Նախաբազուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախաբազկի ենթամաշկային երակները

Նախաբազուկ (լատ.՝ antebrachium), մարդու վերին վերջույթի՝ բազկի և ձեռքի միջև ընկած հատվածը։ Հենքակմախքը կազմում են ճաճանչոսկրը և ծղիկոսկրը, որոնց մերձադիր (պրոքսիմալ) ծայրերը մասնակցում են արմնկային, իսկ ճաճանչի հեռավոր ծայրը՝ ճաճանչ-դաստակային հոդի ձևավորմանը։ Ոսկրերը միմյանց միացած են միջոսկրային ջլաթերթով, իսկ ծայրերը կազմավորում են ճաճանչ-ծղիկային մերձադիր և հեռադիր (դիստալ) հոդերը։

Նախաբազկի ափային երեսին տեղադրված են ձեռքի վարհակիչ, դաստակի ծղիկային և ճաճանչային ծալիչ և մատների մակերեսային ու խորանիստ ծալիչ մկանները, որոնք նյարդավորվում են միջնակ և ծղիկային նյարդերի շարժիչ ճյուղերով, թիկնաճաճանչային երեսին՝ ձեռքի վերհակիչ, դաստակի երկար և կարճ տարածիչ, մատների ընդհանուր տարածիչ, ճկույթի և ցուցամատի սեփական տարածիչ, ինչպես նաև բութ մատի երկար զատիչ և երկար ու կարճ տարածիչ մկանները։ Վերջիններս նյարդավորվում են ճաճանչային նյարդով։

Անոթավորվում է ճաճանչային, ծղիկային, առաջային և հետին միջոսկրային զարկերակներով։

Ներերակային ներարկումների և արյան հետազոտությունների դեպքում օգտվում են նախաբազկի ենթամաշկային երակներից (արմնկային ծալքի շրջանում)։

 
 
 
 


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 153 CC BY-SA icon 80x15.png