Jump to content

Նյարդավիրաբուժություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նյարդավիրաբուժությունը՝ վիրաբուժության ճյուղ է, որն ուսումնասիրում է նյարդային համակարգի հիվանդությունները և վնասվածքները, որոնք բուժվում են գերազանցապես վիրաբուժական եղանակներով։ Տեսական հիմքը նյարդաբանությունն է։ Բաժիններն են՝ նյարդաուռուցքաբանություն, նյարդավնասվածքաբանություն, նյարդաանոթաբանություն, կենտրոնական նյարդային համակարգի վարակիչ–բորբոքային պրոցեսների բարդությունների ու հետևանքների և զարգացման բնածին արատների վիրաբուժություն, ստերեոտաքսիկ նյարդավիրաբուժություն, էպիլեպսիայի (նյարդավիրաբուժական էպիլեպտոլոգիա) և անամոքելի ցավերի վիրաբուժություն, վերականզնողական նյարդավիրաբուժություն ևն։

Այս ոլորտում մասնագիտացող բժշկին, անվանում են նյարդավիրաբույժ։

Նյարդավիրաբուժությունը որպես ինքնուրույն գիտություն, ձևավորվել է XX դ․ սկզբին, որին նախորդել են գլխուղեղի և ողնուղեղի վիրահատությունների երկարատև փորձերն ու որոնումները։ Գանգահատումը կատարվել է դեռես քարի դարում, սակայն մինչև XIX դ․ II կեսը հազվադեպ է կիրառվել։ Նյարդային համակարգի մորֆոլոգիայի և ֆիզիոլոգիայի ուսումնասիրությունները, անտիսեպտիկայի, ասեպտիկայի և նարկոզի կիրառումը հնարավորություններ ստեղծեցին պարբերաբար կատարելու նյարդավիրաբուժական միջամտություններ (անգլիացի վիրաբույժներ Ու․ Մակյուվեն, Վ․ Հորսլի և ուրիշներ, Ռուսաստանում՝ Ն․ Պիրոգով, Գ․ Ցեյդլեր և ուրիշներ)։ 1898-ին Վ․ Բեխտերևի նախաձեռնությամբ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայի նյարդահոգեբուժական կլինիկայում բացվել է նյարդավիրաբուժության բաժանմունք, 1912-ին Լ․ Պուսեպը Պետերբուրգում կազմակերպել է նյարդավիրաբուժության կլինիկա, ուր կիրառվել է գլխուղեղի ուռուցքների և մի շարք այլ հիվանդությունների վիրահատական բուժումը։ Արտասահմանում XIX դ․ I կեսին նյարդավիրաբուժության զարգացման գործում մեծ ներդրում ունեն ամերիկացի նյարդավիրաբույժներ Հ․ Կուշինգը, Ու․ Դենդին և ուրիշներ։

Հետագայում պարզվեց նաև, որ նյարդային ազդակը կրում է էլեկտրական բնույթ։ Այդ փաստը նոր ճանապարհ բացեց նյարդավիրավուժության զարգացման համար։ Սկսեցին անցկացվել բազմաթիվ փորձեր, որոնք ուղված էին պարզաբանելու նյարդային համակարգի աշխատանքի սկզբունքները։

Նյարդավիրաբուժական մասնագիտացված հիմնարկների ցանցի ընդլայնումը հնարավորություն է տվել բարելավել գլխուղեղի ուռուցքների, կենտրոնական նյարդային համակարգի բնածին արատների բուժումը, ստեղծել նյարդավիրաբուժության նոր բաժիններ՝ գլխուղեղի և ողնուղեղի անոթների վիրաբուժություն (նեյրոանգիոլոգիա) և ստերեոտաքսիս (հատկապես գլխուղեղի հակաէպիլեպտիկ համակարգերի խթանումը՝ խորանիստ ներուղեղային մազանման էլեկտրոդներով)։ Հեռանկարային նոր ուղղություն է գլխուղեղի արյան շրջանառության և էներգետիկական փոխանակության ֆիզիոլոգիայի և ախտաբանության ուսումնասիրությունը նյարդավիրաբուժության զարգացման գործում։ Կարևոր դեր են կատարում վիրահատական տեխնիկայի (գլխուղեղի որոշակի բաժիններին մոտենալու ռացիոնալ ուղիների մշակումը, էլեկտրակրիոմանրավիրաբուժության, կրիոդեստրուկցիայի, գերձայնի, մագնիսական ուղղորդված զորեղ դաշտերի, լազերի, ներգանգային ճնշումն իջեցնող պատրաստուկների և մեթոդների կիրառումը) և ախտորոշման մեթոդների (ռենտգենակոնտրաստային անոթագրության, վիրահատական մանրադիտակի և խոշորացույցի ևն) կատարելագործումը։ Հատուկ նշանակություն է ունեցել ցավազրկման և վերակենդանացման ժամանակակից մեթոդների ներդրումը, որով հնարավոր է դարձել կարգավորել օրգանիզմի կենսական կարևոր ֆունկցիաները՝ նյարդավիրաբուժական միջամտությունների ժամանակ և հետո։ Հեռանկարային է ներանոթային վիրաբուժության և մանրավիրաբուժության (միկրոխիրուրգիա) մեթոդների օգտագործումը։ Ֆիզիկայի, էլեկտրոնիկայի, կիբեռնետիկայի, ռադիոլոգիայի և բնական այլ գիտությունների նվաճումների կիրառումը հնարավորություն են տվել բուժելու գլխուղեղի ուռուցքները, ծանր վնասվածքները, էպիլեպսիան։ Նյարդավիրաբուժությունը սերտորեն կապված է նյարդախտաբանության, հոգեբուժության, նյարդաֆիզիոլոգիայի և հոգեբանության հետ։ Տարբեր երկրների նյարդավիրաբույժները միավորված են նյարդավիրաբույժների ընկերությունների համաշխարհային ֆեդերացիայում։

Ժամանակակից նյարդավիրաբուժությունը աշխուժորեն զարգանում է և դասվում է ապագայի գիտություներրի շարքին։ Այն սերտորեն կապված է համակարգչային սարքավորումների հետ և դրա շնորհիվ բարձրացել է վիրահատությունների որակը։

Աշխատանքներ են տարվում ուղեղ-համակարգիչ կապը հաստատելու ուղղությամբ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Бурденко Н․ Н․, Собр․ соч․, т․ 4, М․, 1950;
  • Арутюнов А․ И․, 50 лет советской нейрохирургии, «Вопросы нейрохирургии», 1967, в․ 5;
  • Иргер И․ М․, Нейрохирургия, М․, 1971;
  • Геворкян И․ X․, Хирургия в Советской Армении, Е․, 1973․

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյարդավիրաբուժություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 315