Կուրորտաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կուրորտաբանություն, կուրորտոլոգիա, բժշկագիտության մասնաճյուղ, ուսումնասիրում է բնական գործոնների բուժիչ հատկությունները, մարդու օրգանիզմի վրա դրանց ազդեցությունը, օգտագործումը բուժկանխարգելիչ նպատակով և մշակում առողջարանա-բուժավայրային հիմնարկների սոցիալ-հիգիենային պայմանները։ Կուրորտաբանությունը ընդգրկում է բալնեոլոգիան, բալնեոթերապիան, բալնեոտեխնիկան, բուժիչ ցեխերի մասին ուսմունքը (ցեխաբուժություն), կուրորտային կլիմայաբանությունը և կլիմայաբուժությունը (օդա-, արևա-, ծովա- բուժություն), բուժավայրերի պլանավորման, կառուցման և կազմակերպման հարցերը։ Կուրորտաբանությունը սերտորեն առնչվում է ֆիզիոթերապիայի, ինչպես նաև կլիմայաբանության, ֆիզիոլոգիայի, կլինիկական այլ դիսցիպլինների և հիգիենայի հետ։ Կուրորտաբանությունը ԽՍՀՄ-ում զարգացել Է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ 1926 թվականին, Ն.Ա.Սեմաշկոյի նախաձեռնությամբ, Մոսկվայում հիմնվել է Կուրորտաբանության կենտրոնական ինստիտուտը։ 1976 թվականին ԽՍՀՄ-ում գործել է կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի 14 ԳՀԻ։ Կուրորտաբանության հարցերով զբաղվում են նաև ԽՍՀՄ ԲԳԱ և միութենական հանրապետությունների այլ ինստիտուտներում ու լաբորատորիաներում, բժիշկների կատարելագործման ինստիտուտների ամբիոններում և արհմիությունների խոշոր բուժավայրերի հատուկ լաբորատորիաներում։ Կուրորտաբանության բնագավառում գիտական գործունեությունը կոորդինացնում է կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի կենտրոնական ինստիտուտը, կուրորտաբանների և ֆիզիոթերապևտների համամիութենական գիտական բժշկական ընկերությունը, ԽՍՀՄ ԲԳԱ ընդհանուր միութենական պրոբլեմային հանձնաժողովը։ Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի կենտրոնական ինստիտուտի բազայի վրա, կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի վերաբերյալ գիտական հետազոտությունները համաձայնեցնելու նպատակով Եվրոպայի սոցիալիստական երկրներում ստեղծվել է կոորդինացիոն կենտրոն։ Կուրորտաբանության հարցերը ԽՍՀՄ-ում լուսաբանվում են «Կուրորտնոյե դելո» և «Վոպրոսի կուրորտոլոգիի, ֆիզիոթերապիի ի լեչեբնոյ ֆիզիչեսկոյ կուլտուրի» ամսագրերում, կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի ԳՀԻ-ների աշխատություններում, մեթոդական ձեռնարկներում։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո ազգայնացված պալատների ու առանձնատների մի մասը վերածվեցին ժողովրդի լայն զանգվածներին մատչելի առողջարանա-բուժավայրային հիմնարկների։ Ձեռնարկվեցին միջոցառումներ նոր առողջարանների և հանգստյան տների կազմակերպման, դրանց բարեկարգման ու կանաչապատման ուղղությամբ, և սկսվեցին Հայկական ԽՍՀ տերիտորիայի բուժավայրային անսպառ պաշարների բազմակողմանի հետազոտությունները։ Հայաստանում կուրորտաբանության հիմնադիրներն են՝ Լ.Ա.Հովհաննիսյանը, Ա.Ա.Մելիք-Ադամյանը, Ա.Հ.Հակոբյանը, Ս.Մ.Լազարևը, Գ.Ա.Ղևոնդյանը, Ռ.Ն.Գյանջեցյանը, Դ.Ա.Մեդնիկյանը, Ա.Պ.Դեմյոխինը։ 1921 թվականին Դիլիջանում կազմակերպվեց տուբերկուլոզային առողջարան, 1925 թվականին՝ Արզնու սրտաբանական առողջարանը։ 1930 թվականին սկսվեցին Ջերմուկի թերմերի ուսումնասիրությունները, որոնց հիման վրա 1940 թվականին կազմակերպվեց բարձրլեռնային բալնեո-ըմպելային առաջին առողջարանը։ 1930 թվականին Երևանում հիմնվեց կուրորտոլոգիայի և ֆիզիկական մեթոդներով բուժման ինստիտուտը։ 1976 թվականի տվյալներով ՀԽՍՀ-ում գործում են մեծահասակների՝ 12, մանկական 10 առողջարան, 6 հանգստյան տուն և 10 պրոֆիլակտորիում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 31 CC-BY-SA-icon-80x15.png