Jump to content

Աբեթասնկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբեթասնկեր
Աբեթասնկեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Տիպ Բազիդիոմիցետներ
Դաս Ագարիկոմիցետներ
Լատիներեն անվանում
Aphyllophorales


Աբեթասնկեր (լատին․՝ Aphyllophorales) բազիդիավոր սնկերի մի քանի ընտանիքների պատկանող սնկերի ընդհանրացված անվանումը։ Առավել տարածված են աբեթասնկայինների (լատին․՝ Polyporaceae) ընտանիքի ներկայացուցիչները, որոնք Հայաստանում կազմում են 105 տեսակ։ Ամենատարածվածը աբեթասունկ թեփուկավոր (Polyporus squamosus)-ն է։ Աճում է բոլոր մարզերի սաղարթավոր անտառների բների կամ փտած կոճղերի վրա՝ կղմինդրաձև դասավորված մեծ խմբերով (450-2200 մ բարձրություններում)։ Գլխարկի տրամագիծը 5-50 սմ, հաստությունը 0.5-10 սմ է, կիսակլոր է, կողքային, բաց դեղնավուն, մակերեսը՝ չոր՝ ծածկված գորշ, օղակաձև դասավորված թեփուկներով, եզրերը՝ բարակ, երբեմն՝ ներս ոլորված։ Ոտիկը գլխարկի գույնի է, հիմքում՝ սևացած գլանաձև, հաստ, կարճ։ Խողովակների շերտն սկզբում սպիտակ է, ապա՝ դեղնավուն։ Պտղամիսն ամուր է, սպիտակ, հաճելի համով և հոտով։ Ուտելի է, օգտագործվում են միայն երիտասարդ պտղամարմինները՝ թարմ և չորացած։ Գերիշխող մասը բնափայտը քայքայող սնկեր են, կան նաև բուժական նշանակություն ունեցող տեսակներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբեթասնկեր» հոդվածին։