆԸ ՎԱՆԱՁՈՐԻ ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱԴԻՐ ԲԱՐԵՐԱՐ ՄԵԾԱՀԱՄԲԱՎ ՀԱՐՅՈՒՐԱՊԵՏ ՓԻԼՈՒՄԱՆԻ /+1847/ ՀԻՇԱՏԱԿՆ ԱՐԴԱՐՈՅՆ ՕՐՀՆՈՒԹԵԱՄԲ ԵՂԻՑԻ։ ԲԱՐԵԿԱՐԳՎԵՑ 1999 Թ.»։ 2000 թվականին Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կազմվում է մանկական երգչախումբ։ 2004 թ. եկեղեցու խաչքավոր, վանաձորցի գործարար, «Սեզամ-Գազ» հիմնարկի սեփականատեր Արմեն Մխոյանի բարերարությամբ թիթեղապատվում և ներկվում է եկեղեցու տանիքը, կատարվում է եկեղեցու մասնակի նորոգում, տեղադրվում են երկու նոր ջահեր, մուտքի և ելքի փայտյա հին դռները փոխարինվում են մետաղականով, լուսամուտները ճաղապատվում են։ 2004 թվականից Վանաձորի Սբ. Աստվածածին եկեղեցուն կից գործում են իգական և արական հոգևոր երգչախմբեր, որոնք տոն օրերին այցելություններ են կատարում մանկատուն և ծերանոց, մասնակցում համաժողովրդական տոնախմբությունների ու հանդիսությունների։ 2005 թ. Արմեն Մխոյանի հովանավորությամբ վերանորոգվում է Աստվածամոր պատկերով գրեթե այրված փայտյա իկոնաստասը (1900 թ., անհայտ վարպետ)։ 2005 թ. գործարար Վիլիկ Եղիկյանի նյութական օժանդակությամբ բարեկարգվում են Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հանգչող քահանաների գերեզմանները՝ նոր տապանաքարերով։ 2005 թ. Սրբազանի օրհնությամբ կազմավորվում է եկեղեցու երկձայն արական երգչախումբ, իսկ քառաձայն երգչախումբը տեղափոխվում է նորակառույց առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի։ 2005 թվականից Վանաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում առանձնացված սկսեց գործել նորակազմ դպրաց դաս։ 2006 թ. Առաջնորդ հոր օրհնությամբ և Արմեն Մխոյանի բարերարությամբ «ՆԱՀԱՏԱԿԱՑ ՊՈՒՐԱԿ՚»-ում (համաքաղաքային և մարզային նշանակություն ունեցող կարևորագույն ուխտավայր, ուր անց են կացվում հոգևոր և պետական նշանակություն ունեցող միջոցառումներ) կառուցվում է 1915 թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի 90-ամյակին նվիրված բարձրադիր հուշակոթող հետևյալ արձանագրությամբ. «ԿԱՌՈՒՑՎԵՑ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ՏԵՐ ՍԵՊՈՒՀ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆԻ, ԲԱՐԵՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱՉՔԱՎՈՐ ԱՐՄԵՆ ՄԽՈՅԱՆԻ 2006 թ.»), որը փոխարինում է 1997 թվականին տեղադրված համեստ խաչքարին։ 2009 թ. Լոռու Մարզի Ոստիկանության վարչության պետ Անուբախ Համբարյանն իր ընտանիքի անունից (Անուբախ, Մարինե, Հովհաննես և Արտյուշա Համբարյաններ) եկեղեցուն նվիրաբերում է «ԱՅՍ ԱՐԷՔ ԻՄ ՅԻՇԱՏԱԿԻ ՀԱՄԱՐ» վերտառությամբ «Վերջին Ընթրիքը» պատկերող սրբանկար։ 2010 թ. Արմեն Մխոյանի հովանավորությամբ եկեղեցու հյուսիսային կողմի արտաքին պատը երեսպատվում է երկշարք բազալտով։ 2010 թ. Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր զավակ տիկին Սուսաննա Եսայանը՝ որպես ուխտավոր, Սուրբ Աստվածածին եկեղեցուն նվիրում է Սուրբ Խորանի մեծ վարագույր, խորհրդանոցների վարագույրներ, Սուրբ Սեղանի, Սուրբ Ավազանի, գրակալների և երգեհոնի ծածկոցներ, ծածկոց և մեկ մեծ գորգ Սուրբ Խորանի համար, բուրվառ, երաժշտական կենտրոնի ուժեղացուցիչներ։ 2011 թ. Արմեն Կարապետյանի բարերարությամբ փոխվում են եկեղեցու բոլոր պատուհանները։ 2011 թ. խաչքավորի պատասխանատու և աստվածաշնորհ պաշտոնը ստանձնած վանաձորցի գործարար, եկեղեցու բազմամյա խաչքավոր Արմեն Մխոյանի բարերարությամբ ամբողջությամբ մաքրվում է եկեղեցու ներսի պատերի ծեփը և նորովի գաջապատվում, եկեղեցու վեղարը ներսից մաքրվում է գաջից՝ վերագտնելով իր քարաշեն գեղեցկությունը։ Եկեղեցին ամբողջությամբ պատկերազարդվում է որմնանկարներով. Սուրբ Խորանին պատկերվում է գահի վրա նստած Հիսուս Քրիստոսը՝ շրջապատված Սուրբ Աստվածածնի, Հովհաննես Մկրտչի և Միքայել ու Գաբրիել հրեշտակապետերի զորախմբով։ Եկեղեցու քարաշեն կամարները գոտևորվում են զարդանախշերով, կամարների տակ պատկերվում են Աստվածաշնչյան մի շարք խորհրդանիշեր (սիմվոլներ)։ Աշխատանքները կատարվում են երևանաբնակ հայտնի մանրանկարիչ Լևոն Զաքյանի և նրա աշակերտների ձեռամբ։ Վերանորոգվում է գմբեթի պատմական խաչը, մետաղական նոր խաչեր են օծվում և տեղադրվում չորս զանգակատների վրա։ Պղնձյա թիթեղով երեսպատվում է եկեղեցու մեծ գմբեթի և փոքրիկ զանգակատների վեղարները՝ մեկընդմիշտ լուծելով անձրևաջրերի հեռացման խնդիրը։ Եկեղեցու արևմտյան մասի գավիթի երկու կողմերում մոմավառության համար կառուցվում են երկու փոքրիկ խորաններ՝ զանգակատներով՝ նվիրված Սուրբ Հովհաննես Մկրտչին և Սուրբ Ստեփանոս Նախավկային։ Արևմտյան ճակատի թևավոր խաչքարն ու նորակառույց մատուռի հարավային պատի խաչքարերը, իբրև նվիրատվություն, քանդակում ու տեղադրում է անվանի խաչքարագործ Սերգեյ Դանիելյանը։ 2012 թ. հարկային տեսչության աշխատակից Արթուր Եթիմյանը եկեղեցուն է նվիրում 303 թ. Սուրբ Գրիգոր Լուսավորչի ձեռամբ Տրդատ Գ արքայի, արքունիքի և հայ ավագանու ներկայացուցիչների մկրտությունը պատկերող մեծադիր յուղաներկ սրբապատկեր։

2014 թվականի մարտի 23-ին ռուսաստանաբնակ բարերար Արտակ Էվոյանը Սուրբ Աստվածածին եկեղեցուն նվիրեց մեկ մեծ և երկու փոքր զանգեր, որոնք ձեռամբ թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի նույն օրը օծվեցին և տեղադրվեցին։

Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցին իր պատմության վերջին երեք տասնամյակների ընթացքում ունեցել է 16 խաչքավոր, ովքեր իրենց նյութական ու բարոյական աջակցությամբ, վերանորոգչական ու բարեգործական ծրագրերով նպաստում են եկեղեցու բարեկարգման ու բարեզարդման աշխատանքներին[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Մալաթիայից Հայաստան. Առաջնորդություն Գուգարաց թեմ, 2014.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]