Ախտաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլխուղեղի լայնական հատումը, պարզ երևում է գագաթային հատվածի մեծ մասը զբաղեցնող երակազարկերակային ձևափոխություն։

Ախտաբանություն, պաթոլոգիա, բժշկական գիտություն հիվանդությունների պատճառների, առաջացման, ընթացքի և ելքի օրինաչափությունների մասին։ Նշված գործընթացների առավել ընդհանուր պատճառներն ու օրինաչափություններն ուսումնասիրում է ընդհանուր ախտաբանություն, առանձին հիվանդություններինը՝ մասնավոր ախտաբանություն։ Վերջինս զբաղվում է օրգանների ու համակարգերի հիվանդություններով և կազմում է կլինիկական բոլոր առարկաների բաղկացուցիչ մասը (կլինիկական ախտաբանություն)։

Ախտաբանություն ընդգրկում է ախտաբանական անատոմիան և ախտաբանական ֆիզիոլոգիան։

Ախտաբանության բաժիններ[խմբագրել]

Ժամանակակից ախտաբանական լաբորատորիա

Ախտաբանական անատոմիա[խմբագրել]

Ախտաբանական անատոմիան ուսումնասիրում է մարդու բջիջների, հյուսվածքների և օրգանների կառուցվածքի փոփոխությունները հիվանդությունների ժամանակ։ Այդ դեպքերում, ախտորոշումը ճշտելու նպատակով, հետազոտվում են վիրահատությունների ժամանակ մարդու օրգանիզմից հեռացված առանձին օրգանները կամ հիվանդ մարդուց, դիակից վերցրած օրգանների մասերը։

Ախտաբանական ֆիզիոլոգիա[խմբագրել]

Ախտաբանական ֆիզիոլոգիան հետազոտում է ախտաբանական գործընթացների առաջացման և ընթացքի օրինաչափությունները, ֆունկցիոնալ խանգարումները, պաշտպանական և հարմարվողական հակազդեցությունները՝ առավելապես կենդանիների վրա (փորձարարական ախտաբանություն)։ Հիվանդությունների ժամանակ կենսաքիմիական գործընթացները և նյութափոխանակության խանգարումները ախտաբանաքիմիայի և մոլեկուլային ախտաբանության ոաումնասիրության առարկան են։ Սակայն այդպիսի բաժանումը պայմանական է, քանի որ հյուսվածքների, բջիջների և դրանց գործունեության փոփոխությունները սերտորեն կապված են միմյանց։ Ախտաբանական անատոմիան և ախտաբանական ֆիզիոլոգիան դասավանդվում են բժշկական բուհերում և ուսումնարաններում։ Դրանք բժշկական մտածողության, հիվանդության էությունը բացահայտելու հիմքն են։

Համեմատական ախտաբանություն[խմբագրել]

Էրիթրոլեյկոմիա ունեցող հիվանդի ոսկրածուծի քսուք, որում երևում է բազմակորիզ էրիթրոբլաստ՝ մեգաբլաստոիդ կորիզային քրոմատինով

Համեմատական ախտաբանություն հետազոտում է մարդու և կենդանիների հիվանդությունների առաջացման և ընթացքի օրինաչափությունները՝ դրանց համադրմամբ։

Տարբերում են մասնագիտական ախտաբանություն, որի խնդիրն այս կամ այն արտադրությունում աշխատողների օրգանիզմի վրա վնասակար գործոնների ներգործության ուսումնասիրությունն է, ինչպես նաև աշխարհագր. ախտաբանություն, որն ուսումնասիրում է աշխարհագր. պայմանների ազդեցությունն այս կամ այն հիվանդության առաջացման վրա։

«Ախտաբանություն» հասկացությամբ նշում են օրգանների (լյարդ, նյարդային համակարգ և այլն) հիվանդագին փոփոխությունները, օրգանիզմի կենսագործունեության ընդհանուր հասակային խանգարումները (հասակային ախտաբանություն) և այլն։

Ախտաբանությունը Հայաստանում[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ախտաբանությունը Հայաստանում

ՀՀ-ում ախտաբանության բնագավառի հետազոտությունները հիմնականում վերաբերում են ախտաբանական անատոմիային և ախտաբանական ֆիզիոլոգիային։ Ախտաբանական անատոմիայի զարգացումը կապված է 1923 թվականին Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետում Փ. Հակոբյանի նախաձեռնությամբ համանուն ամբիոնի ստեղծման հետ (այն հետագայում ղեկավարել են Լ. Եգնավերովը, Ե. Շուբենկո-Շուբինը, Վ. Գաբրիելյանը, ախտաբանություն Բեգլարյանը, Ն. Վարդազարյանը)։ 1962 թվականին համանուն ամբիոն է ստեղծվել նաև բժիշկների կատարելագործման (այժմ՝ Ազգային առողջապահության ինստիտուտ) ինստուտում։ ԵԲՀ-ում հետազոտություններ են կատարվել ռևմատիկ հիվանդությունների պատճառների, ախտածնության, անատոմիական և հյոավածաքիմիական փոփոխությունների ուսումնասիրության ուղղությամբ (ախտաբանություն Բեգլարյան, Ն. Վարդազարյան, Լ. Մկրտչյան, ախտաբանություն Ազնաուրյան)։ 1962 թվականից ամբիոնին կից ստեղծված (ախտաբանություն Բեգլարյանի նախաձեռնությամբ) ռևմատիկ հիվանդությունների պատճառագիտության և ախտածնության հարցերն ուսումնասիրող պրոբլեմային լաբորատորիայում ներդրվել են հյուսվածաբանական, հյոավածաքիմիական մանրէաբանական և իմունաբանական մեթոդներ, նոր տեսանկյունով մեկնաբանվել նշված հիվանդությունների առաջացման մեխանիզմները, տրվել դրանց բուժման տեսական հիմքերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png