Jump to content

Կարգաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենդանի օրգանիզմների դասակարգում

Կարգաբանություն (սիստեմատիկա, տաքսոնոմիա) կենսաբանական գիտություն, որի խնդիրն է բազմակողմանիորեն նկարագրել և կարգի բերել գոյություն ունեցող և անհետացած կենդանիների, բույսերի, սնկերի և միկրոօրգանիզմների բոլոր տեսակները, պարզել նրանց միջև եղած ազգակցական կապը, տեսակառաջացման ուղիները։ Կարգաբանությունը հենվում է օրգանիզմի բոլոր հատկանիշների (ձևաբանական, ֆիզիոլոգիական, կենսաքիմիական և այլն) վրա։ Բույսերի կարգաբանության մեջ հատուկ ուշադրություն է դարձվում վերարտադրող (ռեպրոդուկտիվ) օրգանների (ծաղիկ, սպորակիր օրգաններ) կառուցվածքին։ Շատ կենդանիների կարգաբանության մեջ տաքսոնոմիական խմբերի բնութագրման ժամանակ առավելությունը տրվում է անատոմիական հատկանիշներին։

Կարգաբանության նպատակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարգաբանության հիմնական խնդիրն է հնարավորություն ստեղծել կողմնորոշվելու գործնականորեն գոյություն ունեցող կենդանիների, բույսերի և միկրոօրգանիզմների միջև։ Դա վերաբերում է նաև անհետացած տեսակներին։ Կարգաբանությունը կառուցում է օրգանիզմների բնական համակարգ, որը համաստորադաս կատեգորիաներում ավելի ամբողջական պետք է արտահայտի տեսակների միջև գոյություն ունեցող կապը։ Ձգտելով ստեղծել օրգանական աշխարհի լրիվ համակարգ կամ դասակարգում՝ կարգաբանությունը հենվում է կենսաբանական բոլոր առարկաների տեսական ու գործնական տվյալների վրա և սերտորեն կապված է էվոլյուցիոն ուսմունքի հետ։

Կարգաբանական միավորներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրգանիզմների դասակարգման հիմնական կարգաբանական միավորը տեսակն է (species)։ Տեսակների նշման համար ընդունված է Կառլ Լիննեյի կողմից առաջարկված և մինչև այժմ պահպանվող բինար (կրկնակի) նոմենկլատուրան, այսինքն տեսակի անունը նշվում է 2 բառով. առաջինը նշանակում է ցեղը, որին վերաբերում է տվյալ տեսակը, երկրորդը՝ տեսակային էպիտետն է։ Բինար նոմենկլատուրային համառոտակի ձևով ավելացվում է նաև տվյալ տեսակը նկարագրող հեղինակի ազգանունը. օրինակ՝ Serratula serratuloides Takht։

Տեսակի գաղափարը բուսաբանության մեջ ավելի նեղ է, քան կենդանաբանությունում։ Հաճախ այն, ինչ կենդանաբանները որպես ենթատեսակ են դիտում, բուսաբանները համարում են ինքնուրույն տեսակ։

Տեսակները միավորվում են ցեղերում (genus), ցեղերը՝ ընտանիքում (familia), ընտանիքները՝ կարգերում (ordo), կարգերը՝ դասերում (classis), դասերը՝ տիպերում (typus) կամ բաժիններում (divisio)։ Կարգաբանության բարձրագույն միավորը թագավորությունն է (regnum), որը համախմբում է ամբողջ բուսական կամ կենդանական աշխարհը։

Կարգաբանության բարձրագույն միավորը թագավորությունն է։ Երկրագունդը բնակեցնող բոլոր կենդանի օրգանիզմներին ընդունված է բաժանել 4 թագավորությունների՝ պարզագույն էակներ, սնկեր, բույսեր, կենդանիներ։ Գոյություն ունի կենդանի օրգանիզմների ավելի քան 2 մլն, իսկ բույսերի 350 հազար տեսակներ։ Հայտնի է սնկերի 100 հազար տեսակ՝ միաբջիջ և բազմաբջիջ սնկեր։

Թագավորությունները բաժանվում են տիպերի, որոնք գերազանցում են 2 տասնյակը։ Հիմնական տիպերն են՝ ողնաշարավորների տիպ, հոդվածոտանիների տիպ, արմատամտրակավորների, ինֆուզորիաներ կամ թարթիչավորների, սպորավորների, աղեխորշավորների, տափակ որդերի, կլոր որդերի, օղակավոր որդերի, փափկամարմինների տիպեր։

Տիպերը բաժանվում են դասերի։ Օրինակ՝ կաթնասունների դաս, երկկենցաղների դաս, թռչունների դաս, սողունների դաս, ոսկրային ձկների դաս։ Դասը գտնվում է տիպի և կարգի միջև։

Դասերը բաժանվում են կարգերի։ Կարգաբանական կարգերից են՝ գիշատիչների, պրիմատներ, կրծողներ, նապաստականմաններ, ձեռնաթևավորներ, կնճիթավորներ, միասմբակավորներ, երկսմբակավորներ, կոշտուկոտանիներ, կետանմաններ, մաշկոտանիներ, միջատակերներ, թերատամնավորներ, պարկավորներ, միաշաքիլավորներ, երկշաքիլավորներ։

Կարգերը բաժանվում են ընտանիքների՝ լատին․՝ familia։ Ընտանիքը գտնվում է կարգի և ցեղի միջև։ Բուսական աշխարհում հայտնի ընտանիքներ են՝ խաչածաղկավորներ, վարդազգիներ, բակլազգիներ, մորմազգիներ, աստղածաղկազգիներ, հացազգիներ, շուշանազգիներ, փիփերթազգիներ։ Կենդանական աշխարհի հայտնի ընտանիքներ են՝ կատվազգիների ընտանիքը, մրջնակերների ընտանիքը։

Ընտանիքները բաժանվում են ցեղերի, իսկ ցեղերն էլ՝ տեսակների։

Կենդանական աշխարհի դասակարգման փորձեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոնրադ Հեսներ։ Կենդանի օրգանիզմների դասակարգմամբ զբաղվող շվեյցարացի գիտնական
Կառլ Լիննեյ։ «Բնության համակարգ» աշխատության հեղինակ

Կենդանիների և բույսերի դասակարգման փորձեր կատարվել են դեռևս Հին Հունաստանում, մ.թ.ա. 4-րդ դարում, Արիստոտելի կողմից։ Սակայն կարգաբանությունը, որպես գիտություն, ձևավորվել է 18-րդ դարի կեսերին և կապված է շվեդ բնախույզ Կառլ Լիննեյի անվան հետ, որը բույսերին ու կենդանիներին դասակարգելու համար օգտագործեց 1693-ին անգլիացի կենսաբան Ջոն Ռեյի առաջարկած «տեսակ» հասկացությունը։ Իրականում օրգանիզմների բնական համակարգի իսկական մատերիալիստական գաղափարը բացահայտել է Չարլզ Դարվինը իր՝ տեսակների առաջացման մասին աշխատության մեջ։

Դեռևս 400 տարի առաջ շվեյցարացի գիտնական Կոնրադ Հեսները այբբենական կարգով սկսեց գրանցել իրեն հայտնի բոլոր կենդանի օրգանիզմների տեսակները։ Դա փորձված համակարգ էր, որովհետև այդ սկզբունքով են դասակարգվում բոլոր հանրագիտարաններն ու բառարանները։ Սակայն կենդանիների հարցում առկա էին մի շարք թերություններ. տարբեր լեզուներով կենդանիներն ունեն տարբեր անվանումներ և բացի այդ իրար կողք էին հայտնվում միմյանցից խիստ տարբերվող կենդանիներ։ Այնպիսիք, ինչպիսին են՝ կենգուրուն ու կետը, կոլիբրին ու կոկորդիլոսը։

Այս խնդրի լուծման մեջ մեծ ավանդ ունի շվեդ բնագետ Կառլ Լիննեյը (1707-1778)։ Նա առաջարկեց կենդանական տեսակների հաշվառման մի համակարգ, որը մինչ օրս ընդունելի է։ Նա առաջարկեց կենդանիներն ու բույսերն անվանել լատիներեն՝ հին հռոմեացիների լեզվով։ 1735 թվականին լույս է տեսել նրա «Բնության համակարգ» աշխատությունը, որտեղ ամբողջությամբ ներկայացված է կենդանական տեսակների դասակարգման այդ համակարգը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վահագն Աբրահամյան - «Ճանապարհորդություն կենդանիների աշխարհում», Երևան, 2012, 128 էջ
  • «5-րդ հատոր». Հայկական սովետական հանրագիտարան. 1979 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 314
Կարգաբանական խմբեր

Վերնաթագավորություն — Թագավորություն — Ենթաթագավորություն — Վերնատիպ/Վերնաբաժին — Տիպ/Բաժին — Ենթատիպ/Ենթաբաժին — Վերնադաս — Դաս — Ենթադաս — Ինֆրադաս — Վերնակարգ — Կարգ — Ենթակարգ — Ինֆրակարգ — Վերնաընտանիք — Ընտանիք — Ենթաընտանիք — Վերնատրիբա — Տրիբա — Ենթատրիբա — Ցեղ — Ենթացեղ — Վերնասեկցիա — Սեկցիա — Ենթասեկցիա — Շարք — Ենթաշարք — Տեսակ — Ենթատեսակ — Կենսաձև/Տարատեսակ — Ենթատարատեսակ — Ձև — Ենթաձև

Տաքսոնոմիա — Կենսաանվանական անվանակարգ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարգաբանություն» հոդվածին։