Սելեկցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սելեկցիա, գիտությունը, որը զբաղվում է տարբեր օրգանիզմների բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ և կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամների ստեղծմամբ։

Վաղուց ի վեր, մարդկությունը փորձում էր ստանալ բույսերի այնպիսի սորտեր և կենդանիների այնպիսի ցեղատեսակներ, որոնք ավելի լիարժեք կծառայեին մարդկանց կարիքներին և նըպատակներին: Պարզորոշ սելեկցիայի շնորհիվ, արդեն հնագույն մարդիկ կարողացան ստանալ բույսերի մշակովի սորտերի և ընտանի կենդանիների տարբեր ցեղատեսակներ: Բնականաբար, մարդկային հասարակության զարգացման հետ նաև անընդհատ զարգանում և կատարելագործվում էին սելեկցիայի մեթոդները:

Հայտնի է, որ առանց գիտության զարգացման, առանց արտադրությունում կիրառական գիտական մշակումները ներդնելու, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելն անհնար է։ Բացառություն չէ նաեւ գյուղատնտեսությունը, այդ թվում, նաեւ նրա հիմնական ճյուղը՝ բուսաբուծությունը։

Այս ճյուղում փոխհատուցումն ուղղակիորեն կախված է բույսերի սելեկցիայից, որի ներդրումը բերքատվության բարձրացման գործում 30—50% է։ Սելեկցիան, որպես ինքնուրույն գիտական ուղղություն, ձեւավորվել է դեռ 170—200 տարի առաջ, երբ ակնհայտ դարձավ, որ լավ սորտերը բերքատվության բարձրացման հիմնական գործոնն են։ Սելեկցիայի շնորհիվ ներդրվում են ճիշտ սորտեր։ Քանի որ սորտը ինքնին արդեն արտադրության միջոց է, այն ապահովում է ավելի բարձր եւ որակյալ բերքի ստացումը՝ շնորհիվ շրջակա միջավայրի բընական գործոնների արդյունավետ օգտագործման, ինչպես նաեւ մարդու կողմից օգտագործվող միջոցները հողի բերրիության բարձրացման համար։Ուստի բուսաբուծության արտադրության ինտենսիֆիկացումը սերտորեն կապված է բույսերի սելեկցիայի առաջընթացի հետ։ Այդ միտումը երբեք չի նվազում։

Եթե շատ երկրներում գյուղատնտեսության արտադրության ինտենսիֆիկացումը միայն բուսաբուծության արդյունավետության բարձրացման գործոններից մեկն է, ապա մեր հանրապետությունում վարելահողերի ծայրահեղ սահմանափակության հետեւանքով այն գլխավորն է և շատ կարեւոր։

Հայաստանում հացահատիկային եւ այլ մշակաբույսեր մշակվում են ուղղաձիգ գոտիականության տարբեր բնույթի ագրոկլիմայական պայմաններում։ Այդպիսի բազմազանությունը ապահովում է համապատասխան սորտային տեսականի, որպես բարձր և կայուն բերքի գըրավական։ Ներկայումս աշնանացան ցորենի նոր սորտերի պոտենցիալ բերքատվության եւ ստացվող բերքի տարբերությունը կազմում է 50%, այսինքն՝ ըստ էության ստանում ենք հնարավորի կեսը։

Ուստի անհրաժեշտ է կտրուկ ընդլայնել սելեկցիոն աշխատանքների մասշտաբները, զգալիորեն մեծացնել միջոցների ներդրումը և՛ գիտության մեջ, և՛ կիրառական սելեկցիայում։ Այդ միջոցները չեն կորչի, քանի որ սելեկցիոն հետազոտությունների վրա կատարված ծախսերը հատուցվում են համեմատաբար արագ։ Արդյունքը կլինի ծանրակշիռ թեկուզ այն պատճառով, որ ժամանակակից սելեկցիայի հնարավորությունները չափազանց մեծ են՝ նորագույն կենսատեխնոլոգիական մեթոդներ, սոմատիկ հիբրիդացում, հյուսվածքային եւ բջջային կուլտուրաներ, հետերոզիսային սելեկցիա եւ այլն։

Շատ կարեւոր է սելեկցիայի ուղղության ընտրությունը՝ կախված սորտի բուծման նպատակից. բարձր արդյունավետության հետ միասին այն պետք է ունենա կամայն տարբերիչ հատկանիշներ։ Օրինակ, աշնանացան ցորենի եւ գարու սելեկցիայում շատ կարեւոր է համարվում նրանց ձմեռնադիմացկունության ապահովումը։ Ցածր ձմեռնադիմացկունության պատճառով աշնանացան գարու սորտերը զբաղեցնում են գարու ընդհանուր տարածքի միայն 10—15%—ը, մինչդեռ աշնանացան սորտերը բերքատվությամբ գերազանցում են գարնանացաններին։

Հայաստանում ցորենի և եգիպտացորենի բերքատվությունը շատ ցածր է, ուստի հացահատիկների ինքնաբավության մակարդակը կազմում է ընդամենը 43%։ Սելեկցիայի շնորհիվ հնարավոր կըլինի այն բարձրացնել մինչեւ 70—75%։