Ստոմատոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիվանդը անցնում է ատամնաբուժական բուժում
Հիվանդը ատամնաբույժի մոտ
Ֆերմերը ատամնաբույժի մոտ. Յոհան Լիսս 1616-17 թ.

Ստոմատոլոգիա (հուն.՝ στόμα՝ բերան և ․․․ լոոգիա), գիտություն բերանի խոռոչի օրգանների, ատամների, ծնոտ-դիմային հատվածի հիվանդությունների, դրանց բուժման, կանխարգելման և վերականգնման մասին։ Դեռևս 19-րդ դարի սկզբնամասում այս գիտությունը խորապես ուսումնասիրված չէր և կատարում էին միայն միջամտություններ դահիճները։ 80_ական թվականներին սկսվեցին բացվել առաջին դպրոցները, որոնք ուսումնասիրում էին միայն ատամնաշարը և կոչվում էին «Ատամնաբուժական դպրոցներ»: Գիտության զարգացման հետ զուգահեռ պարզվեց, որ բերանի խոռոչում տեղի ունեցող պրոցեսները կապակցված են օրգանիզմում տեղի ունեցող պրոցեսների հետ, այսինքն նկատեցին, որ բերանի խոռոչի տեղի ունեցող որոշակի հիվանդություններ վատ ազդեցություն են ունենեւմ օրգանիզմի տարբեր օրգանների վրա և հակառակը օրգան համակարգում տեղի ունեցող պրոցեսները նկատվում են բերանի խոռորում։ Այս ամենը բերեց նրան, որ ամբողջ աշխարհում մեծ տեղ հատկացրեցին ստոմատոլոգիաին։ Ճյուղը առանձնացավ բժշկական մեծ համակարգից։ Ստոմատոլոգիան բաղկացած է 3 հիմնական բաժիններից՝ թերապևտիկական, վիրաբուժական (դիմային վիրաբուժության հետ) և օրթոպեդիական։ Գիտության զարգացման հետ զուգահեռ առաջացավ ևս մի ճյուղ «Պարադոնտոլոգիա»(գիտություն պարադոնտի մասին)։ Վերջին տարիներին ստոմատոլոգիայից առանձնացել է մանկական ստոմատոլոգները, որն ուսումնասիրում է բերանի խոռոչի օրգանների կառուցվածքը և ֆունկցիան՝ երեխայի զարգացման տարբեր շրջաններում, ինչպես նաև երեխաների ծնոտ-դիմային համակարգի զարգացման տարիքային օրինաչափությունները և ստոմատոլոգիական հիվանդությունները։

Թերապևտիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերապևտիկական ստոմատոլոգիան ուսումնասիրում է ատամների, հարատամնային հյուսվածքների, բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունները, դրանց բուժումն ու կանխարգելումը։

Վիրաբուժական[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրաբուժական ստոմատոլոգիայի խնդիրն է ոչ միայն ատամների հեռացումը, այլև դեմքի և ծնոտների վիրահատումը բնածին, ձեռքբերովի արատների, չարորակ և բարորակ ուռուցքների և այլ ժամանակ։

Օրթոպեդիական[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրթոպեդիական ստոմատոլոգիան, ուսումնասիրում և օրթոպեդիական մեթոդներով շտկում է ատամծնոտային համակարգի բնածին և ձեռքբերովի արատները, վնասվածքները և ձևախախտումները։

Պրոթեզավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական դեր ունի ատամ-ծնոտային համակարգի վերականգնողական և կանխարգելիչ պրոթեզավորումը։ Ատամների բուժման, հեռացման և պրոթեզավորման վերաբերյալ տեղեկություններ կան դեռևս մ․թ․ա․ 4—5 դարերում Հին Արևելքի, Հունաստանի և Հռոմի բժշկագիտական աղբյուրներում։ Արաբ, բժշկագիտությունը մեծ ուշադրություն է դարձրել ատամների հիվանդություններին։

Ատամնաբուժության ձևավորումը և զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատամնաբուժությունը, որպես բժշկական գիտության, ձևավորմանը նպաստել է 18 դարում ֆրանսիացի վիրաբույժ Պ․ Ֆոշարի ատամնաբուժության առաջին խոշոր ձեռնարկը (1728), որն ընդգրկում էր ատամների հիվանդությունների, դրանց հեռացման և պրոթեզավորման վերաբերյալ բաժիններ։

Ատամնաբուժությունը Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում 1810 թվականին հատուկ օրենքով սահմանվել է ատամնաբույժի կոչում, իսկ 1829 թվականին ատամնաբուժությամբ զբաղվելու իրավունք են ստացել նաև կանայք։ 1884 թվականին լույս է ընծայվել առաջին ռուսական ամսագիրը՝ «Զուբովրաչեբնի վեստնիկ» («ռուս.՝ Зубоврачебный вестник»)։1883 թվականին՝ Պետերբուրգում, իսկ 1891 թվականին՝ Մոսկվայում կազմակերպվել է ատամնաբույժների ընկերություն։ Ատամնաբուժության զարգացմանը և գիտական ձևավորմանը նպաստել են ռուս գիտնականներ Ն․ Սկլիֆոսովսկու, Ա․ Լիմբերգի, Ն․ Զնամենսկու, Ս․ Չեմոդանովի, Ն․ Նեսմեյանովի և այլոց աշխատանքները։ 1881 թվականին Պետերբուրգում հիմնվել է ատամնաբուժության Ռուսաստանում առաջին մասնավոր դպրոցը։

Ատամնաբուժությունը ԽՍՀՄ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային իշխանության տարիներին ստեղծվել է ստոմատոլոգիական հիմնարկությունների լայն ցանց՝ պոլիկլինիկաներ և ստացիոնարներ, կազմակերպվել է ատամնաբուժական օգնության պետական համակարգ։ Ստոմատոլոգներ են պատրաստում հատուկ ստոմատոլոգիական ինստիտուտներ և ֆակուլտետներ։ 1923 թվականին հիմնվել է «Ստոմատոլոգիա» («ռուս.՝ Стоматология») ամսագիրը։ ԽՍՀՄ-ում գործել են ստոմատոլոգիական 2 խոշոր ԳՀԻ-ներ (Մոսկվայում և Օդեսայում1956 թվականին կազմակերպվել է ստոմատոլոգների համամիութենական ընկերություն, որը 1968 թվականին մտել է ստոմատոլոգների միջազգային կազմակերպության մեջ։

Ատամնաբուժությունը ՀԽՍՀ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԽՍՀ-ում ատամնաբուժական օգնության պետական համակարգի ստեղծման գործում մեծ են Ա․ Մաշուրի ծառայությունները (ղեկավարել է Հայաստանի ատամնաբույժների առաջին գիտագործնական խորհուրդը)։ Նրա նախաձեռնությամբ հիմնվել է ատամնապրոթեզավորման առաջին կենտրոնական լաբորատորիան (խորհրդային միության տարիներին Ստոմատոլոգիական 1 պոլիկլինիկա), կազմակերպվել են ատամնաբուժության դասընթացներ, ատամնաբուժական դպրոց (1936 թվականին)։ Այնուհետև ստոմատոլոգներ է պատրաստել Երևանի բժշկական ուսումնարանի ստոմատոլոգիական բաժանմունքը։ Հետպատերազմյան շրջանում շրջանային հիվանդանոցներին, բուժմիավորումներին, պոլիկլինիկաներին, արդյունաբերական ձեռնարկություններին, ուսումնական հաստատություններին կից ստեղծվել են ստոմատոլոգիական կաբինետներ և բաժանմունքներ։ 1946 թվականին հիմնվել է ծնոտ-դիմային վիրաբուժության կլինիկա, 1948 թվականին՝ ստոմատոլոգների և ատամնաբույժների հանրապետական գիտական ընկերություն։ 1961 թվականին Երևանի բժշկական ինստիտուտում կազմակերպվել է ստոմատոլոգիական ֆակուլտետներ, իսկ 1973 թվականին բժիշկների կատարելագործման ինստիտուտում հիմնվել է ստոմատոլոգիայի ամբիոն։ ՀԽՍՀ-ում ստոմատոլոգիայի զարգացմանը նպաստել են ստոմատոլոգներ Գ․ Եղիյանի, է․ Գևորգյանի, է․ Կիլիկյանի և այլոց աշխատանքները։ Ընդլայնվել է ստոմատոլոգիական հիմնարկների ցանցը, հանրապետությունում գործել են 22 մասնագիտացված ստոմատոլոգիական պոլիկլինիկա, ավելի քան 300 բաժանմունք և կաբինետներ։

Օրթոպեդիկ բաժանմունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրթոպեդիկ բաժանմունքը իր մեջ ներառում է' 1.Օրթոպեդիկ կաբինետ 2.Ատամնատեխնիկական լաբորատորիա Ատամնատեխնիկական լաբորատորիան ունի մի շարք կաբինետներ' 1.Տեխնիկական աշխատասենյակ 2.Ձևավորման աշխատասենյակ 3.Հղկման աշխատասենյակ 4.Ձուլման աշխատասենյակ 5.Պոլիմերիզացման աշխատասենյակ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 145 CC-BY-SA-icon-80x15.png