Սնկաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կենսաբանություն

P biology blue2.png Պորտալ «Կենսաբանություն»


Սնկաբանություն, (հին հուն․՝ μύκης — սունկ), կենսաբանության բաժին, գիտություն սնկերի մասին։ Քանի որ սնկերը երկար ժամանակ մտնում էին բույսերի թագավորության մեջ, սնկաբանությունը որպես կենսաբանության առանձին բաժին չի եղել․ այն մտել է բուսաբանության մեջ։ Ներկայումս էլ նրանում պահպանվել են բուսաբանությանը բնորոշ մոտեցումներ։

Սնկաբանությունը ուսումնասիրում է կորիզավոր, հետերոտրոֆ օրգանիզմներ որոնց բնորոշ են թույլ մասնագիտացված հյուսվածքներ, բջջապատ (կենսական ցիկլի որոշակի շրջանում), սպորներով բազմացում։ Այսպիսի բնորոշ հատկանիշներով օրգանիզմները՝ սնկերը և սնկանման օրգանիզմները, ժամանակակից դասակարգմամբ պատկանում են Fungi seu Mycota թագավորությանը։

Սնկաբանությունն ուսումնասիրում է սնկերի կարգաբանությունը, տարածվածությունը բնության մեջ, էկոլոգիան, մորֆոլոգիան, ֆիզիոլագիան, կենսաքիմիան, կիրառման բնագավառները․

  • սնկերի օգտագործումը մարդու կողմից՝
  • որպես սնունդ (ուտելու սնկեր, պանրի, գինու, գարեջրի արտադրության մեջ)
  • մնացորդների վերամշակում
  • սննդամթերքների, դեղերի (օրինակ՝ պենիցիլին), իմունոկարգավորղ բազմաշաքարների կենսատեխնոլոգիայում
  • որպես հարուցիչ՝ բույսերի վնասատուների
  • որպես դեղամիջոց
  • որպես օբյեկտ՝ կենսաբանական հետազոտություններում
  • սնկերի վնասակարությունը՝
  • կոնտամինացիան, փչացնում են սննդամթերքը
  • փայտե, գործվածքե և այլ իրերի քայքայում
  • բույսերի հարուցիչներ
  • միկոտոքսիկոզներ (սնկերի թույներ՝ միկոտոքսիներ)
  • միցետիզմ (թունավորում՝ սնկերից և նրանց նյութափոխանակության արգասիքներից)
  • սնկածին ալերգիաներ (առաջացնում են սնկերը)
  • սնկախտ (մարդկանց և կենդանիների հիվանդություններ հարուցող սնկեր)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնկաբանության պատմությունը պայմանականորեն բաժանվում է մի քանի ժամանակաշրջանների, որոնք մոտավորապես համապատասխանում են ընդհանուր կենսաբանական գիտությունների զարգացման ժամանակաշրջաններին։ 1940 թվականին Լ․ Կուրսանովը նշել է երեք հիմնական ժամանակաշրջաններ։ Առաջին կամ հին ժամանակաշրջանը, համաձայն Կուրսանովի, տևել է հին դարերից մինչև XIX դարի կեսերը, այն բնութագրվում է որպես սնկերի բազմազանության սկզբնական յուրացում ՝ հասկանալով որպես պատրաստի անփոփոխ միավորներ։ Այս ժամանակաշրջանը ավարտվել է Ք․ Պերսոնի և Է․ Ֆրիսի աշխատանքների երևան գալով, որոնցում բավականին մանրամասն տրված էր սնկերի ձևաբանական համակարգը։ Երկրորդ կամ նոր ժամանակաշրջանը տևել է XIX դարի կեսերից մինչև XIX վերջը։ Այդ ժամանակաշրջանում սկսվեց սնկերի կենսական ցիկլերի և օնտոգենեզի, ֆիլոգենեզի ուսումնասիրությունները։ Այդ ժամանակ էլ ի հայտ եկան առաջին աշխատանքները մակաբույծ սնկերի վերաբերյալ, որով էլ սկիզբ դրվեց ֆիտոպաթոլոգիային։ Երկրորդ ժամանակաշրջանի հիմնադիրները համարվում են Լ․ Տյուլյան և Ա․ դե Բարին։ Երրորդ՝ Կուրսանովի կողմից նորագույն անվանված ժամանակաշրջանը, համալրվում է բջջաբանական մեթոդներով, ինչպես նաև սեռական գործընթացի, սնկերի կենսագործունեության պայմանների ուսումնասիրման փորձարարական մեթոդներով։ Առանձին հետզոտությունները, որոնք նկարագրում են սնկերի կառուցվածքի բջջաբանությունը, ինչպես նաև երկորիզավորության երևույթը, ի հայտ են եկել 1860 թվականից, բայց մասսայական անցումը գիտական պատկերացումների նոր մակարդակի տեղի է ունեցել XIX և XX դարերի սահմանում[1]։

1953 թվականին Բ․ Պ․ Վասիլկովը, Ռուսաստանում և ԽՍՍՀ-ում, սնկերի ուսումնասիրման պատմությունը բաժանեց 4 ժամանակաշրջանների։ Առաջին՝ սկզբնական, ժամանակաշրջանի համար նա նշում է հին ժամանակշրջանից մինչև XVIII դարի կեսերը։ Այն հիմնականում բնութագրվում է սնկերի՝ սննդում, որպես դեղամիջոցներ օգտագործման հնարավորությունների ուսումնասրիմամբ, սնկերի մթերման և վերամշակման մեթոդների մշակմամբ, որոնց սկզբունքները մինչ օրս կիրառվում են։ Երկրորդ ժամանակաշրջանը Վասիլկովը անվանել է Ֆլորիստական, այն տևել է մինչև XIX դարը։ Այդ ժամանակաշրջանում արվել են բազմաթիվ գիտական արշավներ՝ օգտակար բույսերի տեսակների բազմազանությունը հաշվառելու համար, այդ թվում և սնկերի։ Երրորդ ժամանակաշրջանը, որը գրեթե համապատասխանում է Կուրսանովի երկրորդ ժամանակաշրջանին, տևել է 1860 թվականից մինչև 1920-ական թվականները և Վասիլկովի կողմից անվանվել է Օնտոգենետիկական ժամանակաշրջան։ Չորրորդ՝ Ժամանակակից շրջանը, Վասիլկովը բնութագրում է որպես այնպիսին,որում գիտակցաբար միավորվում են «մաքուր»գիտությունը գործնականի հետ, որոնք արհեստականորեն տարանջատվել էին Օնտոգենետիկական ժամանակաշրջանում[2]։

Անտիկ ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոփրաստես (ծնվ. շուրջ մ.թ.ա. 370, մահ. մ.թ.ա. 288 և մ.թ.ա. 285 թթ. միջև․)
Դիոսկորիդես
(մոտ 40- 90 թ․)

Համարվում է, որ գիտական գրականության մեջ սնկերի մասին առաջին հիշատակումները պատկանում են Արիստոտելին[3]։ Արիստոտելի աշակերտ Թեոփրաստեսը, որին անվանվանում էին «բուսաբանության հայր», հնարավոր է, որ առաջինն է անտիկ մտածողներից, ով փորձել է խմբավորել սնկերի մասին այն ժամանակվա գիտելիքները։ Նա հիշատակել է մորկեղների, գետնասնկերի և շամպինոնների մասին, որոնց անվանում է μύκης, որից էլ ավելի ուշ սկիզբ է առել սնկերի գիտական անվանումներից մեկը՝ լատ.՝ mycetes, իսկ գիտության անվանումը՝ սնկաբանություն։ Բացի այդ նրա աշխատանքներում ընդհանուր έρυσιβη (erysibe) անվան տակ նկարագրված են բույսերի հիվանդություններ` կեղծ ալրացողը և ժանգը (ավելի ուշ առաջինի հարուցիչներին սկսեցին անվանել լատիներենով Erysiphe)։ Այդ հիվանդությունների ծագումը անտիկ մտածողները , իհարկե, չէին կարող կապել սնկերի հետ և բացատրում էին բարձր խոնավության առկայությամբ[4]։ Մ․թ․ա․ 150 տարի առաջ գրող, քերական և բժիշկ Նիկանդր Կոլոֆոնցին առաջինն է կատարել բաժանումը թունավոր և ուտելի սնկերի՝ դնելով սնկերի կարգաբանության սկիզբը[3]։

Որոշ սնկերի նկարագրություններ արվել են նաև Հին Հռոմում։ Դիոսկորիդեսը իր «De materia medica» ստեղծագործության երկու գլուխը նվիրել է սնկերին։ Ուտելի և թունավոր սնկերի նկարագրությունից բացի, նա նկարագրել է թեփուկավոր աբեթասնկի բժշկական կիրառումը՝ agaricus անվամբ, որը մինչև այժմ պահպանվել է դեղաբանական ձեռնարկներում (ագարիկ դեղատնային, լատ.՝ agaricus officinalis)։ Դիոսկորիդեսը սնկերի մեջ առանձնացրել է գետնի տակ, գետնի և ծառերի վրա աճող սնկեր։ Այսպիսի դասակարգումը կարելի է անվանել բաժանում էկոլոգիական խմբերի[5][6]։ Պլինիոս Ավագը սնկերին դիտում էր որպես առանձին խումբ fungus ramosus՝ fungi։ Նա էլ, Նիկանդրի նման, սնկերին դասակարգել է՝ ուտելի (fungi esculenti) և թունավոր ( fungi noxici et perniciosi) սնկեր։ Իր «Բնական պատմություն» աշխատությունում Պլինուսը նկարագրել է խողովակավոր սնկերի (fungus porosus), լեզվասնկերի (fungus ramosus),անձրևասնկերի (fungus pulverulentus), տրյուֆելների (tubera terrae), ականջասնկերի (pezicae Plinii), աբեթասնկերի (fungus laricis, или agaricum) «տեսակներ»։ Պլինուսը նշում է ծառերի բներին և կոճղերին աճող աբեթասնկերի առատությունը Գալլիում, ճիշտ բացատրում այդ գոյացությունները որպես սնկեր և նշում, որ գիշերը սնկերով կոճղերը լույս էին տալիս[3][6]։

Հռոմեական կայսրությունում, ըստ երևույթին, շատ լավ գիտեին որոշ սնկերի հատկությունները։ Կայսերական սունկը, որին անվանում են boletus, հիշատակվում է Պետրոնիուսի «Սատիրիկոն»-ում և Յուվենալիսի սատիրաներում (Սատիրա V)։ Ենթադրում են, որ քաղաքական թշնամիներին կարող էին վերացնել՝ տալով նրանց կերակուր՝ պատրաստված ոչ թե կայսերական սնկից, այլ դժգույն գարշասնկից։ Վարկածներից մեկի համաձայն՝ այդ ձևով թունավորել են Կլավդիոս կայսրին[6]։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кудряшова З. Н. Микология с основами фитопатологии. — Минск, 1968.
  • Курсанов Л. И. Очерк развития микологии // Микология. — М.: Учпедгиз, 1940.
  • Васильков Б. П. Изучение шляпочных грибов в СССР: Историко-библиографический очерк. — М.—Л.: изд. АН СССР, 1953. — 192 с.
  • Мюллер Э., Лёффлер В. Микология / пер. с нем. К. Л. Тарасова. — М.: «Мир», 1995. — 343 с. — ISBN 5-03-002999-0
  • Ainsworth G. C. Introduction to the History of Mycology. — Cambridge University Press, 2009. — 376 p. — ISBN 9780521112956(անգլ.) (Эйнсуорт Дж. К. Введение в историю микологии)
  • Леонтьєв Д. В., Акулов О. Ю. Загальна мікологія: Підручник для вищих навчальних закладів. — Харків: «Основа», 2007. — С. 192—206. — ISBN 978-966-495-040-1(ուկր.) (Общая микология: Учебник для высших учебных заведений)
  • Мир растений. В 7 т./Редкол. А. Л. Тахтаджян (гл. ред.) и др. Т. 2. Грибы / Под ред. М. В. Горленко. — 2-е изд., перераб. — М.: Просвещение, 1991. — 475 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]