Jump to content

Հոդվածոտանիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոդվածոտանիներ
Հոդվածոտանիներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Լատիներեն անվանում
Arthropoda



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Հոդվածոտանիներ (լատին․՝ Arthropoda), կենդանական աշխարհի ամենաբազմազան տիպն է, հայտնի է ավելի քան 1,5 միլիոն տեսակ։ Ապրում են ցամաքում, օդում և ջրում։ Մարմինը երկկողմ համաչափ է, հատվածավորված՝ կազմված է գլխակրծքից և փորից կամ գլխից, կրծքից և փորից։ Ունեն հատվածավորված, շարժուն հոդերով միացած վերջավորություններ, որտեղից և ստացել են իրենց անունը։

Կրծքի հատվածների և ոտքերի թիվը տարբեր է. գետի խեցգետինն ունի 5 զույգ քայլող ոտքեր, խաչասարդերը՝ 4, մայիսյան բզեզը՝ 3 զույգ։ Հոդվածոտանիներից միջատների մեծ մասի մեջքի կողմում՝ կրծքի վրա, տեղավորված են թևերը։ Մարմինը ծածկված է խիտինային ծածկույթով, որը ծառայում է որպես արտաքին կմախք, պաշտպանում է մեխանիկական և քիմիական ազդեցություններից, իսկ ցամաքային ձևերին՝ ջրի ավելորդ կորստից։ Խիտինային ծածկույթն առաձգական չէ, կեդանու հետ միասին չի աճում և մարմնի աճը սահմանափակելու համար պարբերաբար տեղի է ունենում մաշկափոխություն։ Աճի շրջանում հին խիտինային ծածկույթի տակ զարգանում է նոր՝ նուրբ խիտինային ծածկույթը, իսկ հինն ընկնում է։ Խիտինային ծածկույթին ներսից ամրանում են մկանները։ Հոդվածոտանիներն ունեն միջաձիգ զոլավոր մկաններ՝ առաձիգ խրձերի ձևով, որոնք, ի տարբերություն հարթ մկանների, անհամեմատ արագ են կծկվում, որով և պայմանավորված են նրանց ակտիվ շարժումները։

Հոդվածոտանիների արյունատար համակարգը բաց է, շնչառության օրգանները ջրային կենսակերպ վարողների մոտ խռիկներն են, իսկ ցամաքայիններինը՝ թոքերը կամ տրախեաները։ Նյարդային համակարգը կազմված է վերկլանային և ենթակլանային հանգույցներից և նյարդային շղթայից։ Ունեն լավ զարգացած տեսողության, հոտառության և շոշափելիքի օրգաններ։ Գետի խեցգետինն ունի բարդ, մեղուն՝ բարդ և պարզ, իսկ խաչասարդը՝ պարզ աչքեր։ Կան նաև աչք չունեցողներ։ Արտաթորությունը կատարվում է մալպիգյան խողովակների միջոցով։ Դրանք գտնվում են մարմնի խոռոչում և մյուս ծայրով բացվում է միջնաղու և հետնաղու սահմանում, իսկ խեցգետնակերպերի արտաթորության օրգանները երկու կանաչ գեղձերն են։

Հոդվածոտանիները բաժանասեռ կենդանիներ են։ Զարգացումը կատարվում է լրիվ և ոչ լրիվ կերպարանափոխությամբ։

Տիպի հիմնական դասերն են՝ խեցգետնակերպերը, սարդակերպերը և միջատները։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա.Հ Եսայան,Ս.Խ Պիպոյան,Լ.Յու.Հակոբյան,Կենսաբանություն 7,100 էջ

Դերը մարդու կյանքում և բնության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդվածոտանիները մասնակցում են բնության մեջ նյութերի շրջապտույտին,նպաստելով ծաղկավոր բուսերի բազմացմանը։Ինչպես նաև մեծ մասը համարվում է կեր այլ կենդանիների համար։Մարդը պատմության ընթացքում ընտելացրել է մի քանի միջատներին,օրինակ Թթենու շերամին և մեղվին` զբաղվելով մեղվաբուծությամբ և շերամաբուծությամբ և ստացել է մեղր և մետաքս։

Վտանգավոր և վնասատու հոդվածոտանիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդվածոտանիների մեծ մասը կարող է մեծ վտանգ ներկայացնել մարդու համար։Դրանցից են օրինակ կարիճը,որի մի քանի տեսակներիխայթից հետո շտապ բժշկական օգնություն ցույց չտալու դեպքում մարդ կմահանա։Ոչ մահացու տեսակները առաջացնում են սրտխառնոց,ճնշման իջեցում,գլխացավ և վատ շնչառություն։Վնասատու են նաև մոծակները ովքեր խայթից հետո օրգանիզմ են բաց թողնում իրենց թուքը,որը պարունակում է հակակոագուլիանտներ,որոնք առաջացնում են քոր, այտուց։Նրանց որոշ տեսակներ կարող են մահացու լինել շտապ բժշկական օգնության բացակայության պատճառով։Նաև մահուցու թունավոր են սարդերի մի քանի տեսակներ։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոդվածոտանիներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոդվածոտանիներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 509