Նորածին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նորածին

Նորածին, երեխան՝ ծնվելու պահից մինչև կյանքի առաջին ամսվա վերջը (նորածնային շրջան)։ Նորածնին բնորոշ է օրգանիզմի հարմարվելը արտաքին նոր միջավայրին, ծնվելու պահից կարգավորվում է թոքային շնչառությունը, արտարգանդային արյան շրջանառությունը, սկսում են գործել մարսողական օրգանները, առաջանում է ջերմականոնավորում, փոխվում են արյան մորֆոլոգիական և ֆիզիկա-քիմիական առանձնահատկությունները։ Նորածնի զարգացումն այդ շրջանում պայմանավորված է հասունության հիմնական ցուցանիշներով (մարմնի զանգվածը, հասակը, գլխի, կրծքավանդակի շրջագիծը)։ Կյանքի առաջին (մինչև 4—5-րդ) օրերին տեղի է ունենում մարմնի զանգվածի ֆիզիոլոգիական անկում (5—8%), իսկ 7—10-րդ օրերից այն սկսում է վերականգնվել։ Առաջին ամսվա ընթացքում քաշն ավելանում է 600—700 գ-֊ով։ Հասուն նորածնի ճիչը բարձր է, ծծելու ռեֆլեքսը՝ ակտիվ, ֆիզիոլոգիական ռեֆլեքսները լավ արտահայտված են։ Մաշկը նուրբ է, հարթ, դյուրավնասելի, եղջերաշերտերը, մկանները՝ թույլ զարգացած։ Պաշտպանական հատկությունները թույլ են արտահայտված։ Ենթամաշկային ճարպաշերտը ձևավորվում է ներարգանդային կյանքի վերջին երկու ամիսների ընթացքում, կազմելով նորածնի մարմնի զանգվածի 15—18%-ը։ Բնորոշ է ծալիչ մկանների գերլարվածությունը, որը պայմանավորված է նյարդային հյուսվածքի թերզարգացմամբ։ Ողնաշարը չունի ֆիզիոլոգիական ծռումներ, կրծքավանդակը տակառաձև է։ Նորածնի նյութափոխանակության փոփոխություններն ընթանում են հոմեոստազի շեղումներով, կյանքի առաջին ժամերին բնորոշ է ֆիզիոլոգիական ացիդոզը։

Նորածին

Նորածնի շնչառությունը մակերեսային է, անհավասար ընդմիջումներով (1 րոպեում 40—55 շնչառական շարժում)։ Սիրտ-անոթային համակարգի հարմարվելու պրոցեսը կապված է շնչառության կանոնավորման հետ։ Նկատվում է հաճախասրտություն (զարկերակը 1 րոպեում՝ 120—140 զարկ, լաց լինելիս՝ 160 — 200 զարկ)։ Ներարգանդային զարգացման վերջում գլխուղեղն ունի այնպիսի ֆունկցիոնալ հասունություն, որ կարող է ընդունել արտաքին գրգիռները նորածնի կյանքի հենց առաջին ժամից։ Հետևաբար՝ նորածնի մոտ կան բոլոր նախապայմանները հասարակ ռեֆլեքսային կապերի ստեղծման համար, իսկ դրանց առաջացման հաջորդականությունը պայմանավորված է համապատասխան կեղևային վերլուծիչների մորֆոլոգիական հասունությամբ։ Ելնելով նորածնի ստամոքսաաղիքային համակարգի առանձնահատկություններից (ֆերմենտային ցածր ակտիվություն, աղիքների լորձաթաղանթի բարձր թափանցելիություն, դյուրավնասելիություն)՝ լավագույն սննդառություն է համարվում կրծքով կերակրելը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 375 CC-BY-SA-icon-80x15.png