Մոծակներ
Մոծակ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Culicidae
| ||||||||||
|
Մոծակներ, երկարաբեղիկ երկթևանիներ (լատին․՝ Nematocera), միջատների ենթակարգ։ Հայտնի է 20 հազար, Հայաստանում՝ ավելի քան 20 տեսակ։ Հանդիպում են ամենուրեք, առավել տարածված Են Արարատյան դաշտում, Սևանի ավազանում և անտառային շրջաններում։ Զազիրքի ամենակարևոր բաղադրիչն են։ Ունեն երկար, բարակ կնճիթ, որի օգնությամբ ծակում են մաշկը և ծծում արյունը։ էգերը սնվում են բույսերի հյութերով կամ մարդու և կենդանիների արյունով (ծծում է իր մարմնի ծավալից 1,5 անգամ ավելի արյուն), արուները՝ միայն բուսական հյութերով։ Հասուն միջատներն օդային կյանք են վարում, իսկ թրթուրները, հարսնյակներն ապրում են ջրում, խոնավ հողում։
Մոծակների ակտիվությունը մեծանում է երեկոյան և գիշերը։ Առավել վտանգավոր են Culicidae ընտանիքի անոֆելես սեռի (մալարիային) մոծակները, որոնք փոխանցում են մալարիայի և վիրուսային ու ճիճվային հիվանդությունների հարուցիչներ։ Ոչ մալարիային մոծակները (Culex pipiens pipiens) փոխանցում են ավելի քան 50 վարակիչ և մակաբուծային հիվանդություններ (դեղին տենդ, տուլարեմիա և այլն)։ էգերը ձվադրում են բնական և արհեստական ջրամբարներում (կանգնած և դանդաղահոս ջրերով), ձվերից զարգանում են թրթուրները, որոնք ապրում են ջրում։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոծակները ամբողջ երկրագնդում լայնորեն տարածված են և հանդիպում են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից[1]։ Առավել մեծ է մոծակ սովորականի (լատին․՝ Culex pipiens) արեալը, որը տարածված է ամենուր որտեղ հանդիպում է մարդը՝ նրա հիմնական զոհը։ Տաք և խոնավ արևադարձային շրջաններում մոծակներն ակտիվ են ամբողջ տարվա ընթացքում, իսկ բարեխառն կլիմայով տարածաշրջանների սառը եղանակի ընթացքում՝ նրանք ձմեռում են։ Արկտիկական մոծակները տարվա ընթացքում պահպանում են իրենց ակտիվությունը միայն մի քանի շաբաթ, երբ ջերմության ազդեցությամբ սառցադաշտերի վրա կազմավորվում են ջրավազաններ։ Այնուամենայնիվ, այս ընթացքում նրանք հասցնում են բազմանալ հսկայական քանակությամբ. մոծակների խմբերը հյուսիսային եղջերուների հոտի յուրաքանչյուր կենդանուց մեկ օրում կարող են ներծծել մինչև 300 մլ արյուն[2]։ Մոծակների ձվերը բարեխառն լայնություններում ավելի դիմացկուն են ցրտի բացասական գործոնների հանդեպ, քան տաք կլիմայական գոտիների մոծակների ձվերը[3][4]։ Նրանք նույնիսկ կարող են դիմանալ ձյան և բացասական ջերմաստիճանի ազդեցությանը։ Բացի այդ, հասուն առանձնյակները կարող են գոյատևել ամբողջ ձմեռվա ընթացքում՝ համապատասխան բնակության պայմանների առկայության դեպքում (օրինակ՝ բնակելի տների ջերմ և խոնավ նկուղները)[5]։
Տարածման միջոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամբողջ աշխարհով մոծակների տարբեր տեսակներ տարածվածությունը և նրանց տարածումը մեծ հեռավորությունների վրա, որտեղ նրանք աբորիգեններ չեն համարվում, տեղի է ունեցել մարդու շնորհիվ։ Առաջին հերթին՝ ծովային ուղիներով ճանապարհորդությունների շնորհիվ. մոծակների ձվերը, թրթուրները, հարսնյակները տեղափոխվում են ջրով լցված մաշված դողերի կամ պոկված ծաղիկների միջոցով։ Սակայն բացի ծովային տրանսպորտից մոծակները էֆեկտիվորեն սովորել են տեղափոխովել սեփական տրանսպորտային միջոցներով, բեռնատարներով, գնացքներով և նույնիսկ ինքնաթիռներով։ Այսպիսով, մոծակների տարածումը դժվար է կառավարել և նույնիսկ կարանտինային միջոցները այնքան էլ արդյունավետ չեն և պրակտիկայում դժվար իրականացվող։
Ձևաբանական նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոծակները մանր միջատներ են (երկարությունը 4-14 մմ), երկար վերջույթներով և նեղ թափանցիկ թևերով (թևերի բացվածքը՝ 5 -ից 30 մմ)։ Շատ տեսակների մարմինը դեղին է, շագանակագույն կամ մոխրագույն, սակայն կան նաև սև կամ կանաչավուն տեսակներ։ Փորիկը երկարավուն է՝ բաղկացած է 10 հատվածներից։ Կուրծքը լայն է փորիկից։ Ոտքերը վերջանում են զույգ ճանկերով։ Թևերը ծածկված են թեփուկներով, որոնց կուտակումները երբեմն առաջացնում են կետեր։ Բեղիկները բաղկացած են 15 հատվածներից։ Բերանային համակարգը ծակող-ծծող տեսակի է։ Էգերի մոտ կնճիթը երկար է և բաղկացած է ծակող մազիկներից, որոնք արուների մոտ բացակայում են[6]։
Բերանային ապարատը թաքնված է շեփորանման ստորին շրթունքի հետևում, որի ներսում գտնվում է ստիլետային խարտոցանման մի քանի ծնոտներ (սծ-ստորին ծնոտ և վծ-վերին ծնոտ)։ Ծնոտների օգնությամբ մոծակը ծակում է մաշկը, կնճիթը մտցնում մինչև արյունատար մազանոթներ և նույն բերանի հարմարանքներով ծծում է արյունը։
Չշփոթել՝ երբեմն հսկայական մոծակներ են համարում երկարոտանի մոծակների ընտանիքին պատկանող որոշ միջատների, որոնք ոտքերի և թևերի ձևով նման են մոծակկներին։
Մոծակների սննդառությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես կանոն, մոծակների արուները և էգերը սնվում են նեկտարով ու բույսերի հյութերով, սակայն շատ տեսակների էգերի բերանային ապարատը հարմարված է կենդանի-տերերի մաշկը ծակելուն, նրանց արյունը ծծելու նպատակով (Էկտոպարազիտիզմ)։ Որոշ տեսակների էգերը նախքան ձվադրելը սննդարար նյութեր ստանում է զոհի արյունից։ Շատ այլ տեսակների մոտ էգը արյունով սնվելուց հետո ավելի շատ ձու դնելու կարողություն է ձեռք բերում։ Սննդի այս երկու աղբյուրները (բուսական նյութերը և կենդանիների արյունը) շաքարի տեսքով (ածխաջրեր) էներգիայի աղբյուր են հանդիսանում մոծակների համար։ Արյունը պարունակում է ավելի շատ օգտակար սննդանյութեր, ինչպիսիք օրինակ լիպիդներն են. չնայած դրան մոծակներն արյունից առաջին հերթին ստանում են ձվերի պատրաստման համար անհրաժեշտ սպիտակուցները։ Այսպիսով գոյություն ունի որոշակի մասնագիտացում՝ Էգ մոծակները լիարժեք սննդի վերարտադրության համար սնվում են արյամբ, իսկ արուները՝ չեն սնվում մակաբուծորեն։ Նմանատիպ պատկեր դիտվում է նաև միջատների այլ ընտանիքների մոտ (օրինակ՝ ձիաճանճեր)։
Մոծակների շատ տեսակների մոտ արյան աղբյուրը տաքարյուն ողնաշարավոր կենդանիներն են՝ կաթնասունները և թռչունները։ Բայց որոշ տեսակներ ունակ են սնվելու սողունների, երկենցաղների և նույնիսկ ձկների արյունով։
Մոծակների հոտառության օրգանները և զգայարանները մասնագիտած են արյան աղբյուր փնտրելու ուղղությամբ. բեղիկների վրա տեղադրված 72 տիպի հոտառական ընկալիչներից առնվազն 27-ը ուղղված են կենդանիների և մարդկանց քրտինքի հետ արտադրվող քիմիական նյութերը հայտնաբերելուն[7][8]։ Ադես (Aedes) ցեղի մոծակների մոտ զոհին (տիրոջը) որոնելը տեղի է ունենում երկու փուլով՝ օբյեկտին բնորոշ շարժումների և նրա քիմիական ու ֆիզիկական հատկանիշների ընկալմամբ[9]։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարեխառն գոտում մոծակները սովորաբար ակտիվ են մայիսից օգոստոսը։ Եթե ձմռանն առատ ձյուն է գրանցվել, վաղ սկսած գարունը բավականին տաք է և չափավոր խոնավ, ապա մոծակները կարող են հայտնվել ապրիլից։
Ինչպես բոլոր երկթևանի միջատները, մոծակները ունեն զարգացման 4 փուլ՝ ձու, թրթուր, հարսնյակ և հասուն առանձնյակ (իմագո)։ Այս բոլոր փուլերը, բացի հասուն առանձնյակից, անցնում են ջրային միջավայրում։ Ապրելով ջրում՝ մոծակի թրթուրները և հարսնյակները, շնչում են մթնոլորտային օդով՝ ջրի մակերևույթի մոտ գտնվող շնչառական խողովակների շնորհիվ։ Մոծակների թրթուրները՝ ֆիլտրատորները և քերիչները, սնվում են ջրային միկրոօրգանիզմներով։ Հասուն առանձնյակի սնունդը հաճախ երկակի է՝ մոծակների տարբեր տեսակների էգերի մեծամասնությունը սնվում են ողնաշարավորների՝ կաթնասունների, թռչունների, սողունների և երկկենցաղների արյամբ, իսկ արուները՝ առանց մոծակների տեսակների բացառության, սնվում են ծաղկավոր բույսերի նեկտարներով։ Toxorhynchitinae ենթաընտանիքի ներկայացուցիչները ունեն գիշատիչ թրթուրներ, այն դեպքում, երբ հասուն առանձնյակները (և՛ արուները, և՛ էգերը) սնվում են բացառապես նեկտարով։
Ամռանը արյունածուծ մոծակների հասուն էգերը հանդիպում են ինչպես բնության մեջ ճահճացած և խոնավ վայրերում, այնպես էլ կենդանիների տարածքում, մարդու բնակավայրում՝ պատերին, պատուհաններին, ստվերոտ վայրերում։ Ձմռանը դրանց կարելի է հանդիպել անասնավայրերում, տաք նկուղներում, այլ շինություններում, որտեղ գտնվում են անզգայացած կամ ոչ ակտիվ վիճակում։ (եթե ջերմաստիճանը 0 °C-ից ցածր է)[10]։
Արյուն ծծող մոծակի էգը զոհ ընտրելիս, կողմնորոշվում է քրտինքի մեջ պարունակվող կաթնաթթվի հոտով[11] (մի քանի կիլոմետրի վրա մոծակը զգում է այդ հոտը), կենդանու արտաշնչած ածխաթթու գազով (հարյուրավոր մետրերից), ջերմային ճառագայթմամբ (մի քանի մետրից), շարժմամբ։ Մոծակի էգը խուսափում է լույսից, նախընտրելով քիչ լուսավորված տարածքներ. սրա պատճառով քաղաքային բնակարաններում էգերը հիմնականում վարում են գիշերային կենսակերպ։
С. p. pipiens f. Molestus էգի կյանքի միջին տևողությունը զգալիորեն կախված է ջերմաստիճանից։ Լաբորատոր պայմաններում (նկուղներում այդպիսի փորձեր չեն անցկացվել), ածխաջրային սնունդով, 25 °C-ում էգերը միջին հաշվով ապրում են 43 օր, 20°С-ում՝ 57 օր, իսկ 10-15°С-ում՝ 114-119 օր։ Սննդի բացակայության պայմաններում կյանքի տևողություն զգալի կրճատվում է։ Արուների կյանքի տևողությունը բոլոր դեպքերում շատ ավելի կարճ է, 25 °C-ում այն կազմում է 19 օր։
Ամբողջովին այլ պատկեր է pipiens էկոտեսակի մոծակների մոտ, որոնք հաստատուն պայմաններում կարող են լինել երկարակյացներ։ Եթե էգերը դուրս են եկել հարսնյակից հուլիսից օգոստոսի սկիզբն ընկած ժամանակահատվածում, ապա նրանք ձմեռում են մինչև մարտ, մայիս ամիսները։ Ձմեռելուց հետո բազմանում են և ապրում ևս 1-2 ամիս։ Ընդհանուր առմամբ այսպիսի էգերի կյանքի տևողությունը մոտ 1 տարի է։ Համեմատությամբ, ձվի փուլում դիապաուզա ունեցող Aedes ցեղի մոծակների կյանքի տևողությունը շատ ավելի կարճ է՝ գարնանը բազմանում են և աշնանը մեռնում։ Հարսնյակները շարժուն են։ Հարսնյակի շնչառական օրգանները տեղակայված են ոչ թե փորիկի հատվածում, ինչպես թրթուրների և հասուն առանձնյակների մոտ է, այլ կրծքի վերին հատվածում։ Այսպիսի տեղադրության շնորհիվ միջատը շնչառության ժամանակ մնում է մակերևույթի վրա, այդ անցքով է դուրս գալիս նաև արդեն հասուն միջատը։ Թռչելուց առաջ, հարսնյակի դատարկված թաղանթի վրա նոր դուրս եկած միջատը սպասում է մինչև թևերը կչորանան։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեղմնավորման շրջանում էգ մոծակները արուներին գրավելու համար թևիկների օգնությամբ բնութագրական թույլ ձայներ են արձակում։ Իրենց զգայուն բեղիկների օգնությամբ մոծակները ուժեղացնում են ձայնային ելևէջները։ Էգերը ավելի ցածր են ճռռացնում արուներից, երիտասարդները՝ ոչ այդպես, ինչպես ծերերը։ Եվ արու մոծակները դա լսելով կատարում են ընտրություն հօգուտ հասուն էգերի։ Մոծակները կազմում եմ հույլ, որտեղ էլ ընթանում է էգերի և արուների բեղմնավորումը։
Էգ մոծակները ձվադրում են 30-150 և նույնիսկ 280 ձու (մալարիայի մոծակների մոտ) ամեն երկու, երեք օրը մեկ։ Ձուն հասունանում է շաբաթվա ընթացքում։ Ձվարտադրության համար մոծակներին անհրաժեշտ է արյուն, դրա համար ձվադրման փուլը անմիջապես կախված է արյան օգտագործմամբ։ Միայն որոշ քաղաքային ենթատեսակներ չօտագործելով արյուն կարող են ձվադրել, բայց շատ քիչ։
Ձվադրումը տեղի է ունենում կանգնած կամ թույլ հոսող ջրամբարների ջրային մակերևույթներին (տեսակը՝ Anopheles և Culex), ամռանը չորացած և գարնանը ջրածածկված խոնավ հողերի ջրամբարների եզրերին, կամ սոսնձվում են լողացող և ջրով մաքրվող առարկաներին (Culex մոտ)[10]։ Ջրի մակերևույթին ձվերը միանալով ստանում են փոքրիկ լաստի տեսք։ Ներքևի հատվածից էլ թրթուրը լքում է ձուն։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանիքի ներառում է 3 ենթաընտանիք՝
- Ենթաընտանիք Մալարիայի մոծակներ (Anophelinae)
- Ցեղ Մալարիայի մոծակներ (Anopheles)
- Ցեղ Bironella
- Ցեղ Chagasia
- Ենթաընտանիք Ոչ մալարիայի մոծակներ (Culicinae)
- Տրիբա Culicini
- Ցեղ Կծաններ (Aedes)
- Ցեղ Coquillettidia
- Ցեղ Իսկական մոծակներ (Culex)
- Ցեղ Տեոբալդիաներ (Culiseta, առաջ՝ Theobaldia)
- Ցեղ Deinocerites
- Ցեղ Haemagogus
- Ցեղ Mansonia
- Ցեղ Orthopodomyia
- Ցեղ Psorophora
- Ցեղ Uranotaenia
- Տրիբա Sabethini
- Տրիբա Culicini
- Ենթաընտանիք Toxorhynchitinae
- Ցեղ Toxorhynchites
Մոծակի խայթոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախքան էգ մոծակը կսկսի արյուն խմել, նա իր զոհի մարմնի մեջ է ներարկում իր թուքը, որը պարունակում է հակակոագուլյանտներ՝ խոչընդոտելով արյան մակարդելիությոանը։ Հենց մոծակի թուքն է, որ առաջացնում է քոր, այտուց և կծած հատվածի կարմրութուն, որոշ դեպքերում էլ ծանր ալերգիկ ռեակցիաներ։ Հենց մոծակների թքի միջոցով էլ փոխանցվում են վարակները։
Դերը մարդու կյանքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոծակները հանդիսանում են վտանգավոր վարակների՝ մալարիայի, դեղին տենդի, արևադարձային տենդի և որոշ էնցոֆալիտների տեղափոխողներ։ Այս հիվանդություններից միայն մալարիան է հանդիսանում տարեկան մոտավորապես երկու միլիոն մարդու մահվան պատճառ[13]։ Բացի այդ նրանց խայթոցները կարող են առաջացնել քոր և ալերգիկ ռեակցիաներ, բժշկական փաստաթղթերում մատնանշվում է որպես միջատի խայթոցի ռեակցիա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mullen, Gary; Durden, Lance (2009). Medical and Veterinary Entomology. London: Academic Press.
- ↑ Fang, Janet (2010 թ․ հուլիսի 21). «Ecology: A world without mosquitoes». Nature. Nature. 466 (7305): 432–4. doi:10.1038/466432a. PMID 20651669.
- ↑ Hawley, W. A., Pumpuni, C. B., Brady, R. H. & Craig, G. B. (1989). «Overwintering survival of Aedes albopictus (Diptera: Culicidae) eggs in Indiana». Journal of Medical Entomology. 26 (2): 122–129. PMID 2709388.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Hanson, S. M. & Craig, G. B. (1995). «Aedes albopictus (Diptera: Culicidae) eggs: field survivorship during northern Indiana winters». Journal of Medical Entomology. 32 (5): 599–604. PMID 7473614.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Romi, R., Severini, F. & Toma, L. (2006). «Cold acclimation and overwintering of female Aedes albopictus in Roma». Journal of the American Mosquito Control Association. 22 (1): 149–151. doi:10.2987/8756-971X(2006)22[149:CAAOOF]2.0.CO;2. PMID 16646341.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Паразитология и инвазионные болезни животных / М. Ш. Акбаев, А. А. Водянов, Н. Е. Косминков и др.; под ред. М. Ш. Акбаева.
- ↑ Elissa A. Hallem; Nicole Fox, A.; Zwiebel, Laurence J.; Carlson, John R. (2004). «Olfaction: Mosquito receptor for human-sweat odorant». Nature. 427 (6971): 212–213. doi:10.1038/427212a. PMID 14724626.
- ↑ Devlin, Hannah (2010 թ․ փետրվարի 4). «Sweat and blood why mosquitoes pick and choose between humans». London: The Times. Արխիվացված է օրիգինալից 2022-10-03-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 13-ին.
- ↑ R. G. Estrada-Franco & G. B. Craig (1995). Biology, disease relationship and control of Aedes albopictus. Technical Paper No. 42. Washington, D.C.: Pan American Health Organization.
- ↑ 10,0 10,1 Агринский Н. И. Насекомые и клещи, вредящие сельскохозяйственным животным.
- ↑ Anna Petherick (2008 թ․ մարտի 13). «How DEET jams insects' smell sensors». Nature (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Animal Diversity Web — Culicinae». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Top 10 deadliest animals on the planet». Telegraph.co.uk (անգլերեն). 2009 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
Ընթերցե՛ք «մոծակ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոծակներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոծակներ» հոդվածին։ |
|