Վանաձորի կերպարվեստի թանգարան
Վանաձորի կերպարվեստի թանգարան | |
|---|---|
| Տեսակ | թանգարան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Վանաձոր |
| Հասցե | Տիգրան Մեծի 52 |
| Հիմնադրվել է | հունիսի 8, 1974 |
| Տնօրեն | Հայկուհի Ավագյան |
| 40°48′25.466″N 44°29′46.820″E / 40.80707389°N 44.49633889°E | |
| Կայք | vanart.org(հայ.)(անգլ.) |
![]() | |
![]() | |
Վանաձորի կերպարվեստի թանգարան (ամբողջական անվանումը՝ «Վանաձորի քաղաքային համայնքի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան»), հայ կերպարվեստը ներկայացնող թանգարան, որը գտնվում է Վանաձոր քաղաքի[1] Տիգրան Մեծ պողոտայի 52 հասցեում՝ Թումանյան հրապարակում։ Եռահարկ շենքի շուրջ 1500 քմ տարածքում պահպանվում և ցուցադրվում են շուրջ 2000 թանգարանային առարկաներ՝ գեղանկար, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ, գրաֆիկա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանաձորի կերպարվեստի թանգարանը հիմնադրվել է 1974 թվականի հունիսի 8-ին՝ որպես Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ։ Իր նախնական կերպարանքով վանաձորյան թանգարանը նույնպես ներկայանում էր իբրև Պետական պատկերասրահի փոքր մոդել՝ ներառելով թե՛ դասական հայկական արվեստի գործեր, թե՛ ռուսական ու արևմտաեվրոպական արվեստի նմուշներ։ Սակայն հինգ տարի անց մասնաճյուղը վերակազմավորվում է որպես ինքնուրույն մշակութային կառույց՝ Կիրովականի քաղխորհրդի իրավասության ներքո։ Առաջին մշտական ցուցադրությունը կազմակերպել է արվեստաբան Պերճ Գորյանը՝ 1974 թվականին:
1979 թվականի վերակազմավորումը բերեց հիմնային փոփոխություններ. օտարերկրյա արվեստը և հայ դասականների մեծ մասը վերադարձավ Պետական պատկերասրահ, իսկ սեփական հավաքածուն կազմավորելու համար թանգարանը դիմեց Հայկական ՍՍՀ գեղարվեստական ֆոնդին՝ ժամանակակից նկարիչների գործեր ստանալու խնդրանքով։ Այդտեղից ստացված մի քանի հարյուր աշխատանքների հետ մեկտեղ, քաղաքային խորհրդի միջոցներով գնվեցին և որպես նվիրատվություն ընդունվեցին նաև բազմաթիվ այլ գործեր՝ թե՛ հեղինակներից և թե՛ նրանց ժառանգներից։ Ու թեպետ այս փուլում թանգարանը չի ունեցել մշակված հավաքչական հայեցակարգ, այդուհանդերձ, հանգամանքների բերումով, այս հավաքածուի շրջանակը չափազանց հստակ է ու կենտրոնացված խորհրդահայ արվեստի ներկայացման վրա։
Այս առումով, Վանաձորի կերպարվեստի թանգարանն այն եզակի հանրային հաստատություններից է, որտեղ կարելի է հնարավորինս ամբողջական պատկերացում կազմել 1920-90-ականների հայկական կերպարվեստի առանցքային զարգացումների մասին։
Մինչև 2024 թվականը թանգարանում ցուցանմուշները ներկայացվել են թեմատիկ/գեղագիտական ընդհանուր հատկանիշներից ելնելով։ Առանձնացված էին թեմատիկ մի քանի սրահներ։ Միմյանց կողքի ցուցադրվում են ինչպես ավագ, այնպես էլ երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներ:
Քանդակը և գրաֆիկան ցուցադրվում էին առանձին հարկաբաժնում։ Սրահն աչքի էր ընկնում հետաքրքիր դիմանկարներով ու դիմաքանդակներով։ Իր հետաքրքրությամբ առանձնանում էր նաև վանաձորցի նկարիչների առանձին ցուցասրահը։ Ցուցադրվող շուրջ 30 աշխատանքները ներկայացնում էին Լոռու բնաշխարհի ուրույն դեմքն ու դիմագիծը։
2024 թվականին թանգարանի հիմնադրման 50-ամյակին ընդառաջ արվեստաբան, համադրող Վիգեն Գալստյանի ղեկավարությամբ կազմակերպվեց նոր մշտական ցուցադրության հայեցակարգ, որը հիմնված էր թանգարանի մոտ 2000 առարկաներից բաղկացած հավաքածուն արդի տեսական հայեցակետերից ներկայացնելու անհրաժեշտության վրա: Այն առավել հստակ դարձրեց թե՛ թանգարանի հիմնական ուղղվածությունը, թե՛ հետազոտական-կրթական գործառույթները, իմա՝ խնդիրն այն էր, թե ինչ պատմություններ կարող էր պատմել 20-րդ դարի հայկական կերպարվեստի զարգացման մասին, ինչ հարցադրումներ ու անսպասելի բացահայտումներ կարող էր առաջ բերել:
2023 թվականին թանգարանի առաջին հարկում առանձնացվեց ժամանակավոր ցուցասրահ, որտեղ յուրաքանչյուր ամիս կազմակերպվում են նոր ցուցադրություններ ու տարաբնույթ միջոցառումներ՝ ամրապնդելով ոչ միայն արվեստագետ-թանգարան, այլև այցելու-թանգարան կապը և աշխուժացնելով վանաձորյան մշակութային կյանքը: Վերաբացման արդյունքում ծավալած գործունեության շնորհի զգալիորեն ավելացավ այցելուների թիվը, հասնելով տարեկան ավելի քան 9000-ի:
Վանաձորի կերպարվեստի թանգարանի ստեղծման ու կայացմնա գործում մեծ ավանդ են ներդրել Մարատ Մինասյանը և Վիլեն Գաբազյանը։ 2001 թվականից նրանց գործն արժանապատվորեն շարունակել է գեղանկարիչ Փափագ Ալոյանը։ 2019թ.-ից թանգարանի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել թանգարանի փոխտնօրեն Հայկուհի Ավագյանը, ով պաշտոնավարում է մինչ այսօր:
2013թ. թանգարանն անվանակոչվել է վանաձորցի վաղամեռիկ նկարիչ Կառլոս Աբովյանի անունով:
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանն ակտիվ գործունեություն է իրականացնում ինչպես գիտական-ցուցադրական, այնպես էլ կրթական ոլորտում։ Կազմակերպվում են Վանաձորի նկարիչների, հանրապետությունում ու նրանից դուրս ճանաչում գտած շատ ու շատ այլ արվեստագետների անհատական ու խմբային ցուցահանդեսներ, տարաբնույթ այլ միջոցառումներ՝ ցուցադրություններ, գրքի շնորհանդեսներ, մոնոներկայացումներ, համերգներ և այլն։ Մասնակցություն է ունենում հանրապետական, համաքաղաքային ու միջազգային միջոցառումներին։ Իրականացվող գիտական աշխատանքի արդյունքում թանգարանում առկա է հոդվածների, թարգմանությունների, ֆիլմերի հարուստ արխիվային նյութ, որը հասանելի է բոլոր այցելուներին։
Թանգարանում իրականացվում են եռալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով անվճար էքսկուրսիաներ՝ մարզի դպրոցականների, ինչպես նաև ուսանողության շրջանում մշակութային անհրաժեշտ մակարդակ ապահովելու նպատակով։ Թանգարանում գործում են՝ գիտական, ֆոնդային – հաշվառման ու պահպանության բաժիններ, վերականգնման արվեստանոց, հուշանվերների տաղավար, կինոդահլիճ, գրադարան։ Թանգարանն իրականացնում է լուրջ առաքելություն. պահպանում և անխաթար սերունդներին է փոխանցում մշակութային արժեքները, նպաստում է սերունդների գեղագիտական դաստիարակությանը, հասարակության հոգևոր զարգացմանը, իրականացնում է գիտալուսավորչական ու գիտակրթական գործունեություն։
Հայաստանում տարբեր երկրների դեսպանատների, հասարակական կազմակերպությունների և այլ կառուցների հետ համագործակցության արդյունքում թանգարանում իրականացվում են նաև տարաբնույթ միջոցառումներ։ Վերջին 10 տարիների ընթացքում թանգարանում կազմակերպվել են 85 միջոցառումներ՝ խմբային և անհատական ցուցահանդեսներ, մոնոներկայացումներ, համերգներ, տարբեր դարաշրջանների հայկական դրամների նմուշների, Ջիզ Բենդի վերմակների, հակակոռուպցիոն պլակատի ցուցադրություններ, գրքերի շնորհանդեսներ և այլն։ Համագործակցություն է հաստատվել Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հետ, և թանգարանի սրահներում մոնոներկայացումներ կազմակերպելը դարձել է ավանդույթ։
Թանգարանում բացվում են հանրապետությունում ու նրանից դուրս ճանաչում գտած արվեստագետների անհատական ու խմբային ցուցահանդեսներ։ Ամեն տարի գարնանև և աշնանը բացվում է ավանդույթ դարձած «Վանաձորյան ներկապնակ» խորագրով ցուցահանդեսը, որտեղ արվեստասեր հասարակության ուշադրությանն են ներկայացվում լոռեցի կերպարվեստագետների աշխատանքները։
Թանգարանում կատարվող աշխատանքները գրավել են միջազգային տարբեր կազմակերպությունների ուշադրությունը։ Որպես հանրապետության լավագույն թանգարաններից մեկը՝ Վանաձորի կերպարվեստի թանգարանը հրավեր է ստացել և մասնակցել Թբիլիսիում, Սանկտ Պետերբուրգում և Յասնայա Պոլյանայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած միջազգային սեմինար-դասախոսություններին, 2015 թվականին՝ Թբիլիսիում թանգարանների միջազգային համաժողովին, 2017 թվականին՝ Բեռլինում մասնագիտական փորձի փոխանակմանը և Կոպենհագենում ԻԿՕՄ-ի ICAF-ի համաժողովին:
2008 - 2016թթ. համագործակցել է նաև dvv-international կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հետ՝ մասնակցելով տարբեր դասընթացների ու քննարկումների, ինչպես նաև հայտարարված դրամաշնորհային մրցույթների, որոնցից չորսի դեպքում արժանացել 1-ին մրցանակի:
ԹԱՆԳԱՐԱՆԻ ԿՐԹԱ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանաձորի կերպարվեստի թանգարանն ակտիվորեն մասնակցում է միջազգային ակցիաների՝ «Թանգարանների գիշեր», «Եվրոպական ժառանգության օրեր», «Եվրոպայի օրեր», կազմակերպում է կրթական ծրագրեր, որոնք իրենց հետաքրքրությամբ ու առաջարկվող նյութերով ապահովում են մասնակիցների լայն լսարան՝ առանց տարիքային սահմանափակումների՝ «Պատանի արվեստաբան», «Իմ քաղաքը», «Երեխաները հանուն երեխաների», «Լաբիրինթոս», «Էլեկտրոնային ցուցադրություն հենաշարժողական համակարգի խնդիրներով այցելուների համար», «Թանգարանը դպրոցում», «Հանդիպում նկարչի հետ» և այլն։
Թանգարանում իրականացվում են գիտական աշխատանքներ (լուսաբանող-վերլուծական հոդվածներ, ֆոնդերի գիտավերլուծական աշխատանք, ֆոնդերի գլխավոր գրանցամատյանի ճշգրտում, նոր գրանցամատյանի ստեղծում, հայ և համաշխարհային կերպարվեստի պատմությանը, հանրահռչակ նկարիչների կյանքին և գործունեությանը նվիրված սեմինարների անցկացում, կերպարվեստին նվիրված նյութերի թարգմանություններ)։
Կերպարվեստի թանգարանն ունի բարեկամների մեծ շրջանակ, որը գնալով ընդլայնվում է՝ Սանկտ Պետերբուրգ, Սան Ֆրանցիսկո, Լոս Անջելես, Գլենդել, Չիկագո։ Թանգարանի բարեկամների աջակցությամբ վերանորոգվել է սեմինար-դասընթացների հատուկ լսարանը, ձեռք է բերվել թվային տեսախցիկ. որը հնարավորություն է ընձեռել վավերացնելու կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառում, պատրաստվել է եռալեզու բուկլետ-ուղեցույց, ստեղծվել է թանգարանի վեբ-կայքը։
Թանգարանը բարեկամության շրջանակներում ոչ միայն օգնություն է ստանում, այլև ինքն է հնարավորությունների սահմաններում օգնում քաղաքի առանձին կազմակերպությունների՝ նրանց համար իրականացնելով տպագրական աշխատանքներ, պատրաստելով թեմատիկ վահանակներ ու ալբոմներ։
Թանգարանի հավաքածուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այստեղ հիմնականում ներկայացված է խորհրդահայ արվեստի պատմությունը՝ 1920-ականների կեսերից մինչև 1990-ականների սկիզբը։ Հանրաճանաչ, դասական վարպետների աշխատանքները կազմում են թանգարանի անկյունաքարերը՝ Հակոբ Կոջոյան, Մարտիրոս Սարյան, Վահրամ Գայֆեճյան, Սեդրակ Առաքելյան, Երվանդ Քոչար, Մարիամ Ասլամազյան, Մհեր Աբեղյան, Արա Սարգսյան, Այծեմիկ Ուրարտու և ուրիշներ։ Այդ հեղինակների գործերը ընդհանրական պատկերացում են տալիս խորհրդահայ արվեստի սկզբնավորման ու կայացման գործընթացների, մասնավորապես, ավանգարդային հոսանքների ու պետության գաղափարախոսական մեխանիզմների միջև բախումների և հանգուցալուծումների մասին։ Թանգարանի հավաքածուն հստակորեն արտացոլում է, թե ինչպես էին այդ վաղ շրջանի արվեստագետները դառնում խորհրդային իշխանության բանախոսները և ինչպես էր իշխանությունը (իր գաղափարախոսությամբ հանդերձ) հստակ տեսողական ձևեր ստանում նրանց աշխատանքների միջոցով։
1950-ականների երկրորդ կեսին և հատկապես 1960-ականների մշակութային վերելքը ներկայացնող ազատականության պայմաններում հայտնված նորամուտ ու ավելի ավագ արվեստագետների աշխատանքներով պատկերվում է կյանքը լավատեսական հայեցակետից՝ շեշտադրելով ապրելու և արարելու զգայական հաճույքները։ Վանաձորի կերպարվեստի թանգարանն արտացոլում է այդ մղումների ուժգնությունն ու բազմակողմանիությունը Հովհաննես Զարդարյանի, Էդուարդ Իսաբեկյանի, Արմինե Կալենցի, Արա Բեքարյանի, Ալեքսանդր Գրիգորյանի, Ռեգինա Ղազարյանի, Խաչատուր Եսայանի, Վաղինակ Ասլանյանի, Թերեզա Միրզոյանի, Արա Հարությունյանի գեղանկարչական, գրաֆիկական և քանդակային գործերի հիրավի փայլուն հավաքածուով։
1960-80-ականների «Ազգային մոդեռնիզմի» հետագիծը դարձավ հայկական կերպարվեստի գերակշռող շառավիղը։ Վանաձորի կերպարվեստի թանգարանում այդ շարժման զարգացումը և ինքնատիպ բանաձևերը ուրվագծված են նշանավոր, ինչպես և քիչ հայտնի ներկյացուցիչների բազմաթիվ արժեքավոր ստեղծագործություններով՝ Վրույր Գալստյան, Հենրիկ և Ռոբերտ Էլիբեկյաններ, Հակոբ Անանիկյան, Վարուժան Վարդանյան, Մարտին Պետրոսյան, Էդուարդ Սարգսյան, Քնարիկ Հովհաննիսյան, Ռուբեն Ադալյան, Էդուարդ Խարազյան, Լիդիա Խանամիրյան, Քնարիկ Վարդանյան, քանդակագործներ Արա Շիրազ, Լևոն Թոքմաջյան և Արտաշես Հովսեփյան։
«Երևակայական իրականություններ» խորագիրը կրող սրահում ցուցադրված աշխատանքները հիմնականում վանաձորյան արվեստագետների՝ 1990-ականների գործերից են կազմված: Այդ անհատական ուտոպիաներում արվեստագետները փորձում են ստեղծել հոգևոր և փիլիսոփայական ներդաշնակության սեփական համակարգեր՝ Արամ Նազարյան, Կառլոս Աբովյան, Գեդեոն Օհանյան, Հրանտ Սուքիասյան, Ռուբեն Սուվարի և վանաձորցի այլ արվեստագետներ:
Հայաստանի անկախության տարիներին Վանաձորի կերպարվեստի թանգարանը, ինչպես և երկրի գրեթե բոլոր պետական թանգարանները, ստիպված էին գոյատևել ծայրահեղ ծանր ֆինանսական պայմաններում՝ զրկված լինելով նույնիսկ տարրական թանգարային պայմաններից։ Ակնհայտ է, որ այդ հանգամանքներում հնարավոր չէր ձևավորել հավաքածուի զարգացման ու ընդլայման որևէ գործնական հայեցակարգ։ Ուստի անկախության շրջանի արվեստն այստեղ ներկայացված է հատվածաբար ու անկանոն կերպով՝ բացառապես նվիրատվությունների միջոցով ստացված տարաբնույթ և ոչ համարժան գործերով։

2024-ի վերակազմավորված էքսպոզիցիան թույլ տվեց հստակեցնել նման բացերը և թերությունները՝ նախանշելով թանգարանի հավաքածուի հետագա զարգացման ընդհանուր ուղղություններ։ Միևնույն ժամանակ այս գործընթացն ի հայտ բերեց թանգարանի առանձնահատուկ նշանակության հատվածները, որոնք մինչ այդ կամ անտեսված էին, կամ էլ պատճաշ կերպով արժեվորված չէին։ Դրանց թվում են խորհրդահայ գրքարվեստի և ծաղրանկարչության բացառիկ հարուստ հավաքածուները, ինչպես նաև ագիտացիոն պաստառների արժեքավոր նմուշները, որոնք այժմ ներկայացված են առանձին, թեմատիկ սրահներում։
Թանգարանի տնօրենները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գուգարաց աշխարհ չքնաղ Լոռի, Վանաձոր, Ասողիկ, 2017, Գիրք չորրորդ, 360 էջ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանը 45 տարեկան է». vanadzor.am. 06,07,2019.
{{cite web}}:|first=missing|last=(օգնություն)

