Մանկաբարձություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Մանկաբարձություն, բժշկագիտության բաժին, որն ուսումնասիրում է հղիության, ծննդաբերության և հետծննդաբերական շրջանի ֆիզիոլոգիական և ախտաբանական գործընթացները, մշակում ծննդօգնության, բարդությունների կանխարգելման մեթոդներ։
Համարվում է բժշկագիտության հնագույն ճյուղերից։ Եգիպտական պապիրուսներում (3-2-րդ հազարամյակ մ. թ. ա.) տեղեկություններ կան դժվար և բարդացած ծննդաբերությունների ժամանակ օգնության որոշ ձևերի, իսկ հնդիկների սուրբ գրքերում (8-րդ դար մ. թ. ա.) հղիների ռացիոնալ սնման, ծննդօգնության մասին։ Հիպոկրատը խորհուրդ էր տալիս կատարել պտղաշրջում գլուխն ի վար (ոչ ճիշտ դրությունների ժամանակ) և պտղահատում (կենդանի պտղով ծննդաբերության անհնարինության դեպքում)։ Գալենը և ուրիշներ (2-րդ դար) մշակել ու կիրառել են պտղաշրջում ոտն ի վար։ Հին ժամանակներից հայտնի է եղել նաև կեսարյան հատումը, որը մեծ կիրառություն ունի նաև այժմ։ Միջին դարերում մանկաբարձության զարգացումը դանդաղել է, և մեծ տարածում են ստացել պտղահատման վիրահատությունները։ 16-րդ դարում կնոջ սեռական օրգանների կառուցվածքի մասին ստացվել են անատոմիական առաջին տեղեկությունները, և սկիզբ է դրվել գիտական ու վիրահատական մանկաբարձության զարգացմանը։ Մեծ նշանակություն են ունեցել անգլիացի մանկաբարձ Պ. Չեմբեռլենի (1560-1631) հայտնագործած մանկաբարձական գլխային աքցանները, որոնք մանկաբարձական պրակտիկայում ներդրել է նիդերլանդացի վիրաբույժ Յ. Պալֆեյնը՝ 1723 թվականին։ 17-րդ դարում Փարիզում հիմնադրվել է մանկաբարձական առաջին կլինիկան, ֆրանսիացի մանկաբարձ Ֆ. Մորիսոն գրել է հղի կանանց հիվանդությունների մասին գիրքը։ 18-րդ դարում հիմնվել են մանկաբարձության ամբիոններ, կլինիկաներ, և սկսվել է մանկաբարձության սիստեմատիկ դասավանդումը։ Հունգարացի մանկաբարձ Ի. Զեմելվեյսը (19-րդ դար) բացահայտել է ետծննդյան սեպտիկ հիվանդությունների վարակելիությունը։ Զ. Սիմպսոնը մանկաբարձական պրակտիկայում կիրառել է նարկոզի, ինչպես նաև հականեխության և աննեխության մեթոդները։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբից սկսել են ուսումնասիրել դաշտանային ցիկլի և հղիության հետ կապված պրոցեսները։ Ռուս մանկաբարձ Վ. Ստրոգանովը մշակել է էկլամպսիայի բուժման եղանակ, որի կիրառումը զգալիորեն իջեցրել է մահացությունը։
Մանկաբարձության զարգացմանը նպաստել է ներզատիչ գեղձերի ուսումնասիրումը։ Անգլիացի գիտնական Հ. Դեյլը (1906) հաստատել է հիպոֆիզի ետին բլթի հորմոնի (օքսիտոցին) արգանդը կծկող հատկությունը։ Հղիության վաղ ախտորոշման նպատակով գերմ. բժիշկներ Զ. Աշհեյմը և Բ. Ցոնդեկը 1928 թվականին առաջարկել են հորմոնային հետազոտման եղանակ։ 1950-ական թվականներին մանկաբարձական աքցանների փոխարեն սկսեցին կիրառել վակուում-էքստրակտորներ։ ժամանակակից մանկաբարձությունը զբաղվում է ծննդաբերության ընթացքի կարգավորման, ընկերքի կառուցվածքի և ֆիզիոլոգիայի, ինչպես նաև մանկաբարձական էնդոկրինոլոգիայի հարցերով։ Ֆոնո- և էլեկտրասրտագրության, ուղեղագրության, ջրաթաղանթադիտման և այլ մեթոդների կիրառումը հնարավորություն են ավել ուսումնասիրելու պտղի և նորածնի ֆիզիոլոգիան ու ախտաբանությունը։ Մանկաբարձությունը օգտվում է ուսումնասիրման անատոմիական, ֆիզիոլոգիական, բջջաբանական, բակտերիալոզիական և կենսաքիմիական մեթոդներից։ Մանկաբարձությունը բաղկացած է հետևյալ բաժիններից՝ հղիության, ծննդաբերության, ետծննդյան շրջանի ֆիզիոլոգիա և ախտաբանություն, վիրահատական մանկաբարձություն, նորածնի ֆիզիոլոգիա և ախտաբանություն։ ԽՍՀՄ-ում մանկաբարձության զարգացմանը նպաստում էր հղիների բուժսպասարկման պանսերային սկզբունքը և մայրության ու մանկության պահպանության նկատմամբ հատուկ ուշադրությունը։ Խորհրդային մանկաբարձները զբաղվել են ծննդաբերության ցավազրկման, պտղի և նորածնի շնչահեղձության կանխարգելման ու բուժման, մայրական մահացության պատճառների և մանկաբարձության հրատապ հարցերի ուսումնասիրությամբ։ Մշակվել է հղիներին ծննդաբերությանը նախապատրաստելու պսիխոպրոֆիլակտիկ եղանակ։ Մանկաբարձության ասպարեզում գիտական աշխատանքներ են կատարվում գիտահետազոտական ինստիտուտներում, բժշկական ինստիտուտների մանկաբարձա-գինեկոլոգիական կլինիկաներում, ծննդատներում և այլն։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 225)։ |