Հայաստանի հանրային ռադիո
Հայաստանի հանրային ռադիո | |
---|---|
Տեսակ | ռադիոկայան |
Հիմնադրված է | սեպտեմբերի 1, 1926 |
Վայր | Երևան, Հայաստան |
Երկիր | Հայաստան |
Գլխավոր անձինք | Գարեգին Խումարյան (գործադիր տնօրեն) |
Նախկին | ՀԽՍՀ հանրապետական ռադիո (1926-1991), Հայաստանի ազգային ռադիո (1991-2002), Հայաստանի հանրային ռադիո (2002-ից) |
Կայք | armradio.am(հայ.) |
Մասնակից է | Եվրոպական հեռարձակողների միություն |
Public Radio of Armenia Վիքիպահեստում |
Հայաստանի հանրային ռադիո, հայկական հանրային ռադիոկայան։ Հեռարձակվում է 1926 թվականի սեպտեմբերի 1-ից։
Հանրային ռադիոյի հեռարձակումներն իրականացվում են Հայաստանի ողջ տարածքով տարբեր հաճախություններով․ Երևանում՝ 107․7, 86․9 ՄՀց, Գյումրի՝ 101.6 ՄՀց, Սևան՝ 102.3 ՄՀց, Սպիտակ՝ 89.8 ՄՀց, Իջևան՝ 105.5 ՄՀց (տես լրիվ ցանկը)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի հանրապետական ռադիոյի պարբերական հաղորդումների սկիզբը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրապետական նշանակության առաջին ռադիոկայանը տեղակայվել է երկթուղային կայարանի վարչական շենքում և 1926 թվականի սեպտեմբեր 1-ին հեռարձակել է 25 ր տևողությամբ առաջին փորձնական ռադիոհաղորդումը։ Փորձնական հաղորդումների ժամանակ հիմնականում հաղորդվել է ժողովրդական երգ-երաժշտություն, որը պարբերաբար ընդմիջվել է տեղական նշանակության լուրերով։ Հիմնադրման առաջին ամիսներին ռադիոհաղորդումներն անկանոն բնույթ են կրել։
Հայաստանի հանրապետական ռադիոյի պարբերական հաղորդումներն սկսվել են 1927 թվականի հունիսի 15-ին։ Հիմնադրման առաջին տարիներին ռադիոկայանի հեռարձակման շառավիղն ընդգրկել է միայն Երևանն ու շրջակա գյուղերը։ Հանրապետությունում գործող ռադիոսիրողների ջանքերով 1927 թվականին ռադիոֆիկացվել է 25 գյուղ, հաջորդ տարին՝ ևս 40-ը, ռադիոընդունիչների թիվը հասել է 200-ի, որից 80-ը՝ Երևանում։ 1928 թվականին ռադիոհաղորդումների լսելիության շառավիղն ընդլայնելու և մասնագիտական կադրեր պատրաստելու նպատակով ՀԽՍՀ ժողկոմխորհի որոշմամբ հաղորդումների ղեկավարումը հանձնվել է լուսժողկոմատին, իսկ տեխնիկական սպասարկումը՝ փոստհեռ ժողկոմատին։
Պետական թատրոնի, կոնսերվատորիայի, մշակույթի տների ռադիոֆիկացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունկնդիրների շրջանակի մեծացմանը նպաստել է պետական թատրոնի, կոնսերվատորիայի, մշակույթի տների ռադիոֆիկացումը, հասարակական վայրերում տեղադրվել են բարձրախոսներ, մշակույթի օջախներում ստեղծվել են «կարմիր անկյուններ», որտեղ բնակչությունը հավաքվել է ունկնդրելու հանրապետական ռադիոյի հաղորդումները։ Ռադիոյում սկզբնական շրջանում հաղորդավարներ չեն եղել, ռադիոխոսնակի պարտականությունները կատարել են ռադիոյի աշխատակիցները կամ հաղորդվող նյութերի հեղինակները։
Առաջին հաղորդավարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1929 թվականից ռադիոհաղորդումները վարել են հաղորդավարները, առաջին հաղորդավարները Վերգինե Բաբայանը և Սուրեն Քանանյանն էին։ 1929 թվականի վերջերին հիմնադրվել է հանրապետական ռադիոկոմիտեն, որն ունեցել է 12 աշխատակից և տարեկան պատրաստել է 2160 եթերաժամ հաղորդում։ 1930-ական թվականներին զգալիորեն ընդարձակվել է հանրապետական ռադիոլսարանը, հաղորդումներ պատրաստելու համար ռադիոաշխատակիցներն օգտագործել են ռադիոյի ստեղծագործ, և տեխնիկական հնարավորությունները։
Ռադիոհաղորդումների հանրապետական վարչության ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]1934 թվականին ստեղծվել է ռադիոհաղորդումների հանրապետական վարչությունը։ Հաղորդումները դարձել են 6-օրյա՝ 8-ական ժամ տևողությամբ։ 1935 թվականին գործել են 41 ռադիոհանգույց և 19100 ռադիոկետ, որից 4295-ը՝ գյուղական վայրերում։ Հանրապետական ռադիոյում պարբերակաևացել է ռադիոփոխկանչերի, ռադիոհավաքների հեռարձակումը։ Հիմնադրվել են հանրապետական ռադիոյի հասարակական-քաղաքական, արդյունաբերական, գյուղատնտեսական, երաժշտական, գրական-դրամատիկական, մանկապատանեկան հաղորդումների գլխավոր խմբագրությունները, ձևավորվել են առաջին ռադիոժանրերը, ռադիոյի արտահայտչամիջոցները, հաղորդումների և ծրագրերի տեսակները։
Մասնագիտական ամսագրերի լույս ընծայումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրապետական ռադիոկոմիտեն 1935-1936 թվականներին լույս է ընծայել մասնագիտական «Ռադիոաշխատող» և «Ռադիոֆրոնտ» ամսագրերը։ 1920-1930-ական թվականներին ստեղծված ռադիոհաղորդումների մի շարք երաժշտական խորագրեր («Հայ քնար», «Հայկական ժողովրդական երգերի ընտրանի», «Պատվերով համերգ» և այլն) այժմ էլ իրենց մշտական տեղն ունեն ռադիոծրագրերի ցանցում։
Գրական-դրամատիկական հաղորդումները ռադիոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրական-դրամատիկական հաղորդումներ ռադիոյում սկսվել են 1932 թվականից (եթեր են հեռարձակվել հայերեն, ռուսերեն, թուրքերեն, մասամբ՝ քրդերեն)։ 1934 թվականին Գաբրիել Սունդուկյանի «Պեպոյի» ռադիոբեմադրությամբ սկզբնավորվել է ռադիոթատրոնը։ «Պեպոյին» հաջորդել են «Խաթաբալան», Շիրվանզադեի «Պատվի համարը», Ալեքսանդր Պուշկինի «Հավերժահարսը» և այլն։ Սկզբնավորվել է նաև «Թատրոնը միկրոֆոնի մոտ» հաղորդաշարը։ Գրական-դրամատիկական հաղորդումների խմբագրությունը պարբերաբար ստուդիա է հրավիրել հայ անվանի գրողների (Դերենիկ Դեմիրճյան, Ավետիք Իսահակյան, Ստեփան Զորյան, Նաիրի Զարյան, Վահան Թոթովենց և ուրիշներ), որոնք հանդես են եկել նաև իրենց ստեղծագործությունների ընթերցմամբ։ Խմբագրությունն այդ ավանդույթը շարունակում է մինչ օրս։ 1941 թվականի փետրվարից ՀԽՍՀ Կենտգործկոմին առընթեր ռադիոհաղորդումների կոմիտեն վերանվանվել է ՀԽՍՀ ժողկոմխորհին առընթեր ռադիոկոմիտեի։
Ռադիոն՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) տարիներին հանրապետական ռադիոն ապահովել է մշտական և հրատապ լրատվություն, ռազմաճակատի և թիկունքի կացության մասին պատրաստել ու հեռարձակել է բազմահազար հաղորդագրություններ, թղթակցություններ, ակնարկներ, հարցազրույցներ, ռեպորտաժներ, նամակներ։ Արտակարգ իրավիճակի պայմաններում ռադիոհաղորդումները դարձել են ամենօրյա՝ 6, 5-7 ժ տևողությամբ, բոլոր խմբագրությունները համախմբվել են հասարակական-քաղաքական խմբագրության շուրջ՝ պատրաստելու համար «Վերջին լուրերի» թողարկումները։ Գրական-դրամատիկական, հասարակական-քաղաքական, մանկապատանեկան հաղորդումների խմբագրությունները պարբերաբար հեռարձակել են հայ մարտիկների՝ ռազմաճակատից ուղարկած նամակների և ուղերձների հիման վրա պատրաստված «Նամակ ռազմաճակատից» խորագրով ամենօրյա թողարկումը։
Զինվորների «խոսող նամակներ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմական տարիներին ռադիոլրագրության ամենամեծ ձեռքբերումներից մեկը զինվորների «խոսող նամակներն» էին, որոնց շնորհիվ հազարավոր մարդիկ գտել են իրենց հարազատներին։ 1944 թվականին Երևանի ռադիոյով առաջին անգամ հնչել է ՀԽՍՀ պետական օրհներգը։
Նոր խմբագրությունների բացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետպատերազմական շրջանում հանրապետական ռադիոյում բացվել են մի շարք նոր խմբագրություններ, ընդարձակվել է ռադիոհաղորդումների հեռարձակման շառավիղը, 1947 թվականից գործել է տեղեկատվական, երաժշտական 2-րդ ծրագիրը, որի շնորհիվ ստեղծվել են նոր հաղորդաշարեր և ծրագրեր, ավելացել է ռադիոհաղորդումների ժամաքանակը, ընդլայնվել լսարանը։ 1949 թվականին ռադիոկոմիտեն վերակազմվել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր ռադիոտեղեկատվական կոմիտեի։
Սփյուռքի համար տրվող հաղորդումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարևոր էր Սփյուռքի համար տրվող հաղորդումների խմբագրության հիմնադրումը՝ պայմանավորված Երկրորդ աշխարհամարտից (1939-1945) հետո ծայր առած զանգվածային հայրենադարձությամբ. անդրանիկ թողարկումը հեռարձակվել է 1947 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը 19։00-ին՝ կարճալիք հատուկ ծրագրով, սփյուռքահայերին շնորհավորել են Ավետիք Իսահակյանը և Վահրամ Փափազյանը։ 1957 թվականին ստեղծվել է արտասահմանի համար հեռարձակվող հաղորդումների վարչություն, որի հիմքի վրա 1983 թվականին բացվել են 2 գլխավոր խմբագրություններ՝ Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում ապրող հայության համար հաղորդումներ պատրաստող խմբագրությունը՝ հասարակա-քաղաքական, գրական-գեղարվեստական ու երիտասարդական («Կռունկ») բաժիններով, և Եվրոպայի, Հյուսիսային ու Հարավային Ամերիկայի հայության համար, ինչպես նաև օտար լեզուներով տրվող հաղորդումների խմբագրությունը։ Ռադիոհաղորդումների օրական միջին տևողությունը 1983 թվականին 6, 5 ժ էր, իսկ 1987 թվականին՝ 8, 5 ժ։
Խմբագրությունների միավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 թվականին հիշյալ խմբագրությունները միավորվել են «Արաքս» ռադիոգործակալության մեջ (հետագայում՝ «Հայաստանի ձայն», գործել է մինչև 2002 թվականը)։ 1950-ական թվականների կեսերից սկսված «հալոցքի» շրջանը նպաստավոր էր նաև հայկական ռադիոյի համար։ Հանրապետական ռադիոյում ստեղծվել են նոր, միջազգային նշանակության հաղորդաշարեր ու ծրագրեր.
«Բարեկամություն» ռադիոկայանի գործունեության սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]1950-ական թվականների կեսերից սկսել է գործել «Բարեկամություն» ռադիոկայանը, 1960 թվականին՝ գրական-դրամատիկական և երաժշտական 3-րդ ծրագիրը, 1962 թվականին երիտասարդական հաղորդումների խմբագրության հիման վրա ստեղծվել է «Երիտասարդություն» ռադիոկայանը, որը թեմատիկայի հարստությամբ և ժանրային բազմազանությամբ նորություն էր ռադիոեթերում։
Ռադիոտան նոր շենքի շահագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]1957 թվականին շահագործման է հանձնվել ռադիոտան նոր շենքը, 1962 թվականին հանրապետության բոլոր բնակավայրերը լիովին ռադիոֆիկացվել են, 1965 թվականին հիմնադրվել է ֆոնդային ձայնագրությունների խմբագրությունը՝ հեղինակային կատարումների և ռադիոբեմադրությունների ձայնագրությունների համար։ Ներկայումս ռադիոյի «Ոսկե ֆոնդում» պահպանվում են ավելի քան 150 հազար ժ տևողությամբ 20 հազար հեղինակային, երաժշտական կատարումներ և գրական-գեղարվեստական հաղորդումներ, ասմունք, ռադիոբեմականացումներ։ «Գրական ընթերցումներ» հաղորդաշարի ավագ սերնդի՝ Հայկուհի Գարագաշի, Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Բաբկեն Ներսիսյանի, Հրաչուհի Ջինանյանի և մյուսների կողքին հետագայում ձևավորվել է ասմունքողների նոր սերունդ՝ Խորեն Աբրահամյան, Մետաքսյա Սիմոնյան, էդգար էլբակյան, Գարուշ Խաժակյան, Թամար Դեմուրյան, Մարատ Հալաջյան, Սոս Սարգսյան, Վլադիմիր Աբաջյան, Վերա Հակոբյան, Սիլվա Յուզբաշյան, Սվետլանա Խանումյան, Սարգիս Նաջարյան, Կարեն Վարդանյան և ուրիշներ։
Ռադիոյի նահանջը վերլուծական և զվարճալի հաղորդումների դաշտից
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրապետական հեռուստատեսության կազմավորման սկզբնական շրջանում ռադիոն աստիճանաբար նահանջել է վերլուծական և զվարճալի հաղորդումների դաշտից։ 1957 թվականի օգոստոսին ռադիոկոմիտեն վերանվանվել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտեի (1978 թվականից՝ ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտե. 1970-1988 թվականներին հեռուստառադիոպետկոմի նախագահը եղել է Ստեփան Պողոսյանը), որին հաջորդել է հեռուստատեսության և ռադիոյի նույնատիպ խմբագրությունների միավորումը՝ նախապատվությունը տալով հեռուստահաղորդումների խմբագրություններին։ Արդյունքում մեծ վերելք է ապրել հանրապետական հեռուստատեսությունը, նախկին ռադիոլրագրողների ջանքերով ստեղծվել են բազմաթիվ հաղորդաշարեր ու ծրագրեր, կայունացել է հեռուստատեսության ստեղծագործական աշխատակազմը։ 1970-ական թվականների կեսերին ռադիոն նորից վերագտել է իր տեղը ԶԼՄ-ների համակարգում՝ փոխհամագործակցելով ու լրացնելով հեռուստատեսությանը։
Հեռարձակման շառավղի ընդարձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-ական թվականների վերջին այն ընդարձակել է իր հեռարձակման շառավիղը, մեծապես ավելացել է նաև ռադիոունկնդիրների թիվը։ Հայկական ռադիոյում կարևոր իրադարձություն էր 2-րդ ծրագրի հիման վրա 1973 թվականին «Ծիածան» ռադիոկայանի բացումը՝ «երաժշտություն + լրատվություն» ձևաչափով, որը նորություն էր ԽՍՀՄ-ում։ 1977 թվականին «Օրբիտա-2» տիեզերական կապի կայանի և հեռուստատեսային նոր աշտարակի գործարկումներով բարելավվել է հանրապետական ռադիոհաղորդումների լսելիությունը։ 1981 թվականին շահագործման է հանձնվել ռադիոհաղորդումների մասնաշենքը։ Հանրապետական լարային ռադիոհաղորդման ցանցը 1987 թվականին ուներ 59 ռադիոհանգույց։
Հասարակության մեջ լուրջ տեղաշարժերը
[խմբագրել | խմբագրել կոդը]1985 թվականին ԽՍՀՄ-ում հայտարարված «վերակառուցման» ժամանակաշրջանում հասարակության մեջ սկսվել են լուրջ տեղաշարժեր, աստիճանական անցում է կատարվել միակարծությունից՝ բազմակարծության, ամբողջատիրությունից՝ ժողովրդավարության, որն էլ, ի վերջո, հանգեցրել է ԶԼՄ-ների գործունեության կտրուկ և արմատական փոփոխությունների։ Հանրապետական ռադիոյի այս ժամանակահատվածն արմատապես տարբերվել է նախորդ շրջաններից. 1988 թվականի հունվար-փետրվարին ԼՂ-ում սկսված ագգային-ազատագրական շարժումից և տարեվերջին Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո հանրապետության լրատվամիջոցներն աշխատել են արտակարգ իրավիճակի պայմաններում։
Ռադիոն՝ երկրաշարժի օրերին
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրաշարժի օրերին ռադիոյում հիմնադրվել է «Որոնում» հրատապ ծառայությունը, որի շնորհիվ շուրջ 17 հազար աղետյալներ միմյանց գտել են։ Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման հենց սկզբից կենտրոնական ԶԼՄ-ները միտումնավոր չեն լուսաբանել այն որպես արցախահայության ազգային-ազատագրական պայքար կամ խեղաթյուրված տեղեկություններ են հաղորդել ԼՂ-ում տիրող իրավիճակի մասին։ Ստեղծված պայմաններում ազատագրական պայքարի ճշմարտացի մեկնաբանությունն ապահովել են հանրապետական ԶԼՄ-ները, այդ թվում՝ ռադիոն։ Այդ տարիների հանրապետական ռադիոլրատվությունից առանձնապես ուշագրավ էր 1992 թվականի մայիսի 9-ին Հայաստանի և Արցախի ռադիոլրագրողների պատրաստած գիշերային հաղորդումը ազատագրված Շուշիից։
Հանրապետական ռադիոյի մշտական անդրադարձը Արցախյան ազատամարտին
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրապետական ռադիոն իր հաղորդումներում մշտապես անդրադարձել է Արցախյան ազատամարտին, հեռարձակել է ռեպորտաժներ, ազատամարտիկների մասին պատմող բազմաթիվ ակնարկներ, արձանագրել է ԼՂՀ ՊԲ-ի և կամավոր, ջոկատների հաղթանակները, հետևողականորեն ներկայացրել ԼՂՀ-ի շուրջ անվտանգության գոտու ստեղծման ժամանակագրական դեպքերը։ Արցախյան ազատամարտի լուսաբանմանը մասնակցել են տասնյակ լրագրողներ 13 երկրից. իրենց մասնագիտական պարտքը կատարելիս ԼՂ-ում զոհվել է տարբեր ազգությունների 6 լրագրող, 14-ը՝ վիրավորվել։ Մինչև 1991 թվականը հանրապետական ռադիոն լրատվական դաշտում մենաշնորհային կարգավիճակ ուներ, հաղորդումներ էր սփռում հանրապետության ողջ տարածքում, ամենօրյա ռադիոհաղորդումներ էր պատրաստում սփյուռքահայության և օտարերկրյա քաղաքացիների համար։ Անկախության հռչակումից (1991) հետո ՀՀ ԶԼՄ-ները, այդ թվում՝ ռադիոն, ենթարկվել են արմատական և կառուցվածքային փոփոխությունների։ Հանրապետական ռադիոն վերակառուցվել է Ագգային ռադիոյի (նախագահ՝ Հենրիկ Հովհաննիսյան), 1992 թվականին Հեռուստառադիոպետկոմը վերածվել է Հեռուստառադիովարչության։
Ռադիոհաղորդումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդական հաղորդումների ստեղծումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծվել են հասարակա-քաղաքական, սոցիալ-տնտեսական, երիտասարդական մի շարք նոր հաղորդաշարեր ու ծրագրեր («Տարակարծության ամբիոն», «Ժամանակը և մենք», «Ասպարեզ», «15 րոպե», «Հինգերորդ ալիք», «Խաչմերուկ», «Կանաչ ռադիոգիրք», «Եթեր ցպահանջ», «Հրապարակախոսի ամբիոն», «Վահան» և այլն), կազմվել է նոր լրատվա-վերլուծական հաղորդումների ցանց, տեխնիկապես հնարավորություն է ստեղծվել ռադիոեթերը դարձնել «կենդանի»։ Սկսվել են հեղինակային հաղորդաշարեր («Ստերեո ստուդիա», «Բյուրակն», «Շողակն», «Անահիտ հանդես», «Ուրբաթ այս ժամին», «Ձեղնահարկ», «Երաժշտական ճեպընթաց» և այլն), որոնք իրենց կայուն տեղն են ապահովել հանրային ռադիոյի տարբեր հաղորդումներում։ 2002 թվականին Հայաստանի ագգային ռադիոն վերանվանվել է Հայաստանի հանրային ռադիոյի (ՀՀՌ)։
ՀՀՌ-ն՝ 14 լեզվով
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս ՀՀՌ-ն իրականացնում է 11 լեզվով (հայերեն, ռուսերեն, անգլերեն, վրացերեն, թուրքերեն, ադրբեջաներեն, ասորերեն, հունարեն, եզդերեն, արաբերեն, պարսկերեն), օրական 50 ժ տևողությամբ հաղորդումներ՝ համաշխարհային սփռումով։ Միակ պետական ռադիոն է, որ ունի քրդական հաղորդում։ Ունի նաև միջազգային համացանցային էջ՝ 8 լեզվով։ Հանրային ռադիոյի կառույցում գործում են մի շարք ինքնուրույն ստեղծագործական խմբեր՝ Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր (հիմնադրվել է՝ 1927 թվական), «Արևիկ» մանկապատանեկան (հիմնադրվել է՝ 1981 թվական), «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր (հիմնադրվել է՝ 1992 թվականին) անսամբլները, էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (հիմնադրվել է՝ 1966 թվական)։
Ղեկավարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստեփան Զաքարյան (1993-1996)
- Արմեն Ամիրյան (1997- 2015)
- Արման Սաղաթելյան (2016-2017)
- Մարկ Գրիգորյան (2017-2018)
- Գարեգին Խումարյան (2019-2024)
- Արմեն Քոլոյան (2024-
Միջազգային համագործակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀՌ-ն՝ Եվրոպական հեռարձակողների լիիրավ անդամ
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին ՀՀՌ-ն դարձել է Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ, ձեռք բերել այդ միության բոլոր նախագծերը հեռարձակելու իրավունք։ 2007 թվականին առաջին անգամ՝ «Արևիկ» մանկական երգչախմբով, մասնակցել և հեռարձակել է «Եվրատեսիլ» մրցույթը, 2008 թվականից իրականացնում է թվային և անալոգային հաղորդումներ։