Կետանմաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կետանմաններ
Կետանմաններ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կետանմաններ
Լատիներեն անվանում
Cetacea
Brisson, 1762
Ենթակարգեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180403
NCBI 9721
EOL 7649

Կետանմաններ, կետեր (լատ.՝ Cetacea), ջրային կաթնասունների կարգ: Հսկա չափերի (1,2-33 մ) կենդանիներ են: Մարմինը մերկ է, իլիկանման և աննկատելիորեն անցնում է պոչի, որը վերջանում է հորիզոնական երկթիակ լողակով: Առջևի վերջավորությունները վեր են ածվել լողակների, ետինները անհետացել են:Մազածածկը, քրտինքային, ճարպային գեղձերը և արտաքին ականջը ետ են զարգացել: Մաշկային ճարպաշերտը շատ հաստ է, որը փոքրացնում է մարմնի տեսակարար քաշը և պաշտպանում ջերմային կորուստներից: Քթանցքերը ծածկված են փականներով: Թոքերը խիստ առաձգական են:

Կմախքը սպունգանման է, ողնաշարը սրբոսկր չունի: Կողերը 17 զույգ են, սակայն կրծոսկրի հետ միացած են 1-1 զույգը: Լավ զարգացած են լսողությունը, համի, շոշափելիքի և մաշկային զգացողությունը: Շոշափելիքի օրգան են ծառայում գլխի վրայի վիբրիսները: Աչքերը մանր են, արցունքագեղձեր չունեն:

Կետերի կարգն ունի 2 ենթակարգ. անատամ կետեր կամ բեղավորներ կետեր (ունեն 3 ընտանիք), իսկ ատամնավոր կետերն ունեն 4 ընտանիք: Հայտնի է 38 սեռ, 83 տեսակ՝ տարածված համաշխարհային օվկիանոսում՝ Արկտիկայից մինչև Անտարկտիկա: ԽՍՀՄ-ում՝ 25 սեռ, 32 տեսակ: Մեծ մասը ձմռանը գնում են դեպի տաք ջրեր (բազմանալու), ամռանը՝ սառը ջրեր (գիրանալու, ճարպ կուտակելու): Ատամնավոր կետերը սնվում են ձկներով, գլխոտանի փափկամորթներով, անատամները՝ պլանկտոնային խեցգետնանմաններով: Ատամների քանակը 2-ից մինչե 240 է: Ծնում են 1 խոշոր ձագ: Սեռահասուն են 2-6 տարում, կյանքի տևողությունը 30-50 տարի է: Ապրում են ընտանիքով կամ հոտերով: Կետերի նախնիները (հավանաբար կրեոդոնտները) ջրային կյանքի են անցել համարյա 60 մլն տարի առաջ: Հայտնի են 127 սեռի բրածո կետեր: ԽՍՀՄ-ում բրածո կետերը գտնվել են ստորին օլիգոցենի շերտերում (Կովկասում) և վերին միոցենի շերտերում (Մոլդովայում, Ղրիմում, Կովկասում): Կետորսության օբյեկտ են, որը կարգավորում է Միջազգային կետորսության հանձնաժողովը: Որոշ տեսակների միսը օգտագործվում է որպես սնունդ, ստանում են մեծ քանակությամբ կետաճարպ:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png