Jump to content

Մրջնակերներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մրջնակերից)
Մրջնակերներ
Մրջնակերներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Թերատամնավորներ
Ընտանիք Մրջնակերներ
Տեսակ Մրջնակեր
Լատիներեն անվանում
Myrmecophagidae



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Մրջնակերներ (լատ.՝ Myrmecophagidae), թերատամնավորների կարգի կաթնասունների ընտանիք։

Անվան ստուգաբանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրջնակերը կոչվում է նաև մրջնաքաղ[1]։

Դասակարգումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրջնակերների ընտանիքը ներառում է 2 ցեղի 3 տեսակի կենդանիներ և 11 ենթատեսակներ[2][3]։

Թերատամնավորների կարգում կա մրջնակերների ևս մեկ ընտանիք (Cyclopedidae), որը Myrmecophagidae ընտանիքի հետ միասին կազմում է մրջնակերների ենթակարգը։

Cyclopedidae ընտանիքը ներառում է 1 ցեղի 1 տեսակի կենդանի.

Մրջնակերները տարածված են Հարավային և Կենտրոնական Ամերիկայում (Հարավային Մեքսիկայից մինչև Բոլիվիա, Բրազիլիա և Պարագվայ)։ Հիմնականում բնակվում են արևադարձային անտառներում, երբեմն հանդիպում են նաև բաց տեղանքում՝ սավաննաներում, գետերի ափերին։ Ակտիվ են առավելապես մթնշաղին և գիշերը։ Վարում են վերգետնյա (մեծ մրջնակեր) կամ կիսածառաբնակ (քառամատ մրջնակեր) կենսակերպ։

Նկարագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրջնակերի 4 տեսակներից ամենափոքրը գաճաճ մրջնակերն է, որի մարմնի երկարությունը 36-45 սմ է, իսկ քաշը՝ մինչև 400 գ (միջին քաշը՝ մոտ 250 գ)։ Ամենախոշորը մեծ մրջնակերն է, որի մարմնի երկարությունը 110-130 սմ է, պոչի հետ միասին՝ մինչև 230 սմ, իսկ քաշը՝ մինչև 40 կգ։ Արուներն ավելի խոշոր են էգերից։ Մրջնակերներն ունեն երկար խողովականման դունչ և բարակ երկարավուն լեզու։ Աչքերը փոքր են, ականջները՝ կլորավուն։ Առջևի թաթերը հնգամատ են, մատներին կան երկար, սուր ու կեռ ճանկեր։ Հատկապես զարգացած է երրորդ մատի ճանկը, որի երկարությունը մինչև 10 սմ է։ Հետին թաթերը քառամատ են կամ հնգամատ՝ առավել կարճ ճանկերով։ Որդանման լեզուն ծառայում է մրջյուններ որսալուն։ Թքագեղձերում արտադրվող կպչուն թուքը խոնավացնում է լեզուն, ինչն օգնում է է մրջնաբնից մրջյուններ հավաքելուն։ Ամենաերկարը մեծ մրջնակերի լեզուն է, որն ունի մինչև 60 սմ երկարություն (ամենաերկարն է ցամաքաբնակ կենդանիների մեջ)։

Մրջնակերների մարմինը պատված է խիտ մազերով, որոնք կարող են լինել կարճ ու փափուկ (գաճաճ մրջնակեր) կամ երկար ու կոպիտ (մեծ մրջնակեր)։ Մորթու գույնը գորշից մինչև ոսկեգույն (մեջքի հատվածում) և սպիտակադեղնավուն (փորի հատվածում) է։

Ի տարբերություն թերատամնավորների մյուս ներկայացուցիչների (համրուկներ), մրջնակերները լիովին զուրկ են ատամներից։ Դրա կարիքն իսկապես չկա, քանի որ հիմնական սնունդը բացառապես մրջյուններն ու տերմիտներն են, որոնց բները քանդում են հզոր առջևի թաթերով, որից հետո մրջյուններին հավաքում են իրենց կպչուն լեզվով։ Հազվադեպ սնվում են նաև մեղուներով, բզեզների թրթուրներով։ Անազատության մեջ մեծ մրջնակերը երբեմն սնվում է նաև պտուղներով։ Ատամների բացակայությունը լրացվում է մրջնակերների ստամոքսի մուտքի հզոր մկանունքով, որն օգնում է տրորել սնունդը։ Երբեմն մրջնակերները կուլ են տալիս ավազ կամ քարեր, որն օժանդակում է տրորման գործընթացին։

Մրջնակերներն ունեն հրաշալի հոտառություն, սակայն թույլ է լսողությունն ու տեսողությունը։ Հզոր ճանկերը նրանց պաշտպանում են գիշատիչներից։ Ապրում են միայնակ, բացառություն են կազմում միայն ձագ ունեցող մայրերը։ Բազմանում են տարին մեկ անգամ։ Էգ մրջնակերները ծնում են 1 ձագ, որին պահում են մեջքի վրա։ Մրջնակերների քանակը գնալով նվազում է, սակայն նրանց պահպանության ահազանգ դեռևս չկա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ռ.Ս. Ղազարյան, Կենդանիների անունների հայերեն-ռուսերեն-լատիներեն կարգաբանական բառարան, Գիրք Ա, Կաթնասուններ, Երևան-1998, Փյունիկ։
  2. Wozencraft, W. C. (2005). «Order Carnivora». In Wilson, D. E.; Reeder, D. M (eds.). Mammal Species of the World (3rd ed.). Johns Hopkins University Press. էջեր 532–628. ISBN 978-0-8018-8221-0. OCLC 62265494.
  3. Полная иллюстрированная энциклопедия. «Млекопитающие» Кн. 2 = The New Encyclopedia of Mammals / под ред. Д. Макдональда. — М.: «Омега», 2007. — С. 436. — 3000 экз. —ISBN 978-5-465-01346-8.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մրջնակերներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մրջնակերներ» հոդվածին։