Jump to content

Ցիտոկիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ցիտոկինները (հուն.` cyto - բջիջ, kinos - շարժում) օրգանիզմի տարբեր բջիջների կողմից սինթեզվող, բազմազան հատկություններով և ֆունկցիաներով օժտված, միջբջջային փոխազդեցության սպիտակուցային բնույթի միջնորդներ են, որոնք պայամնավորում են ինչպես բնածին ու ձեռքբերովի իմունիտետի ռեակցիաները, այնպես էլ օրգանիզմի մի շարք կենսականորեն անհրաժեշտ այլ ֆունկցիաներ։

Քիմիական բնույթով դրանք պեպտիդներ կամ գլիկոպրոտեիններ են և սինթեզվում են ինչպես օրգանիզմի նորմալ, այնպես և տարբեր ազդակներով ակտիվացած բջիջների կողմից, ընդ որում նրանց սինթեզի համար խթան կարող են հանդիսանալ հակածինները (անտիգենները), պրոստագլանդինները, հորմոնները, այլ ցիտոկինները և այլն։

Ցիտոկինների հիմնական խմբերն են`

Ըստ ծագման տարբերում են հետևյալ տեսակները՝

  • Լիմֆոկիններ՝ արտադրվում են T-լիմֆոցիտների կողմից (ԻԼ-2, ԻԼ-3, ԻԼ-4, ԻԼ-5, ԻՆՖ-α,β,γ և ԳԽԳ);
  • Մոնոկիններ՝ արտադրվում են մակրոֆագերի կողմից (ԻԼ-1, ԻԼ-6, ԻԼ-8, ԻԼ-12 և ՈւՆԳ-α):

Ըստ ազդեցության բնույթի ցիտոկինները լինում են՝

  • Պրոբորբոքային (բորբոքմանը նպաստող);
  • Հակաբորբոքային;
  • Բջջային և հումորալ իմունիտետը կարգավորողներ։

Ազդեցության մեխանիզմը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիտոկինները ազդում են երկու մեխանիզմով՝ պարակրին և աուտոկրին։
Պարակրին ազդեցության ժամանակ մի բջջից արտադրված ցիտոկինը ազդում է մեկ այլ բջջի վրա։
Աուտոկրին ազդեցության դեպքում բջիջն արտադրում է ցիտոկին, որն անհրաժեշտ է հենց իր ակտիվացման համար։ Վերոհիշյալ ցիտոկինների մի մասն ազդում է պարակրին, մյուս մասը աուտոկրին կերպով, մի մասն էլ՝ և աուտոկրին և պարակրին։ Բոլոր դեպքերում բջջի ընկալունակությունը տվյալ ցիտոկինի հանդեպ կախված է նրա նկատմամբ ընկալիչի առկայությունից այդ բջջի մակերեսին։ Ցիտոկին-ընկալիչ փոխազդեցությունը բերում է բջջի մեջ նոր գործողությունների ծավալմանը, ինչպիսիք են բջջի աճի խթանումը, տարբերակումը կամ մահը։
Այսպիսով, ցիտոկինները արտաբջջային գործոնների մի ենթադաս են, որոնք ազդում են բջջի բազմացման և տարբերակման վրա։ Բացի այս ազդեցություններից, ցիտոկինների մեծ մասն ունեն տարբեր կենսաբանական ազդեցություններ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]