Հնէաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հնէաբանություն, գիտություն երկրաբանական ժամանակաշրջանների օրգանական աշխարհի, դրա զարգացման օրինաչափությունների մասին՝ կապված երկրի զարգացման պատմության հետ։ Հնէաբանությունն ուսումնասիրում է ապարաշերտերի մեջ պահպանված օրգանիզմների բրածոները և դրանց կենսագործունեության հետքերը։ Ըստ հետազոտման առարկայի հնէաբանությունը կենսաբանական գիտություն է՝ սերտորեն կապված երկրաբանական գիտությունների հետ (կենսաշերտագրություն, երկրաբանություն, լիթոլոգիա)։ Հնէաբանության տվյալների վրա են հիմնված ապարների հարաբերական հասակի որոշման կենսաշերտագրական մեթոդը, երկրաբանական պատմության պարբերացումը, մասամբ՝ անցյալ ֆիզիկաաշխարհագրական պայմանների պատկերի վերականգնումը։ Հնէաբանությունը բաղկացած է հնակենդանաբանություն և հնաբուսաբանություն բաժիններից։ ՀՀ տարածքը կազմող տարբեր հասակի ապարաշերտերը պարփակում են բազմատեսակ ու բազմաթիվ բրածոներ (ֆորամինիֆերներ, բուստեր, օստրակոդներ, ուսոտանիներ, փորոտանիներ, երկփեղկանիներ, գլխոտանիներ, փշամորթներ, կաթնասուններ, ծաղկավոր բույսեր)։ ՀՀ տարածքի մինչքեմբրիի ապարներում բրածոներ չեն հայտնաբերվել։ Հայկական լեռնաշխարհին վերաբերող առաջին հնէաբանական տեղեկությունները տրված են Հ. Աբիխի, Վ. Մյոլերի, Կ. Ռեդլիխի, Ա. Ղուկասովի, Պ. Բոնեի աշխատություններում (XIX դարի 2-րդ կես)։ ՀՀ տարածքում հնէաբանական ուսումնասիրություններով զբաղվել են Բ. Մեֆերտը, Վ. Ռենգարտենը, Գ. Կրիմհոլցը, Մ. Աբրահամյանը, Ա. Գաբրիելյանը, Ն. Ազարյանը, Ա. Աթաբեկյանը, Ս. Մեժլումյանը և ուրիշներ (բրածո կենդանիներ), Ա. Թախտաջյանը, Ս. Կրիշտոֆովիչը և ուրիշներ (բրածո բույսեր)։ Հանրապետության հնէաբանական (հնակենդաբանական) ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփված են «ՀԽՍՀ բրածո ֆաունայի ատլաս» մենագրությունում (ռուսերեն, 1974)։ Հնէաբանական գիտական աշխատանքներ տարվում են ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում, ԵՊՀ-ում, ՀՀ բնապահպանության նախարարության երկրաբանական վարչությունում։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png