Պրոթեզներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Artificial limbs for a thalidomide child, 1961-1965. (9660575567).jpg

Պրոտեզներ (ֆր.՝ Prothèse - միացում, լրացում), մեխանիկական հարմարանքներ, որոնք փոխարինում են վերջույթների բացակայող հատվածներին կամ մարմնի առանձին մասերին՝ լրացնելով կոսմետիկական և ֆունկցիոնալ արատները (տես Պրոթեզավորում)։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում են պրոտեզների մի քանի տեսակ.

  • Ժամանակավոր, նախատեսված են ծայրատի ձևավորման և հիվանդին քայլել սովորեցնելու համար, կիրառում են վերջույթի ծայրատումից հետո։ Առավել կատարելագործված են բուժիչ-մարզական պրոտեզներ որոնք կառուցվածքով և կենսամեխանիկական առանձնահատկություններով նման են հիմնական պրոտեզներին։ Դրանք հավաքում են ստանդարտ կիսաֆաբրիկատներից և հավաքման սխեման հնարավոր է փոխել անհատական պահանջներին համապատասխան։
  • Հիմնական պրոտեզներ․ օգտագործում են ծայրատի վերջնական ձևավորումից հետո։ Տարբերում են վերին (ձեռնաթաթի, նախաբազկի, բազկի) և ստորին (ոտնաթաթի, սրունքի, ազդրի) վերջույթների պրոտեզներ, որոնք պատրաստվում են ստանդարտ կիսաֆաբրիկատներից (ծայրատի վրա անհատական պատրաստված խոռոչ-պարկուճներով) և լինում են՝
    • փայտեմետաղե,
    • պլաստմասսայե,
    • կաշվե-բեկակալավոր և այլն։
Journal.pone.0019508.g004 prosthetic finger.png

Նշված պրոտեզներ, որպես կանոն, ֆունկցիոնալ-կոսմետիկ են կամ ակտիվ, քանի որ որոշակի չափով կատարում են բացակայող ծայրանդամի ֆունկցիա։

Ստեղծված են ոտնաթաթի պրոտեզների կատարելագործված կոնստրուկցիաներ՝ մեղմիչ հարմարանքներով և լրացուցիչ կողմնային շարժումներով,

Սրունքի պրոտեզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրունքի պրոտեզները առանց ազդրի պարկուճի են։ Ստորին վերջույթի բացակայությունը կոնքազդրային հոդի սահմանում պահանջում է ավելի բարդ պրոթեզ, որն ընդգրկում է նաև գոտկատեղը՝ կիսասեղմիրանի միջոցով, կոնքազդրային հոդակապով և ծնկահոդի փականով։ Կան նաև ներքին պրոտեզներ, որոնք օգտագործվում են հոդերում՝ վնասված հոդագլխիկի, հոդափոսիկի կամ երկուսին փոխարինելու համար։

Կենսաէլեկտրական պրոթեզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Glasauge Vorder-und Ruckseite.jpg

Կենսաէլեկտրական ղեկավարման պրոտեզներից առավել տարածված է նախա բազկի պրոթեզը, որն ապահովում է արհեստական մատների ծալումն ու տարածումը, ձեռնաթաթի բռնող ֆունկցիան։ Այդ պրոտեզներն ունեն հետևյալ առավելությունները, շարժումների ղեկավարման համակարգը նման է բնականին, շարժումների ղեկավարումն իրականանում է առանց մկանների նշանակալից էներգետիկական ծախսի և մատները հնարավորություն ունեն նուրբ ու բարդ շարժումներ կատարելու։ Կենսաէլեկտրական պրոտեզներ․ անհատական են, օգտագործման համար գոյություն ունեն մի շարք ցուցումներ ու հակացուցումներ։

Աշխատանքային պրոտեզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային պրոտեզներն օգտագործվում են հիմնականում վերին վերջույթի ծայրատումից հետո։ Նախատեսված են հիվանդի մասնագիտական սովորույթներին համապատասխան շարժումներ կատարելու համար։ Բաղկացած են բազկի կամ նախաբազկի պարկուճից, իսկ դաստակին փոխարինում են գործիքներ բռնող հատուկ հարմարանքներ։

Կրծքագեղձի պրոտեզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրծքագեղձի պրոտեզներ (ամպուտացիայից հետո), պատրաստում են փրփրեցրած լատեքսից կամ հեղուկ լցանյութ պարունակող թաղանթից։ Ամրացնում են հատուկ պատրաստված կրծկալներով։

Աչքի պրոտեզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոտեզներն աչքի, պատրաստում են հատուկ ապակիներից կամ պլաստմասայից։ 20-րդ դարի 60-ական թվականներին մշակում են իմպլանտանապրոթեզ համակարգեր, որոնք կարում են աչքի մկաններին և շարժումներ կատարելու հնարավորություն ստեղծում։

Ատամների պրոտեզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Post-solder index.jpg

Ատամների պրոտեզների օգնությամբ վերականգնում են ատամների պսակների արատները, վերացնում ատամների լրիվ կամ մասնակի բացակայությունը։ Լինում են չհանվող պրոտեզներ․, որոնք ամրացվում են բնական ատամներին (ատամի ներդրուկ, արհեստական պսակներ, կամրջակային պրոտեզներ և այլն) և հանովի։

Դեմքի և ծնոտների ձևախախտումները կանխելու նպատակով ատամների պրոտեզներ օգտագործում են նաև մանկական տարիքում։ Մշակված են նաև քթի, ականջների և դեմքի այլ մասերի պրոտեզներ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 435 CC BY-SA icon 80x15.png