Ատամների իմպլանտացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ատամների իմպլանտացիա
Single crown implant.jpg
Մեկ գագաթով իմպլանտ
Ենթադաս dental instrument և medical implant
Հայտնաբերող Ինգվար Բրանեմարկ
MeSHID D003757 և D015921
Implantology Վիքիպահեստում

Ատամնային իմպլանտ, վիրաբուժական բաղադրիչ, արհեստական պատրաստված, հիմնականում բազմակոմպոնենտ կոնստրուկցիա, որը ներդրվում է ծնոտի ոսկրային հյուսվածքի մեջ` հետագա սերտաճումից հետո (օստիոինտեգրացիա) պրոթեզավորման նպատակով։ Իմպլանտները փոխարինում են կորցրած ատամների արմատներին, որոնք հետագայում թույլ են տալիս վերականգնել ատամնաշարը:

1965 թվականին Շվեդիայի Գյոտեբորգ համալսարանի հետազոտողների խմբի ղեկավարն էր պրոֆեսոր Ինգվար Բրանեմարկը, իսկ խումբը զբաղված էր հետազոտություններով, որոնք վերջնական արդյունքում հանգեցրին օստեոինտեգրացիայի երևույթի բացահայտմանը` (տիտանի սերտաճումը ոսկրային հյուսվածքի մեջ):

Բրանեմարկի հետազոտություններն ուղղված էին տրավմայից հետո ոսկրի ռեգեներացիայի և առողջացման տեսակետների ուսումնասիրությանը և, հատկանշականն այն էր, որ օստեոինտեգրացիա երևույթը (լատիներեն os – ոսկոր) լիովին պատահականորեն է բացահայտվել: Այս երևույթի հիման վրա եզրակացություն է կատարվել տիտանի կենսաիներտության մասին, իսկ հետագա հետազոտությունները հանգեցրել են պրոթեզավորման առավել պրոգրեսիվ համակարգի ստեղծմանը ստոմատոլոգիայի համաշխարհային ողջ պատմության մեջ:

Գիտական առաջին հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրանեմարկը մաքուր տիտանից պատրաստված օպտիկական տեսախցիկը տեղադրեց ճագարի մեծ ոլոքի մեջ և սկսեց հետևել վիրահատական բուժգործողությանը: Նա ենթադրում էր, որ ոսկորն ապաքինման սահմանափակ հնարավորություն ունի և նույնկերպ խնամքով պետք է բուժվի, ինչպես և օրգանիզմի այլ նուրբ հյուսվածքները՝ աչքը կամ գլխուղեղը: Փորձարարություններից մի քանի ամիս անց Բրանեմարկը ապացուցեց, որ ոսկրի ռեգեներացիան ոսկրի հյուսվածքի և ոսկրածուծի փոխազդեցության գործառույթն է: Մյուս կողմից, նա արձանագրեց, ի դեպ, տխրությամբ, որ տեսախցիկը, որը տեղադրվել էր ճագարի մեծ ոլոքի մեջ, դարձել էր ոսկրի կառուցվածքի անբաժանելի մասնիկը և այլևս օգտագործման ենթակա չէր, որը հետազոտությունների լրացուցիչ ծախսեր էր առաջացրել:

Առաջին պացիենտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի տարի անց Բրանեմարկը նկարագրեց տիտանե կառուցվածքի ոսկրի հետ սերտաճման հիմնական սկզբունքները` բաղադրատարրերի ճշգրտություն, ոսկրային հյուսվածքի նվազագույն վնասվածք, բաղադրատարրերը պետք է լիովին մանրէազերծ լինեն ինֆեկցիայից խուսափելու համար: Հաջորդ քայլը տիտանի կենսաֆիզիկական հատկությունների ուսումնասիրությունն էր բժշկական նպատակներով կիրառելու համար: Առաջին պրակտիկ փորձարարությունները, երջանիկ պատահականությամբ, կատարվեցին կորցրած ատամների վերականգնման համար: Առաջին պացիենտը Գոստա Լարսոնն էր: Նա դեռ 34 տարեկանում էր կորցրել ստորին ծնոտի բոլոր ատամները, նրա քիմքը ճաքած էր, վերին ծնոտն ու կզակը տձևացել էին, իսկ ուտելիս ու խոսելիս անասելիորեն ցավ էր զգում: Լարսոնը գրեթե հաշտվել էր այդ ամենի հետ, քանի դեռ չէր լսել նոր հետազոտությնունների մասին: Չնայած, այն տեխնոլոգիաները, որոնք օգտագործում էին Բրանեմարկն ու գործընկերները, դիմածնոտային վիրաբույժների և վնասվածքաբանների մեծամասնությունը չէր ընդունում, այնուամենայնիվ, Գոստա Լարսոնի համար կատարված բուժումն առաջինն էր և այն հաջող անցավ: Պացիենտին ստորին ծնոտի շարժական պրոթեզի ամրացման համար տեղադրվեց 4 իմպլանտատ: Անցկացված բուժումից հետո Լարսոնը կարողանում էր լիարժեք ծամել և նորմալ խոսել, նա այդ պրոթեզով նորմալ ապրեց մինչև իր կյանքի վերջը, 2006թ-ը: Առաջին իմպլանտացիայի համար բերանի խոռոչի խնդիրներով պացիենտի պատահական ընտրությունը մեկնարկային կետ դարձավ ստոմատոլոգիայում բոլորովին նոր ուղղության` իմպլանտոլոգիայի զարգացման համար: Դիմածնոտային ոլորտում անատոմիական և իմունային առանձնահատկությունները հնարավորություն տվեցին հատկապես ստորին ծնոտում իմպլանտատի սերտաճման, ինչպես նաև, դրանց երկարատև օգտագործման վերաբերյալ լավագույն կանխատեսումները կատարել:

Ինչ առավելություններ ունի ատամների իմպլանտացիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ատամները փոխարինվել են իմպլանտով, որտեղ դժվար է տարբերակել ատամները պրոթեզներից:
  • Վերացնել ատամնաշարի թերությունները, առանց հարևան ատամները տաշելու.
  • Կարելի է ցանկացած քանակությամբ իմպլանտատ տեղադրել ատամնաշարի ցանկացած թերությունը վերացնելու համար, անկախ տեղակայումից.
  • Իմպլանտների վրա տեղադրված պրոթեզները նման են իսկական ատամին, նույն խնամքն են պահանջում և զգալի չեն բերանի խոռոչում.
  • Լինում են իրավիճակներ, երբ պացիենտին հնարավոր չի լինում օգնել սովորական պրոթեզավորմամբ և հարցը կարգավորվում է իմպլանտների վրա պրոթեզավորման օգնությամբ:
Շարժումը ցածր ատամնաբուժարանում կարող է նվազեցնել իմպլանտների միջոցով գնդակի եւ վարդակի պահվածքը:
Ատամների կամուրջը կարող է ապահովվել երկու կամ ավելի իմպլանտների կողմից:

Ինչպես ճիշտ ընտրել իմպլանտատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից ստոմատոլոգիան իմպլանտոլոգիական համակարգի այնպիսի լայն ընտրություն է առաջարկում, որ պացիենտները (ինչպես և բժիշկները) կարողանան հարմար ընտրություն կատարել: Ինչ չափանիշներով է պետք առաջնորդվել իմպլանտատն ընտրելիս:

Առաջին չափանիշ`սերտաճում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիտանի առանձնահատկությունն այնպիսին է, որ մարդու օրգանիզմն այն որպես օտար մարմին չի ընդունում: Օրգանիզմն այն չի վանում, ինչպես, օրինակ, օրգանների տրանսպլանտացիայի ժամանակ: Իսկ արդեն հատուկ մշակված մակերեսով, պտուտակներով իմպլանտատի մասին խոսելն ավելորդ է: Եթե, իհարկե, տեղադրելիս ակնհայտ, կոպիտ սխալներ թույլ չեն տրվել: Բնականաբար, և իմպլանտատը, և ատամնապսակը, և ատամնալիցքը կատարվում են նորմալ ծամել կարողանալու պարզ պատճառով, ընդ որում, դրանք տեղադրվում են որքան հնարավոր է հարմարավետ, արդյունավետ և երկարատև: Այստեղից էլ բխում է երկրորդ չափանիշը:

Երկրորդ չափանիշ`երկարատևություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահա այստեղից էլ սկսվում է հիմնական տարբերությունը: Իմպլանտատի երկարատևությունը շատ բաներով կախված է իմպլանտատի միկրո- և մակրոդիզայնից: Միկրոդիզայնն իմպլանտատի մակերեսի առանձնահատկությունն է: Բազմաթիվ հետազոտություններով ապացուցված է, որ իմպլանտատի միկրոծակոտկեն մակերեսը նպաստում է ավելի արագ և լիարժեք ոսկրասերտաճմանը` հարթ մակերեսի համեմատությամբ: Մակրոդիզայնն իմպլանտատի կառուցվածքի առանձնահատկությունն է` նրա ձևը, պտուտակի առկայությունը, իմպլանտատի գլխիկի հետ միացման եղանակը և այլն:

  • Հղկված վզիկով իմպլանտատ
  • Չհղկված վզիկով իմպլանտատ

Երրորդ չափանիշ`էսթետիկ տեսքի վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

էսթետիկ տեսքի վերականգնում

Եթե անհրաժեշտ է փոխարինել առջևի բացակայող ատամը, ապա շատ կարևոր է, որ այն չտարբերվի հարևան ատամներից: Անթույլատրելի է, որ իմպլանտատի գլխիկը, վզիկը կամ իմպլանտատն ամբողջությամբ լնդերի տակից երևա: Իսկ դրա համար պետք է ճիշտ ընտրել ինչպես իմպլանտատը, այնպես էլ գլխիկը: Իսկ իմպլանտոլոգը պետք է էսթետիկ գլխիկի լայն ընտրության հնարավորություն ունենա` մետաղակերամիկական, կերամիկական, ցիրկոնիում և այլն:

Չորրորդ չափանիշ`տեղադրելու հնարավորություն բարդ դեպքերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ հաճախ իմպլանտատ տեղադրելու համար ոսկորը չի բավականացնում: Նման դեպքերում հարկ է դիմել ոսկրային պլաստիկայի տարբեր մեթոդների: Ոսկրային պլաստիկայի և իմպլանտացիայի մեթոդների զուգադրումը մեկ վիրահատությամբ շատ մեծ առավելություն է: Օրինակ, վերին ծնոտի ոսկրի բարձրությունը ընդամենը 4 մմ է, որը բավական չէ իմպլանտատի տեղադրման համար` առանց նախապես ոսկրային պլաստիկա կատարելու: Դասական մեթոդի դեպքում սկզբից ոսկրային պլաստիկա է կատարվում (սինուս-լիֆթինգ), և միայն 3-6 ամիս հետո իմպլանտացիա: Հաշվի առնելով, որ վերին ծնոտում իմպլանտատի սերտաճման ժամկետը 3-4 ամիս է, ապա ողջ բուժումը մի ողջ տարի կձգվի: Իսկ եթե միկրոպտուտակով վզիկով իմպլանտատ օգտագործվի, ապա այն կարելի է տեղադրել սինուս-լիֆթինգի հետ միասին: Առաջնային ամրացումը և կայունացումը տեղի է ունենում 4մմ հաստության ոսկրի բարձրության հաշվին, իմպլանտատը պահվում է միայն վզիկի պտուտակով, իսկ իմպլանտատի մնացած հատվածի շուրջբոլորը հետագայում ոսկոր է ձևավորվում: Այսպիսով, երկու վիրահատության փոխարեն միայն մեկն է կատարվում, իսկ բուժման տևողությունը նվազում է 2 անգամ: Սովորական հաջորդականությունն է` բաց սինուս-լիֆթինգ, 4-6 ամիս հետո իմպլանտատի տեղադրում, 4-6 ամիս հետո պրոթեզավորում (արդյունքում` 8 ամսից մինչև 1 տարի): Միաժամանակյա իմպլանտացիա-պրոթեզավորումը հնարավոր է արդեն 4 ամիս անց (առավելագույնը` 6 ամիս):

Ատամների իմպլանտացիայի մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմպլանտների վրա պրոթեզավորումը կատարվում է երկու փուլով` ատամի արմատի իմպլանտացիա և ատամնապսակի տեղադրում: Իմպլանտացիայի մեթոդի և պրոթեզավորման ժամկետների ընտրությունը կատարում է իմպլանտոլոգը, հաշվի առնելով բժշկական ցուցումները և պացիենտի ցանկությունը: Իմպլանտների վրա պրոթեզավորումը պատասխանատու քայլ է և այդ որոշումը ընդունելիս պացիենտը պետք է բացարձակապես վստահ լինի ոչ միայն իմպլանտոլոգի, այլև իմպլանտոլոգի պրոֆեսիոնալ բարձր մակարդակի հարցում, ում աշխատանքով է պայմանավորված վերջնական արդյունքը: Ատամնապսակը տեղադրելիս սխալը կարող է կոնստրուկցիայի կոտրվելու կամ օրգանիզմի կողմից իմպլանտը վանելու պատճառ դառնալ:

Իմպլանտացիան ըստ մեթոդների և ժամկետների լինում է.

Ըստ մեթոդների[խմբագրել | խմբագրել կոդը]

° միափուլ մեթոդ

° երկփուլ մեթոդ

Ըստ ժամկետների[խմբագրել | խմբագրել կոդը]

° անմիջապես իմպլանտացիա

° հետաձգված իմպլանտացիա

Պրոթեզավորման դասական սխեման երկփուլային իմպլանտացիան է: Առաջին փուլը` վիրահատական միջամտությունն է, որը ներառում է իմպլանտատի տեղադրում և որոշ ժամանակ անց` լնդի ձևավորիչի տեղադրում: Երկրորդ փուլը` օրթոպեդիկ միջամտություն է, արտաոսկրային մասի (աբատմենտ) և ատամնապսակի տեղադրում: Իմպլանտը տեղադրելու պահից մինչև վերջնական արդյունքը, որպես կանոն, 2-4 ամիս է անցնում, որը պայմանավորված է օգտագործվող համակարգից: Ժամկետը կարող է երկարել, եթե իմպլանտացիայի ժամանակ պահանջվի արհեստական կամ սեփական ոսկրի սերտաճում:

Միափուլ իմպլանտացիա. նման բուժգործողության դեպքում իմպլանտատի և ժամանակավոր ատամնապսակի տեղադրումը կատարվում է մեկ օրում, ատամնապսակն այնպես է տեղադրվում, որ այն չմասնակցի ծամելու աշխատանքին: Տվյալ տեսակի ատամնապսակը զուտ կոսմետիկական բնույթ ունի (բնականաբար, ոչ-ոք չի ցանկանա առանց առջևի ատամների թեկուզ մեկ օր մնալ): Հենց որ իմպլանտատը սերտաճեց (այդ նույն 2-4 ամսվա ընթացքում), իմպլանտոլոգն արդեն մշտական ատամնապսակն է ամրացնում: Բուժման այս սխեման, որպես կանոն, կիրառվում է միայն առջևի ատամների դեպքում, որոնք ենթակա են պարտադիր հեռացման ինչ-ինչ պատճառներով:

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմպլանտացիան ըստ տեսակների լինում է.

° Էնդօդոնտալ-էնդօսսալ (ներոսկրային) իմպլանտացիա, որը կատարվում է շարժվող կամ կոտրված ատամների դեպքում: Ատամի արմատի ուղու մեջ պտուտակավոր կամ ձևավոր մակերես ունեցող շտիֆտ է տեղադրվում արմատ- ատամնապսակ նորմալ հարաբերակցությունը վերականգնելու և ատամն ամրացնելու համար: Դրա համար անհրաժեշտ պայման է նվազագույնը 3 մմ առողջ պերիօդոնտի առկայությունն ատամի արմատի վերնամասի շուրջբոլորը:

° Էնդօսսալ (ներոսկրային) իմպլանտացիան կատարվում է, երբ ալվեոլյար ելուստը բավական բարձր է ոսկրային հյուսվածքի մեջ իմպլանտատի <արմատային> մասը տեղադրելու համար: Ցանկացած ներոսկրային իմպլանտատ բաղկացած է ներոսկրային (արմատային) մասից, վզիկից, որը պետք է լնդերի լորձաթաղանթի մակարդակին լինի, և սուպրակոնստրուկցիայից (գլխիկ, արտաոսկրային մաս, աբատմենտ):

° Ենթավերնոսկրային իմպլանտացիան կատարվում է, երբ ծնոտի ալվեոլյար ելուստն անհրաժեշտ բարձրությունը չի ունենում:

Ատամների իմպլանտացիայի փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատամների իմպլանտացիայի փուլերն անցկացվում են հետևողականորեն և երբեմն երկար ժամանակ են պահանջում, որը պայմանավորված է կատարվող միջամտությամբ և օրգանիզմի անհատական առանձնահատկություններով:

Ատամների իմպլանտացիայի նախապատրաստություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմպլանտացիայի պլանավորման համար որոշիչ դեր է կատարում ադենտիայի (անատամության) տեսակը, պրոթեզավորման ձևը, ոսկրային հյուսվածքի ծավալը և կառուցվածքը: Ադենտիայի տեսակով պայմանավորված, ընտրվում է իմպլանտատի տեղադրման ձևը, կոնստրուկցիան և մեթոդը, ինչպես նաև չափերը: Տարբերում են ատամնաշարի արատների 4 տեսակ. մեկ ատամի բացակայություն, երկու և ավելի ատամների բացակայություն, վերջին ատամների բացակայություն և լրիվ ատամնաշարի բացակայություն: Իմպլանտացիան նախապատրաստելիս բուժվում են բոլոր հիվանդությունները` ինչպես բերանի խոռոչի, այնպես էլ օրգանիզմում առկա հիվանդությունների, քանի որ դրանք ուղղակի կամ անուղղակի կարող են ազդեցություն ունենալ իմպլանտատի սերտաճման վրա: Բուժման պլանավորման համար մեկնարկային կետ են հանդիսանում այն գործոնները, որոնք որոշում են պրոթեզավորման ձևը և իմպլանտատի տեսակը: Ոսկրի ծավալը կարելի է երկրորդական գործոն համարել: Վիրահատական միջամտության ժամանակ առաջնային նշանակություն ունի վիրահատության անվնաս տեխնիկան, որը նշանակում է վիրահատական միջոցների ճիշտ ընտրություն, խստորեն պահպանելով ոսկրային օթյակի մշակման, իմպլանտատի տեղադրման և վիրահատական վերքի փակման կանոնները: Աբատմենտի տեղադրումը կատարվում է իմպլանտատի լրիվ և հուսալի սերտաճումից հետո: Դա առավել պարզ բուժգործողություն է, որի ժամանակ վիրաբույժը հանում է փակիչ-պտուտակը, որն անհրաժեշտ է սերտաճման պրոցեսում իմպլանտի պաշտպանության համար: Աբատմենտը ներպտուտակվում է իմպլանտատի մեջ: Այդ դեպքում արդեն կարելի է վիրահատական միջամտությունն ավարտված համարել, քանի որ այլ վիրահատական միջամտություն այլևս չի պահանջվում:

Պրոթեզավորում իմպլանտների վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատամնային իմպլանտների տեղադրումը բարձրացնում է կյանքի որակը:

° Իմպլանտատներն օգնում են կանխարգելել բացակայող ատամի տեղում ոսկրային հյուսվածքի ներծծումը

° Իմպլանտատների օգնությամբ նորից կարող եք նորմալ կծել և ծամել

° Իմպլանտատների օգնությամբ նորից կարող եք ճաշակել ձեր սիրած ուտեստները

° Իմպլանտատները կանխարգելում են մյուս ատամների շարժվելը

° Իմպլանտատների օգնությամբ կարող եք ապրել լիարժեք կյանքով:

Իմպլանտատային պրոթեզավորումը ժամանակակից մեթոդ է, ատամները վերականգնելու եղանակ: Իմպլանտատներով պրոթեզավորումը հնարավորություն է տալիս ոչ միայն հիանալի էսթետիկական արդյունք ստանալ, այլև լիովին վերականգնել ծամողական ֆունկցիան: Իմպլանտատը միակ պրոթեզն է, որը մարդուն ծառայում է նորմալ ատամի պես և կարող է դիմանալ ծամողական նշանակալի ծանրաբեռնվածությանը:

Ինչ առավելությունների մասին կարող ենք նախևառաջ խոսել իմպլանտների վրա պրոթեզավորման դեպքում.

Առաջինը, իմպլանտացիայի դեպքում հնարավորություն է ստեղծվում վերականգնել ատամնաշարի թերությունները (բացակայող ատամը(ները), առանց հարևան ատամների մշակման:

Երկրորդը, իմպլանտատի օգնությամբ կարելի է վերացնել ցանկացած տեղակայման արատը:

Երրորդը, միայն իմպլանտատը կարող է կանխարգելել ոսկրային հյուսվածքի ներծծումը այն հատվածում, որտեղ ատամ(ներ) չկան: Դա կատարվում է ոսկրային հյուսվածքն իմպլանտով ծանրաբեռնելու շնորհիվ, որը չի թողնում, որ ատամի բացակայության պատճառով ոսկորն ատրոֆիայի ենթարկվի: Ատամի բացակայության առաջին տարում ոսկրային հյուսվածքի մինչև 25% կորուստ է գրանցվում, հետագա 3-4 տարիների ընթացքում այն կարող է հասնել մինչև 50%-ի, որն, այնուհետև, կծվածքի փոփոխության և հարևան ատամների դիրքի խախտման է հանգեցնում: Բացի իմպլանտից ուրիշ ոչ մի այլ մեթոդ չի կարող ոսկրային հյուսվածքի նման ծանրաբեռնվածություն ապահովել:

Չորրորդը, իմպլանտատն ինքնուրույն կոնստրուկցիա է, որը որպես հիմք հարևան ատամների կարիքը չունի, որը հնարավորություն է տալիս միանգամից մի քանի խնդիր հարթել, որոնցից մեկն ատամները լրացուցիչ ծանրաբեռնվածությունից ազատելն է սնունդը ծամելիս: Այն նաև ծամելու պրոցեսն է լավացնում, հետևաբար, նպաստում է ստամոքս-աղիքային աշխատանքի կարգավորմանը: Իմպլանտների վրա պրոթեզների <ծառայողական> ժամկետն ավելի երկար է, քան սովորական պրոթեզներինը (եթե բժշկի հանձնարարականները կատարվում են և խնամքը պահպանվում է): Բացի դրանից, որոշ իրավիճակում հնարավոր է միայն իմպլանտացիա կատարել, որովհետև պրոթեզավորման սովորական մեթոդներով հնարավոր չէ հարթել խնդիրը: Անհրաժեշտության դեպքում ծնոտի մեջ տեղադրվում է մի քանի իմպլանտ (սովորաբար բավարար է լինում 4-6-ը), որոնց վրա էլ ամրացվում է պրոթեզը (անշարժ կամ շարժական): Իմպլանտը մեկուկես անգամ ավելի է դիմանում ծանրաբեռնվածությանը, քան սովորական ատամը: Իմպլանտի վրա պրոթեզավորմանը դիմում են այն դեպքում, երբ պացիենտի բերանի խոռոչում կամ ընդհանրապես ատամներ չկան, կամ էլ կան, բայց անբավարար են հուսալի ֆիքսացիայի համար, կամ էլ պահպանված ատամներն ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ օգտագործել: Ատամնաշարի լրիվ բացակայության դեպքում խնդիրը կարգավորվում է անշարժ պրոթեզավորման մեթոդով:Նման պրոթեզավորում կատարվում է մի քանի առանձին տեղադրված իմպլանտների օգնությամբ: Կա նաև պայմանական-անշարժ պրոթեզավորման մեթոդը, որի դեպքում կոնստրուկցիան ամրացվում է 2-4 իմպլանտի վրա (ծայրահեղ դեպքում`6-8): Այն կիրառվում է լրիվ անատամության դեպքում: Մեթոդը հնարավորություն է տալիս լիովին հարթել պացիենտի խոսակցական խնդիրը, վերականգնել ծամողական գործառույթը, խուսափել փսխումային ռեֆլեքսից (բերանի խոռոչում պրոթեզի փոքր մակերեսի շնորհիվ): Կիրառվում է նաև իմպլանտի վրա համակցված պրոթեզավորումը (երբ իմպլանտի տեղադրման համար տեղը բավարար չէ պրոգենիկ կծվածքի պատճառով): Այս դեպքում, պրոթեզավորման ժամանակ որպես հիմք կարող են ծառայել և իմպլանտները, և պահպանված առողջ ատամները, ինչպես նաև դրանց զուգակցումը:

Ինչպիսին է իմպլանտի վրա պատրաստված պրոթեզը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոթեզը բաղկացած է երեք մասից.

° բացակայող ատամի ոսկրային օթյակի մեջ սերտաճած տիտանե իմպլանտ.

° իմպլանտատի տիտանե գլխիկ, աբատմենտ, որը ներպտուտակվում է իմպլանտատին և այն հիմքն է, որի վրա տեղադրվելու է ատամնապսակը.

° արհեստական ատամնապսակ, որը լիովին նման է իսկական ատամին գույնով ու ձևով:

Իմպլանտի վրա պրոթեզավորումը թույլ է տալիս փոխարինել առանձին ատամներին կամ ատամնաշարին (այդ թվում, լրիվ ատամնաշարի բացակայությունը): Կիրառվում են մետաղե, մետաղակերամիկական, կերամիկական և կոմպոզիտ նյութերից պատրաստված պրոթեզները: Իմպլանտների վրա պրոթեզավորման դեպքում հաշվի են առնվում ոչ միայն ֆունկցիոնալ պրոթեզին ներկայացվող պահանջները, այլև արտաքին` էսթետիկական կողմը: Իմպլանտի ծառայելու ժամկետը կազմում է 20-25 տարի, իսկ պատրաստման համար պահանջվում է 4-6 ամիս:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • c Branemark, Per-Ingvar, Zarb, George (1989)։ Tissue-integrated prostheses (in English)։ Berlin, German: Quintessence Books։ ISBN 0867151293 
  • Branemark, Per-Ingvar Worthington, Philip, ed (1992)։ Advanced osseointegration surgery: applications in the maxillofacial region (in english)։ Carol Stream, Illinois: Quintessence Books։ ISBN 0867152427 
  • Laskin, Daniel (2007)։ Decision making in oral and maxillofacial surgery։ Chicago, IL: Quintessence Pub. Co.։ ISBN 9780867154634 
  • Lee, SL (2007)։ Applications of orthodontic mini implants։ Hanover Park, IL: Quintessence Publishing Co, Inc։ էջեր 1–11։ ISBN 9780867154658 
  • Sclar, Anthony (2003)։ Soft tissue and esthetic considerations in implant dentistry (in english)։ Carol Stream, IL: Quintessence Books։ ISBN 0867153547 
  • Buser, Daniel, Schenk, Robert K (1994)։ Guided bone regeneration in implant dentistry (in english)։ Hong Kong: Quintessence Books։ ISBN 0867152494 
  • Pallaci, Patrick (1995)։ Optimal implant positioning and soft tissue management for the Branemark system (in english)։ Germany: Quintessence Books։ ISBN 0867153083 
  • Renouard, Frank (1999)։ Risk Factors in Implant Dentistry: Simplified Clinical Analysis for Predictable Treatment։ Paris, France: Quintessence International։ ISBN 0867153555 
  • Lindhe, Jan; Lang, Niklaus P; Karring, Thorkild, eds. (2008)։ Clinical Periodontology and Implant Dentistry 5th edition (in English)։ Oxford, UK: Blackwell Munksgaard։ ISBN 9781405160995 
  • Newman, Michael; Takei, Henry; Klokkevold, Perry, eds. (2012)։ Carranza's Clinical Periodontology (in English)։ St. Louis, Missouri: Elsevier Saunders։ ISBN 9781437704167