Jump to content

Ջորջ Բայրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Բայրոն
George Gordon Byron
Բայրոնը ալբանական տարազով (նկարել է Թոմաս Ֆիլիպսը 1834 թվականին)
Ծննդյան անունանգլ.՝ George Gordon Byron
Ծնվել էհունվարի 22, 1788(1788-01-22)[1][2][3][…]
ԾննդավայրՎեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1][3][2]
Վախճանվել էապրիլի 19, 1824(1824-04-19)[3][4] (36 տարեկան)
Վախճանի վայրՄեսոլոնգիոն[5][6][7]
ԳերեզմանՆոթթինգեմշիր
Մասնագիտությունբանաստեղծ, երգերի հեղինակ, քաղաքական գործիչ, դրամատուրգ, ինքնակենսագիր, թարգմանիչ, ռազմական գործիչ, օրագրի հեղինակ, գրող, լիբրետիստ, ազնվական և philhellene
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԿրթությունՀերոու դպրոց[8], Թրինիթի քոլեջ, Քեմբրիջի համալսարան և Աբերդենի քերականական դպրոց
Ժանրերքնարապատմողական և գոթական գրականություն
Գրական ուղղություններռոմանտիզմ
Ուշագրավ աշխատանքներՉայլդ Հարոլդի ուխտագնացությունը, Դոն Ժուան և Մանֆրեդ
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն և Թագավորական գրական ընկերություն
Պարգևներ
ԱմուսինԱննե Իսաբելա Բայրոն[2][9] և Claire Clairmont?[9]
Համատեղ ապրողClaire Clairmont?, Augusta Leigh? և Margarita Cogni?
ԶավակներԱդա Լավլեյս[8][9], Էլիզաբեթ Մեդորա Լեյ և Ալեգրա Բայրոն[10][9]
Изображение автографа
Ջորջ Բայրոն Վիքիքաղվածքում
Ջորջ Բայրոն Վիքիդարանում
 George Gordon Byron Վիքիպահեստում

Ջորջ Գորդոն Բայրոն (անգլ.՝ George Gordon Byron, 6th Baron Byron, հունվարի 22, 1788(1788-01-22)[1][2][3][…], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1][3][2] - ապրիլի 19, 1824(1824-04-19)[3][4], Մեսոլոնգիոն[5][6][7]), 19-րդ դարի անգլիացի բանաստեղծ, ռոմանտիզմի ամենաերևելի ներկայացուցիչներից մեկը, Եվրոպայի մեծագույն գրողներից մեկը[13]։ Նրա ամենաճանաչված աշխատանքների թվում է որոշ ինքնակենսագրական տարրեր պարունակող սկանդալային «Դոն Ժուան» պոեմը։

Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան Միաբանության վանականներից Բայրոնը սովորել էր հայերեն, նրա օգնությամբ անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն են թարգմանվել մի շարք կրոնական և աշխարհիկ ձեռագրեր, ստեղծվել է անգլերեն-հայերեն բառարան։ Բայրոնի ստեղծագործությունները բարձր են գնահատել այնպիսի հայ գրողներ, ինչպիսիք են Ղևոնդ Ալիշանը, Հովհաննես Թումանյանը և այլք։

«Գորդոն»-ը Բայրոնի երկրորդ անձնանունն է, որը տրվել է նրան մկրտության ժամանակ և համընկնում է մոր օրիորդական ազգանվան հետ։ Բայրոնի հայրը, սակայն, հավակնելով աներոջ շոտլանդական կալվածքներին, օգտագործեց «Գորդոնը» որպես ազգանվան երկրորդ մաս (Բայրոն-Գորդոն)։ Ինքը՝ Ջորջը այդպես էլ երկակի ազգանվամբ գրանցվեց դպրոցում։ 10 տարեկան հասակում, տարեց ազգականներից մեկի մահից հետո Ջորջը դարձավ Անգլիայի պեր և ստացավ «բարոն Բայրոն» կոչումը, որից հետո էլ, ինչպես ընդունված է այդ դասի պերերի մոտ, նրա սովորական գործածական անունը դարձավ «լորդ Բայրոն», կամ ուղղակի՝ «Բայրոն»։ Հետագայում Բայրոնի զոքանչը պոետին կարողություն կտակեց՝ իր Նոել (Noel) ազգանունը կրելու պայմանով։ Թագավորական արտոնագրով լորդ Բայրոնին թույլատրված էր բացառության կարգով Նոել ազգանունը կրել կոչումից առաջ, որը և նա անում էր՝ երբեմն ստորագրելով որպես «Նոել-Բայրոն»։ Դրա համար որոշ աղբյուրներում նրա լրիվ անունը կարող է նշված լինել որպես Ջորջ Գորդոն Նոել Բայրոն, չնայած որ միաժամանակ բոլոր այդ անուններով և ազգանուններով նա երբեք չէր ստորագրում։ 1813 թվականի նոյեմբերին Բայրոնն առաջարկություն արեց օրիորդ Աննա Իզաբելլա Միլբենկին՝ հարուստ բարոնետ Ռալֆ Միլբենկի դստերը, լորդ Ուէնթվորտի թոռնուհուն և ժառանգորդուհուն։ «Փայլուն տարբերակ է, - գրում էր Բայրոնը Մուրին,- չնայած առաջարկն արել եմ ոչ այդ պատճառով»։ Նա մերժվեց, սակայն օրիորդ Միլբենկը ցանկություն հայտնեց նրա հետ նամակագրական կապի մեջ լինել։ 1814 թվականի սեպտեմբերին Բայրոնը կրկնեց իր առաջարկությունը, և այն ընդունվեց. 1815 թվականի հունվարին նրանք պսակադրվեցին։

Նրա նախնիները, ովքեր ծագումով Նորմանդիայից էին, Անգլիա էին եկել Վիլհելմ Նվաճողի հետ և Գասթինգի մոտ մարտից հետո պարգևատրվել էին սաքսերից բռնագրավված հարուստ կալվածքներով։ Բայրոնների սկզբնական անունն էր Բուրուն։ Այդ անունը հաճախ է հանդիպում միջնադարյան ասպետական տարեգրություններում։ Այդ տոհմի հետնորդներից մեկը արդեն Հենրիխ II-ի օրոք, նկատողություն ստանալով, իր ազգանունը վերափոխեց Բայրոնի։ Բայրոնները հատկապես առաջադիմեցին Հենրիխ VIII-ի օրոք, ով կաթոլիկական միաբանությունների լուծարման ժամանակ Բայրոնին «սըր Ջոն փոքր՝ մեծ մորուքով» (sir John the little with the Great Beard) մականունը տվեց և Նյուսթեդյան աբբայության հարուստ կալվածքներ շնորհեց Նոթինգեմյան կոմսությունում։

Նյուսթեդյան աբբայություն, ավերված տյուդորյան աշխարհականացման ժամանակ, Բայրոնների տոհմական կալվածքները

Ելիզավետայի իշխանության օրոք Բայրոնների տոհմն ընդհատվեց, սակայն ազգանունը փոխանցվեց նրանցից մեկի ապօրինի որդուն։ Հետագայում, անգլիական հեղափոխության ժամանակ, Բայրոններն աչքի ընկան Ստյուարդների դինաստիային անվերապահ նվիրվածությամբ, ինչի համար էլ Չարլզ I-ն այդ տոհմի ներկայացուցչին շնորհեց պերի կոչումով բարոն Ռոչդելի տիտղոս։ Այդ ազգանվան ամենահայտնի ներկայացուցիչներից էր ծովակալ Ջոն Բայրոնը, ով հայտնի էր իր անսովոր արկածներով և Խաղաղ օվկիանոսում կատարած ճանապարհորդությամբ. նրան սիրող, բայց անհաջողակ համարող նավաստիները վերջինիս անվանեցին Foulweather Jack։

Ծովակալ Բայրոնի ավագ որդին, նույնպես ծովակալ, դաժան մարդ էր, ով պախարակել էր իր անունը. նա հարբած վիճակում, պանդոկում դուելի ժամանակ սպանեց իր ազգական Չավորտին (1765). նրան բանտարկեցին Թաուերում՝ դատապարտելով ոչ դիտավորյալ սպանության համար, բայց նա պերի արտոնությունների շնորհիվ խուսափեց պատժից։ Նույն այդ Վիլյամ Բայրոնի եղբայր Ջոնը ցոփ ու շվայտ կյանք էր վարում։ Նավապետ Ջոն Բայրոնը (1756-1791) 1778 թվականին պսակվեց նախկին մարկիզուհի Կոմարտենի հետ, ով մահացավ 1784 թվականին՝ թողնելով դստերը՝ Ավգուստային, Ջոնին, ում խնամքը հետագայում ստանձնեցին նրա մոր ազգականները։ Առաջին կնոջ մահից հետո նավապետ Բայրոնը հաշվենկատորեն կրկին ամուսնացավ էսկվայր Ջորջ Գորդոնի միակ ժառանգորդուհու՝ Եկատերինա Գորդոնի հետ։ Նա սերում էր շոտլանդական Գորդոնների հայտնի տոհմից, ում երակներում հոսում էր շոտլանդական արքաների արյունը (Անաբելլա Ստյուարտի կողմից)։ Հենց այդ երկրորդ ամուսնությունից էլ ծնվեց ապագա պոետը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդություն և ստեղծագործական կյանքի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բայրոնը 1804 թվականին

Աղքատությունը, որի մեջ ծնվեց Բայրոնը, և որից նրան չփրկեց նույնիսկ լորդի կոչումը, ուղղություն տվեց նրա ապագա գործունեությանը։ Երբ նա ծնվեց (հունվարի 22, 1788, Հոլլ-Սթրիթ, Լոնդոն), հայրն արդեն մսխել էր ընտանեկան կարողությունը, իսկ մայրը Եվրոպայից վերադարձավ կարողության մնացորդներով։ Լեդի Բայրոնը բնակություն հաստատեց Աբերդինում, և նրա «կաղլիկ մանչուկը», ինչպես նա անվանում էր որդուն, մեկ տարով տրվեց մասնավոր դպրոց, որից հետո փոխադրվեց դասական գիմնազիա։ Բայրոնի մանկական արարքների մասին շատ պատմություններ են պատմվում։ Գրեյ քույրերը, որոնք խնամել են փոքրիկ Բայրոնին, համարում էին, որ քնքշությամբ նրա հետ կարելի էր լեզու գտնել, բայց նրա մայրը միշտ ափերից դուրս էր գալիս տղայի անհնազանդությունից և տղայի վրա էր շպրտում ինչ պատահի։ Մոր բռնկումներին նա հաճախ էր ծաղրանքներով պատասխանում, բայց մի անգամ, ինչպես ինքն է պատմում, Բայրոնից խլեցին դանակը, որով ուզում էր վնասել ինքն իրեն։ Գիմնազիայում նա վատ էր սովորում, և նրա համար սաղմոսներ և Աստվածաշունչ ընթերցող Մերի Գրեյը նրան ավելի մեծ օգուտ է տվել, քան գիմնազիայի ուսուցիչները։ Երբ լրացավ Ջորջի 10 տարին, մահացավ նրա ազգակից պապիկը, և տղային ժառանգաբար անցան լորդ կոչումն ու Բայրոնների տոհմական ագարակը՝ Նյուսթեդյան աբբայությունը։ Տասնամյա Բայրոնն այնպես ուժգին սիրահարվեց իր զարմուհի Մերի Դաֆին, որ, լսելով նրա նշանադրության մասին, ընկավ հիստերիկ նոպաների մեջ։ 1799 թվականին նա ընդունվեց բժիշկ Գլենիի դպրոց, որտեղ մնաց երկու տարի և շարունակ բուժում էր իր հիվանդ ոտքը, որից հետո այնքան լավացավ, որ կարողանում էր երկարաճիտք կոշիկներ հագնել։ Այդ երկու տարիներին նա շատ քիչ սովորեց, փոխարենն ընթերցեց բժշկի ամբողջ հարուստ գրադարանը։ Հերոուի դպրոց ուղևորվելուց առաջ Բայրոնը կրկին սիրահարվեց, այս անգամ մյուս զարմուհուն՝ Մարգարիտա Պարկերին։

1801 թվականին նա մեկնեց Հերոու. մեռած լեզուներն ու հնությունները նրան բոլորովին չէին գրավում, բայց փոխարենը նա մեծ հետաքրքրությամբ ընթերցեց բոլոր անգլիացի դասականներին և դպրոցից դուրս եկավ գիտելիքների մեծ պաշարով։ Դպրոցում նա հայտնի էր ընկերների նկատմամբ ասպետական վերաբերմունքով և նրանով, որ միշտ պաշտպանում էր կրտսերներին։ 1803 թվականի արձակուրդների ժամանակ նա կրկին սիրահարվեց, այս անգամ շատ ավելի լրջորեն քան նախկինում, օրիորդ Չավորտին՝ մի աղջկա, ում հորը սպանել էր «վատ լորդ Բայրոնը»։ Տխուր պահերին նա հաճախ էր ափսոսում, որ աղջիկը մերժել էր իրեն։

Առաջին ճանապարհորդություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1809 թվականի հունիսին Բայրոնը մեկնեց ճանապարհորդության։ Եղավ Իսպանիայում, Ալբանիայում, Հունաստանում, Թուրքիայում և Փոքր Ասիայում, որտեղ լողալով անցավ Դարդանելի նեղուցը, ինչով հետագայում շատ էր հպարտանում։ Կարելի է ենթադրել, որ երիտասարդ պոետը, փայլուն հաղթանակ տանելով իր գրական հակառակորդների նկատմամբ, արտասահման մեկնեց բավարարված և երջանիկ, բայց դա այդպես չէր։ Բայրոնն Անգլիայից մեկնեց հոգեպես սարսափելի ընկճված վիճակում և վերադարձավ ավելի ճնշված։ Շատերը նույնականացնելով նրան Չայլդ Հարոլդի հետ՝ ենթադրում էին, որ արտասահմանում, իր հերոսի նմանությամբ, նա վարել է չափազանց ցոփ ու շվայտ կյանք, բայց Բայրոնը և՛ տպագիր, և՛ բանավոր կերպով ընդվզում էր դրա դեմ՝ ընդգծելով, որ Չայլդ Հարոլդը միայն երևակայության արդյունք է։ Թոմաս Մուրն, ի պաշտպանություն Բայրոնի՝ նշում էր, որ նա չափազանց աղքատ էր հարեմ ունենալու համար։ Բացի այդ, Բայրոնին անհանգստացնում էին ոչ միայն ֆինանսական դժվարությունները։ Այդ ժամանակաշրջանում նա կորցրեց մորը և, չնայած երբեք նրա հետ հաշտ չէր եղել, այնուամենայնիվ անչափ սգում էր։

«Չայլդ-Հարոլդ»։ Փառք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1812 թվականի փետրվարի 27-ին Բայրոնը Լորդերի պալատում հանդես եկավ իր առաջին ճառով, որը մեծ հաջողություն ունեցավ. «Մի՞թե քիչ խռովարարների արյուն է ձեր քրեական օրենսգրքում, որ ցանկանում եք էլի թափել, որպեսզի այն բողոքի ձայն արձակի դեպի երկինք և վկայի ըննդեմ ձեզ»։ «Գանգայի ափերի թուխ ռասսան հիմնովին կցնցի ձեր բռնապետական կայսրությունը»։

Այդ ելույթից երկու օր անց հայտնվեցին Չայլդ-Հարոլդի առաջին երկու գլուխները։ Պոեմն անհավատալի հաջողություն ունեցավ, և դրա 14 000 օրինակները սպառվեցին մեկ օրում, ինչի շնորհիվ էլ հեղինակը միանգամից տեղ գտավ գրական հանրաճանաչ դեմքերի առաջին շարքերում։ «Կարդալով Չայլդ-Հարոլդը,- ասում էր նա,- ոչ ոք չի ցանկանա լսել իմ արձակը, ինչպես ես ինքս էլ չեմ ցանկանում»[14]։ Թե ինչու Չայլդ-Հարոլդն այդպիսի հաջողություն ունեցավ, Բայրոնն ինքն էլ չգիտեր և միայն ասում էր. «Մի անգամ առավոտյան արթնացա և տեսա, որ հանրահայտ եմ»[15]։

Չայլդ-Հարոլդի ճանապարհորդությունը գրավեց ոչ միայն Անգլիան, այլև ամբողջ Եվրոպան։ Պոետը շոշափել էր այդ ժամանակի համընդհանուր պայքարը՝ կարեկցանքով խոսելով իսպանացի գեղջուկների և կանանց հերոսության մասին, և նրա ազատության մասին կրակոտ ճիչը տարածվեց հեռուներում՝ չնայած պոեմի թվացյալ անպատկառ շեշտին։ Այդ համընդհանուր լարվածության ծանր պահին նա հիշեցրեց նաև ընկած Հունաստանի հզորության մասին։

Աշխարհիկ կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դելակրուայի պատկերազարդած Բայրոնի արևելյան պոեմներից մեկը։

Նա ծանոթացավ իռլանդացի բանաստեղծ Թոմաս Մուրի հետ, որը հետագայում նրա առաջին կենսագիրներից մեկը դարձավ։ Մինչ այդ նա երբեք չէր եղել բարձր հասարակության մեջ և այդ ժամանակ տրվեց աշխարհիկ կյանքի հողմապտույտին։ Նույնիսկ մի անգամ երեկոյան Դալլասը բռնացրեց նրան պալատական հագուստով, չնայած Բայրոնը պալատ չէր գնացել։ Բարձր հասարակությունում կաղ Բայրոնը (նրա ծունկը մի փոքր ձգված էր) երբեք իրեն ազատ չէր զգում և գոռոզությամբ փորձում էր քողարկել իր անհարմար վիճակը։

1813 թվականի մարտին նա առանց ստորագրության հրատարակեց «Վալս» երգիծանքը, իսկ մայիսին արդեն տպագրեց թուրքական իրականությունն արտացոլող «Գյավուր» պատմվածքը, որը ներշնչված էր Լևանտ ճանապարհորդությամբ։ Հանրությունը հիացմունքով ընդունեց սիրո և վրիժառության մասին այդ պատմվածքը, առավել ևս հիացմունքով ընդունվեցին նաև նույն տարի լույս տեսած «Աբիդոսյան հարսնացուն» և «Կորսար» պոեմները։ 1814 թվականին նա հրատարակեց «Հրեական մեղեդիներ»-ը, որը հսկայական հաջողություն ունեցավ և բազմիցս թարգմանվեց բոլոր եվրոպական լեզուներով։

Ամուսնություն, ամուսնալուծություն և սկանդալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1813 թվականի նոյեմբերին Բայրոնն առաջարկություն արեց օրիորդ Աննա Իզաբելլա Միլբենկին՝ հարուստ բարոնետ Ռալֆ Միլբենկի դստերը, լորդ Ուէնթվորտի թոռնուհուն և ժառանգորդուհուն։ «Փայլուն տարբերակ է, - գրում էր Բայրոնը Մուրին,- չնայած առաջարկն արել եմ ոչ այդ պատճառով»։ Նա մերժվեց, սակայն օրիորդ Միլբենկը ցանկություն հայտնեց նրա հետ նամակագրական կապի մեջ լինել։ 1814 թվականի սեպտեմբերին Բայրոնը կրկնեց իր առաջարկությունը, և այն ընդունվեց. 1815 թվականի հունվարին նրանք պսակադրվեցին։

Դեկտեմբերին ծնվեց Բայրոնի Ադա անունով դուստրը, իսկ հաջորդ ամսին լեդի Բայրոնը ամուսնուն թողեց Լոնդոնում և մեկնեց հոր կալվածքը։ Ճանապարհից նա ամուսնուն քնքուշ նամակ գրեց, որն սկսվում էր «Թանկագին Դիկ» և ավարտվում էր «Քո Փոպին» բառերով։ Մի քանի օրից Բայրոնը կնոջ հորից տեղեկացավ, որ նա որոշել է այլևս չվերադառնալ իր մոտ, որից հետո նաև ինքը՝ լեդի Բայրոնը, տեղեկացրեց նրան այդ մասին։ Մեկ ամսից տեղի ունեցավ ձևական ամուսնալուծությունը։ Բայրոնը կասկածներ ուներ, որ բաժանման պատճառն իր մայրն է։ Լեդի Բայրոնը ողջ պատասխանատվությունը վերցրեց իր վրա։ Իր մեկնելուց առաջ նա խորհրդակցության էր հրավիրել բժիշկ Բոլիին և հարցրել նրան՝ արդյո՞ք իր ամուսինը չի խելագարվել։ Բոլին նրան վստահեցրել էր, որ դա նրան միայն թվում է։ Դրանից հետո նա հայտարարեց իր ազգականներին, որ ցանկանում է ամուսնալուծվել։ Ամուսնալուծության պատճառների մասին լեդի Բայրոնի մայրը տեղեկացրեց դոկտոր Լեշինգթոնին, և վերջինս գրեց, որ այդ պատճառաբանություններով ամուսնալուծությունն արդարացված է, բայց միևնույն ժամանակ ամուսիններին խորհուրդ տվեց հաշտվել։ Այնուհետև դոկտոր Լեշինգթոնին այցելեց ինքը՝ լեդի Բայրոնը, և ներկայացրեց փաստեր, որոնցից հետո բժիշկը նույնպես հաշտությունն անհնարին համարեց։

Բայրոն ամուսինների ամուսնալուծության իրական պատճառներն ընդմիշտ հանելուկ մնացին, չնայած Բայրոնն ասում էր, որ «դրանք չափազանց պարզ են, դրա համար էլ չեն նկատվում»։ Հասարակությունը չէր ցանկանում ամուսնալուծության պատճառն ամուսինների բնավորության անհամապատասխանության մեջ տեսնել։ Լեդի Բայրոնը հրաժարվում էր հայտնել ամուսնալուծության պատճառները, ինչի հետևանքով էլ դրանք հանրության շրջանակներում վերածվեցին երևակայական ինչ որ բանի, և բոլորը միմյանց հերթ չտալով փորձում էին այդ ամուսնալուծության մեջ մեկը մյուսից սարսափելի հանցագործություններ տեսնել (շշուկներ էին պտտվում պոետի բիսեքսուալ հակումների մասին, իր քրոջ հետ արյունապիղծ կապի մասին)։ «Հրաժեշտ լեդի Բայրոնին» բանաստեղծության հրատարակումը, որը թողարկվեց պոետի անհամեստ բարեկամներից մեկի կողմից, նրա դեմ հանեց չարակամների մի ամբողջ ոհմակ։ Բայց ոչ բոլորն էին հանդիմանում Բայրոնին։ «Կուրյեր»-ի աշխատակցուհիներից մեկը տպագիր հայտարարեց, որ եթե իր ամուսինն այդպիսի «Հրաժեշտ» գրեր իր համար, ինքն առանց վարանելու կնետվեր նրա գիրկը։ 1816 թվականի ապրիլին Բայրոնը վերջնականապես լքեց Անգլիան, որտեղ հասարակական կարծիքն, ի դեմս «լճացած պոետների», ուժգին գրգռված էր նրա դեմ։

Կյանքը Շվեյցարիայում և Իտալիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիոդատի վիլլան, որտեղ 1816 թվականին բնակվել են Բայրոնը, Շելլին, նրա կինը՝ Մերին և Ջ. Պոլիդորին

Արտասահման մեկնելուց առաջ Բայրոնը վաճառեց Նյուսթեդի իր կալվածքը, և դա նրան հնարավորություն տվեց դուրս գալ առանց դրամական միջոցների շարունակ ճնշող վիճակից։ Այժմ նա կարող էր տրվել իր համար այնքան ցանկալի միայնությանը։ Արտասահմանում նա բնակություն հաստատեց Ժնևի ծովափնյա Դիոդատի վիլլայում։ Ամառը Բայրոնն անցկացրեց վիլլայում՝ երկու մեծագույն էքսկուրսիաներ իրականացնելով Շվեյցարիայով՝ մեկը Գոբգաուզի, մյուսը՝ պոետ Շելլիի հետ։ «Չարլդ-Հարոլդ»-ի երրորդ գլխում (մայիս-հունիս, 1816) նա նկարագրում է իր ուղևորությունը Վաթերլոյի դաշտավայր։ «Մանֆրեդ»-ը գրելու միտքը նրան այցելեց, երբ նա Ժնև վերադարձի ճանապարհին տեսավ Յունգֆրաուին։

1816 թվականի նոյեմբերին Բայրոնը տեղափոխվեց Վենետիկ, որտեղ, չարակամների պնդմամբ, վարում էր շվայտ կյանք, որը, սակայն, չխանգարեց նրան ստեղծել մեծ թվով գրական ստեղծագործություններ։ 1817 թվականի հունիսին պոետը գրեց «Չարլդ-Հարոլդ»-ի չորրորդ գլուխը, 1817 թվականի հոկտեմբերին «Բեպո»-ն, 1818 թվականի հուլիսին՝ «Ներբող Վենետիկին», 1818 թվականի սեպտեմբերին՝ «Դոն-Ժուան»-ի առաջին գլուխը, 1818 թվականի հոկտեմբերին՝ «Մազեպա»-ն, 1818 թվականի դեկտեմբերին՝ «Դոն-Ժուան»-ի երկրորդ գլուխը, 1819 թվականի նոյեմբերին՝ «Դոն-Ժուան»-ի 3-4 գլուխները։

1819 թվականի ապրիլին նա հանդիպեց կոմսուհի Գվիչիոլիին, և նրանք սիրահարվեցին միմյանց։ Կոմսուհին ստիպված էր ամուսնու հետ մեկնել Ռավեննա, որտեղ նրա հետևից մեկնեց նաև Բայրոնը։ Երկու տարի անց կոմսուհու հայրն ու եղբայրը՝ քաղաքական սկանդալներում խառնված Գամբա կոմսերը պետք է լքեին Ռավեննան այդ ժամանակ արդեն ամուսնալուծված կոմսուհի Գվիչիոլիի հետ միասին։ Բայրոնը նրանց հետևից մեկնեց Պիզա, որտեղ էլ նախկինի պես կոմսուհու հետ ապրում է մի հարկի տակ։ Այդ ժամանակ Բայրոնը սգում էր Սպեցի նեղուցում խեղդված իր ընկեր Շելլիի կորուստը։ 1822 թվականի սեպտեմբերին տոսկանական կառավարությունը կարգադրեց Գամբա կոմսերին մեկնել Պիզայից, և Բայրոնը նրանց հետևելով մեկնեց Ջենովա։

1816 թվականի ապրիլին Բայրոնի այցելությունը հայկական կղզի (նկարել է Հովհաննես Այվազովսկին, 1899)

Բայրոնը բնակվեց կոմսուհու հետ մինչև իր Հունաստան մեկնելը և այդ ժամանակ բավականին շատ էր գրում։ Բայրոնի կյանքի այդ երջանիկ ժամանակաշրջանում ի հայտ եկան նրա հետևյալ ստեղծագործությունները՝ «Մորգանտե Մաջիորիի առաջին երգը»(1820), «Դանթեի մարգարեությունը» (1820) և «Ֆրանչեսկա դա Ռիմնի» թարգմանությունը (1820), «Մարինո Ֆալյերո» (1820), «Դոն-Ժուան»-ի հինգերորդ գլուխը (1820), «Սարդանապալ» (1821), «Նամակներ Բաուլսին» (1821), «Երկու Ֆոսկար» (1821), «Կաեն» (1821), «Ահեղ դատաստանի ուրվականը» (1821), «Երկինք և երկիր» (1821), «Վերներ» (1821), «Դոն-Ժուան»-ի վեցերորդ, յոթերորդ և ութերորդ գլուխները (1822 փետրվար), «Դոն-Ժուան»-ի իններորդ, տասներորդ և տասնմեկերորդ գլուխները (օգոստոս, 1822), «Բրոնզե դար» (1823), «Կղզի» (1823), «Դոն-Ժուան»-ի տասներկուերորդ և տասներեքերորդ գլուխները (1824)։

Ուղևորություն Հունաստան և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանեկան հանգիստ կյանքն այնուամենայնիվ Բայրոնին չազատեց տագնապից ու տխրությունից։ Նա չափազանց ժլատորեն էր օգտվում բոլոր վայելքներից և ստացած փառքից։ Շուտով վրա հասավ հագեցվածությունը։ Բայրոնը ենթադրեց, որ Անգլիայում իրեն մոռացել են և 1821 թվականի վերջերին բանակցություններ վարեց Մերի Շելլիի հետ համատեղ անգլիական «Լիբերալ» ամսագիր հրատարակելու համար։ Սակայն լույս տեսավ ամսագրի ընդամենը երեք համար։ Ընդ որում, Բայրոնն իսկապես սկսեց կորցնել երբեմնի հանրահայտությունը։ Այդ ժամանակ բորբոքվեց հունական ապստամբությունը։ Բայրոնը Հունաստանին օգնություն ցուցաբերելու համար Անգլիայում կազմավորված ֆիլհելենների հետ երկարատև բանակցություններից հետո որոշում կայացրեց մեկնել այնտեղ։ Նա անհամբերությամբ սկսեց պատրաստվել մեկնելուն։ Սեփական միջոցներով գնեց անգլիական երկկայմ առագաստանավ, ռազմամաթերք, զենք և զինեց 500 զինվորների, որոնց հետ միասին 1823 թվականի հուլիսի 14-ին ծովով ուղևորվեց Հունաստան։ Այնտեղ ոչինչ պատրաստ չէր, ավելին, շարժման առաջնորդները շատ անհաշտ էին միմյանց հետ։ Այդ ընթացքում ծախսերն աճում էին, և Բայրոնը կարգադրեց վաճառել Անգլիայի իր ամբողջ ունեցվածքը, իսկ փողը տրամադրեց ապստամբական շարժման արդար գործին։ Հունաստանի ազատագրական պայքարի համար զգալի նշանակություն ունեցավ Բայրոնի հունական տարանջատված ապստամբ խմբավորումներին միավորելու տաղանդը։

Շարունակելով իր ամբողջ ուժերը ներդնել երկրի ազատության համար մղվող պայքարի մեջ՝ Միսոլոնգում Բայրոնը հիվանդացավ տենդով։ 1824 թվականի հունվարի 19-ին նա գրում էր Հենքոպին՝ «Մենք պատրաստվում ենք արշավի», իսկ հունվարի 22-ին, իր ծննդյան օրը նա մտավ գնդապետ Ստենհոպի սենյակ, որտեղ ներկա էին մի քանի հյուրեր, և ուրախ ասաց. «Դուք նախատում եք ինձ, որ ես բանաստեղծություններ չեմ գրում, իսկ ես հենց նոր բանաստեղծություն եմ գրել»։ Եվ Բայրոնն արտասանեց՝ «Այսօր լրացավ իմ 36 տարին»։ Մշտապես տկար Բայրոնին շատ էր անհանգստացնում իր դուստր Ադայի հիվանդությունը։ Ստանալով նրա առողջանալու մասին բարի լուրով նամակը՝ նա ցանկացավ մեկնել զբոսանքի կոմս Գամբայի հետ։ Զբոսանքի ժամանակ ուժեղ անձրև տեղաց, և Բայրոնի առողջական վիճակը վերջնականապես վատացավ։ Նրա վերջին խոսքերը կցկտուր արտահայտություններ էին. «Քու՛յր իմ․․․ զավա՛կս․․․ դժբա՛խտ Հունաստան․․․ ես նրան տվեցի ժամանակս, կարողությունս, առողջությունս․․․ այժմ տալիս եմ նաև կյանքս»։ 1824 թվականի ապրիլի 19-ին պոետը մահացավ։ Բժշկները հերձում կատարեցին և նրա օրգանները տեղավորեցին զմռսման տարաներում։ Թոքերը և կոկորդը որոշեցին թողնել Սուրբ Սխպիրիդոնի տաճարում, սակայն շատ չանցած դրանք այնտեղից գողացան[16]։ Բայրոնի մարմինը զմռսվեց և ուղարկվեց Անգլիա, և այն տեղ հասավ 1824 թվականի հունիսին։ Բայրոնը թաղվեց տոհմական դամբարանում Հանկել-Տորկարդ տաճարում՝ Նյուսթեդյան աբբայությունից ոչ հեռու, Նոթինգհեմշիրում։ Հունաստանի անկախության համար մղված պայքարում իր մասնակցության համար Բայրոնը համարվում է Հունաստանի ազգային հերոս։

Պանսեքսուալիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լորդ Բայրոնը և նրա պաժ Ռաշթոնը

Լորդ Բայրոնի ինտիմ կյանքը բազմաթիվ ասեկոսեների առիթ է տվել նրա ժամանակակիցների շրջանում։ Նա լքեց հայրենի երկիրը արյունակից քույր Ավգուստայի հետ անթույլատրելի մտերիմ հարաբերությունների մասին ասեկոսեների ֆոնի վրա։ Երբ 1860 թվականին ի հայտ եկավ կոմսուհի Գվիչիոլիի՝ լորդ Բայրոնի մասին գիրքը, ամուսնու հիշատակը պաշտպանելով հանդես եկավ տիկին Բիչեր-Սթոուն իր «Լեդի Բայրոնի կյանքի ճշմարիտ պատմությունը» գրքով։ Այն գրվել էր իբրև թե հեղինակին գաղտնի կերպով Բայրոնի հանգուցյալ կնոջ կողմից փոխանցված Բայրոնի և իր քրոջ «հանցավոր կապի» մասին պատմության հիման վրա։ Ի դեպ, նման պատմվածքները լիովին համապատասխանում էին տվյալ դարաշրջանի ոգուն. օրինակ՝ դրանք Շատոբրիանի ինքնակենսագրական «Ռենե» վեպի (1802) հիմնական բովանդակությունն են կազմում։

20-րդ դարում հրատարակված Բայրոնի օրագրերը բացահայտում են նրա սեռական կյանքի պատկերը իսկապես որպես պանսեքսուալություն[17]։ Այսպես, նավահանգստային փոքրիկ Ֆալմուտ քաղաքը պոետը նկարագրում է որպես «Plen. and optabil. Coit.» («բազմաթիվ և բազմատեսակ սեռական հարաբերություններ») առաջարկող «հիասքանչ վայր»[17]. «Մեզ շրջապատում են Հիացինտներ և ամենաբուրավետ հատկություններով այլ ծաղիկներ, և ես մտադիր եմ կազմել մի գեղեցիկ փունջ, որպեսզի այն համեմատեմ այն էկզոտիկայի հետ, որ հուսով ենք հանդիպել Ասիայում։ Մեկ նմուշ ես նույնիսկ վերցնելու եմ ինձ հետ»[18]։ Այդ նմուշը գեղեցիկ երիտասարդ Ռոբերտ Ռաշթոնն էր, «ով Բայրոնի պաժն էր, ինչպես Հիացինտը՝ Ապոլլոնի» (Պ. Վայլ)[18]։ Աթենքում պոետի համար հայտնվեց նոր ֆավորիտ՝ տասնհինգամյա Նիկոլո Ժիրոն։ Թուրքական բաղնիքները Բայրոնը նկարագրում էր որպես «սոդոմիայի և շարբաթի մարմարե դրախտ»[19]։

Բայրոնի մահից հետո ձեռագրերով սկսեց տարածվել «Դոն Լեոն» էրոտիկ պոեմը, որը պատմում էր լիրիկական հերոսի միասեռ կապերի մասին, որի մեջ հեշտ էր ճանաչել Բայրոնին։ Հրատարակիչ Ուիլյամ Դագդեյլը շշուկներ տարածեց, որ դա Բայրոնի չհրատարակված ստեղծագործությունն է, և պոեմը հրապարակելու սպառնալիքով փորձում էր դրամ շորթել նրա ազգականներից։ Ժամանակակից գրականագետներն այդ «ազատախոհական» ստեղծագործության իրական հեղինակ համարում են Ջորջ Քոլմենին։

Օգուստա Ադա Քինգ (ծնյալ՝ Բայրոն), կոմսուհի Լավլեյս

Բայրոնի ընտանիքի ճակատագիրը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոետի այրին՝ լեդի Աննա Իզաբելլա Բայրոնն իր երկար կյանքի մնացած մասն անցկացրեց միայնության մեջ՝ զբաղվելով բարեգործությամբ, բացարձակապես մոռացված ողջ աշխարհի կողմից։ 1860 թվականի մայիսի 16-ին մահվան լուրը միայն նրան հիշելու առիթ տվեց։

Լորդ Բայրոնի օրինական դուստրը՝ Ադան, 1835 թվականին ամուսնացավ կոմս Ուիլյամ Լավլեյսի հետ և մահացավ 1852 թվականի նոյեմբերի 27-ին, թողնելով երկու որդիներ և մեկ դուստր։ Նա հայտնի է որպես մաթեմատիկոս, հաշվողական տեխնիկայի առաջին ստեղծողներից մեկը և Չարլզ Բեբիջի աշխատակցուհի։ Ըստ տարածված լեգենդի՝ առաջարկել է համակարգչային ծրագրավորման մի քանի հիմնարար սկզբունքներ և համարվում է առաջին ծրագրավորողը։

Լորդ Բայրոնի ավագ թոռը՝ Նոելը, ծնվել է 1836 թվականի մայիսի 12-ին, կարճատև ծառայել է անգլիական նավատորմում և շվայտ ու անկանոն կյանք վարելուց հետո մահացել է 1862 թվականի հոկտեմբերի 1-ին որպես լոնդոնյան նավանորոգարաններից մեկի աշխատակից։ Երկրորդ թոռը՝ Ռալֆ Գորդոն Նոել Միլբենկը ծնվել է 1839 թվականի հուլիսի 2-ին։ Մահից առաջ տատից Ուինթվորթ բարոնությունը ժառանգած եղբոր վախճանից հետո ստանձնել է լորդ Ուինթվորթի (Wentworth) իրավունքները։

Ստեղծագործության բնույթ և ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բայրոնի պոեմներն անգլիական այլ ռոմանտիկների հետ համեմատած ավելի ինքնակենսագրական են։ Նա ավելի քան սրությամբ էր ընկալում ռոմանտիկ իդեալների և իրականության վհատ անհամապատասխանությունը։ Այդ գիտակցումը ոչ միշտ էր նրա մելանխոլիայի և հուսահատության պատճառ դառնում. նրա վերջին ստեղծագործություններում մարդկանց և երևույթների դիմակազերծումը ոչ մի զգացում չեն ներշնչում, բացի հեգնախառն ծաղրանքից[13]։ Ի տարբերություն շատ ռոմանտիկների՝ Բայրոնը հարգանքով էր վերաբերվում անգլիական կլասիցիզմի ժառանգությանը, բառախաղերին և Ալեքսանդր Փոուփի շնչով սուր սատիրային։ Նրա նախասիրած օկտավան նախատրամադրում էր լիրիկական շեղումների և ընթերցողի հետ խաղերի[13]։

Վիկտորյայի ժամանակաշրջանի Անգլիայում լորդ Բայրոնը գրեթե մոռացության էր մատնվել. նա ճանաչվածությամբ չէր կարող համեմատվել Կիտսի և Շելլիի հետմահու հաջողության հետ։ «Ո՞վ է այժմ կարդում Բայրոն, նույնիսկ՝ Անգլիայում»։ 1864 թվականին բացականչում է Ֆլոբերը։ Եվրոպայի մայրցամաքային մասում, այդ թվում նաև Ռուսաստանում, բայրոնիզմի գագաթնակետը 1820-ական թվականներն էին, սակայն 19-րդ դարի կեսերին բայրոնյան հերոսը փոքրացավ և դարձավ գերազանցապես զանգվածային և արկածային գրականության մաս։

Բոլորը խոսում էին Բայրոնի մասին, և բայրոնիզմը դարձավ խելագարության ելակետ գեղեցիկ հոգիների համար։ Հենց այդ ժամանակից էլ սկսեցին ի հայտ գալ փոքրիկ հսկա մարդիկ անեծքի դրոշմը ճակատներին, հուսահատությունը հոգիներում, հիասթափությունը սրտներում, «ողորմելի ամբոխի» հանդեպ խորն արհամարհանքով լցված։ Հերոսները հանկարծ շատ էժանագին դարձան։ Ցանկացած տղա, ում ուսուցիչը դասը չիմանալու համար զրկում էր ճաշից, վշտի մեջ ինքն իրեն սփոփում էր իրեն հետապնդող ճակատագրի և իր խոցված բայց ոչ պարտված հոգու աննկունության մասին դարձվածներով[20]։

Բայրոնը և հայերը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Lord Byron's Armenian exercises and poetry, Venice, in the island of S. Lazzaro, 1870

1816 թվականին Բայրոնն այցելում է Վենետիկի Սուրբ Ղազար Կղզի, որտեղ նա Մխիթարյան Կարգի վանականների միջոցով ծանոթանում է Հայկական մշակույթին։ Հայր Հ. Ավգերյանի օգնությամբ սովորում է գրաբար և մասնակցում է լեզվի և պատմության վերաբերյալ բազմաթիվ դասախոսությունների։ Բայրոնը նրա հետ հրատարակել է «Քերականութիւն անգղիական և հայերէն» (1817), «Քերականութիւն հայերէն և անգղիական» (1819) դասագրքերը, որոնք կազմելիս նմուշներ է զետեղել հայ հին և միջնադարյան գրականությունից, օգնել «Բառարան անգղիերէն և հայերէն» (1821) գրքի ստեղծմանը և գրել իր նշանավոր «առաջաբանը», ուր բարձրացրել է հայ ժողովրդին թուրքական փաշաների և պարսկական սատրապների բռնակալությունից ազատագրելու խնդիրը։

Հայերենից անգլերեն թարգմանել է երկու Թուղթ՝ Ա․ Պողոսի և Կորնթացոց միջև (1817), երկու գլուխ Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ից և հատվածներ Ներսես Լամբրոնացու «Ճարտասանություն»-ից[21]։ Ծանոթացել է Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը, անգլերեն թարգմանել այն մասերը, որ պակասել են Աստվածաշնչի անգլիական թարգմանության մեջ։ Բայրոնի հետաքրքրությունն այդ ուղղությամբ այնքան մեծ է եղել, որ ցանկացել է «Կայեն»-ի համար օգտագործել առասպելի հայկական օրինակը։ Նա իր հեղինակավոր ազդեցությամբ զարկ է տվել հայագիտության տարածմանը և զարգացմանը։ 1823 թվականին Բայրոնը մեկնել է Հունաստան, մասնակցել Թուրքիայի դեմ կազմակերպվող ապստամբությանը, ստանձնել ապստամբ գնդերից մեկի հրամանատարությունը։ 1824 թվականի ապրիլին հիվանդացել է տենդախտով և մահացել։ Խոր քնարականությունը, գաղափարական համարձակությունը, կերպարների արտահայտչականությունը Բայրոնին դարձրել են 19-րդ դարի Եվրոպայի սիրված բանաստեղծներից մեկը։ 19-րդ դարի գրական-բանաստեղծական ուղղությունը դառնում է բայրոնիզմը, որը, որպես իշխող, ներգործող ուժ, իր ոլորտի մեջ է առնում Արևմուտքի և Արևելքի տարբեր լեզուներով գրող բազմաթիվ բանաստեղծների (ռուսներից՝ Ա․ Պուշկին, Մ․ Լերմոնտով, հայերից՝ Ղ․ Ալիշան, Ս․ Շահազիզ, Հ․ Թումանյան, Ռ․ Որբերյան և ուրիշներ)։ Բայրոնը այն հազվադեպ մարդկանցից է եղել, որ այն ժամանակներում կարողացել է և՛ խոսել, և՛ խելացի մտքեր արտահայտել հայրենով։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Byron, 1830
  • 1806 - «Բանաստեղծություններ» (Fugitive Pieces)
  • 1807 - «Պարապության ժամեր» (Hours of Idleness)
  • 1809 - «Անգլիական երգիչները և շոտլանդական տեսաբանները» (English Bards and Scotch Reviewers)
  • 1813 - «Գյավուր» (The Giaour)
  • 1813 - «Աբիդոսյան հարսնացուն»
  • 1814 - «Ծովահենը» (The Corsair)
  • 1814 - «Լարա» (Lara)
  • 1815 - «Հրեական մեղեդիներ» (Hebrew Melodies)
  • 1816 - «Կորնթոսի պաշարումը» (The Siege of Corinth)
  • 1816 - «Փարիզիանա» (Parisina)
  • 1816 - Շիլիոնի կալանավորը (The Prisoner of Chillon)
  • 1816 - «Երազ»(The Dream)
  • 1816 - «Պրոմեթևս» (Prometheus)
  • 1816 - «Խավար» (Darkness)
  • 1817 - «Մանֆրեդ» (Manfred)
  • 1817 - «Տասսոյի գանգատը» (The Lament of Tasso)
  • 1818 - «Բեպպո» (Beppo)
  • 1818 - «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը» (Childe Harold’s Pilgrimage)
  • 1819-1824 - «Դոն Ժուան» (Don Juan)
  • 1819 - «Մազեպա» (Mazeppa)
  • 1819 - «Դանթեի մարրգարեությունը» (The Prophecy of Dante)
  • 1820 - «Մարինո Ֆալիերո», «Վենետիկի դոժ» (Marino Faliero)
  • 1821 - «Սարդանապալոս» (Sardanapalus)
  • 1821 - «Երկու Ֆոսկարի» (The Two Foscari)
  • 1821 - «Կայեն» (Cain)
  • 1821 - «Դատաստանի տեսիլք»(The Vision of Judgment)
  • 1821 - «Երկինք և երկիր» (Heaven and Earth)
  • 1822 - «Վերներ» կամ «Ժառանգություն» (Werner)
  • 1822 - «Կերպարանափոխված հրեշ» (The Deformed Transformed)
  • 1823 - «Բրոնզե դար» (The Age of Bronze)
  • 1823 - «Կղզի», կամ «Քրիստիանը և իր ընկերները» (The Island)

Բայրոնից ոգեշնչված

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մանֆրեդը Յունգֆրաուին», Ֆ.Մ. Բրաունի կտավը (1842)
Էկրանավորումներ
  • Ֆիլմ «Լեդի Կարոլինա Լեմ»
  • Ֆիլմ «Գոթիկա»
Երաժշտական թատրոն
  • 1838 - «Կորսար» (բալետ), կոմպոզիտոր Գ. Գդրիչ
  • 1844 - «Երկու Ֆոսկարներ» (օպերա), կոմպոզիտոր Ջ. Վերդի
  • 1848 - «Կորսար» (օպերա), կոմպոզիտոր Ջ. Վերդի
  • 1856 - «Կորսար» (բալետ), կոմպոզիտոր Ա. Ադան
  • 1896 - «Հեդա» (օպերա), կոմպոզիտոր Զ. Ֆիբիխ
Սիմֆոնիկ երաժշտություն
  • 1848-1849 - «Մանֆրեդ» պոեմի համար գրված ուվերտյուրա և բեմական երաժշտություն, կոմպոզիտոր Ռոբերտ Շուման
  • 1886 - «Մանֆրեդ», կոմպոզիտոր Պ. Չայկովսկի
  • 1834 - «հարոլդը Իտալիայում», սիմֆոնիա ալտով, կոմպոզիտոր Հ. Բերլիոզ
Ժամանակակաից երաժշտության մեջ
  • 2011 - «Մանֆրեդ» պոեմի մոտիվներով «Վիկոնտ» խմբի կողմից գրվել է երգ, որը ներառվել է «Մի՛ հնազանդվիր ճակատագրին» ալբոմում։
Գեղանկարչություն
  • Բայրոնի ստեղծագործություններով են ներշնչված Էժեն Դելակրուայի մի շարք գեղանկարչական աշխատանքներ, այդ թվում նաև «Սարդանապալոսի մահը»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 L. S. Byron, George Gordon // Dictionary of National Biography / L. Stephen, S. LeeLondon: Smith, Elder & Co., 1885. — Vol. 8. — P. 132—155.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Байрон, Джордж-Ноэль-Гордон (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1891. — Т. IIа. — С. 726—730.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 E. H. C. Byron, George Gordon Byron, 6th Baron // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 4. — P. 897—905.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Байрон // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 1.
  6. 6,0 6,1 6,2 Archivio Storico Ricordi — 1808.
  7. 7,0 7,1 7,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  8. 8,0 8,1 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Kindred Britain
  10. Lundy D. R. The Peerage
  11. 11,0 11,1 11,2 11,3 Internet Archive — 1996.
  12. 12,0 12,1 JSTOR — 1995.
  13. 13,0 13,1 13,2 «George Gordon Byron, 6th Baron Byron (English poet)» (անգլերեն).
  14. Речь, произнесенная в Палате лордов 27 февраля 1812 года во время обсуждения билля против разрушителей станков / Пер. О. Холмской. // Байрон Дж. Г. Собр. соч. в четырёх томах. М.: Правда. 1981. Т. 2. С. 129.
  15. K. N. Cameron, The young Shelley, p. 162
  16. Эдна О’Брайен Влюблённый Байрон. М.: Текст, 2012. С. 207.
  17. 17,0 17,1 Jonathan David Gross. Byron: The Erotic Liberal. Rowman & Littlefield, 2001. ISBN 9780742511620. Page 131.
  18. 18,0 18,1 Журнальный зал | Иностранная литература, 1998 N2 | Петр Вайль — Босфорское время
  19. Lord Byron: Selected Letters and Journals. Harvard University Press, 1982. ISBN 9780674539150. Page 213.
  20. Lib.ru/Классика: Белинский Виссарион Григорьевич. Русская литература в 1845 году
  21. Lord Byron's Armenian exercises and poetry Venice, in the island of S. Lazzaro, 1870

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Моруа А. Байрон. — М.: Молодая гвардия, 2000. — 422 с. — ISBN 5-235-02327-7 («ЖЗЛ»).
  • Эдна О’Брайен Влюблённый Байрон. — М.: Текст, 2012. — 219 с. — ISBN 978-5-7516-1040-1 («Коллекция»).
  • Маколей Т. Б. Маколей о лорде Байроне // Русский Вестник. 1856. Т. V. Кн. II.
  • Мур Т. Жизнь лорда Байрона / Ред. Н. Тиблена и Думшина. — СПб.: Изд. Вольфа, 1865.
  • Лорд Байрон // Очерки Англии. — СПб.: Изд. Вольфа, 1869.
  • |Пушкин А. С. О Байроне // Пушкин А. С. Сочинения. СПб.: Общество для пособия нуждающимся литераторам и учёным. — 1887. Т. 5.
  • Новые сведения о брачных отношениях Байрона // Отечественные записки. — 1870, № 1.
  • |Вейнберг П. Байрон // Европейские классики в русском переводе: С примечаниями и биографиями / Под ред. П.Вейнберга. — СПб., 1876. — Вып. VIII.
  • Миллер О. Судьба лорда Байрона // Вестник Европы. — 1878. Кн. 2; 4.
  • |Шерр И. Лорд Байрон [: биогр. очерк] // [ Байрон ] Сочинения лорда Байрона в переводах русских поэтов / Изд. под ред. Н. В. Гербеля. — [? СПб.], 1864. — Т. I.
  • Спасович В. Столетний юбилей лорда Байрона / Пер. с польского / Пантеон Литературы. — 1888. № 2.
  • Брандес, Георг. Байрон и его произведения / Перев. И. Городецкого // Пантеон Литературы. — 1888. № 3; 4; 5.
  • Спасович В. Байронизм у Пушкина и Лермонтова: Из эпохи романтизма // Вестник Европы. — 1888, № 3; 4.
  • Кургинян М. С. Джордж Байрон: Критико-биографический очерк. — М., 1958. — 216 c.
  • Клименко Е. И. Байрон: Язык и стиль: Пособие по курсу стилистики английского языка. — М.: Изд-во лит-ры на иностр.языках, 1960. — 112 с.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Բայրոն» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Բայրոն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Բայրոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 266