Պետրոնիուս Արբիտր
| Ծննդյան անուն | Titus Petronius Niger |
|---|---|
| Ծնվել է | 27 |
| Ծննդավայր | Մասիլիա |
| Վախճանվել է | 66[1][2][3] |
| Վախճանի վայր | Cumae[3] |
| Գրական անուն | arbiter elegantiae |
| Մասնագիտություն | գրող և քաղաքական գործիչ |
| Լեզու | լատիներեն |
| Քաղաքացիություն | Հին Հռոմ |
| Ուշագրավ աշխատանքներ | Սատիրիկոն |
| Զավակներ | Albia Dominica |
| Petronius Arbiter Վիքիպահեստում | |
Պետրոնիուս Արբիտր (լատ.՝ Petronius Arbiter; 14 — 66 թթ.), «Սատիրիկոն» երգիծական վեպի հեղինակ, սովորաբար նույնացվում է Տակիտոսի կողմից հիշատակվող Գայուս Պետրոնիուսի հետ, որը ապրել է Ներոն կայսեր օրոք։ Ներոնի պալատում կոչվել է «դատավոր նրբագեղության»։ Պալատական դավերի մեջ խճճվելով՝ ինքնասպան է եղել։
«Սատիրիկոնը» երգիծական կենցաղային վեպ է, գրված «մենիպպյան սատուրայի» ձևով, այսինքն արձակ և չափածո հատվածների միախառնման եղանակով։ Երկից մեզ հասել են միայն հատվածներ։ Պատմվում է կրթված երիտասարդ Էնկոլպիուսի և նրա ուղեկիցների արկածների մասին։ Ճակատագիրը նրանց շպրտում է քաղաքից քաղաք, դժբախտությունից դժբախտություն։ Ծաղրելով իր ժամանակին տարածված սիրային վեպերի կաղապարները՝ Պետրոնիուսը ենթարկում է գլխավոր հերոսներին տարբեր փորձությունների՝ փոթորիկ, նավի խորտակում, կեղծ ինքնասպանություն, բաժանումներ և հանդիպումներ։ Վեպի հիմնական հետաքրքրությունը, սակայն, բազմաթիվ էպիզոդների նկարագրություններում է. իրար են հաջորդում խրախճանքների, խաղաորջերի, հրապարակային վեճերի տեսարանները։ Հեղինակը ցածր խավի ներկայացուցիչների զարմանալի իմացություն է ցուցաբերում, նա շատ վառ է պատկերում կախարդներին, կավատներին, սիրային արկածներ որոնող կանանց, օժիտ փնտրողներին, պարազիտներին, գողերին, նավաստիներին և զինվորներին։
Վեպի առավել հայտնի դրվագը Տրիմալքիոնի խնջույքի տեսարանն է։ Տանտերը՝ Տրիմալքիոնը /եռակի զզվելի/, ազատարձակ է, նախկինում սիրիացի ստրուկ, ազատություն է ստացել և հարստացել շնորհիվ հաջող առևտրի։ Հեղինակը Տրիմալքիոնի դղյակի շքեղության և խնջույքի պերճության նկարագրման, նրա ճառերի ներկայացման միջոցով ցույց է տալիս նրա տգիտությունը, սնահավատությունը, մեծամտությունը, անճաշակությունը, վեր է հանում նրա գռեհկությունն ու ագահությունը։
Պետրոնիուսին բնորոշ են նիհիլիզմը, հիասթափությունը, բացարձակ նատուրալիզմը, որոնք, սակայն, չեն արժեզրկում հռոմեական այս վեպի գեղարվեստական նշանակությունը։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խաչատրյան Ն., Անտիկ գրականության պատմություն, Երևան, 2002։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Record #118593293 // Gemeinsame Normdatei Ստուգված է հոկտեմբերի 16-ին 2015:
- ↑ Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона
- ↑ 3,0 3,1 Петроний // Գրականագիտական համառոտ հանրագիտարան — Т. 5.
|
||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |