Արյան փոխներարկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արյան փոխներարկում, բուժիչ մեթոդ, երբ հիվանդի արյունատար համակարգի մեջ ներարկվում է ուրիշ մարդու արյուն։ Կիրառվում է արյան կորուստը վերականգնելու, օրգանիզմի դիմադրողականությունն ուժեղացնելու, թունավոր նյութերը չեզոքացնելու, արյան մակարդելիությունը բարձրացնելու նպատակով։ Արյան փոխներարկում կատարվում է ուղղակի և անուղղակի։ Առաջին դեպքում դոնորից վերցրած արյունը անմիջապես ներարկվում է հիվանդին (ռեցիպիենտին)։ Այս եղանակը կիրառվում է հազվադեպ։ Անուղղակի փոխներարկման դեպքում դոնորից վերցրած արյունը հավաքում են հատուկ անոթի մեջ, ֆիբրինազրկում կամ խառնում արյան մակարդումը կանխող նյութի (կիտրոնաթթվի նատրիումական աղ, հեպարին և այլն) հետ և նոր միայն փոխներարկում հիվանդին։ Փոխներարկման համար դոնորից ստացված և մշակված արյունը պահվում է սառնարանում, հերմետիկորեն փակ ապակե անոթների կամ մեծ ամպուլների մեջ։ Արյան փոխներարկում կատարում են ներերակային, ներզարկերակային, ներոսկրային և այլ ուղիներով։ Արյան կորուստը վերականգնելու համար, օրվա ընթացքում ընդմիջումներով կամ անընդհատ կաթիլային եղանակով, մարդուն կարելի է փոխներարկել մինչև 1-2 լ արյուն։ Քրոնիկական հիվանդությունների ժամանակ (ծայրանդամների տրոֆիկական խոցեր, դանդաղ ապաքինվող վերքեր) օրգանիզմի կենսական պրոցեսներն աշխուժացնելու նպատակով կատարում են նաև փոքրաքանակ հեմոլիզված կամ անհամատեղելի և այլածին (ոչխարի կամ այլ կենդանու) արյան փոխներարկում։ Արյան փոխներարկման համար օգտագործում են նաև ընկերքային և դիակային արյուն, երբեմն էլ հիվանդի արյունը, որը զանազան վնասվածքների հետևանքով կուտակվում է որովայնի կամ այլ խոռոչներում։ Բացի ամբողջական արյունից փոխներարկում են արյան պլազմա, շիճուկ, արյան էրիթրոցիտների, լեյկոցիտների և թրոմբոցիտների զանգվածներ, ինչպես և արյանը փոխարինող զանազան լուծույթներ։ Արյան փոխներարկման ցուցմունքներն են՝ արյան սուր կորուստ, վնասվածքային շոկ, այրվածքներ, սակավարյունություն, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդություն, նյութափոխանակության ու ներքին սեկրեցիայի խանգարումներ և այլն։ Արյան փոխներարկումը հակացուցված է ուղեղի ծանր վնասվածքների, թրոմբոզի, արյունազեղման և մի քանի այլ հիվանդությունների ժամանակ։ Արյան փոխներարկումը կարող է առաջացնել ռեակցիաներ և բարդություններ։ Հայաստանում արյան փոխներարկման գործը կազմակերպվել է 1931-ին։ Հայ բժիշկներ Հ․ Քեչեկի և Հ․ Միրզա-Ավագյանի ղեկավարությամբ ստեղծվել է արյան փոխներարկման հայկական կոմիտե։ 1933-ին կոմիտեն վերակազմավորվել է որպես Մոսկվայի արյան փոխներարկման ինստիտուտի հայկական մասնաճյուղ։ 1937-ին այն վերածվել է Արյան փոխներարկման հանրապետական կայանի, որի բազայի վրա 1947-ին հիմնադրվել է Հեմատոլոգիայի և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտը (1956-ից՝ պրոֆեսոր Ռ․ Յոլյանի անվան)։ Հայաստանում ստեղծվել է արյան ծառայության լայն ցանց։ 1972-ի տվյալներով գործում են արյան փոխներարկման 5 կայան (Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գորիսում, Հրազդանում) և 40 բաժանմունք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png