Ֆոսֆոլիպիդ
Ֆոսֆոլիպիդ, բարդ լիպիդներ, բազմատոմ սպիրտների և բարձրակարգ ճարպաթթուների բարդ եթերներ: Պարունակում են ֆոսֆորական թթվի մնացորդ և դրան միացած քիմիական տարբեր ծագում ունեցող ատոմների խմբեր:
Ֆոսֆոլիպիդների դասակարգումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրենց բաղադրության մեջ եղած բազմատոմ սպիրտից կախված` ընդունված է առանձնացնել ֆոսֆոլիպիդների երեք խումբ.
- գլիցերոֆոսֆոլիպիդներ(գլիցերոֆոսֆատիդներ)-պարունակում են գլիցերինի մնացորդ
- ֆոսֆատիդիլխոլին(լեցիտին)
- ֆոսֆատիդիլէթանոլամին(կեֆալին)
- ֆոսֆատիդիլսերին
- կարդիոլիպին
- պլազմալոգեն(էթանոլամինային պլազմալոգեն)
- ֆոսֆոսֆինգոլիպիդներ-պարունակում են սֆինգոզինի մնացորդ
- ֆոսֆոինոզիտիդներ-պարունակում են ինոզիտոլի մնացորդ
Ֆոսֆոլիպիդների հատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆոսֆոլիպիդները բարդ լիպիդներ են, որոնք պարունակում են ճարպաթթուներ, ֆոսֆորական թթվի մնացորդ և լրացուցիչ` մեծամասամբ ազոտ պարունակող ատոմների խումբ: Դրանք կան բոլոր կենդանի բջիջներում: Պարունակվում են նյարդային հյուսվածքում, մասնակցում են ճարպերի, ճարպաթթուների և խոլեստերինի նյութափոխանակությանը:
Ֆոսֆոլիպիդները մտնում են բոլոր բջջաթաղանթների բաղադրության մեջ: Պլազմայի և էրիթրոցիտների միջև տեղի է ունենում ֆոսֆոլիպիդների փոխանակում, որոնք կարևոր դեր ունեն ոչ բևեռային լիպիդները լուծված վիճակում պահելու մեջ: Ֆոսֆոլիպիդների առավել տարածված տեսակը ֆոսֆոգլիցերիդներն են:
Ֆոսֆոլիպիդները ամֆիֆիլ նյութեր են: Նրանք կազմված են բևեռային գլխիկից, որի բաղադրության մեջ մտնում են գլիցերին կամ այլ բազմատոմ սպիրտ, ֆոսֆորական թթվի բացասական լիցք ունեցող մնացորդ, մեծամասամբ դրական լիցք ունեցող ատոմների խումբ, և երկու ոչ բևեռային պոչիկներից, որոնք ճարպաթթվային մնացորդներ են: Ֆոսֆոլիպիդների յուրահատկությունն այն է, որ դրանց գլխիկը հիդրոֆիլ է, իսկ պոչիկը` հիդրոֆոբ: Դա թույլ է տալիս ջրային միջավայրում գտնվելիս ձևավորել երկշերտ` ֆոսֆոլիպիդային մոլեկուլների կրկնակի շերտ, որտեղ հիդրոֆիլ գլխիկները երկու կողմերից շփվում են ջրի մոլեկուլների հետ, իսկ հիդրոֆոբ պոչիկները դասավորվում են երկշերտի մեջ և խուսափում ջրի հետ շփումից:
Այս ամենով է պայմանավորված ֆոսֆոլիպիդների ֆիզիկական և քիմիական հատկությունների մեծամասնությունը, օրինակ` լիպոսոմներ և կենսաբանական թաղանթներ (լիպիդային երկշերտ) ձևավորելու ունակությունը: Բևեռային գլխիկի քիմիական կազմությունը պայմանավորում է ֆոսֆոլիպիդի գումարային էլեկտրական լիցքը և իոնային վիճակը:
Ֆոսֆոլիպիդների շուկան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆոսֆոլիպիդների միջազգային առևտրով և շրջանառությամբ զբաղվող հիմնական կազմակերպություններն են Avanti Polar Lipids, Lipoid GmbH, VAV Life Sciences Pvt. Ltd. :
Ֆոսֆոլիպիդների կենսաբանական դերը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կենսաբանական թաղանթների գլխավոր լիպիդային բաղադրիչն են: Մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ ֆոսֆորական թթվի աղբյուր են:
Ֆոսֆոլիպիդները բջջաթաղանթների կարևորագույն բաղադրիչն են: Դրանք ապահովում են բջիջների և բջջի օրգանոիդների թաղանթների հոսունությունը, մինչդեռ խոլեստերինը ապահովում է մեմբրանի կոշտությունն ու հաստատունությունը: Ինչպես խոլեստերինը, այնպես էլ ֆոսֆոլիպիդները, հաճախ մտնում են բջջաթաղանթի լիպոպրոտեիդների կազմի մեջ, սակայն նաև գտնվում են ազատ, սպիտակուցների հետ չկապված վիճակում:
Ֆոսֆոլիպիդները մասնակցում են ճարպերի, ճարպաթթուների և խոլեստերինի տեղափոխման գործընթացին: Լինելով ավելի հիդրոֆիլ, քան խոլեստերինն է` ֆոսֆոլիպիդները կատարում են յուրօրինակ լուծիչի դեր խոլեստերինի և այլ խիստ հիդրոֆոբ միացությունների համար:
Ֆոսֆոլիպիդները դանդաղեցնում են կոլագենի սինթեզը և բարձրացնում են կոլագենազի ակտիվությունը:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Т. Т. Берёзов, Б. Ф. Коровкин. Биологическая химия. — М.: Медицина, 1998. — 704 с. — 15 000 экз. — ISBN 5-225-02709-1.
- Devaux P. F. Protein involvement in transmembrane lipid asymmetry // Ann. Rev. Biophys. Biomol. Struct. — 1992. — Vol. 21. — p. 417—439.
- McNeil H. P., Chesterman C. N., Krilis S. A. Immunology and clinical importance of antiphospholipid antibodies // Adv. Immunol. — 1991. — Vol. 49. — p. 193—280.
- Schroit A. J., Zwaal R. F. A. Transbilayer movement of phospholipids in red cell and platelet membrane // Biochem. Biophys. Acta. — 1991. — Vol. 1071. — p. 313—329.