Շտամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շտամ, միկրոօրգանիզմների որոշակի տեսակի մաքուր կուլտուրա, որի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական առանձնահատկություններն ուսումնասիրված են։ Շտամ առանձնացնում են որոշակի աղբյուրից՝ տարբեր ժամանակամիջոցում կամ տարբեր աղբյուրներից (հող, ջուր, սննդամթերք)։ Այդ պատճառով վիրուսների, բակտերիաների նույն տեսակները կարող են ունենալ մեծ թվով շտամներ, որոնք տարբերվում են մի շարք հատկություններով (օրինակ՝ անտիբիոտիկների նկատմամբ զգայունությամբ, ֆերմենտներ, թույներ առաջացնելու ընդունակությամբ)։ Տվյալ տեսակի համար բնորոշ հատկություններով օժտված շտամ օգտագործում են նույն տեսակի այլ շտամի հետ համեմատելու համար և անվանում են էտալոնային։ Տարբերում են վակցինային և արդյունաբերական շտամներ։ Վակցինային շտամները թույլ վիրուլենտ են, սակայն պահպանում են իմունածին հատկությունները և օգտագործվում վակցինաներ պատրաստելիս։ Արդյունաբերական շտամները կիրառվում են սպիտակուցների (այդ թվում՝ ֆերմենտների), անտիբիոտիկների, վիտամինների, օրգանական թթուների և այլնի արտադրության մեջ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 576