Մետաքսյա Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մետաքսյա Սիմոնյան
Մետաքսյա Սիմոնյան.jpg
Ծնվել էփետրվարի 21, 1926(1926-02-21) կամ հունվարի 21, 1926(1926-01-21)[1]
ԾննդավայրԱշխաբադ, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 11, 1987(1987-08-11) (61 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (1948)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունարվեստների գործիչ և դերասանուհի
Ժանրերդրամա, կինոկատակերգություն և արկածային ֆիլմ
Պարգևներ և մրցանակներ2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Ժողովուրդների բարեկամության շքանշան

Մետաքսյա Միհրանի Սիմոնյան (փետրվարի 21, 1926(1926-02-21) կամ հունվարի 21, 1926(1926-01-21)[1], Աշխաբադ, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 11, 1987(1987-08-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կինոյի ու թատրոնի հայ խորհրդային դերասանուհի, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1981), Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1950)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետաքսյա Սիմոնյանը ծնվել է Աշխաբադում։ 1933 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ 1948 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը (ղեկավար՝ Վարդան Աճեմյան)։ Նույն թվականին հրավիրվել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն։ 1968 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում (պրոֆեսոր՝ 1983 թվականից)։

Դեռևս սովորելու տարիներին հաջողությամբ խաղացել է զվարթ ու կենսախինդ Կատերինայի (Ֆեոդոր Սոլոգուբի «Քնքուշ սրտից պատուհաս»), խոհուն և սիրառատ Անանիի (Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ») դերերը։ Առաջին հիշարժան դերերից են Արմանուշը (Գրիգոր Տեր-Գրիգորյանի «Այս աստղերը մերն են», ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1950 թվական), Նինան (Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես», Արբենինի դերում՝ Վահրամ Փափազյան)։ Նինայի դերակատարումն աչքի է ընկել հմայքով ու գրավչությամբ, մաքուր հոգու բանաստեղծականությամբ[2]։

Նախընտրելով ճակատագրական կնոջ և նրա իրավունքների թեման՝ Սիմոնյանը հայ թատրոնում շարունակել է Արուս Ոսկանյանի և Ռուզաննա Վարդանյանի ստեղծած ավանդույթները։ Նույն հաջողությամբ հանդես է եկել նաև ռուսական, արևմտաեվրոպական և հայ հեղինակների պիեսներում, խաղացել և՜ կատակերգական, և՜ ողբերգական դերեր։ Գեղեցիկ ձայնի, կանացի ու արտիստական մեծ հմայքի շնորհիվ Սիմոնյանը տասնյակ տարիներ եղել է թատրոնի առաջատար դերասանուհի, կերտել անմոռանալի կերպարներ. Շուրա (Մաքսիմ Գորկու «Եգոր Բուլչովը և ուրիշներ»), Դեզդեմոնա, Ջուլիետ, Կորդելիա (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո», «Ռոմեո և Ջուլիետ», «Լիր արքա»), Սուսան (Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս»), Հուդիթ (Կարլ Գուցկովի «Ուրիել Ակոստա»), Նուարդ (Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ»), Կատրին Լեֆևր (Վիկտորիեն Սարդուի և Էժեզիպ Մորոյի «Մադամ Սան-Ժեն»), Մարթա (Էդուարդ Օլբիի «Ո՞վ է վախենում Վերջինիա Վուլֆից», վերջին դերը) և այլն[3][4]։

Ստեղծագործական կյանքի բարձունքին Սիմոնյանը խաղացել է Նաստասյա Ֆիլիպովնայի (ըստ Ֆեոդոր Դոստոևսկու «Ապուշը» վեպի) դերը, որն իր հոգեկերտվածքով բացառիկ անհատականություն է համաշխարհային գրականության կանանց կերպարների շարքում։ Դերասանուհու մարմնավորած Նաստասյա Ֆիլիպովնան հակասությունների շիկացած հանգույց էր. նրա կերպարում շեշտված էին սերն ու ատելությունը, հոգու վսեմությունն ու խռովքը, հաշտվողականությունն ու ընդվզումը, ազնվությունն ու անառակությունը։ «Այսպիսի Նաստասյա Ֆիլիպովնա ես կուզեի տեսնել մեր թատրոնում», – ասել է ռուս անվանի ռեժիսոր Գեորգի Տովստոնոգովը։

Սիմոնյանը նկարահանվել է կինոյում («Անահիտ», 1947 թվական, «Արարատյան դաշտի աղջիկը», 1949 թվական, «Ո՞ւմ է ժպտում կյանքը», 1957 թվական, «Թռիչք անդունդի վրայով», 1959 թվական, «Ջրերը բարձրանում են», 1962 թվական, «Կամոյի վերջին սխրանքը», 1973 թվական, բոլորը՝ Հայֆիլմ, «Սայաթ-Նովա», 1960 թվական, հեռուստաֆիլմ, և այլն)։ Հանդես է եկել նաև ասմունքով. ունեցել է հարուստ երկացանկ՝ արևելահայ և արևմտահայ գրողների ստեղծագործություններից։ Խաղացել է ռադիո- և հեռուստատեսային ներկայացումներում։ Սիմոնյանը հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում, Բաքվում, Թբիլիսիում, Բեյրութում, Դամասկոսում և այլուր։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետաքսյա Սիմոնյանի հուշատախտակը Երևանում
  • Երևանի Աբովյան փողոցի թիվ 20 շենքի պատին փակցվել է Մետաքսյա Սիմոնյանին նվիրված հուշատախտակ։
  • Հայաստանում ամեն տարի հանձնվում է Մետաքսյա Սիմոնյանի անվան «Արտիստ» մրցանակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Անզուգական Մետաքսյան»։ Hayern Aysor։ 2011-08-25։ Վերցված է 2018-07-28 
  3. «ՄԵՏԱՔՍՅԱ ՍԻՄՈՆՅԱՆ - 90»։ Հայաստանի Թատերական Գործիչների Միություն (ռուսերեն)։ Վերցված է 2018-07-28 
  4. «ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԷՐ, ՀՄԱՅԻՉ ԷՐ, ՄԵԾ ԷՐ»։ www.avangard.am (en-US)։ Վերցված է 2018-07-28 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Арутюнян Б. Б. Армянский театр // БСЭ
  • Театральная энциклопедия. Том 4/Глав. ред. П. А. Марков - М.: Советская энциклопедия, 1965. - 1152 стб. с илл., 76 л. илл.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]