Էրիթրոցիտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիթրոցիտներ

Էրիթրոցիտներ, արյան կարմիր բջիջներն, որոնց գլխավոր ‎ֆունկցիան թթվածնի և ածխաթթու գազի փոխադրումն է: Էրիթրոցիտներն իրենց թաղանթի վրա փոխադրում են նաև կրեատոր մակրոմոլեկուլներ, հորմոններ, ամինաթթուներ, նուկլեոտիդներ և այլն: Էրիթրոցիտենրի գլխավոր ֆունկցիաներից մեկը արյան թթվահիմնային հավասարակշռության պահպանումն է, որին իրականացվում է նրանցում պարունակվող հեմոգլոբինով: Էրիթրոցիտների քանակությունը հասուն տղամարդում մոտ 4, 5-5 միլիոն է 1 մմ³-ում, իսկ հասուն կանանց մոտ՝ 3, 8-4, 5 միլիոն՝ 1 մմ³-ում:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիթրոցիտի երկգոգավոր տեսքը

Էրիթրոցիտները (erythrocytus) մարդու և կաթնասունների (բացառությամբ՝ ուղտերի, լամաների) մոտ կորիզազուրկ են, որոնք օնտո- և ֆիլոգենեզի ընթացքում կորցրել են նաև օրգանոիդների մեծամասնությունը: Էրիթրոցիտները տեղափոխում են նաև ամինաթթուներ, հակամարմիններ, թույներ, դեղանյութեր՝ կլանելով և պահելով դրանք բջջաթաղանթի մակերևույթի վրա:

Թաղանթը պարունակում է սիալաթթու, որն ապահովում է թաղանթի բացասական լիցքավորումը և արյան կախույթային վիճակը: Էրիթրոցիտները մասնակցում են նաև արյան մակարդմանը, պայմանավորում են արյան խմբային պատկանելիությունը:

Մարդու և կաթնասունների էրիթրոցիտները արյան հոսքում ունեն երկգոգավոր սկավառակների տեսք և կոչվում են դիսկոցիտներ: Նման ձևի շնորհիվ ձեռք են բերում ճկունություն և կարողանում են անցնել տրամագծով մոտ 2 անգամ փոքր մազանոթներով: Սկանավորող էլեկտրոնային մանրադիտակով հայտնաբերվել են նաև էրիթրոցիտների այլ ձևեր՝ պլանոցիտներ (տափակ մակերևույթով), գմբեթաձև, թամբաձև, երկփոսային, սֆերոցիտներ (գնդաձև) էխինոցիտներ (փշաձև): Վերջին երկուսը վերաբերում են էրիթրոցիտների ծերացող ձևերին: Դիսկոցիտները կազմում են էրիթրոցիտների 80%-ը: Դիսկոցիտի դեֆորմացիան էխինոցիտի նկատվում է ԱԵՖ-ի քանակության պակասելու դեպքում:

Քիմիական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորտի կորիզավոր էրիթրոցիտներ

Էրիթրոցիտների բջջաթաղանթի արտաքին մակերևույթի վրա կան ֆոսֆոլիպիդներ, սիալաթթու, հակածիններ, պրոտեիններ, իսկ ներքին մակերևույթի վրա՝ գլիկոլիտիկ ֆերմենտներ, գլիկոպրոտեիններ, նատրիում, կալիում, ԱԵՖ-եր, հեմոգլոբին: Էրիթրոցիտի ներքին պարունակությունը էլեկտրոնային մանրադիտակի տակ երևում է որպես էլեկտրոնախիտ, պարունակում է 4-5 նմ չափեր ունեցող հեմոգլոբինի հատիկներ: Էրիթրոցիտներում պարունակվում է մոտ 60% ջուր և մոտ 40% չոր նյութ: Չոր նյութի 95%-ը կազմում է հեմոգլոբինը:

Չափեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու էրիթրոցիտներ տրամագիծը 7,1-7,9 մկմ է, հաստությունը եզրային գոտում՝ 1,9-2,5 մկմ, կենտրոնում՝ 1 մկմ: Նորմալ արյան մեջ այս չափերն ունեն էրիթրոցիտների մոտ 75%-ը (նորմոցիտներ, normocytus), ավելի մեծ չափեր (8,0 մկմ-ից ավելի)` 12,5%-ը (մակրոցիտներ, macrocytus), մնացած էրիթրոցիտների քանակը կարող է լինել 6 մկմ-ից պակաս (միկրոցիտներ, microcytus): Մեկ էրիթրոցիտի մակերեսը կազմում է մոտ 125 մկմ², ծավալը՝ 90 մկմ³: Եթե մարդու արյան միջին ծավալը 5,5 լիտր է, ապա արյան բոլոր էրիթրոցիտների ընդհանուր մակերեսը կկազմի 3500-3700 մ²:

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիթրոցիտներում էներգիայի փոխանակության հիմնական ուղին գլիկոլիզն է, որի ընթացքում կատարվում է ԱԵՖ-ի և ՆԱԴH2-ի առաջացում: Գլիկոլիզի էներգիան ապահովում է կատիոնների ակտիվ տեղաշարժը բջջաթաղանթի միջով, նատրիումի և կալիումի իոնների օպտիմալ հարաբերակցությունը պլազմայում և էրիթրոցիտներում: ՆԱԴH2-ն ապահովում է հեմոգլոբինի ակտիվ ֆունկցիոնալ վիճակը, կանխելով նրա օքսիդացումը և վերածումը մեթհեմոգլոբինի: Երկաթի առկայությունը հեմոգլոբինում ապահովում է թարմ արյան էրիթրոցիտների դեղին գունավորումը, իսկ էրիթրոցիտների մեծ քանակությունը արյանը տալիս է կարմիր գույն:

Էրիթրոցիտի շրջանառությունը արյունատար համակարգի մեծ և փոքր շրջաններով 20 վայրկյանի ընթացքում

Արյան պատրաստուկների ներկման ժամանակ հասուն էրիթրոցիտները ցուցաբերում են օքսիֆիլիա: Հասուն ձևերի հետ մեկտեղ նորմալ արյան մեջ պարունակվում են 1-5% էրիթրոցիտներ, որոնք աղքատ են հեմոգլոբինից: Դրանք պոլիքրոմատոֆիլ են, այսինքն՝ ներկվում են թթվային և հիմնային ներկանյութերով: Ադամանդային կրեզիլային կապույտով սուպրավիտալ ներկման ժամանակ դրանց ցիտոպլազմայում հայտաբերվում են հատիկացանցային կառույցներ, այդ պատճառով երիտասարդ ձևերը կոչվում են ռետիկուլոցիտներ:

Էրիթրոպոեզ և էրիթրոցիտների քայքայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիթրոցիտներն ապրում են մոտավորապես 120 օր: Օրգանիզմում օրական քայքայվում են մոտ 200 միլիոն էրիթրոցիտներ: Էրիթրոցիտների ծերացման ժամանակ նկատվում է մի շարք ֆերմենտների, մասնավորապես՝ հեքսոկինազայի, գլիկոզո-6-ֆոսֆոդեհիդրոգենազայի ակտիվության անկում, ինչը բերում է գլիկոլիզի և պենտոզային ցիկլի ռեակցիաների ակտիվության և ինտենսիվության նվազմանը: Նվազում է նաև սիալաթթվի, ԱԵՖ-ի և լիպիդների քանակը, որի հետևանքով մեծանում է զգայնությունը օսմոսային լուծման նկատմամբ: Ծեր էրիթրոցիտները կորցնում են ճկունությունը, որի հետևանքով ենթարկվում են հեմոլիզի: Տարբերում են էրիթրոցիտների ֆիզիոլոգիական և ախտաբանական հեմոլիզներ: Ֆիզիոլոգիական հեմոլիզը կատարվում է լյարդի կուպֆերյան բջիջներում, փայծաղում և արյունատար անոթների ներսում:

Էրիթրոցիտները մարդու օնտոգենեզում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորածինների մոտ նրանց քանակը հասնում է 7,5 միլիոն-ի, ինչը կապված է երեխայի թթվածնային պակասի հետ, հատկապես ծնվելու պահին: Թթվածնի մատակարարման պորտալարային ձևից թոքային շնչառության անցնելիս երեխայի էրիթրոցիտների քանակն աստիճանաբար կանոնավորվում է: Մեծ քանակությամբ էրիթրոցիտների քայքայումը պատճառ է դառնում հեմոգլոբինի վերածմանը բիլիռուբին գունակի, որն էլ դեղնացնում է երեխայի մաշկը: Մեկ շաբաթական երեխայի 1մմ3-ում մոտ 1 միլիոնով այն պակասում է, վեց ամսականում հասնում է 4,5 միլիոն-ի: Նորածնի արյան մեջ սկզբնական շրջանում հայտնաբերվում են մեծ քանակությամբ կորիզավոր էրիթրոցիտներ: Ծնվելուց մեկ օր անց նման էրիթրոցիտների թիվը 1մմ3-ում հասնում է 600-ի: Մեկ շաբաթականների մոտ 160-ի, 30-40 օրական երեխաների մոտ սրանք արդեն գրեթե չեն հանդիպում: Էրիթրոցիտների քանակի ավելացումը (էրիթրոցիտոզ) կարող է լինել ցածր մթնոլորտային ճնշման պայմաններում, ‎ֆիզիկական աշխատանքի ժամանակ, հղիության ընթացքում, քաղցած ժամանակ:

Ձևավոր տարրերի քանակը
Ձևավոր տարրեր Քանակը
Էրիթրոցիտներ 4, 5-ից 5, 5 միլիոն.
Լեյկոցիտներ 4.000–11.000
  Գրանուլոցիտներ  
  Նեյտրոֆիլներ 2.500–7.500
Էոզինոֆիլներ 40–400
Բազոֆիլներ 10–100
Լիմֆոցիտներ 1.500–3.500
Մոնոցիտներ 200–800
Թրոմբոցիտներ 300.000

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարդու ֆիզիոլոգիայի հիմունքներ: Դասագիրք բարձրագույն ուսումնական հաստատությունների համար: Դ.Ն.Խուդավերդյանի և Վ.Բ.Ֆանարջյանի խմբագրությամբ: Երևան, 1998: