Վիրահատություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Blinddarm-01.jpg

Վիրահատությունը (վիրահատական միջամտություն) հիվանդությունների բուժման այնպիսի եղանակ է, որի ժամանակ թափանցում են մարմնի խորքը, հեռացնում կամ վերականգնում են նրա ախտահարված առանձին մասերը։ Վիրահատությունը բազմաթիվ հիվանդությունների բուժման առավել հուսալի, իսկ հաճախ՝ միակ միջոցն է։ Հին հռոմեական բժիշկների կարծիքով՝ «Որտեղ չի օգնում դեղորայքը, այնտեղ բուժում է երկաթը», այսինքն՝ վիրաբույժի դանակը։ Մարդիկ վիրահատություններ սկսել են կատարել շատ հազարամյակներ առաջ (առավել հաճախ՝ ոսկրահարդարում և վերքերի բուժում)։ Գիտնականները հայտնաբերել են մարդկանց գանգեր (10 հզ. տարի առաջվա), որոնց վրա եղել են բացված անցքեր։ Հնարավոր է, որ այդպիսի վիրահատությունները կոչվել են գանգահատումներ (տրեպանացիա) և արվել են այնտեղից չար ոգիներին հեռացնելու համար։ Միջնադարում վիրահատությունները կատարվել են անբավարար սանիտարական պայմաններում։ Որոշ հասարակ վիրահատություններ, ինչպիսին են ատամի հեռացումը և արյան բացթողումը, կատարել են սափրիչները, որոնք բժշկություն չեն սովորել։ Հետագայում նարկոզի, այնուհետև՝ ցավազրկման այլ տեսակների կիրառմամբ միայն հնարավոր դարձան վարակների կանխումը և առավել կատարյալ վիրահատական եղանակների մշակումը։ Աննեխության (ասեպտիկա) և հականեխության (անտիսեպտիկա) կիրառման շնորհիվ հնարավոր դարձան վիրահատությունները՝ վիրաբույժի համար նախկինում դժվարամատչելի մասերում (օրինակ՝ որովայնի խոռոչում)։

XIX դարի վերջին միայն հաղթահարվեցին ցավի վտանգավորությունը և վիրահատական բուժման՝ վերքերի վարակման սպառնալիքով պայմանավորված սահմանափակությունը։ Ներկայումս ստեղծված են մարդու ցանկացած օրգանի (օրինակ՝ սրտի փականների և արյունատար անոթների, նյարդային կենտրոնների ու գլխուղեղի, ներքին ականջի մանրագույն ոսկրիկների, աչքի հյուսվածքների) մանրադիտակային (նախկինում՝ անիրականանալի) հաջող վիրահատությունների հնարավորություններ։ Վերջին ժամանակներս իրականացվում են կտրված մատների ու վերջույթների կարումը, առանձին առողջ օրգանների և հյուսվածքների պատվաստումը հիվանդին։ Որովայնահատումը (լապարատոմիա) հնարավորություն է տալիս, հիվանդի մարմնի վրա 3–4 մանր կտրվածքներ անելով, ներս մտցնել դյուրաթեք տեսախցիկ և դրա օգնությամբ հետևել վիրահատության ընթացքին։

Կրիովիրաբուժությամբ ախտահարված հյուսվածքները հեռացնում են գերցածր ջերմաստիճանի պայմաններում։ Դրան դիմում են աչքի ոսպնյակի մթագնման (կատարակտ) և քաղցկեղի որոշ տեսակների դեպքերում։

Վիրահատությունն իրականացնում է բժիշկների մի ամբողջ խումբ՝ վիրահատարանում։ Առաջինը գործի է անցնում անեսթեզիոլոգը։ Նա կատարում է ցավազրկում, այսինքն՝ հիվանդի օրգանիզմ է ներմուծում հատուկ նյութեր՝ անզգայացնողներ։ Անզգայացումը լինում է տեղային, երբ դեղանյութերն ազդում են մարմնի միայն մի հատվածի վրա, և ընդհանուր, երբ հիվանդի գիտակցությունն անջատվում է, և նա ոչինչ չի զգում։ Վիրահատում է վիրահատող կամ առաջատար վիրաբույժը, նրան օգնում են վիրաբույժ-ընթերակաները և հատուկ պատրաստություն անցած բուժքույրերը։ Մյուս մասնագետները ղեկավարում են սարքերը։

Վիրահատությունն իրականացվում է հիվանդի (երեխաներինը՝ ծնողների) պարտադիր համաձայնությամբ, և միայն հիվանդի գիտակցության կորստի ու հարազատների բացակայության դեպքերում է այն կատարվում բժշկի (կամ բժիշկների խորհրդակցության) որոշմամբ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]